Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հրէշ Զեքին. Հայ Դիւանագէտը Բացայայտել Է Հայոց Ցեղասպանութեան Կազմակերպիչներից Ամենադաժանի Առեղծուածը

February 19, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆՈՐԱՅՐ ՇՈՂԻԿԵԱՆ

Հայոց ցեղասպանութիւնն իրականացրած գործիչներից ամենադաժանը` Սալիհ Զեքին (Կուշարկով), տասնամեակներ շարունակ պատմագիտութեան մէջ մնացել է ստուերում: «Արմէնփրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարութեան Սահմանակից երկրների վարչութեան պետ, պատմական գիտութիւնների դոկտոր (ՌԴ եւ ՀՀ), փրոֆեսէօր (ԵՊՀ) Արսէն Աւագեանի հետ, որն ուսումնասիրելով Օսմանեան կայսրութեան, ռուսական եւ վրացական արխիւները` բացայայտել է հրէշ Զեքիի առեղծուածը:

«Սալիհ Զեքին ծնուել է 1883թ., Սամսոն քաղաքում, ազգութեամբ չերքեզ էր: Նրա հայրը Օսմանեան կայսրութիւն ներգաղթել էր 1864թ. չերքեզների մեծ գաղթի ժամանակ, Հիւսիսային Կովկասի Կուբանի շրջանից: Հայկական աղբիւրներում, եթէ նայում ենք, բոլոր յուշերում` կապուած Ցեղասպանութեան հետ կամ ընդհանրապէս այդ շրջանի իրադարձութիւնները լուսաբանելիս, Սալիհ Զեքի անունը առկայ է` որպէս «Հրէշ Զեքի», որը նախ 1915թ. Էվերեկում էր պաշտօնավարում, յետոյ Տէր Զօրի նահանգապետն էր, որտեղ գտնւում էր ամենամեծ համակենտրոնացման ճամբարը, եւ կազմակերպել էր տարբեր տուեալներով մօտ 200 հազար հայերի ոչնչացումը: Սալիհ Զեքիի հետ կապուած խնդիրն ինչումն է, եթէ նայում ենք աղբիւրները, այնպիսի տպաւորութիւն է, որ նա 1915թ. յայտնուեց, 1916թ. իր ամենասեւ գործունէութիւնը ծաւալեց եւ անհետացաւ: Այսինքն շատ քիչ տեղեկութիւններ կան նրա անցեալ կեանքի եւ ապագայի մասին», ասաց Աւագեանը:

Արսէն Աւագեանը Սալիհ Զեքիի վերաբերեալ տեղեկութիւնները գտել է Օսմանեան կայսրութեան, ռուսական եւ վրացական աղբիւրներում, սակայն օսմանեան արխիւներում առկայ է այն ժամանակ պաշտօնավարած նոյն անուամբ մօտ 210 պաշտօնեայ, ինչը խճճում է հետազօտողներին:

«Քանի որ ես երկու անգամ պաշտօնավարել եմ 2001-2005թթ., եւ 2015-2019թթ., որպէս Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում, եւ քանի որ իմ մենագրութիւններն ու գիտական յօդուածները Թուրքիայում հրատարակուել են թուրքերէն, այսինքն բաւական ճանաչում ունեմ, ինձ թոյլ տուեցին օգտուել օսմանեան արխիւից: 6 տարի ես օսմանեան արխիւում ուսումնասիրութիւն եմ արել, բազմաթիւ տարաբնոյթ արխիւային փաստաթղթեր եմ հաւաքել: Բացի դրանից` Սալիհ Զեքիի վերաբերեալ շատ կարեւոր նիւթեր կան ռուսական արխիւներում: Մի քանի նիւթ գտել եմ վրացական արխիւներից, քանի որ Սալիհ Զեքին 1925-1933թթ. ապրել է Թիֆլիսում: Ազրպէյճանի արխիւից թուրք պատմաբան ընկերներս օգնեցին, որոշ նիւթեր բերեցին: Ազրպէյճանում խորհրդային կարգերի հաստատման գործում Սալիհ Զեքին կարեւոր դերակատարութիւն է ունեցել, եւ դա հաստատւում է արխիւային փաստաթղթերով: Հետաքրքրական է նաեւ, որ նա եղել է ազրպէյճաներէնի լատինատառ այբուբենի մշակման յանձնաժողովի նախագահի տեղակալ, ինչպէս նաեւ` ազրպէյճաներէն «Տայ Եըլտըզ» ամսագրի եւ «Ենի Ֆիքիր» թերթի գլխաւոր խմբագիր», նշեց նա:

Սալիհ Զեքին մեծ դեր է ունեցել Հայոց ցեղասպանութեան իրականացման գործում: Տէր  Զօրի նահանգապետի պաշտօնում Սալիհ Զեքիի նշանակուելը եղել է նրա առանձնակի դաժանութեամբ պայմանաւորուած:

«Սալիհ Զեքիի նշանակումը Տէր Զօրի նահանգապետ, եղել է այն ժամանակ Սիրիայի նահանգապետ Ապտուլ Հալիք Ռենտայի առաջարկութեամբ: Ընդ որում, Ռենտան նշանակումը շատ ուշագրաւ է հիմնաւորել. նա նշել է, որ նախորդ միւթեսարիֆ Ատիլ պէյը շատ գթասիրտ է հայերի նկատմամբ, տեղահանուած հայերին ոչ թէ ոչնչացնում է, այլ նոյնիսկ պահում է, նրանց համար ստեղծել է պայմաններ, եւ պէտք է մէկը, որը կարող է իրականացնել այն հայերի նկատմամբ ծրագրուածները: Ռենտան առաջարկել է Սալիհ Զեքիի թեկնածութիւնը, որն արդէն Էվերեկում բաւական համբաւ էր ձեռք բերել իր դաժանութեամբ: Հայոց ցեղասպանութեան պատմութեան շատ իրադարձութիւններ կապուած են Սալիհ Զեքիի հետ, օրինակ` Էվերեկում նա կախաղան է բարձրացրել օսմանեան խորհրդարանի պատգամաւոր Մեծն Մուրատին իր 8 ընկերներով, օրէնքի խախտմամբ աքսորել է Տարտանելի հերոս Սարգիս Թորոսեանի ընտանիքը», ասաց Աւագեանը:

Աւագեանի ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ Զեքին հայերին ոչնչացնելու համար օգտագործել է նաեւ հէնց կրօնափոխ հայերին:

«Սալիհ Զեքին օգտագործում էր կրօնափոխ հայերին` հայերին ոչնչացնելու համար: Նա ասում էր, որ, եթէ կրօնափոխ էք եղել, պէտք է ապացուցէք ձեր հաւատարիմ լինելն ու ոչնչացնէք ձեր հայրենակիցներին: Սալիհ Զեքին նաեւ շրջանի չեչեններից խմբեր է հաւաքել, որոնց օգտագործել է հայերի ոչնչացման գործում: Գոյութիւն ունեն վկաների ու վերապրածների բազմաթիւ յուշեր, որտեղ Սալիհ Զեքիի անունը կայ: Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր Էմանուէլ Էմանուլիտիսը նշում է, որ 1917թ. հանդիպել է Սալիհ Զեքիին, որն ասել է, թէ զղջում է, որ 60 հազար հայ է վերացրել, երեխաներին կենդանի վառել եւ նոյնիսկ ուզում է ինքնասպանութիւն գործել: 1933թ. Մոսկուայում գրած իր կարճ ինքնակենսագրականում Սալիհ Զեքին, նկարագրելով հայերի ոչնչացումը եւ թէ ի՛նչ արիւնալի տեսարաններ ու զանգուածային սպանդներ էին տեղի ունենում հայերի տեղահանութեան ընթացքում, խոստովանում է, որ`  «Որպէս նահանգապետ` պատասխանատուութիւն եմ կրում, քանի որ մասնակցել եմ այդ զազրելի գործին», նշեց պատմաբան-դիւանագէտը:

1918թ. Սալիհ Զեքին լքել է Թուրքիան: 1920թ. Զեքին դատապարտուել է մահապատժի, որի որոշումն էլ ստորագրուել է սուլթանի կողմից, սակայն այդպէս էլ ի կատար չի ածուել, ինչից յետոյ էլ սկսուել է Զեքիի համայնավարական ուղին, որում ցեղասպանութիւն իրականացրած գործիչը ներկայացել է Կուշարկով ազգանունով:

«Այդ մարդը դարձել է համայնավար, եւ հետաքրքրական է, որ հայերի հետ էլ է աշխատել այն ժամանակ: Մարդը հայերին ոչնչացնելուց յետոյ հայ համայնավարների հետ համագործակցել է, աշխատել: Ընդ որում Անաստաս Միկոյեանը բաւական օգնել է Սալիհ Զեքիին իր համայնավարական գործունէութեան ընթացքում: Սալիհ Զեքին բաւական մեծ դերակատարութիւն է ունեցել, եւ ոչ միայն Թուրքիայի Համայնավար կուսակցութեան հիմնադրման հարցում, այլեւ շատ ուշագրաւ է, որ նա եղել է այն օղակը, որի միջոցով հաստատւում էր կապը Պաքւում գտնուող թուրք համայնավարների եւ Անատոլիայում ազգայնական շարժման միջեւ: Ընդ որում, թէ՛ իր անձնական գործում, թէ՛ նրա վերաբերեալ կազմուած տարբեր զեկուցագրերում նշուած է եղել, որ Զեքին մասնակցել է հայերի ոչնչացմանը», ասաց Աւագեանը:

Սալիհ Զեքիի (Կուշարկով) հետ կապուած մի շարք հանգամանքներ նպաստել են, որպէսզի նրա կերպարը տասնամեակներ շարունակ մնայ չբացայայտուած: Այդ գործում որոշ դերակատարութիւն են ունեցել նաեւ 1918թ. հայկական մամուլում լոյս տեսած տեղեկութիւնները:

«Թուրքական պատմագրութիւնը չի ժխտում Սալիհ Զեքիի գոյութիւնը, բայց մի խնդիր կայ` թուրքական պատմագրութիւնում Սալիհ Զեքիի վերաբերեալ ուսումնասիրութիւն չկայ, եւ մի հետաքրքիր հանգամանք կայ` ով Սալիհ Զեքիի մասին թռուցիկ անդրադարձել է, նրան սխալ ազգանուն է վերագրել, այդպիսով նպաստելով, որ այս մարդն անհետանայ պատմական թատերաբեմից: Հայկական թերթերը նշում էին, որ 1918թ. նրան Պէյրութի մօտակայքում իր օգնականի հետ ձերբակալել եւ սպաննել են հայկական լեգէոնի զինուորները: Մէկ այլ տեղեկութիւն կայ, որ նրան Սիրիայում են ձերբակալել հայերը եւ սպաննել: Սակայն իրականում այդ ընթացքում նա գտնւում էր Պոլսում, իսկ 1918թ. վերջին արդէն մեկնել էր Պաքու: Նա մտավախութիւն ունէր, որ հայերի նկատմամբ ոճրագործութեան համար իրեն դատելու են: Հէնց այդպէս էլ եղաւ», նշեց դիւանագէտը:

Սալիհ Զեքիի անունը ներգրաւուած է եղել «Նեմեսիս»-ի ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ ցուցակի մէջ: Իր հետ աշխատողներից շատերը գիտէին, թէ նա ով է, եւ հայերի կողմից նրա նկատմամբ որեւէ ոտնձգութիւն չի եղել: Սալիհ Զեքին մահացել է 1940թ. նոյեմբերի 3-ին, 57 տարեկանում, Մոսկուայում:

Արտաքին գործերի նախարարութեան Սահմանակից երկրների վարչութեան պետ, պատմական գիտութիւնների դոկտոր (ՌԴ եւ ՀՀ), ԵՊՀ փրոֆեսէօր Արսէն Աւագեանի «Մթութեան մէջ մնացած մի գործիչ` իթթիհատական կոմունիստ Սալիհ Զեքի (Կուշարկով)» գրքոյկը թուրքերէնով տպագրուել է Պոլսում:

«Արմէնփրես»

 

Նախորդը

Տրեստընեան Թնճուկ Մը

Յաջորդը

Հայաստանի Ազգային Ժողովի Որոշումը` Սահմանադրական Դատարանի Դատաւորական Կազմը Հանրաքուէով Գործէ Արձակելու

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.