Մեծաքանակ Իւրանիոմի Առկայութեան Պատճառով Ամերիկահայ Մասնագէտները Պնդում Են, Որ Ամուլսարի Շահագործումը Արգելուի

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«1952-1954թթ.ին, խորհրդային տարիներին, Ռուսաստանից հետազօտական խումբ է ուղարկուել Ամուլսար` ռատիօաքթիւ միացութիւններ փնտռելու, եւ գտել են իւրանիոմ (մօտ 100 թոն), ինչպէս նաեւ` թորիում եւ ռատոն: Նրանց հետազօտութիւնների արդիւնքում գրուած զեկոյցը բաղկացած է 126 էջից եւ ժամանակին տպագրուել է որպէս «Բացարձա՛կ գաղտնի» փաստաթուղթ, որովհետեւ ռատիօաքթիւ (շողարձակ) միացութիւնները, իւրանիոմը համարում են ռազմավարական պաշարներ երկրի համար», այս մասին յայտարարեց դոկտոր Գագիկ Մելիքեանը «Ապրիլ» գրախանութում սեպտեմբերի 18-ին կազմակերպուած` «Ամուլսար. ի՞նչ ակնկալել» խորագրով ձեռնարկի ժամանակ:

Դոկտոր Գագիկ Մելիքեանը (ձախ) եւ Յարութ Պրոնոզեանը «Ապրիլ» գրախանութում սեպտեմբերի 18-ին կազմակերպուած` «Ամուլսար. ի՞նչ ակնկալել» խորագրով ձեռնարկի ժամանակ:

Նորթրիճի Քալիֆորնիայի պետական համալսարանի քիմիագիտութեան փրոֆեսէօրը նշեց, որ յիշուած ուսումնասիրութեանը ծանօթացել է մօտ մէկ ամիս առաջ եւ համարում է, որ այն չափազանց բարձրորակ է, եւ առկայ քարտէսում նշուած են բոլոր այն հատուածները, որտեղ կարելի է պարզ տեսնել ռատիօաքթիւ միացութիւնների վայրը: «Եթէ հանքը շահագործուի, պայթեցումներ են տեղի ունենալու եւ փոշին բարձրանալու է եւ տարածուելու, իսկ յատկապէս այդ վայրերում, որ յայտնի է, թէ քամոտ է` ողջ շրջակայքը կը վարակուի իւրանիոմով կամ թորիումով, ինչը կը մնայ հազարաւոր տարիներ: Ըստ այդմ, տուեալ շրջանի բնակիչների համար միակ ուղին այդ վայրերից հեռանալն է: Վտանգը շատ մեծ է, եւ վտանգներն էլ այս դէպքում կառավարելի չեն», նշեց դոկտոր Մելիքեանը: Նա մտահոգիչ համարեց փաստը, որ Ամուլսարում առկայ իւրանիոմի մասին չեն խօսում ո՛չ բնապահպանութեան, ո՛չ առողջապահութեան նախարարութեան ներկայացուցիչները: Գագիկ Մելիքեանը տեղեկացրեց նաեւ, որ սարում առկայ են ծանր մետաղներ, այդ թւում` կապար, սնդիկ, մկնդեղ:

Բանախօսը նշեց, որ երբեմն ցուցադրւում են տեսանիւթեր, որտեղ Ամուլսարի հարեւան գիւղերի բնակիչներից ոմանք կողմ են հանքի շահագործմանը` աշխատատեղերի ստեղծման ակնկալիքով, սակայն ճշմարտութիւնն իմանալուց յետոյ դժուար թէ մնան նոյն կարծիքին:

«Խորհրդային տարիներին իւրանիոմով լի հանքերում աշխատելու էին ուղարկում մարդկանց, որոնք դատապարտուել էին մահապատժի. նրանց ընտրելու հնարաւորութիւն էին տալիս, եւ ասում էին, որ կարող են ուղարկել հանք աշխատելու, որտեղ նրանք վեց ամից անց մահանալու են: Արդեօք Հայաստանի այդ շրջանի բնակիչները գիտե՞ն, թէ ի՛նչ է սպասուելու իրենց եւ իրենց երեխաներին` հանքի շահագործումից յետոյ: Տարածքի վարակուելը ծանր մետաղներով շատ աւելի վատ է, քան եթէ քիմիական զէնք օգտագործուի, քանզի վերջինիս հետեւանքները կարելի է վերացնել, իսկ ծանր մետաղների դէպքում, չէզոքացման մեթոտ չկայ, բացի այն, որ հարկաւոր է այդ հողի շերտը ֆիզիքապէս վերցնել եւ տեղափոխել այլ տեղ, ինչը գործնական առումով անհնար է»:

Մելիքեանը նշեց, որ շահագործող ընկերութիւնը խօսում է հսկողութեան մեքանիզմների մասին, սակայն ըստ նրա, դրա համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ: «Իւրաքանչիւր ծանր, ռատիօաքթիւ միացութիւնների համար պէտք է սենսորներ (ցուցիչներ) դրուեն, եւ կարիք կը լինի մեծ թուով մարդկանց, որոնք պէտք է վերահսկեն իրավիճակը, ինչն, իմ կարծիքով, անհնար է: Ասենք` պայթիւնից յետոյ քամին տարածեց փոշին դէպի Գնդեվազ, Ջերմուկ, ինչ հսկողութեան մասին կարող է խօսք գնալ: Հարցերը պէտք է գործնական տեսակէտից դիտարկել», նշեց փրոֆեսէօրը:

Մելիքեանն անդրադարձաւ արպիթրաժի (իրաւարարութեան) միջոցով խնդիրը լուծելուն` նշելով, որ այս առումով անհարկի վախ են տարածում ժողովրդի շրջանում, այնինչ արտառոց ոչինչ իրականում չկայ, եւ կողմերի միջեւ որեւէ հարցի շուրջ անհամաձայնութեան դէպքում դա բնական երեւոյթ է: «Իւրաքանչիւր համաձայնագիր պէտք է ունենայ մաս, որտեղ ներկայացուած է, թէ ի՛նչ դէպքերում է հնարաւոր տուեալ փաստաթուղթը չեղեալ համարել, եւ Ամուլսարի դէպքում էլ կարող են լինել խախտումներ, կապուած, օրինակ, ռատիօաքթիւ միացութիւնների առկայութեան եւ նրանց հետ վարուելու մասով: Մենք ձեռք ենք բերել մեր այնքան սպասուած անկախութիւնը, եւ պէտք չէ թոյլ տանք, որ մեզ հետ վերաբերուեն որպէս Երրորդ աշխարհի երկիր: Իրենց հարկաւոր չի մեղադրել, որովհետեւ դա մեր մեղքն է` եթէ մենք թոյլ ենք տալիս, որ մեզ այդպէս օգտագործեն, եւ յետոյ թողեն ու գնան: Այս մտածելակերպը հարկաւոր է փոխել», ամփոփեց Գագիկ Մելիքեանը` յայտարարելով, որ ինքը եւ գործընկերները պատրաստ են կամաւոր հիմունքներով մասնագիտական խորհրդատուութիւն տրամադրել Հայաստանի կառավարութեանը: Նա ափսոսանք յայտնեց, որ վարչապետի Միացեալ Նահանգներ այցի շրջանակներում, կազմակերպիչներին դիմելուց յետոյ էլ, ամերիկահայ գիտնականների համար առիթ չի ստեղծուել հանդիպելու Նիկոլ Փաշինեանին:

Ձեռնարկի գլխաւոր բանախօսներից էր բնապահպանական ճարտարագէտ Յարութ Պրոնոզեանը, ում նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ, Միացեալ Նահանգներից, Աւստրալիայից, Քանատայից հաւաքուած մասնագէտների խումբը մէկ ու կէս տարի ուսումնասիրել են Ամուլսարի հանքի շահագործող «Լիտիան» ընկերութեան ներկայացրած աշխատանքային փաստաթղթերը:

«Լիտիան»-ը հանքարդիւնաբերութեան ոլորտում որեւէ նախնական փորձ եւ վարկանիշ չունեցող ընկերութիւն է` ֆինանսական թոյլ հնարաւորութիւններով, եւ աշխարհում որեւէ վայրում չի իրականացրել նման քիմիականապէս եւ բնապահպանական վտանգաւոր նախագիծ: «Լիտիան»-ի առաջին եւ միակ ծրագիրը Ամուլսարն է: Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի դէպքում, երկարաժամկէտ կործանարար բնապահպանական եւ թթուային դրենաժի (չորացման) հետեւանքները կը շարունակուեն հարիւրաւոր տարիներ: Արդիւնքում երկարաժամկէտ կորուստները բազմաթիւ անգամ աւելին կը լինեն, քան` 10 տարուայ կարճաժամկէտ օգուտները:

Լրացուցիչ վտանգի գործօն է նաեւ հանքային ապարների կառուցուածքը, 0,75 կրամ ոսկի` մէկ թոն հանքաքարի մէջ: Դա նշանակում է տարածքի մեծ աւերում: Անիրատեսական է ենթադրել, որ Ամուլսարի նախագիծը ոչ մի ջուր չի թողնի շրջակայ միջավայրին: Կը լինի ջրի աղտոտում: Մի ընկերութիւն, որը երբեք չի շահագործել հանքավայրը, առաջարկում է հանքարդիւնաբերութիւն` բարձր թթուային արտադրութեամբ եւ աղտոտող արտահոսող ներուժով Հայաստանի ջրամատակարարման համակարգի սրտում: Միացեալ Նահանգներում լայնածաւալ հանքերի վրայ կատարուած ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ հանքերի 75-ից 93 տոկոսը բացասաբար է անդրադարձել ջրի որակի վրայ, եւ որ` մեղմացման միջոցառումները ձախողուել են հանքերի 64 տոկոսում:

Բացասական կործանարար հետեւանքները հարիւրամեակների ընթացքում կ՛անդրադառնան բոլոր ջրային պաշարներին, ներառեալ` Ջերմուկը եւ Սեւանայ լիճը», յայտնեց Պրոնոզեանը:

Նա մտահոգուած էր, թէ այս փաստերի առկայութեան դէպքում ինչո՞ւ է Հայաստանի կառավարութիւնը դեռ ցանկանում իրականացնել այս նախագիծը` յղում անելով վարչապետ Փաշինեանի վերջին յայտարարութեանը, թէ` «Այս պահին սարի շահագործումն արգելող իրաւական հիմքեր չկան»:

Յարութ Պրոնոզեանը յայտարարեց, որ կան պայմանագրի հետ կապուած մի շարք փաստեր, որոնց արդիւնքում շահագործումը կարելի է կասեցնել: «Կարդացէք «Լիտիան»-ի` մարտի 2017 վերջնական թեքնիք փաստաթղթից էջ 397-ը, որտեղ ասւում է, որ լրացուցիչ ուսումնասիրութիւններ անհրաժեշտ են երկրաքիմիական, ջրերի մաքրման եւ ջրային հաշուեկշիռների համար: Սակայն մինչ օրս էլ «Լիտիան»-ը նման վերջնական եւ հաստատուած գրաւոր տեղեկութիւններ չունի այս ուղղութեամբ, սակայն պնդում է, որ պէտք է հանքավայրի շահագործումը շարունակուի: Առանց վերջնական երկրաքիմիական, ջրերի մաքրման եւ ջրային հաշուեկշիռների հաւասարակշռման ծրագրերի, բոլոր երաշխիքներով, ոչ մի հանք չի կարող թոյլտուութիւն ստանալ եւ գործել որեւէ վայրում եւ համապատասխանի միջազգային չափանիշներին: Այդ հիմնական ուսումնասիրութիւնները «Լիտիան»-ի պարտականութիւնն են, եւ դրանք պէտք էր արուէին նախքան թոյլտուութիւն ստանալու դիմումը եւ գործի սկսելը, ոչ թէ` դրանից յետոյ: Սա 2016թ. պայմանագրի պայմաններից փոփոխութիւն է: Հետեւաբար Հայաստանի կառավարութիւնը եւ շրջակայ միջավայրի նախարարութիւնը պէտք է ծրագիրը չեղեալ յայտարարեն եւ կատարուած ցանկացած աշխատանք, գործողութիւն, շինարարութիւն կամ ներդրում դառնում է «Լիտիան»-ի եւ ոչ թէ Հայաստանի կառավարութեան պատասխանատուութիւնը», նշեց Պրոնոզեանը:

Ըստ մասնագէտի, «Լիտիան»-ի նախագիծն ունի բազմաթիւ բացասական ընկերային, տնտեսական եւ շրջակայ միջավայրի ռիսքեր եւ հետեւանքներ, որոնք հարիւրամեակներ շարունակ հետապնդելու են Հայաստանին տարբեր եղանակներով: Այս նախագծի չեղարկումը այդ ապակառուցողական հետեւանքները կանխելու միակ միջոցն է: «Լիտիան»-ը պէտք է թափանցիկ լինէր Ամուլսարի նախագծի բոլոր բացասական ռիսքերը եւ հետեւանքները ներկայացնելու համար` նախքան թոյլտուութիւն ստանալու դիմումը:

«Նոյնիսկ այսօր նրանք համարձակութիւն չունեն դա անել: Այս անորոշութիւններից ազատուելու համար Հայաստանի, «Լիտիան»-ի եւ ներդրողների համար լաւագոյն տարբերակը Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը դադարեցնելն է», եզրափակեց Պրոնոզեանը:

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)