Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Պէյրութը Արժանապատիւ Մեր Գաղութն Է, Որ Արաբական Աշխարհում Կարողացել Է Իր Տեղը Գտնել, Եւ Ես Ուրախ Եմ, Որ Պիտի Գնամ…», Ըսաւ Հայրենի Նկարիչ Յաղթանակ Շահումեանը

June 9, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը վարեց` ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Հայրենի գեղանկարիչ, քանդակագործ Յաղթանակ Շահումեանը 1960-ականներին Հայաստանի արուեստի աշխարհում սկիզբ առած ազատ ու ստեղծագործ մթնոլորտը համարում է անփոխարինելի միջավայր` հայ արուեստագէտների համար, որ այլեւս երբեք նոյն թափով եւ նոյն շունչով չի կրկնուել հայ իրականութեան մէջ: Հայաստանի անկախութիւնից յետոյ դժուարութիւնների  շրջան է սկսուել արուեստագէտների համար, որոնց մի մասը արտագաղթել է, մի մասը, չդիմանալով նոր ժամանակների բերած մարտահրաւէրներին, դադարել է արուեստով զբաղուել… Յաղթանակ Շահումեանը, շատ լաւ գիտակցելով այդ դժուարութիւնները եւ հաւատարիմ մնալով արուեստին, կարողացել է պահել իր տեղը հայ ժամանակակից կերպարուեստի մէջ, թէ՛ իբրեւ նկարիչ, թէ՛ իբրեւ քանդակագործ: Նա ասում է, որ արուեստն էլ պայքարի մի ձեւ է, եւ արուեստագէտի համար, թերեւս, պայքարի միակ ձեւն է, որի զէնքերը նա երբեք պէտք չէ վայր դնի:

Լիբանանի Համազգային միութեան կազմակերպութեամբ, Յաղթանակ Շահումեանը անհատական ցուցահանդէս պիտի ունենայ «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահում, եւ լիբանանցի արուեստասէրն էլ հնարաւորութիւն պիտի ունենայ տեսնելու այն ինքնատիպ արուեստը, որ Շահումեանը կերտել է տասնամեակների ընթացքում: Ցուցահանդէսից առաջ հարցազրոյց կատարուեց  Յաղթանակ Շահումեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Հայաստանի վերջին փոփոխութիւններից յետոյ էք գնում Լիբանան, եւ մտաւորական շրջանակների կամ պարզ ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ձեզ անպայման հարցնելու են` ինչպէ՞ս էք գնահատում Հայաստանում տեղի ունեցածը: Արուեստագէտի ձեր մեկնաբանութիւնը ինչպիսի՞ն է:

ՅԱՂԹԱՆԱԿ ՇԱՀՈՒՄԵԱՆ.- Վերջին տեղի ունեցած փոփոխութիւնները դրական եմ գնահատում, եւ յուսանք, որ հետագայում էլ ամէն ինչ նոյն վստահութեամբ եւ ազնուութեամբ կը շարունակուի:  Թէկուզ միայն այն փաստը, որ ժողովուրդի ձայնը տեղ հասաւ, արդէն ինքնին լաւ է: Եկող իշխանութիւնները, ինչպիսին էլ լինեն, միշտ պիտի յիշեն, որ ժողովրդի ուշադրութիւնն ու պատիժը անպայման կը լինի: Եւ դա հետագայում բոլոր կառավարիչներին կը զգաստացնի: Ժողովուրդն ինքը զգաց իր կարեւորութիւնը` երկրի կառավարման հարցում, մինչ այդ մի տեսակ յարմարուել էր, ճիշդ է` վիճակը վատ էր, բայց յարմարուել էր: Ժողովուրդն արթնացաւ թմբիրից, քնած վիճակից, ինչը շատ կարեւոր է: Մեր երկիրը արժանի է, որ լաւ կեանքով ապրի: Մեր ժողովուրդը դարեր շարունակ ամբողջ մարդկութեանը մշակոյթ է տուել, գիտութիւն է տուել, տնտեսութիւն է ստեղծել օտար երկրներում եւ իր երկրի համար վերջերս չէր կարողանում ստեղծել, ինչը շատ ցաւալի էր: Մեր ունեցած այսօրուայ երիտասարդութիւնն էլ հրաշալի երիտասարդութիւն է, եւ բոլորս յոյս ունենք, որ լաւ պիտի լինի:

Հ.- Արուեստագէտները ի՞նչ ակնկալիքներ ունեն այս փոփոխութիւններից, թէ՞ արուեստագէտի համար միեւնոյնն է` ինչ իշխանութիւն կը լինի, չէ՞ որ նա գլուխը կախ աշխատում է:  

Յ. Շ.- Ո՛չ, ինչպէ՞ս կարեւոր չէ: Արուեստը,  անգամ մեր ժողովուրդի ամենածանր ժամանակներում գոյատեւել է:  Արուեստը նաեւ անհատներով է ձեւաւորւում, մարդկային տաղանդների շնորհիւ է պահւում, եւ միջնադարեան շրջանում էլ, թէկուզ ուրիշի լծի ներքոյ, բայց մեր արուեստը միշտ գոյատեւել է: Ուղղակի այսօրուայ աշխարհը առաջուայ աշխարհը չէ, այսօր արուեստագէտը մի փոքր պետական ուշադրութեան կարիք ունի: Եթէ նայենք համաշխարհային մշակոյթը, արուեստի, մշակոյթի մէջ արժանի երեւոյթները միշտ ստեղծուել են պատուէրներով,  եղել են առանձին մարդիկ, որոնք պատուիրել են, կամ էլ դրանք եղել են պետութիւնների կողմից, եկեղեցիների կողմից պատուիրած գործեր: Մեծ կտաւները միշտ այդպիսի պատուէրների շնորհիւ են ստեղծուել: Իսկ Հայաստանի արուեստագէտը աւելի շատ կարիք ունի նման հոգածութեան, որովհետեւ մենք հրաշալի մշակոյթ ունէինք, որ խորհրդային տարիներին ներփակուած էր խորհրդային տարածքի մէջ եւ ամբողջ խորհրդային տարածքում հայ կերպարուեստը, շարժանկարների արտադրութիւնը բաւականին ճանաչուած եւ յարգուած էր: Մեր կերպարուեստը առանձնանում էր ողջ Խորհրդային Միութեան մէջ: Մենք առաջին Ժամանակակից արուեստի թանգարանն ունեցանք եւ շատ բաներում առաջինն էինք: Խորհրդային Միութեան քայքայումից յետոյ մենք փակուած մնացինք մեր ունեցածի հետ: Առանձին անհատներ գնում էին տարբեր երկրներ, որտեղ հայերը շատ են, ցուցահանդէսներ էին ունենում, բայց շատերը Հայաստանի մասին տեղեկութիւններ չունէին: Այսօր աշխարհում Հայաստանի այդ փառաւոր մշակութային անցեալի մասին չգիտեն, եւ պետութեան մասնակցութիւնը նաեւ այն պիտի լինի, որ մեր ունեցածը ճանաչելի դարձնի աշխարհին: Այնպէս որ, արուեստագէտն էլ իր ակնկալութիւնները ունի պետութիւնից:

Հ.- Վերջին տարիներին շատ ցուցահանդէսներ չեն կազմակերպւում Հայաստանում, մանաւանդ ձեր սերդնի նկարիչները այնքան էլ շատ չեն ցուցադրւում: Ի՞նչն է պատճառը:

Յ. Շ.- Որովհետեւ հիմնական կազմակերպիչ օղակը` Հայաստանի Նկարիչների միութիւնը այսօր, ցաւօք սրտի, նոյն արատներն է կրում,  ինչ մեր հասարակարգը կրել է: Այդ երեւոյթների դէմ պայքար միշտ եղել է, բայց օրէնսդրութիւնը թոյլ չի տալիս շատ հարցեր լուծել: Մինչեւ Խորհրդային Միութեան անկումը` մեր ցուցահանդէսները բարձրագոյն արժէք ունէին, իսկ այսօր, լաւագոյն նկարիչն էլ մասնակցի, նոյն արժէքը չունի, քանի որ հազարումէկ հարց կայ: Նկարիչներն իրենք էլ են փոխուել, արուեստ հասկացութիւնը յարմարուել է այսօրուայ պահանջներին, քանի որ նկարիչն այսօր կախուած է իր առօրեայ խնդիրները լուծելու ամէնօրեայ հարցից, եւ իսկական արուեստը մի տեսակ յետ է մղուել: Չնայած` իսկական եւ ոչ իսկական արուեստ չկայ: Արուեստը կա՛մ կայ, կա՛մ չկայ: Հասարակարգն էլ նոյն պահանջը չունի, ինչ որ նախկինում ունէր: Նախկինում  մենք շատ գրագէտ հասարակութիւն ունէինք: Կան այսպիսի մի շարք հանգամանքներ, որոնց պատճառով նկարիչները շատ ցուցահանդէսներ չեն ունենում, միւս կողմից էլ նկարիչն ամէն ինչ իր ծախսերով պիտի անի, նոյնիսկ սրահը, ուր պիտի ցուցադրի, պիտի վարձի, իսկ առաջ այդպէս չէր, առաջ նկարչի առջեւ շատ դռներ էին բացւում, նոյնիսկ Նկարիչների միութիւնն ինքն էր նկարները նկարչի արուեստանոցից տեղափոխում ցուցասրահ:  Ես յաճախ եմ մէջբերում խորհրդային տարիները, որովհետեւ այդ տարիներին տագնապ չկար վաղուայ օրուայ համար, նոյն վիճակով բոլորը ապրում էին: Մինչեւ 1960-ական թուականները երկրում տագնապ է եղել, մարդիկ վախով էին յիշում 1930-40-ական թուականները, շատ խնդիրներ են եղել այդ տարիներին, հետապնդումների, վախի շրջան էր:

Բայց 1960-ական թուականներին արդէն ազատութեան շունչը զգացին մարդիկ: Մեր ցուցասրահները ազատ արուեստ էին ցուցադրում, մենք լաւագոյն վերացական, ժամանակակից նկարիչներն ենք ունեցել: Մենք նաեւ խորհրդային տարիներին ունեցել ենք լաւ ղեկավարներ, որոնք մտածել են երկրի առաջընթացի մասին, օրինակ` ունեցել ենք Ալեքսանդր Միասնիկեան ղեկավար, որ, Հայաստանից չլինելով եւ նոյնիսկ լաւ չխօսելով հայերէն` զգացել է, թէ մեր երկրին եւ մեր ժողովրդին ի՛նչ է պէտք,  քայքայուած երկիրը վերածել է ծաղկուն երկրի`  դրսի պետութիւններին խնդրելով եւ Հայաստան բերելով մեր գիտութեան,  արուեստի մշակներին:  Մեր ժողովուրդը կարողացել է  այդ համակարգի մէջ վերածնուել:

1988-ի շարժումից յետոյ մի տեսակ յուսահատութիւն տիրեց, քանի որ մենք բոլորս աւելի շատ սպասումներ ունէինք, քան եղան իրականում:

Ցաւօք մենք չկարողացանք նուիրուել մեր երկրի կառուցմանը, եւ դրա պատճառները թէ՛ առարկայական եւ թէ՛ ենթակայական էին:  Ահաւոր բացթողումներ են եղել անկախութիւնից յետոյ,  ահաւոր շատ արժէքներ են գնացել երկրից` թէ՛ նիւթական եւ թէ՛ մարդկային, եւ մենք ոչինչ կարողացանք անել դրա դէմ:

Հ.- Դուք ինքներդ կարողանո՞ւմ էք Հայաստանում յաճախ ցուցահանդէսներ ունենալ:

Յ. Շ.- Ես դրսում ցուցահանդէսներ շատ եմ ունեցել, բայց Հայաստանում անհատական ցուցահանդէս շատ քիչ եմ ունեցել, այն էլ` անկախութիւնից յետոյ միայն: Փարիզում յատկապէս ունեցել եմ շատ ցուցահանդէսներ, ԱՄՆ-ում եմ ունեցել, Աւստրալիայում, Ռուսաստանում, այլ երկրներում: Երեք տարի առաջ Երեւանում կրկին ունեցայ անհատական ցուցահանդէս, միւս տարի նախատեսում եմ իմ ծննդեան 75-ամեակի առթիւ Հայաստանում  նորից անհատական ցուցահանդէս ունենալ:

Հ.- Ո՞ր երկրում էր աւելի տպաւորիչ ընդունելութիւնը:

Յ. Շ.- Ամէն մի երկիր իր առանձնայատկութիւնն ու հետաքրքրութիւնն ունի: Փարիզը, արդէն շուրջ 150 տարի է`  մի տեսակ մշակութային հետաքրքրութիւն ունի: Շատերը Փարիզ են գնում միայն հէնց այդ արուեստին  առնչուելու համար, քանի որ փողոցով քայլելու ժամանակ ակամայից արդէն արուեստի հետ ես շփւում: Պարսելոնան իր միջավայրն ունի եւ շատ հետաքրքրական է, Ամերիկայում արուեստի ընդունելութիւնը համեմատաբար նոր երեւոյթ է, Պոսթոնում, Նիւ Եորքում եմ ունեցել ցուցահանդէսներ,  լաւ ընդունելութիւն է եղել: Ընդհանրապէս, իր երկրից դուրս արուեստագէտի համար ամէն տեղ էլ հետաքրքիր է: Մի բան է քո տարածքում ցուցադրուել, մէկ  բան է` դուրս գալ եւ նոր միջավայրում ցուցադրուել, որը միշտ նորութիւն է:

Հ.- Միջինարեւելեան երկրներում չէ՞ք ունեցել ցուցահանդէս, Պէյրութում առաջին անգա՞մ էք լինում:

Յ. Շ.- Ո՛չ, Արեւելքում չեմ ունեցել ցուցահանդէս: Իսկ Պէյրութի մասին դեռեւս պատանեկան տարիքից այնքան լաւ կարծիք ունեմ, բախտ վիճակուեց մի քանի տարի առաջ մի քանի օրով եղայ այնտեղ, բայց  այցս ցուցահանդէսի նպատակ չէր հետապնդում եւ այդ կարճ այցի ընթացքում էլ տպաւորուել եմ քաղաքից: Ընդհանրապէս Պէյրութը եղել  է մեր ժողովրդի կարեւոր հանգրուաններից մէկը` իր հրաշալի գաղութով, ցաւօք այդ գաղութը հիմա նօսրացել է, բայց ես միշտ վստահ եմ եղել, որ Սուրիան, Լիբանանը Արեւելքի լաւագոյն գաղութներն էին: Նրանք արժանապատիւ մեր գաղութներն են, որոնք արաբական աշխարհում կարողացել են իրենց տեղը գտնել, եւ ես ուրախ եմ, որ պիտի գնամ, մանաւանդ որ ուսանողական տարիներից էլ շատ ծանօթներ ունեմ, որոնք Հայաստանում են սովորել, եւ յոյս ունեմ իրենց էլ տեսնել…

Հ.- Ի՞նչ աշխատանքներով պիտի ներկայանաք:

Յ. Շ.- Տարբեր աշխատանքեր եմ տանում` թէ՛ վերջին տարիներին ստեղծուած, թէ՛ աւելի վաղ` մօտ 25-30 տարուայ: Քսան-քսանհինգ աշխատանք եմ տանում, շատ մեծ ցանկութիւն կար նաեւ իմ քանդակներից տանել եւ ցուցադրել, բայց տեղափոխման խնդիր կար, քանդակը ինքը թեքնիք իմաստով դժուար է տեղափոխել` վնասուելու մտավախութիւն կայ, բայց  եթէ ստացուի, նաեւ մի քանի  քանդակ կը տանեմ:

Հ.- Քանդակո՞վ էք աւելի շատ զբաղւում, թէ՞ նկարչութեամբ:

Յ. Շ.- Քանդակ քիչ եմ անում, որովհետեւ իմ արուեստանոցային պայմաններս քանդակի համար չեն, քանդակի համար յատուկ պայմաններ են անհրաժեշտ:  Բայց ասեմ, որ ես, որպէս արուեստագէտ, սկսել եմ հէնց քանդակից: Իմ վարպետը եղել է քանդակագործ Արա Սարգսեանը, որ շատ հետաքրքիր մի արուեստագէտ էր, ծագումով պոլսահայ, սովորել է Վիեննայում, արուեստի մարդ էր, շատ մտաւորական եւ ազգասէր… Նա նաեւ «Նեմեսիս» գործողութեան աշխուժ գործիչներից է եղել, մի հանգամանք, որը գաղտնի է պահուել եւ յետոյ է յայտնի դարձել: Եւ սովորում էի եւ իր արուեստանոցում օգնում էի, այդպիսով քանդակով եմ սկսել իմ գործունէութիւնս:

Յետոյ ընդունուեցի արդէն Գեղարուեստի ակադեմիա, նկարչութեան բաժինը: Իմ մայրս էր շատ ուզում, որ ես քանդակագործ լինեմ, քանի որ իր ընտանիքում քարտաշներ էին, եւ քանդակագործն էլ դրան առնչուող մի ասպարէզ էր: Ես թուաբանութեան եւ բնագիտութեան թեքումով դպրոցում էի սովորում եւ լաւ էի սովորում, իմ ուսուցիչները չէին ուզում, որ  արուեստի ճամբով գնամ, ուզում էին ինձ տանել դէպի գիտութիւն: Բայց ես ընտրեցի արուեստը:

Հ.- Չէք զղջացել, չէ՞, որ գիտութեան ճամբան էլ փառքի ճամբայ է:

Յ. Շ.- Չեմ զղջացել, քանի որ ճակատագիրն ու կեանքը միշտ իրար հետ կապ ունեն, դա պատահական չի լինում: Ես արուեստը ընտրեցի, քանի որ ազատութիւն կայ արուեստի մէջ,  եւ ազատութիւնը ինձ մղեց արուեստի ասպարէզ, մանաւանդ փոքր ժամանակ նկարչական մրցոյթների էի մասնակցում, իմ նկարները  արտասահման  էին  ուղարկում, նուէրներ, մրցանակներ էի ստանում:

Հ.- Ձեր նկարների թեմաները, ժանրերը փոխուե՞լ են տարիների ընթացքում:

Յ. Շ.- Հնարաւոր է` ինչ-որ փոփոխութիւնների են ենթարկուել, բայց կայ անփոփոխ հոգեւոր մի միջավայր, որ միլիոնաւոր տարիներ էլ անցնեն մարդու համար անփոփոխ է մնում. դրանք յաւերժական թեմաներն են` սէր, կարօտ, բնութիւն, ազատութիւն, հայրենիքի հանդէպ պարտաւորութիւններ, որ երբեք չեն կարող փոխուել: Ինչո՞ւ ենք մենք սիրում եւ գնահատում հազարաւոր տարիներ առաջ ստեղծուած արուեստի գործերը, որովհետեւ ընդհանուր ընկալումներ ունենք նրանց հետ:

Հ.- Պէյրութի ցուցահանդէսից ի՞նչ սպասելիքներ ունէք:

Յ. Շ.- Ինձ համար հետաքրքիր է Պէյրութը, եւ սա հրաշալի առիթ է, որ ես նաեւ առիթ ունենամ ընկալելու մեր հայրենակիցներին, գուցէ նաեւ օտարները գան եւ դիտեն իմ ստեղծագործութիւնները, քանի որ կերպարուեստը, ի հարկէ, լեզուի եւ այլ հարցեր չունի, ընկալման լեզուն մէկն է:  Ես գիտեմ, որ Պէյրութի հայերը բաւական առաջադէմ են եւ շփումներ ունեն Եւրոպայի, ԱՄՆ-ի հետ, լաւ տեղեակ են համաշխարհային զարգացումներից էլ, հայրենի արուեստից էլ, այնպէս որ, կասկածանքով  չեմ գնում Պէյրութ:

Այդպիսի կասկածանքով 1994 թուականին առաջին անգամ Փարիզում ցուցահանդէս եմ բացել: Հայաստանում այդ ժամանակ վատ էր բոլոր առումներով, ես Փարիզի այդ ցուցահանդէսը ունեցայ, եւ  դա մի տեսակ ճակատագրական պահ էր ինձ համար, մտածում էի, որ ես եթէ անյաջողութիւն ունենամ այդ ցուցահանդէսով, երեւի պէտք չէ այլեւս նկարեմ: Բայց, բարեբախտաբար, երեւի թէ իմ ամենամեծ ցուցահանդէսային յաջողութիւնը եղել է հէնց Փարիզի այդ ցուցահանդէսը: Ես այնտեղ ծանօթ էլ չունէի, քառասուն նկար էի տարել, մեծ մասը վաճառուեց,  Գառզուն էլ էր եկել, ցուցասրահից նկար էր գնել, եւ ցուցասրահի տէրն էլ ուրախացել էր, որ Գառզուն այցելել էր իր ցուցասրահ: Ինձ հրաւիրեցին այնտեղ ստեղծագործելու, ԱՄՆ-ում էլ ինձ տան բանալի են տուել, ասել են մնայ, բայց ես Հայաստանից դուրս չեմ պատկերացնում իմ կեանքը:

Հ.- Որպէս արուեստագէտ` ի՞նչ պատգամ ունէք սփիւռքահայերին:

Յ. Շ.- Կ՛ուզենամ, որ սփիւռքի  մեր ժողովուրդը ամուր մնայ, իրենց երեխաներին կապի Հայաստանի հետ: Ի հարկէ կան հարցեր, բոլորի համար հեշտ չէ կտրուել միջավայրից եւ գալ Հայաստան, բայց, ի վերջոյ, Հայաստանը մեր բոլորիս ծննդավայրն է, մենք պէտք է փորձենք շէնացնել այս երկիրը: Ամէն մէկս մի բան պիտի անենք այս երկրի համար: Երբեք չգիտենք, թէ օտար երկրներում ի՛նչ կարող են լինել. ուստի մենք մեր երկիրը այնքան պիտի ամրացնենք, որ սփիւռքահայը ոչ մի խնդիր չունենայ, իմանայ, որ իր մէջքին ուժեղ երկիր կայ, գայ եւ ապրի: Սփիւռքը մեր հարստութիւնն է, ճիշդ է, ինչ-որ առումով կորուստ է, բայց նաեւ հարստութիւն է, ամէն մէկը իր տեղում մեծ ուժ է, այդ էլ պիտի իմանանք, բայց պէտք է  բոլորով ստեղծենք ծաղկուն երկիր, այս է իմ պատգամը: Մեր երկիրն այսօր կարող է լինել ամենալաւ երկիրը: Մենք շատ հնարաւորութիւններ ունենք:  Չկորցնենք այս միջավայրը: Հնուց ի վեր դրախտի համբաւ է ունեցել Հայաստանը, այսօր էլ կարող է վերականգնել այդ համբաւը: Սփիւռքին պիտի ասել, որ ոգիներդ տեղը պահէք ,եւ բոլորով միասին ստեղծենք մեր բոլորիս երկիրը:

 

Նախորդը

Ֆութպոլի Կարճ Պատմութիւն Մը

Յաջորդը

Վարչապետ Փաշինեանի Այցը Վրաստան… Ուղերձներ Եւ Սպասելիքներ…

RelatedPosts

«Գաղափարական Պայքարի Դրօշը Դեռ Պէտք Է Երկար Փողփողայ Իր Բարձունքին Վրայ»
Հարցազրոյց

«Գաղափարական Պայքարի Դրօշը Դեռ Պէտք Է Երկար Փողփողայ Իր Բարձունքին Վրայ»

September 12, 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում
Հարցազրոյց

Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում

September 9, 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում
Հարցազրոյց

Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ Եւ Յանձնում

September 8, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.