Թուրքիայի Հայերի Ներկայիս Վիճակն Է Ներկայացնում Տիգրանակերտում Բնակուող Սասունահայը
ԿԱՐՕՏ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Խաղաղութեան գործընթաց» անուամբ յայտնի ժամանակաշրջանում Թուրքիայում բազմաթիւ բարենորոգումներ եղան ժողովրդավարացման ոլորտում: ԵՄ-ը Թուրքիան իր չափանիշներին համապատասխանեցնելու համար փաթեթներ ներկայացնելով` բազում բարեփոխումներ իրականացրեց յատկապէս մարդու իրաւունքների բնագաւառում (ձեւացրեցին, թէ անում են այդ բարեփոխումները): Շատ երկար տարիներ ձգուած դադարից յետոյ Թուրքիայի սահմաններում ապրող բազմաթիւ ցեղային ու կրօնական խմբեր, հանգիստ կերպով ինքնաարտայայտուելով, ի վիճակի դարձան ազատօրէն իրենց կրօնական արարողութիւններն անել (իրականում թուրքական իշխանութիւնները գիտակցաբար աչք փակեցին դրանց վրայ): Առաջին անգամ Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամաւորներ ընտրուեցին, որոնցից մէկն իշխանական ղեկին գտնուող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնից է, միւսը` գլխաւոր ընդդիմադիր եղող Ժողովրդահանրապետական կուսակցութիւնից, իսկ վերջինն էլ` քրտերի կուսակցութիւնը համարուող Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնից:
Տարբեր կուսակցութիւնների ընտրացուցակներով ոչ-մահմետական պատգամաւորներ ընտրուեցին: Պոլսից հայ պատգամաւոր ընտրուեց (ԱԲԿ-ից Մարգար Եսայեանը), Մարտինից` ասորի (ԺԺԿ-ից Էրոլ Դորան), Հաթայից` քրիստոնեայ (ԺՀԿ-ից Սելին Սէյեք Պէօքեն), Զմիւռնիայից` հայ (ԺՀԿ-ից Սելինա Տողանը), Պոլսից եւս հայ պատգամաւոր (ԺԺԿ-ից Կարօ Փայլանը) ընտրուեց: Մի հայ էլ (Էթիէն Մահչուփեանը) Թուրքիայի վարչապետի խորհրդական նշանակուեց:
Այս առումով` հայերի համար եւս նշանակալի քայլեր ձեռնարկուեցին: Թոյլ տուեցին հայկական համայնքին ենթակայ անշարժ ու շարժական գոյքը եւ եկեղեցիները վերականգնել. նոյնիսկ որոշ հայկական եկեղեցիներ վերանորոգուեցին: Թոյլատրուեց, որ Վանի Աղթամար կղզում գտնուող Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնելով` որպէս թանգարան բացուի, եւ այնտեղ տարեկան մէկ անգամ կրօնական արարողութիւն արուի: Տիգրանակերտում գտնուող` Մերձաւոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին` Սուրբ Կիրակոսը, վերանորոգուեց` եկեղեցու խորհրդի, սփիւռքահայերի, Կ. Պոլսոյ հայոց պատրիարքարանի եւ, մասամբ էլ, Տիգրանակերտի քաղաքապետարանի աջակցութեամբ: Ոչ պաշտօնապէս թոյլ տրուեց, որ այստեղ տարեկան մէկ անգամ պատարագ մատուցուի: Որոշ բարենորոգումներ էին սկսուել նաեւ Պոլսի հայկական դպրոցներում: Որոշ շրջաններում հայոց լեզուի դասընթաց էր մեկնարկել: Մի քանի նահանգներում հայկական միութիւններ էին հիմնուել:
Սակայն 2015թ. ընտրութիւնների նախօրէին սլաքները հակառակ կողմ ուղղուեցին: ԱԲԿ կուսակցութիւնը ծայրայեղ, ազգայնամոլական արտայայտութիւններով եւ զանազան խարդախութիւններով, մի կերպ շահեց ընտրութիւնները: ԱԲԿ-ն, Ազգայնական շարժում ազգայնամոլ կուսակցութեան հետ միաբանուելով, Սահմանադրութիւնը փոխելով եւ մի բեմագրութեան միջոցով յեղաշրջում կազմակերպելով` Թուրքիայում արտակարգ դրութիւն սահմանեց: Ղեկավարման այդ ընկալումը կիրառուել էր նաեւ 1915թ. Մեծ եղեռնի ժամանակ: Անցած հարիւրամեակի ընթացքում ամենաազգայնամոլ եւ ամենաբարբարոս կառավարութիւնը հէնց այս կառավարութիւն է եղել: Տիգրանակերտում, Ճիզրէում, Շըռնաքում եւ Իւքսեքովայում մարդկանց անխղճաբար սպանելով` նրանց ողջակիզեցին նկուղներում: Բազմաթիւ զինուորներ ու ոստիկաններ, հայերի վերաբերեալ չափազանց ցեղապաշտական արտայայտութիւններ անելով, սկսեցին իրենց դէմ դուրս եկող ամէն մի անձի ահաբեկել եւ ճնշման տակ պահել:
Այս գործընթացում Տիգրանակերտի Սուր շրջանում գտնուող Սուրբ Կիրակոս եկեղեցին մեծ վնասներ կրեց: Դարձեալ Սուրում գտնուող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին եւ այսօր որպէս մզկիթ օգտագործուող եւ Քուրշունլու անունը կրող Սուրբ Թէոդորոս հայկական եկեղեցին եւս աւերուեցին: Ներկայում Սուր շրջանում գտնուող այդ թաղամասեր մուտքն ու ելքն արգելուած են: Այնինչ, ասորիներին պատկանող Սուրբ Աստուածածին եկեղեցում հնարաւոր է կրօնական արարողութիւններ անել, իսկ հայկական ոչ մի եկեղեցում պատարագ չի մատուցւում: Աւելի՛ն. արգելւում է այդ եկեղեցիներ գնալ: Մեզ մօտ բոլոր հին հայկական տները եւ այլ շինութիւններ քանդուած վիճակում են: Այդ աւերումները շարունակւում են: Տիգրանակերտում գտնուող բազմաթիւ պատմական յուշարձաններ հանրայնացուել են եւ զաւթուել պետութեան կողմից: Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման փորձի պատճառով անգամ դատարան ենք դիմել: Տեղի հայկական վագըֆը եւ միութիւններն առանձնապէս ուշադրութեան չարժանանալու պատճառով կրաւորական վիճակում են մնացել:
Միւս կողմից` Թուրքիայի պետութիւնը թոյլ չի տալիս, որ հայերն իրենց ազատ կամքով պատրիարք ընտրեն: Անուղղակի կերպով ճնշումներ են բանեցւում, որպէսզի Պոլսում ապրող հայերի ազատ կամքով ընտրուած պատրիարքի տեղապահ Գարեգին Պեքճեանը պատրիարք չդառնայ: Եւ թոյլ չի տրւում պատրիարքի ընտրութիւններ անցկացնել: Պետութիւնը ջանքեր է թափում սրբազան Արամ Աթեշեանին պատրիարք դարձնելու ուղղութեամբ, որին օգտագործում է որպէս խամաճիկ: Այդ պատճառով Արամ Աթեշեանը հրաժարական չի տալիս: Թոյլ չի տրւում պատրիարքի ընտրութիւնների համար ճանապարհ բացել:
Ամփոփելով` նշեմ, որ այսօրուայ Թուրքիայի պետութիւնը ձգտում է իր պէս չմտածող իւրաքանչիւր անձի դէմ ճնշումներ եւ բռնութիւն գործադրելով եւ նրան ահաբեկելով` ոչնչացնել: Հետեւաբար, մենք` այստեղ ապրող հայերս, եւս մեծապէս տուժում ենք դրանից: Բազմաթիւ հայ գործարարներ ստիպուած եղան արտերկիր հեռանալ: Թուրքիայում մնացած միւս հայերը վախից ձայն չեն հանում: Անգամ հարկադրուած են լինում թաքցնել իրենց հայ լինելը: Այսինքն կրիայի պէս մի փոքր աղմուկի դէպքում անմիջապէս մեր պատեանի մէջ ենք քաշւում…
Թարգմանեց`
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»



