Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեր Խարիսխը

March 16, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Մ. Ա.

Վերջին երկուսուկէս տարուայ ընթացքում յաճախ էին մեզ` սփիւռքի դաշնակցականներիս հարցնում, թէ ինչո՞ւ լողալով, մաքառելով վերջին տարիներին մոտայիկ դարձած հակադաշնակցական մոլուցքի, այլեւս ոչ ալիքների, այլ յորձանուտի դէմ հաւատարիմ ու անսասան ենք մնում մեր գաղափարներին:

Աւելի հեշտ չէ՞ր արդեօք լռել, հրաժարուել մեր գաղափարներից, ձեւանալ առաջադէմ, իշխանամէտ, նորարար, թաւշեայ, գոնէ` լուալ ձեռքերը եւ ընդունել «խելամիտ» ականատեսի դերը:

Հարկաւ աւելի հեշտ կը լինէր, քանզի դրա հակառակը հետեւեալ բեմագրութիւնն էր. արթնանալ ամէն օր` չիմանալով, թէ ո՛ր նորաթուխ քաղաքական գործիչն է համացանցում կամ հայաստանեան, թէ սփիւռքի պաստառներին ու մամուլում յերիւրանքներ բարդելու Դաշնակցութեան գլխին: Չհասկանալ ու որպէս քաղաքական մտածողութեան եւ հասարակական գործունէութեան բարոյագիտութեան ենթարկուող մարդ` խորշել հայրենիքի գերագոյն ամբիոններից ոչ թէ քննադատութեան, այլ անմակարդակ, փողոցային խօսելաոճով ասուած խօսքերից: Հե՞շտ էր արդեօք պատմութեանը անտեղեակ քաղաքացուց, ասենք, թաքսու մէջ կամ զբօսայգու նստարանին, լսել խորհրդային ժամանակներից սերող եւ թութակավարի կրկնուող մեղադրանքներ Դաշնակցութեան հասցէին, կամ ֆէյսբուքի անյայտ ու յաճախ ոչ իրական հասցէատէրերի մեզ պիտակաւորող գրառումներ կարդալ:

Ինչ որ լսեցինք ու կարդացինք, կարծես, անձնական քէն ու ոխի, անբացատրելի բարդոյթների ժայթքումներն էին, որոնք որքան յախուռն ու որքան թունոտ լինէին, այնքան ծափեր (կը ներէք` լայքեր) էին խլում քաղաքականապէս անգէտ ու ապակողմնորոշուած խաւերից: Բաւական է միայն յիշել Փաշինեանի ու նրա խմբակի բազմաթիւ փորձերը` Դաշնակցութեանը նսեմացնելու, պատմութեան աղբամանը նետելու մասին, որոնք ժամանակին ողողեցին իշխանական մամուլն ու նիկոլապաշտների դիմատետրերը:

Իսկ այսօր շատ բան է փոխուել այս յարաբերութէան մէջ:

2021-ի գարնան սեմին որտե՞ղ են կանգնած այդ նոյն իշխանաւորները, ու որտե՞ղ է կանգնած ՀՅ Դաշնակցութիւնը:

Անգամ պարզ, ոչ մասնագիտական վերլուծութիւնը տալիս է մեզ իրաւունքը հաստատելու, որ մարդիկ, որոնք լաւ ապագայի երազանքներով ու սին խոստումներով ոգեւորուած 2018-ի գարնանը հրապարակ իջան` հետեւելով կեղծ, ներմուծուած ու գործուղուած իբր յեղափոխականներ, այսօրուայ իրենց դժբախտութիւնների մեղաւորներին, այժմ արդէն իրենց չդարմանուող ցաւերի ու այդպէս էլ չբարելաւուող կենսական պայմանների համար մեղադրում են հէնց նրանց` ներկայ իշխանութիւններին: Խօսքը ի հարկէ Փաշինեանի վկաների, նրա ամուլ խմբակի եւ նիւթական շահերով նրան կապուած խաւի մասին չէ, այլ` ժողովրդի լայն զանգուածների, որոնց գլուխն այլեւս դժուար է զբաղեցնել «նախկիններն են մեղաւոր» մեղադրանքով:

Մարդիկ, որոնք իրենց զաւակներին այս իշխանութիւններին վստահեցին, այսօր գիտեն, թէ իրենց զոհուած կամ գերեվարուած որդիներին դաւաճանել ու դաւաճանում են հէնց այս իշխանութիւնները, որոնց եթէ ոչ դաւաճանական, ապա ապիկար ու անկարող, ոչ մասնագիտական ղեկավարման պատճառով 2020-ի աշնանը ծայր առած պատերազմին զոհ դարձաւ մի ամբողջ սերունդ: 18-20 տարեկան տղաների մի ամբողջ փաղանգ, որը զրկուեց պաշտպանուելու նուազագոյն պիտոյքներ ու սարքեր ունենալու զինուորի իրաւունքից, այսօր հանգչում է Եռաբլուրում կամ բռնագրաւուած Արցախի հողում, Աստծոյ երկնքի տակ: Ունենք սփիւռք, որը պատերազմի օրերին զօրաշարժի ենթարկուելով` փորձեց հասնել մեր զինուորին օգնութեան եւ այսօր հասկանում է, որ իր ուղարկած օգնութիւնը այդպէս էլ տեղ չի հասել, յափշտակուել է, կամ, լաւագոյն պարագայում, դեռ մաքսազերծման է սպասում: Զինուորին ուղարկուած դեղորայքն ու վիրակապը գտնւում են այս կամ այն նկուղում ու պահեստում, իսկ զինուորը չկայ: Ունենք բանակ, որը կռուեց առիւծաբար` փաստելով իշխանութեան սխալ հաշուարկներն ու համաձայնուածութիւնը թշնամու հետ: Թշնամին խոստացել էր մի քանի օրում աւարտել պատերազմն ու պարտութեան մատնել հայկական կողմին, որ չյաջողեց, եւ ունենք իշխանութիւն, որը համարձակւում է պարտութեան մէջ մեղադրել այս բանակին:

Կայ մասնագէտների ու վկաների վկայութիւնների հիման վրայ ձեւաւորուած հանրային համոզում, որ Հայաստանին պարտադրուած պարտութիւնը ծրագրաւորուած ու գնուած էր ի սկզբանէ, իսկ այն վաճառել է հէնց այս իշխանութիւնը:

Ազգովին ունենք մեղքի զգացում եւ ազգովին կանգնած ենք փաստի առջեւ, որ, այո՛, հէնց մեր ձեռամբ իշխանութեան բերինք ժողովրդին դաւաճանած այս իշխանութիւններին եւ ստացանք այն, ինչ ունենք այսօր` կորուսեալ նոր տարածքներ, զոհեր, գերիներ, անհետ կորածներ, տեղահանուած տասնեակ հազարաւոր հայրենակիցներ, վտանգուած սահմաններ, Հայաստանի տարածքների զիջում եւ կորուստ, թաւալագլոր անդունդ ընկնող տնտեսութիւն, արտագաղթելու որոշման եզրին կանգնած բազմահազար ընտանիքներ ու, որ ամենացաւալին է, անորոշ ապագայի շեմին կանգնած ազգ ու երկիր:

Ունենք նաեւ իշխանութիւն, որը անձնատուութիւնից աւելի քան հարիւր օր անց դեռ իշխում է երկրում ու փորձում մեղաւորներ փնտռող մարդկանց, զոհերի, գերիների ծնող-հարազատների, հայրենազուրկների, տնազուրկերի, ընչազուրկ դարձածների հայեացքը ուղղել դէպի անցեալ եւ հաւատացնել բոլորին, թէ ինքը չէ այս բոլոր դժբախտութիւնների պատճառը: Նա մեղադրում է նախկիններին եւ ի հարկէ նրանց շարքին դասում նաեւ մեզ` դաշնակցականներիս:

Փաշինեանը կարծես ունի միայն մի կոտրած սկաւառակ, որն անվերջ կրկնում է նոյն յանկերգը եւ նորից ու նորից մեղքը բարդում նախկին քաղաքական ուժերի, կուսակցութիւնների, մտաւորականների, զինուորականների վրայ: Իմքայլական իշխանութիւնը ի հարկէ իր բոլոր լծակներով եւ արտաքին հովանաւորող ուժերով փորձում է վախեցնել ժողովրդին նոր պատերազմով, ներքին արնահեղութեամբ, «նախկինների» վերադարձով: Իշխանութիւնները, ինչպէս նաեւ նրանց 2018-ին գործի գլուխ բերած ու շահած-պահած արտաքին ուժերն իրենց հաշուարկների մէջ հաշուի առնո՞ւմ են ժողովրդի վիշտը, սուգը, քաղաքական անհեռատեսութիւնը, անյայտից վախը եւ մի անգամ եւս խաբուած լինելու վախից քայլեր չառնելու հոգեվիճակը: Վերախմբագրուել են նաեւ բոլոր կարգախօսերը` «ոչ մի թաւիշ», «քո յետեւից էլ կը գանք», «դատի կը տանք» եւ նմանատիպ ամպագոռգոռ յայտարարութիւններ այն բոլորի հասցէին, որոնք գլուխ կը բարձրացնեն իրենց դէմ:

Եւ վերջապէս, ունենք վարչապետ, որ իրեն եւ իր իւրայիններին թոյլ է տուել ամէն օրինախախտում, կամայականօրէն շրջանցել օրէնքը եւ փորձել է զաւթել երկրի, ե՛ւ օրէնսդիր, ե՛ւ գործադիր, ե՛ւ դատական իշխանութիւնները: Նա վաղուց դադարել է «ժողովրդի վարչապետ»-ի կերպարը խաղալուց եւ որպէս անվստահելի, անկարող եւ անհաւասարակշիռ քաղաքական գործիչ` խարխլել մեր պետականութեան բոլոր հիմքերը, անկումի տանելով բոլոր ոլորտներն ու զրոյական կէտին հաւասարեցնելով մեր հաւաքական յոյսը:

Ունենք թշնամի, որը զինավարժութիւններ է կատարում մեր սահմանին եւ անվերջ յիշեցնում, թէ պատերազմը դեռ չի աւարտուել: Կայ լուռ աշխարհ, որը փաստեց, թէ հանրային կարծիքի առումով ոչ մի բան էլ չի փոխուել մեր կեանքում` Եղեռնի տարիների համեմատութեամբ:

Այսօր ունենք Հայաստանում, թէ սփիւռքում ներկայ իշխանութիւնների հրաժարականի ժողովրդական պահանջ: Նրանց հրաժարականն է պահանջում, այո՛, քաղաքական վերնախաւը, մտաւորականութիւնը, զինուած ուժերը, եկեղեցին, բուհերը, զոհուած զինուորի մետալը այս իշխանութիւնից ստանալ չցանկացող ծնողը, անգամ 2018-ին «դուխով» կանչողների մեծ մասը:

Իսկ որտե՞ղ է կանգնած ՀՅԴ-ն:

Մեր պայքարը, իշխանութիւններին կարգի հրաւիրելու եւ ազգային օրակարգին վերադարձնելու ճիգը մենք սկսել ենք դեռեւս երկու տարի առաջ, երբ ընդվզեցինք նոյն իշխանութեան ապազգային քաղաքականութեան ազգակործան գործընթացի դէմ: Ժամանակին, երբ ժողովուրդը դեռ յետիշխանափոխութեան էյֆորիայի մէջ էր, այդ պայքարի մէջ մտնելը մենք համարեցինք մեր պարտականութիւնը եւ չտրուեցինք զանգուածներին դուր գալու եւ փչող քամու հետ նոյն ուղղութեամբ գնալու «խոհեմ» քայլին ու արժանացանք տարբեր հասցէներից մեզ ուղղուած քաղաքական վայրահաչութիւնների:

Իսկ պատերազմի ընթացքում ՀՅԴ-ն հայրենիքի զինուորն էր, կամաւորը, մի թիզ հայրենի սահմանից չզիջողը, ընդհակառակը, բարձունք գրաւողը, պարտութեան ստորագրումից յետոյ անգամ դիրքերից չիջնողը, յանձնուած գիւղը թշնամուն չզիջողը, Արցախում հայրենազրկուած ընտանիքների վերաբնակեցման գործին նուիրուողը, իր համաշխարհային կառոյցով Արցախը ոտքի հանելու եւ կորցրածը ետ բերելու աշխատանքի ռահվիրան, ազգայինի ու հայրենասիրութեան ջատագովն ու առաջնորդը:

Իսկ ի՞նչ դեր է վերապահուած ՀՅԴ-ին այսօր:

Այս պահին հայ ժողովրդին յուզող գերագոյն խնդիրը մեր ազգի ու մեր հայրենիքի ապահովութիւնն ու սահմանների անձեռնմխելիութիւնն են, որի դէմ է Հայաստանի ներկայ իշխանութիւնների իւրաքանչիւր քայլը: Ժողովուրդը քաջ գիտակցելով հայրենիքի գլխին ճօճուող վտանգը եւ ներկայ իշխանութիւնների անթաքոյց համակրանքը թշնամու նկատմամբ, ոտքի է կանգնել ու փրկութեան ելք է փնտռում: Առկայ է եւ օրէցօր ահագնանում է Փաշինեանի հրաժարականի ժողովրդական պահանջը: Իսկ ՀՅԴ-ն այդ պահանջի մարմնացումն է, հայրենիքի փրկութեան շարժման մղիչ ուժը, համակարգողը, բողոքի արշաւներ, երթեր կազմակերպողը, քաղաքական յստակ պահանջ ներկայացնողը, խօսք ասողը, խօսքին ամէն գնով տէր կանգնողը, ձերբակալուողը, ոստիկանութիւնից ուղիղ ցոյցի վերադարձողը, չվարանողը:

Վերադառնալով առաջին տողերում հնչած հարցումին, թէ ինչո՞ւ ենք մենք` դաշնակցականներս վերջին տարիներին մեր դէմ սանձազերծուած հակադաշնակցական մոլուցքն անտեսում եւ անսասան մնում մեր գաղափարների հարցում, պէտք է հաստատել, որ մենք այլ ելք չունենք:

Մերը ժողովրդին տէր կանգնելն է, խաւարը ցրելը, քաղաքական գիտակցութիւնը բարձրացնելը, թշնամու ներթափանցման մասին իրազեկելը, ազգն ու երկիրը սասանել փորձող ցանկացած ուժի դէմ պայքարելը, երբ զանգը հնչի, առաջինը հայրենիքի պաշտպանութեանն արձանագրուելը, ու երբ ոչ ոք չի գտնում խարիսխը, հէ՛նց խարիսխ հանդիսանալն է:

Վկան` մեր պատմութիւնը, վկան` մեր հին ու նոր նահատակները, վկան` մեր յաղթական ընկերները` հէնց այս պահին Բաղրամեան պողոտայում:

Լոս Անճելըս

Նախորդը

Մեր Այս Անկարող Պայքարի Լուծը

Յաջորդը

Գործ Հատուցման Եւ Մատուցման

RelatedPosts

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը
Անդրադարձ

Անհնար Է Առանց Յուզուելու Նայել Այս Երեխաների Ապրումներին, Յոյզերին Եւ Թաց Աչքերին, Երբ Հպարտութեամբ Հնչեցնում Են Արցախի Օրհներգը

September 17, 2026
Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան`  Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի  Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար
Անդրադարձ

Լիբանանահայ Սոփրանօ Շողիկ Թորոսեան` Հայաստանի Պետական Սենեկային Նուագախումբի Չինաստանի Եւ Հնդկաստանի Ելոյթներու Մենակատար

September 17, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Վերամուտ

September 17, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.