Գրեց` ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ
Հայաստանի նորընտիր վարչապետ Ն. Փաշինեանը մայիսի 30-31 իր առաջին պաշտօնական այցը կատարեց Վրաստան: Այցելութեան երկրորդ օրը վարչապետը այցելեց նաեւ հայաբնակ Ջաւախք, ինչ որ աննախադէպ էր վերջին տասնամեակների համար, եթէ հաշուի առնենք, որ Ն. Փաշինեանը համարւում է պետութեան առաջին դէմքը: Իսկ Հայաստանի առաջին դէմքը, յանձինս նախագահ Լ. Տէր Պետրոսեանի, վերջին անգամ Ջաւախք (ք. Ախալքալաք) էր այցելել ուղիղ 22 տարի առաջ ճիշդ այս օրերին` հեռաւոր 1996 թ. յունիսի սկիզբին:
Այդուհանդերձ, Հայաստանի ղեկավարների 22-ամեայ ընդմիջմամբ տեղի ունեցած սոյն այցերը Ջաւախք ունեցել են տարբեր շարժառիթներ: 1990-ական թթ.կէսերին Ջաւախք գործուղուած բազմաթիւ վրացի դիտորդների զեկուցագրերում նշւում էր այն մասին, որ Թիֆլիսի իրաւասութիւնները փաստացի չէին տարածւում Ջաւախքի վրայ: Ահա սա էր գլխաւոր հիմնախնդիրը, որի այս կամ այն ձեւով լուծման գործում տուեալ շրջանում շատ մեծ էր պաշտօնական Երեւանի դերակատարութիւնը, իսկ նախագահ Լ. Տէր Պետրոսեանը կարող էր խաղալ «հաշտարարի» դեր:
Եւ այս հիմնախնդրի` յօգուտ Վրաստանի լուծման գործում Էտ. Շեւարտնածէի կողմից մեծապէս կարեւորուեց Հայաստանի հետ կայուն յարաբերութիւններ հաստատումը: Էտ. Շեւարտնածէի ուղեկցութեամբ Լ. Տէր Պետրոսեանի` Ախալքալաք կատարած այցը խորապէս պայմանաւորուած էր նաեւ Հայաստանում շուտով (սեպտեմբեր 22) տեղի ունենալիք նախագահական ընտրութիւններով, եւ Լ. Տէր Պետրոսեանը, քաջ գիտակցելով Հայաստանում հարիւր հազարաւոր ջաւախահայութեան դիրքորոշման կարեւորութիւնն իր յաղթանակի գործում, ձգտեց դրական կարծիք ձեւաւորել իր անձի հանդէպ հէնց Ջաւախքից: Նա անգամ չի թաքցրել այդ մասին եւ Ախալքալաքում կատակով նշել է, որ իր նախընտրական քարոզչութեան մեկնարկը տրուեց Ջաւախքից:
22 տարի անց Հայաստանի նոր ղեկավարի Ջաւախք այցի հանգամանքներն իրապէս տարբեր են: Այստեղ խօսք չի կարող լինել առաջիկայում սպասուող ընտրութիւններին Հայաստանի վարչապետի` ջաւախահայութեանն իր կողմը գրաւելու ցանկութեան մասին, առաւել եւս, որ այդ ընտրութիւնների տարեթիւն ու ձեւաչափը դեռ խիստ անորոշ են: Դատելով Ն. Փաշինեանի Ջաւախքի բնակավայրերում հնչեցրած մտքերից` հարկ է նշել, որ վարչապետը յայտարարեց միջպետական յարաբերութիւնների նոր որակի ստեղծման մասին, որն իր դրական հետքն է թողնելու նաեւ Ջաւախքում: Փաշինեանը նաեւ հանդէս եկաւ ջաւախահայութեանն ուղղուած շնորհակալանքի եւ երախտագիտութեան ուղերձներով, որոնցում արժեւորեց ջաւախահայութեան մասնակցութիւնը ապրիլ-մայիսեան համաժողովրդական շարժմանը:
Վերջին շրջանում բարձրաստիճան փոխայցերի ժամանակ երկու երկրների տարբեր գերատեսչութիւնների միջեւ միջպետական պայմանագրեր հազուադէպ են կնքուել կամ ընդհանրապէս չեն կնքուել: Երեւի թէ իմաստ էլ չկար կնքելու նոր պայմանագրեր: Հայաստան-Վրաստան միջպետական յարաբերութիւնների նախորդ շրջանի վերլուծութիւնը ցոյց է տուել, որ հարցերն աւելի շատ կարգաւորուել են անձնական շփումների միջոցով, իսկ կնքուած շատ պայմանագրեր երբեք չեն գործել` հանդիսանալով սոսկ արարողակարգային զարդ:
Հայաստանի վարչապետ Ն. Փաշինեանի այցը եւս այս մասով աչքի չընկաւ. այն աւելի շատ ճանաչողական բնոյթի էր: Ն. Փաշինեանի այցի պարագայում միջպետական պայմանագրերի կնքման բացակայութիւնն ինքնին հասկանալի է, քանի որ Հայաստանի նոր իշխանութիւնները Հայաստանում ստեղծուած բոլորովին նոր իրողութիւններին համահունչ կերպով ձգտեցին նոր ազդակներով եւ ուղերձներով հանդէս գալ վրացական իշխանութիւնների առջեւ` դրանով նոր հողի վրայ տեղափոխելով միջպետական յարաբերութիւնները:
Նախորդ հրապարակումներում փաստել էինք, որ Փաշինեանի կառավարութիւնը, ի տարբերութիւն նախորդի, բոլորովին այլ ընկալումներ ունի վրացական իշխանութիւնների մօտ, որը կուտակուած բազմաթիւ հիմնահարցերի լուծման յոյսեր է ներշնչում: Այս մեր համոզումը փաստուեց այցի ընթացքում Վրաստանի ղեկավարութեան կողմից հնչեցուած մտքերով, երբ ե՛ւ վարչապետ Քվիրիքաշվիլու, ե՛ւ նախագահ Մարկվելաշվիլու կողմից յատուկ շեշտուեցին Փաշինեանի` ժողովրդական լայն հեղինակութիւն վայելելու եւ ժողովրդավար գործիչ լինելու հանգամանքը:
Ենթադրելի է, որ բարձրաստիճան հանդիպումներուն քննարկուել են նաեւ այնպիսի հարցեր (որքանով որ դրանք կը տեղաւորուէին առաջին ծանօթութեան շրջանակներում), որոնք չարտացոլուեցին պաշտօնական այցի հրապարակային մասում: Փոխարէնը` Հայաստանի վարչապետն իր հրապարակային ելոյթներում ունէր յստակ (իրական Յ.Մ.) ուղերձներ, որոնցից կարելի է եզրակացնել հետեւեալը.
1.- Հայաստան- Վրաստան յարաբերութիւններում ստեղծուած ջերմ եւ անկեղծ մթնոլորտը պէտք է (օգտագործուի) եւ կիրառուի միջպետական յարաբերութիւնների բոլոր ոլորտների վրայ,
2.- Ինչպէս Հայաստանը, այնպէս էլ Վրաստանը պէտք է ապացուցեն, որ սեփական քայլերում չկան թիկունքային հարուածներ, չկան սադրիչ եւ թշնամական գործողութիւններ,
3.- Մինչ այժմ գոյութիւն ունեցած կասկածանքի եւ անվստահութեան տարրերը պէտք է տեղի տան անկեղծ եւ կառուցողական քննարկումներին,
4.- Պէտք է վերակազմաւորուեն այն բոլոր գործիքները, որոնք կարգաւորում են միջպետական յարաբերութիւնների մի շարք ոլորտներ: Այստեղ կարեւորուեց յատկապէս վերջին շրջանում անարդիւնաւէտ գործող, կամ գրեթէ չգործող,միջկառավարական տնտեսական եւ միջխորհրդարանական յանձնաժողովների գործունէութեան (լարուած) վերսկսումը,
5.- Հայաստանը ամէն կերպ աջակցելու է ջաւախահայութեան արժանապատիւ կեանքի կազմակերպմանը, եւ այստեղ այլ տողարակ փնտռելը յարիր չէ առկայ բարեկամութեանը,
6.- Վրաստանը պէտք է ջանքեր գործադրի, որպէսզի աշխարհասփիւռ ջաւախահայութեան շրջանում եւս սկսուի ներգաղթի գործընթաց, ինչպէս դա տեղի է ունենալու Հայաստանում, իսկ դրա համար Վրաստանի իշխանութիւնների աջակցութեամբ Ջաւախքում պէտք է ստեղծուեն հոգեւոր եւ տնտեսական լաւագոյն պայմաններ,
7.- Ջաւախահայութիւնը պէտք է շարունակի ամուր կանգնել հայրենի հողի վրայ, նեցուկ կանգնի սեփական պետութեան` Վրաստանի հզօրացմանը, միաժամանակ իր թիկունքում զգալով յաղթանակած Հայաստանի գոյութիւնը:
Ն. Փաշինեանի գլխաւորած կառավարական այցը Վրաստան իսկական «ձնհալ» առաջացրեց հայաբնակ Ջաւախքում: Հանրութիւնը տեսաւ, որ քաղաքական կամքի առկայութեան դէպքում Հայաստանի առաջին դէմքը կարող է իր կնոջ ու բարձրաստիճան այլ անձանց հետ շրջել Ջաւախի հեռաւոր գիւղերով, ջերմ խօսքերով ողջունել հայրենակիցներին, լուսանկարուել, համբուրել փոքրիկներին եւ այլն:
Այդ նոյն կամքի առկայութեան դէպքում Հայաստանի բարձրաստիճան գործիչները` նախարարներ եւ այլք, կարող են շրջել Ախալքալաքի փողոցներով, ճաշել հասարակ սրճարանում, հանդիպել կրթամշակութային կեդրոններ, հոգատար ձեռքերով փաղաքշել սաներին, լուսանկարուել, ծանօթանալ խնդիրներին ոչ թէ պաշտօնական զեկուցագրերից, այլ` կենդանի շփումներով:
Բազմաթիւ խնդիրների պայմաններում ապրող ջաւախահայութեան համար, կարծում ենք, ոչ պակաս կարեւոր են այսպիսի այցերը: Միւս կողմից` վրացական իշխանութիւնները, տեսնելով այս ամէնը, պէտք է արմատապէս վերացնեն այն կասկածանքի եւ անվստահութեան մթնոլորտը, որն առկայ է հայութեան հանդէպ` ընդհանրապէս, իսկ Ջաւախքում` մասնաւորապէս:
Վրաստանի իշխանութիւնները, կարծում ենք, այսպիսի այցերով եւ շփումներով պարտաւոր են համոզուել, որ Հայաստանի ղեկավարը, նախարարը կամ պաշտօնեան ոչ թէ «վտանգաւոր», «անջատողական» կամ «ռուսական» յորջորջուող հրահրիչ է, որին պէտք է հետեւել, անյապաղ մեկուսացնել եւ ամէն կերպ բացառել հանրութեան հետ վերջինիս շփումները, այլ սովորական մարդ է, հարեւան, բարեկամ, քրիստոնեայ, իսկ Ջաւախքում կամ Վրաստանի մայրաքաղաքում ապրող հայութեան շրջանում վերջինիս ունեցած հետաքրքրութիւնները բացառապէս մարդասիրական են եւ չեն հետապնդում յետին նպատակներ:
Մեսրոպեան Ուղղագրութեան Վերածեց`
Յարութիւն Մըսրլեան
1 յունիս 2018




