Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիայի Յեղաշրջումները. 1960, 1971 Եւ 1980 Թուականներ

July 18, 2016
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Tatul Hagopian11ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հանրապետական Թուրքիայի պատմութեան ընթացքում (1923-ից մինչեւ այսօր) թուրքական զինուորականութիւնը` Գլխաւոր սպայակոյտը, երեք անգամ` 1960, 1971, 1980 թուականներին, տապալել է գործող կառավարութիւնները: Եւս մէկ անգամ` 1997-ին, Թուրքիայում տեղի է ունեցել անարիւն յեղաշրջում. 1997-ի յունիսին զինուորականների ճնշման տակ հրաժարական տուեց Նեճմետտին Էրպաքանի իսլամամէտ կառավարութիւնը:

Աշխարհիկութիւն-իսլամ, աւելի ճիշդ` քեմալականութիւն-իսլամ պայքարն է նաեւ եղել այդ յեղաշրջումների հետեւում:

1960թ. մայիսի 27-ին Թուրքիայում տեղի ունեցաւ զինուորական առաջին յեղաշրջումը. ժողովրդավարականները հեռացուեցին քաղաքականութիւնից: Զօրավար Ճեմալ Կիւրսելի գլխաւորած Գաղտնի կոմիտէի հրամանով երկրի նախագահ Մահմուտ Ճելալ Պայարը, վարչապետ Ատնան Մենտերեսը, կառավարութեան միւս անդամները, ինչպէս նաեւ Ժողովրդավարական կուսակցութեան վերնախաւը ձերբակալուեց:

Ժողովրդավարական կուսակցութեան կառավարման տասը տարիների (1950-1960) ընթացքում Թուրքիայի նախագահը Մահմուտ Ճելալ Պայարն էր, ով այդ պաշտօնում փոխարինել էր երկիրը շուրջ 12 տարի (1938-1950) ղեկավարած Իսմեթ Ինոնիւին: Մինչ այդ` 1923-ից ի վեր, հանրապետութիւնը ղեկավարում էր նրա հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը:

Առաջին` 1960-ի մայիսեան յեղաշրջումից յետոյ ձեւաւորուեց Ազգային միասնութեան խորհուրդը: Զինուորականութիւնը  յեղաշրջում իրականացրեց` ժողովրդավարականներին ամբաստանելով քեմալականութիւնից շեղուելու համար: Սակայն զինուորականութիւնը ոչ միայն չսահմանափակեց կրօնական ազատութիւնները, այլ զօրավար Կիւրսելի գլխաւորութեամբ կրօնը սկսեց դիտել որպէս թուրքական ինքնութեան կենսական բաղադրիչ, ինչպէս նաեւ` երկրում հզօրացող ձախակողմեան ուժերի դէմ պայքարելու արդիւնաւէտ միջոց:

Մինչեւ 1950-ական թթ. Աթաթուրքի հիմնադրած իշխող Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը մեղմել էր հակակրօնական քաղաքականութիւնը. կրտսեր դպրոցների դասացուցակներում ներառուել էին իսլամութեան դասաժամեր, նախաձեռնուել  մզկիթներում աղօթք կարդացող կրօնական սպասաւորների` իմամ հաթիփների կրթման դասընթացներ, հնարաւորութիւն տրուել ուխտագնացութեան գնալ Մեքքա: Ժողովրդավարական կուսակցութեան իշխանութեան տասը տարիներին իսլամութեան հասարակական եւ քաղաքական դերակատարութեան աճը դարձաւ անշրջելի. թոյլատրուեց արաբերէնով աղօթքը` էզանը, ռատիոյով Ղուրանի հեռարձակումը:

1960-ին իշխանութիւնից հեռացուած Մենտերեսը, ով վարչապետութեան տարիներին մասամբ սահմանափակել էր քեմալամէտ զինուորականութեան լիազօրութիւնները` հեռացնելով մէկուկէս տասնեակ զօրավարների եւ շուրջ 150 գնդապետների, ինչպէս նաեւ` խորացնել յարաբերութիւններն անմիջական հարեւան մահմետական պետութիւնների հետ, 1961 թուականին կախաղան հանուեց: Նախագահ Պայարը դատապարտուեց ցմահ ազատազրկման, սակայն հինգ տարի անց ազատուեց բանտից:

1971-ի մարտի 12-ին զինուորականութիւնը իշխանութիւնից հեռացրեց վարչապետ Սուլէյման Տեմիրելին, ով կառավարութիւնը գլխաւորում էր 1965-ից:  Սակայն Տեմիրելը 1975-ի մարտից կրկին ստանձնեց վարչապետի լիազօրութիւնները եւ կառավարութիւնը շարունակեց ղեկավարել մինչեւ 1977-ի յունիս, ապա կրկին` նոյն տարուայ յուլիսից մինչեւ 1978-ի յունուար եւ 1979-ի նոյեմբերից 1980-ի սեպտեմբեր, երբ տեղի ունեցաւ ռազմական երրորդ յեղաշրջումը:

1980 թուականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Զինուած ուժերի Գլխաւոր սպայակոյտի պետ, զօրավար Քենան Էվրենը եւ թուրքական բանակի եւս մի քանի բարձրաստիճան զինուորականներ իշխանութիւնից կրկին հեռացրեցին վարչապետ Սուլէյման Տեմիրելին, ով հետագայում պէտք էր դառնար Թուրքիայի նախագահը:

1961-ի հոկտեմբերից մինչեւ 1989-ի նոյեմբեր, երբ նախագահ դարձաւ Թուրկութ Օզալը, Թուրքիան ունեցաւ չորս նախագահ, որոնք զինուորականներ էին` Ճեմալ Կիւրսելը (1961թ. հոկտեմբեր-1966թ. մարտ), Ճեւտեթ Սունայը (1966թ. մարտ-1973թ. մարտ), Ֆահրի Քորութիւրքը (1973թ. ապրիլ-1980թ. ապրիլ) եւ Քենան Էվրենը (1982թ. նոյեմբեր-1989թ. նոյեմբեր):

Զինուորական նախագահների` իշխանութիւնը փոխանցելու շրջանում, Թուրքիան ունեցել է երկու ժամանակաւոր նախագահ. Թեքին Արըպուրունը երկրի ղեկավարի պաշտօնը զբաղեցրել է ինը օր` 1973թ. մարտի 29-ից ապրիլի 6-ը, իսկ երկար տարիների արտաքին գործերի նախարար Իհսան Սապրի Չաղլայանկիլը` աւելի քան հինգ ամիս` 1980թ. ապրիլի 6-ից սեպտեմբերի 12-ը: Եւս մէկ ժամանակաւոր նախագահ Թուրքիան ունեցաւ 1993թ. գարնանը, երբ յանկարծամահ եղաւ Օզալը. ուղիղ մէկ ամիս` ապրիլի 17-ից մայիսի 16-ը երկիրը ղեկավարում էր Հուսամէտտին Ճինտորուքը:

Թուրքիայում 1995թ. դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրութիւններում յաղթեց իսլամամէտ Բարօրութիւն կուսակցութիւնը` ստանալով քուէների աւելի քան 21 տոկոսը: Մի քանի ամիս վարչապետի աթոռը զբաղեցրեց Մեսութ Եըլմազը` կառավարութիւն կազմելով Թանսու Չիլլերի հետ: Եըլմազը եւ Չիլլերը հրապարակաւ չէին թաքցնում միմեանց հանդէպ ատելութեան հասնող հակակրանքը, սակայն ընտրութիւնների արդիւնքը առաջին հերթին հէնց նրանց էր հնարաւորութիւն տալիս կազմելու կառավարութիւն, ինչը եւ տեղի ունեցաւ: Ընտրութիւններում յաղթած Էրպաքանը յայտարարեց, որ այս բռնի ամուսնական զոյգը շուտով իր ձեռքով Բարօրութեանը կը տայ վարչապետական բանալին:

Այդպէս էլ եղաւ: Եըլմազի հրաժարականից յետոյ նախագահ Տեմիրելը կառավարութիւն կազմելու առաջարկով կրկին դիմեց Էրպաքանին: 1996թ. յուլիսից ուղիղ մէկ տարի Թուրքիայում վարչապետը Էրպաքանն էր: Կառավարութիւնը համախմբական էր, իսլամամէտ Բարօրութիւն կուսակցութիւնը եւ նրա առաջնորդ Էրպաքանը գործադիր իշխանութիւնը կիսել էին Ճշմարիտ ուղի կուսակցութեան առաջնորդ Չիլլերի հետ: Վերջինս զբաղեցնում էր փոխվարչապետի եւ արտաքին գործերի նախարարի պաշտօնը:

Այս շրջանում արդէն թուրքական քաղաքականութեան մէջ յայտնի էին դառնում Պոլսի քաղաքապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի եւ տնտեսագէտ Ապտիւլլա Կիւլի անունները: 1996թ. հոկտեմբերին Անգարայում  կայացաւ Բարօրութեան համագումարը, որի ընթացքում գլխաւոր ջութակի դերը ստանձնել էր Էրտողանը: Թուրքական մամուլը Էրտողանին անուանում էր Բարօրութեան նոր թագաժառանգ:

Թուրքիայում ներքաղաքական վիճակը լարւում էր: Բանակի եւ Բարօրութեան միջեւ հակասութիւնները ակնյայտ դարձան, երբ զինուորականութիւնը դատապարտեց Ռամատանի կապակցութեամբ Էրպաքանի կազմակերպած ընդունելութիւնը, որին հրաւիրուել էին իսլամական շարժումների ղեկավարներ: 1997թ. փետրուարի 28-ին  զինուորականութիւնը` Ազգային անվտանգութեան խորհուրդը, Էրպաքանին ներկայացրեց անյապաղ քայլերի իրականացման երկու տասնեակ կէտերից կազմուած վերջնագիր: Զինուորականները Էրպաքանից մասնաւորապէս պահանջեցին դադարեցնել պետութեան դէմ ուղղուած հակաաշխարհիկ գործարքները եւ իրականացնել պետութեան աշխարհիկ կարգերի ամրապնդմանն ուղղուած օրէնսդրական փոփոխութիւններ, վճռական պայքար ծաւալել իսլամական արմատականութեան դէմ: Թուրք զինուորականութիւնը չորրորդ անգամ, այս դէպքում` թաւշեայ եղանակով, ուղղակիօրէն միջամտեց ներքաղաքական գործընթացներին` կրկին անգամ հանդէս գալով քեմալականութեան եւ աշխարհիկ կարգերի պաշտպանութեան դիրքերից:

1997-ի յունիսին Թուրքիայում ներքաղաքական լարուածութիւնը վերաճեց ճգնաժամի. Էրպաքանը յայտարարեց, որ մինչեւ յունիսի վերջը կառավարութեան ղեկավարի աթոռը կը փոխանցի Չիլլերին: Յունիսի 20-ին զինուորականների բացայայտ ճնշման տակ Էրպաքանի իսլամամէտ կառավարութիւնը հրաժարական տուեց:

1998թ. յունուարին Թուրքիայի Սահմանադրական դատարանը կասեցրեց Բարօրութեան գործունէութիւնը, իսկ նրա ղեկավար Էրպաքանին արգելեց հինգ տարի զբաղուել քաղաքականութեամբ: Զինուորականութեան ճնշման տակ հրաժարական տուած, ապա քաղաքականութիւնից մեկուսացուած Էրպաքանը 2002թ. դատապարտուեց երկուսուկէս տարուայ ազատազրկման, սակայն դատավճռի ի կատար ածումը բազմիցս յետաձգուել է` Էրպաքանի առողջական վիճակի պատճառով:

2008թ. Էրպաքանը դատապարտուեց 11 ամսուայ տնային կալանքի` իր նախկին կուսակցութեան հետ կապուած ֆինանսական չարաշահումների մեղադրանքով: Ճիշդ է` Բարօրութիւն կուսակցութիւնը լուծարուեց, սակայն հէնց նրա հիմքի վրայ ստեղծուած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը 2002թ. խորհրդարանական, ինչպէս նաեւ յաջորդող միւս ընտրութիւններում հասաւ շռնդալից յաջողութեան եւ երկրում իշխում է մինչեւ այսօր:

 

 

 

 

Նախորդը

Պունտեսթակի Թուրք Երեսփոխան. «Երիտթուրքերը Դաւաճաններ Են. Թալէաթն Ու Էնվերը` Ոճրագործներ»

Յաջորդը

ՀՄԸՄ-ի Կեդրոնական Վարչութեան «Մարզիկ» Պաշտօնաթերթի 35-Ամեակի Հանդիսութեան Յակոբ Հաւաթեանի Արտասանած Խօսքը

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.