Հարցազրոյց – Խորհրդարանում Ինձ Ասում Են Հայ Կարօ

16de48ecd63b4c6fcf9ad4cdbd8ec5cf_XL

Անմոռանալի Զրոյց-Հանդիպում` Թուրքիայի
Խորհրդարանի Անդամ Կարօ Փայլանի Հետ

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Կարօ Փայլանը երեք հայ պատգամաւորներից մէկն է, որոնք նոյեմբերին խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքով մուտք գործեցին Թուրքիայի խորհրդարան: Կարոն ընտրուել է  Ժողովուրդների ժողովրդավարական  կուսակցութեան (ԺԺԿ) (թուրքերէնով` Հէ.Տէ.Փէ. Halklarin Demokratik Partisi) կողմից:

Կարօ Փայլանը հասարակական-ազգային գործիչ է, տարիներ աշխատել է Պոլսի հայկական դպրոցների համար, անդամակցում է «Մալաթիայի հայերի հայրենակցական» ու նաեւ «Հրանդ Տինքի ընկերներ» միութիւններին:

Փայլանին Թուրքիայի խորհրդարանում «Հայ Կարօ» (Էրմենի Կարօ) կոչումն են տուել. նա այս կարճ ժամանակում մեծ յաջողութիւններ է արձանագրել իր գործում, քայլեր է ձեռնարկել Թուրքիայի հայ համայնքի եւ միւս փոքրամասնութիւնների իրաւունքների ճանաչման համար. վերջերս խորհրդարանում Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի նախօրէին խորհրդարանում ունեցած իր ճառի ընթացքում պահանջել է, որ յատուկ ուշադրութիւն դարձուի եւ ճանաչուի Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնը` որպէս քրիստոնեաների մեծ տօն այդ երկրում, քանի որ Թուրքիայում դարերից ի վեր ապրել են քրիստոնեայ համայնքներ եւ նշել Ս. Ծննդեան տօնը, այդու նշանակալից տեղ պիտի գրաւի այդ տօնը եւ յիշատակութեան արժանի է Թուրքիայում:

Յիշեալ հարցից բացի, Կարօ Փայլանի եւ միւս հայ պատգամաւորների ջանքերի շնորհիւ Քամփ Արմենի (երբեմնի հայկական որբանոցը Պոլսում) հողատարածքը, որ յափշտակուել էր հայկական համայնքից, յաջողուեց վերադարձնել հայութեան: Կարոն նաեւ մեծ աշխատանք է սկսել Թուրքիայի դասագրքերում խեղաթիւրւած պատմութիւնը ճշդելու գործը եւ հայերին ու միւս փոքրամասնութիւնների մոռացուած պատմութիւնը ճշգրիտ կերպով դասագրքերում արտացոլելու համար եւ զեղչել հայութեան հասցէին գրուած բացասական խօսքերը` դպրոցական դասագրքերից:

* * *

ՀԱՐՑՈՒՄ.- Իսկ ո՞րն է այն կուսակցութիւնը, որի կողմից ընտրուել է Կարօ Փայլանը:

160111e01dՊԱՏԱՍԽԱՆ.- Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը հիմնուել է 2012-ին: Կուսակցութեան գաղափարախօսութիւնը հիմնուած է ժողովրդավարութեան եւ ընկերվարութեան  սկզբունքների վրայ: Կուսակցութիւնը պաշտպանում է բոլորի իրաւունքները` աշխատաւորներ, երկրի տարբեր կրօնական եւ ազգային փոքրամասնութիւններ, կենսոլորտի պաշտպաններ, կանանց, դէմ է սեռային, ազգային, կրօնական կամ այլ կարգի խտրականութիւններին. իր շարքերում անդամակցում են ձախեր, քրտեր, ալեւիներ, հայեր, սեռային բազմազան հակում ունեցողներ, ԺԺԿ-ն իրեն համարում է մարդու եւ քաղաքացիական ազատութիւնների եւ հաւասարութիւնների պաշտպան, որպէս կին եւ տղամարդու հաւասարութիւնը քարոզող եւ օրինակ հանդիսացող` իր ղեկավարութեան հանգամանքը բաժանուած է երկու համանախագահների միջեւ կին` Ֆիկեն Իւքսեքտաղ եւ տղամարդ` Սալահէտտին Տեմիրթաշ:

Կուսակցութիւնը նաեւ ընդունում է Հայոց ցեղասպանութեան իրականութիւնը եւ համարում է, որ Թուրքիան պաշտօնապէս պիտի ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը եւ ներողութիւն պիտի խնդրի հայ ժողովրդից…

ԺԺԿ-ն խորհրդակցական ձայնով անդամակցում է Եւրոպայի Ընկերվարականների կուսակցութեան (PES) եւ Ընկերվար միջազգայնական կազմակերպութեան. նշելի է, որ Ընկերվար միջազգայնականի անդամ են նաեւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը եւ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը:

ԺԺԿ-ն որպէս համամարդկային արժէքներ ներկայացնող կուսակցութիւն` յունիսի 7-ին առաջին անգամը լինելով մասնակցեց Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւններին, շահեց քուէների 13,1 տոկոսը եւ խորհրդարանի 550 աթոռից գրաւեց 80-ը:

Յունիսի ընտրութիւնների արդիւնքը մեծ յաղթանակ էր այդ կուսակցութեան համար ու նաեւ ապացոյց` այն երեւոյթի, թէ Թուրքիայի հասարակութեան այսօրուայ պահանջն է նոր մօտեցումներով մի կուսակցութիւն:

Ինչեւէ, քանի որ յունիսի 7-ին ընտրուած խորհրդարանը չյաջողեց կազմել կառավարութիւն, ըստ երկրի օրէնքի, տեղի ունեցաւ երկրորդ անգամուայ համար ընտրութիւն` նոյեմբերի 1-ին: Այս ընտրութիւններում թէեւ քաղաքական խաղերի բերումով նուազեց ԺԺԿ-ի քուէների թիւը, սակայն կրկին յաջողուեց մուտք գործել խորհրդարան, այս անգամ` 59 պատգամաւորով:

Կարոն երկու ընտրութիւններում էլ թեկնածու առաջարկուեց եւ ընտրուեց ԺԺԿ-ի կողմից:

* * *

Կարօ Փայլանի կեանքում կտրած ուղին, կատարած աշխատանքներն ու մտքերը աշխարհացրիւ հայութեանը ծանօթացնելու նպատակով հանդիպեցի նրան եւ ունեցանք այս շահեկան զրոյցը:

Նախ ծանօթանանք Կարոյի հետ` իր լեզուով.

* Հատուածներ իմ կեանքից

160111e01c

Իմ նախնիները Մալաթիայից են, իմ մեծ հայրը եւ մեծ մայրը Մալաթիայից(1) են, նրանք հինգ զաւակ ունէին, որոնցից մէկը հայրս էր. հայրս եւ մայրս էլ ամուսնացել են Մալաթիայում եւ բախտաւորուել են երեք զաւակով` երկու տղայ եւ մէկ աղջիկ, մէկը ես եմ: Ծնողներս 1969 թուականին Մալաթիայից գաղթել են Պոլիս` հիմնականում երեխաներին հայ հոգով ու հայեցի դաստիարակութեամբ մեծացնելու նպատակով, Մալաթիայում չկար հայկական համայնքային հնարաւորութիւններ` ո՛չ դպրոց, ո՛չ եկեղեցի, ո՛չ միութիւն ու մշակութային կենտրոն, նրանք գաղթեցին Պոլիս, որովհետեւ այստեղ գոյութիւն ունի նման հնարաւորութիւններ:

Հայրս ու մայրս հայերէն չգիտէին, մենք տնում խօսել ենք թուրքերէն, մեծ մայրիկներս եւ մեծ հայրիկներս շատ լաւ հայերէն գիտէին, բայց նրանք իրենց զաւակներին չկարողացան հայերէն սովորեցնել, որովհետեւ այդ օրերին Հայոց ցեղասպանութիւնից յետոյ եւ Թուրքիայի Հանրապետութեան առաջին տարիներում) երկրում շատ ուժեղ կերպով քաջալերում ու քարոզւում էր թուրքերէն խօսելը…

Ես հայ եմ, հայկական դպրոցում եմ ստացել ուսումս, միջնակարգս աւարտելուց յետոյ նաեւ անդամակցել եմ մեր դպրոցի ընթացաւարտների միութեանը: Համալսարանում սովորել եմ վարչագիտութիւն եւ մագիստրատուրա (գերլիսանս) ունեմ տնտեսագիտութեան ճիւղում:

Հայրս մահացաւ 1998-ին, եւ ես ստիպուած եղայ միաժամանակ աշխատել եւ ուսանել, շարունակեցի հայրիկիս պիզնեսը, հայրիկս կօշիկի գործով էր զբաղւում:

Մեր համայնքային հարցերը միշտ յուզել են ինձ, ընտանիքում մեծացել եմ հայկական ոգով, համայնքում ունեցել եմ պատասխանատու հանգամանք, ես տարիներ եղել եմ Պոլսի հայկական գերատեսուչը, այսինքն հայկական դպրոցների կապը եւ ներկայացուցիչը կառավարութեան մօտ` մեր դպրոցների եւ կրթադաստիարակչութեան (լուսաւորութեան) նախարարութեան կապը, այդ ուղղութեամբ շատ նախագծեր եմ իրականացրել` հայ նոր ուսուցիչներ եմ աշխատանքի հրաւիրել, փոփոխութիւններ եմ առաջարկել ու առաջացրել դասագրքերի մէջ եւ մինչեւ խորհրդարանում ընտրուելս աշխատել եմ այդ պաշտօնում:

* Հրանդ Տինքի դրոշմը

160111e01bԱզգային հասարակական իմաստով միայն առօրեայ աշխատանքներով չեմ զբաղուել, ինձ համար միշտ կարեւոր է եղել նաեւ մեր իրաւունքները եւ քաղաքական հարցերը եւս: Աշխատել եմ Հրանդ Տինքի հետ. 1996-ին, երբ Հրանդը «Ակօս» թերթի հիմնադրման աշխատանքներն էր կազմակերպում, ես եղել եմ նրա կողքին, ես եւ շատ այլ դէմքեր եղել ենք Հրանդի հետ ու նրա կողքին, ապրել եմ մեր ազգային-հասարակական հարցերով, դժուարութիւններով: Հրանդի ջանքերը, քաջութիւնը եւ խիզախութիւնը օրինակելի էին ինձ համար. ես ինքս մեր համայնքի այս ճնշուած վիճակից գոհ եւ ուրախ չէի, մենք լուռ էինք եւ քաջութիւնը չունէինք մեր վիճակի եւ պայմանների մասին խօսելու, արտայայտուելու, մինչեւ որ Հրանդը իր օրինակելի ընթացքով մեզ տուեց այդ քաջութիւնը եւ խիզախութիւնը, որ կոտրենք լռութիւնը…

Գիտես, Թուրքիայի այս հասարակութիւնը ժողովուրդները տարիներ տեղեակ չէր, որ հայեր են ապրում այս երկրում, որ մենք էլ այս հողում ենք եղել, այս երկրի մաս ենք կազմում, մարդիկ մեզանից հարցնում էին, որ դուք որտեղացի՞ էք, որտեղի՞ց էք եկել այս երկիրը… եւ նման հարցումներ… մեզ տարիներ այնպէս են դիտել, թէ դրսեցիներ ենք, որ ապրում ենք Թուրքիայում: Մեր շրջապատը, մեր գործընկերները, հարեւանները, ընկերները տեղեկութիւն չունէին հայութեան մասին: Հրանդ Տինքը քաջութիւնը ունէր այդ հարցերի մասին խօսելու եւ մեզ էլ փոխանցեց այդ քաջութիւնը, որ խօսենք, որ լուռ չմնանք, արտայայտուենք, թէ այո՛, այս երկրում եղել են հայեր, որ պատմութիւն են կերտել, որի դէմ ոճիր է տեղի ունեցել, եւ այն, որ Թուրքիան պիտի առերեսուի իր անցեալի ու պատմութեան հետ…

* Համայնքը ապրել է դառն օրեր

Ես աշխատանքի էի, երբ լսեցի Հրանդ Տինքի սպանութեան լուրը… թողեցի աշխատանքս, եւ այլեւս չվերադարձայ աշխատավայրս… արժէք չունէր փող վաստակել… պիզնես ունենալ, հարստութիւն հաւաքել… Իմ մեծ պապայի հայրը մեծահարուստ է եղել Մալաթիայում, ջարդի ժամանակ նրան սպաննեցին եւ յափշտակեցին նրա բոլոր ունեցուածքը, նման երեւոյթ պատահեց նաեւ հօրս պարագային` 40-ական թուականներին, չսպաննեցին նրան, բայց յափշտակեցին նրա ունեցուածքը. հանրապետութեան պատմութիւնը լի է նման արարքներով` գործուած հայերի, յոյների եւ այլ փոքրամասնութիւնների պարագային… օրինակ` 70-80 թուականներում, երբ աշխարհի տարբեր կողմերում հայերի միջոցով մահափորձեր էին տեղի ունենում թուրք դիւանագէտների դէմ, մենք այստեղ` Թուրքիայում սպառնալիքներ էինք ստանում թուրք ծայրայեղ ազգայնականների կողմից, ստորագրութիւն չունեցող նամակներ էր գալիս մեր տան դրանը, սպառնում էին մեզ… այդ թուականներին մեր համայնքից շատերը գաղթեցին արտասահման, պակսեց մեր համայնքի թիւը…

* Քաղաքական աշխարհ մուտք գործելս եւ ԺԺԿ-ն

Ես ինքս ինձ հետ մտածում էի` եթէ ուզում եմ վիճակ փոխել, պիտի լինեմ քաղաքական կեանքում, ես միշտ հովանաւորել եմ Պէ.Տէ.Փէ.(2)-ին, (քրտական նախկին կուսակցութիւն), ընտրութիւններում էլ միշտ նրանց էի քուէ տալիս, այդ կուսակցութեան եւ քրտերի նկատմամբ մի տեսակ սրտակցութիւն էի զգում, նրանք էլ մեզ պէս տառապանքներ են կրել, նրանք էլ մեզ պէս իրենց ինքնութիւնը պահպանելու համար պայքարել ու պայքարում են. 2007-ին, Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ սկսեցի աւելի մօտ համագործակցել այդ կուսակցութեան հետ: 2011-ի ընտրութիւններից յետոյ էր, որ այդ կուսակցութեան մէջ արծարծուեց այն հարցը, որ ընդդիմադիրները, բոլորը պիտի միանան եւ մէկ ընդհանուր կազմակերպուածութիւն ունենան, ուստի հիմնեցինք Ժողովուրդների ժողովրդավարական քոնկրեսը(3), այդ քոնկրեսում ներգրաւուեցին մեծ թուով հասարակական եւ քաղաքական շարժումներ ու կազմակերպութիւններ եւ տարբեր համայնքների ներկայացուցիչներ, որոնք ոչ անպայման քաղաքական նպատակներ էին հետապնդում, այլ համամարդկային եւ ժողովրդավարական արժէքների հետեւորդ էին, օրինակ` կանաչների խմբեր, ֆեմինիստներ, համայնքների ներկայացուցիչներ, ձախեր եւ այլն… այսպիսով սկսեցինք այս քոնկրեսի աշխատանքները, եւ ես այդ քոնկրեսի ղեկավար կազմի մէջ էի:

2013-ին մտածեցինք, որ անհրաժեշտ է, որ կուսակցութիւն ունենանք, հիմնեցինք ԺԺԿ-ն, ես ընտրուեցի այս կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի անդամ եւ այս տարուայ խորհրդարանական ընտրութիւններում էլ այդ կուսակցութեան կողմից թեկնածու ներկայացուեցի Պոլսից եւ ընտրուեցի խորհրդարանում:

2015 թուականի նոյեեմբերի 1-ին, տեղի ունեցան Թուրքիայի  25-րդ
խորհրդարանական ընտրութիւնները եւ ընտրուեց Հանրապետութեան
26-րդ խորհրդարանը:

Այս շրջանի խորհրդարանում ընտրուել են երեք հայ պատգամաւոր`
Տկն. Սելինա Տողան (ԺՀԿ)
Պրն. Կարօ Փայլան (ԺԴԿ)
Պրն. Մարգար Եսայեան (ԱԶԿ)

* Մեր կուսակցութեան (ԺԺԿ) յաջողութեան պատճառները

Մեր խօսքերը, մեր գաղափարները, մեր քննախօսութիւնը(4) մեր յաջողութիւնն էին, գոյութիւն ունեցող այս համակարգը, այս դրութիւնը, այս կերպ չի կարելի շարունակել, մենք քաջութիւնը ունեցել ենք խօսելու եւ արտայայտուելու շատ խնդիրների մասին, որ երեւի ամէնքը տեղեակ են, բայց չեն արտայայտւում: Մեր խօսքերի օրակարգի վրայ են շատ հարցեր, խնդիրներ, ինքնութիւններ… մեզ հետ են` կանաչները, ֆեմինիստները, Էլճիպիթիները (տարբեր սեռային հակում ունեցողները), պահպանողականները, ալեւիները, այլ փոքրամասնութիւնները… մենք ժողովրդավարութեամբ ենք դիտում այս բոլորին, միաժամանակ մենք կողմնակից ենք, որ Թուրքիայի հասարակութիւնը պիտի դէմ յանդիման գայ իր անցեալի հետ, Հայոց ցեղասպանութեան իրականութեան հետ, մենք արծարծեցինք Հայոց ցեղասպանութեան հարցը եւ դեռ պիտի խօսենք այս հարցի մասին. գտնում ենք, որ Թուրքիան պիտի ընդունի այդ Ցեղասպանութիւնը եւ ներողութիւն խնդրի… մենք մեր արծարծած գաղափարների համար շատ հարուածներ ստացանք, իշխող կուսակցութիւնը եւ հանրապետութեան նախագահ Էրտողանը մեր դէմ են, նրանք միշտ բարձրաձայն ասում էին, թէ այս կուսակցութիւնը (այսինքն մենք` ԺԺԿ) կողմնակից է այն հարցին, որ Թուրքիայում ցեղասպանութիւն է տեղի ունեցել հայերի դէմ եւ ժողովրդին յորդորում էին, որ այդ պատրուակով մեզ քուէ չտան: Մենք նաեւ մտահոգ էինք, որ արդեօք հասարակութիւնը պատրա՞ստ է ընդունել մեզ, հասարակութիւնը կարո՞ղ է մարսել մեր խօսքերը, ընտրութիւնների արդիւնքը եւ քուէների բարձրանալը ապացուցեց, որ հասարակութիւնը մեզ հովանաւորում է, մենք ունենք կողմնակիցներ, ապացուցուեց, որ մեր մտքերն ու խօսքերը յաղթեցին. հասարակութիւնը պատրաստ է եւ գիտակից է եւ ընդունում է մեր գաղափարները, մենք այս յաղթանակից յետոյ աւելի քաջութիւն ձեռք բերեցինք մեր գաղափարների տարածման մէջ եւ սա մեզ համար շատ արժէքաւոր է:

* Իմ ծրագրերը որպէս պատգամաւոր

160111e01e(Ժպտալով) գիտես, ինձ խորհրդարանում ասում են Հայ Կարօ, դա ունի թէ՛ լաւ կողմ եւ թէ՛ վատ կողմ, ես չեմ ուզում միայն ճանաչուեմ իմ ազգութեան` հայ լինելու համար. բայց քանի որ մենք որպէս հայ շատ դժուարութիւններ եւ խնդիրներ ունենք, թող լինի այդպէս, ինձ էլ ասեն Հայ Կարօ, բայց միաժամանակ նաեւ միւս փոքրամասնութիւններն էլ ունեն հարցեր եւ դժուարութիւններ, որոնց համար էլ իմ հերթին եւ հաւատարիմ իմ սկզբունքներին` լուծումներ պիտի փնտռեմ եւ չեմ ուզում, որ խորհրդարանում իմ մտքերն ու գաղափարները քննադատուեն իմ ազգութեան պատճառով… բայց ամէն պարագային իմ հիմնական գործերից խորհրդարանում լինելու է Հայոց ցեղասպանութեան արծարծման հարցը, դպրոցական դասագրքերում հայութեան հասցէին գրուած բացասական արտայայտութիւնների զեղչելը, ի հարկէ այդ բացասական նախադասութիւնների ջնջելը բաւական չէ միայն, պիտի գրուի, որ մենք այս երկրի պատմութեան մաս ենք եղել եւ գրուի նաեւ, որ եղել են այլ ազգութիւններ այս երկրում, որոնք դեր են ունեցել երկրի պատմութեան կերտման մէջ եւ անտեսուել են, եւ այն, որ փոքրամասնութիւնները միշտ էլ անտեսուած են եղել եւ պիտի փոխուի այդ…

Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւններում թեկնածու են ներկայացնում կուսակցութիւնները, այս շրջանի ընտրութիւններին մասնակցութեամբ էին չորս գլխաւոր կուսակցութիւններ`

– «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւն (ԱԶԿ)
– «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութիւն (ԺՀԿ)
– «Ժողովուրդների ժողովրդավար» (Դեմոկրատիկ) կուսակցութիւն (ԺԴԿ)
– «Ազգային շարժում» կուսակցութիւն (ԱՇԿ)
Խորհրդարանը ունի 550 պատգամաւոր, այս շրջանի ընտրութիւններում (նոյ. 1, 2015), ԱԶԿ-ն շահեց 317 տեղ, ԺՀԿ-ն 134 տեղ, ԺԴԿ-ն 59 տեղ, ԱՇԿ-ն 40 տեղ:

* Հայկական սփիւռքը եւ մենք

Հայոց պատմութեան մէջ մենք միշտ խօսում ենք այն հարցի մասին, թէ թուրքերը ինչ ոճիրներ են գործել մեր դէմ, ցեղասպանութիւն է եղել մեր դէմ: Հիմա մենք մեզանից հարց տանք, ուզո՞ւմ ենք այս խնդիրը լուծուի, թէ՞ ոչ:

Մենք ինչքա՞ն եւ մինչեւ ե՞րբ պիտի շարունակենք այս ընթացքը: Իմ գնահատումով, այս հարցի լուծման վայրը Թուրքիայում է, այստեղ պիտի լուծուի այս հարցը: Աշխարհի բոլոր հայերը պիտի համագործակցեն Թուրքիայի հայերի հետ, պիտի կապեր հաստատուի դրսի հայերի եւ Թուրքիայի հասարակութեան հետ, պիտի այստեղ ներկայութիւն լինել, ծրագրել, համագործակցել, ծանօթանալ ու ծանօթացուել հարցերի ու իրականութիւնների հետ, այստեղի ժողովուրդներին ու հասարակութեանը ցոյց տանք, թէ ի՛նչ է Հայոց ցեղասպանութեան ճանաչման առաւելութիւնն ու դրական կողմը: Թուրքիայում մեծամասնութիւնը չգիտի, թէ ի՛նչ է եղելութիւնը, տեղեակ չեն իրական անցեալից ու պատմութիւնից, պիտի բացատրենք, պիտի աշխատենք իրական հողի վրայ, աշխատել քայլ առ քայլ, հանգրուան առ հանգրուան` մինչեւ յաջողութիւն…

Պոլիս

 

1.- Ներկայում գտնւում է Թուրքիայի արեւելեան Անատոլիայի տարածաշրջանում, Մալաթիա նահանգի կենտրոնն է: Մալաթիան պատմական Փոքր Հայքի հնագոյն քաղաքներից է, Փոքր Հայքը եղել է հայ ժողովրդի ձեւաւորման շրջաններից` Արարատեան թագաւորութեան տարածքում, որը կոչուել է Մելետէի. 11-րդ դարի սկզբներին գրաւուել է սելճուկ թուրքերի միջոցով, 16-րդ դարում գրաւուել է Օսմանեան կայսրութեան կողմից եւ մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը` քաղաքի բնակչութեան հիմնական մասը եղել են հայերը:
2.- BDP (Baris Ve Demokrasi Partisi), Թուրքիայում քրտամէտ կուսակցութիւն` խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն (ԽԺԿ) անունով: ԽԺԿ-ն հիմնուել էր` 2008-ին, եւ ընդունում էր Հայոց ցեղասպանութիւնը, եւ այն, որ Թուրքիայի իշխանութիւնն էլ պիտի պաշտօնապէս ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը:
ԺԺԿ-ի` այսինքն Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան հիմնումով ԽԺԿ-ի անդամները միացան այս նորաստեղծ կուսակցութեան եւ ԽԺԿ-ն լուծարուեց 2014-ին:
3.- Ժողովուրդների ժողովրդավարական քոնկրես (ԺԺՔ), քաղաքական շարժումների, կազմակերպութիւնների ու կուսակցութիւնների միութիւն է Թուրքիայում, հիմնուել է 2011-ին: Քոնկրեսը իրեն համարում է ճնշուածների պաշտպան, դէմ է ցեղային, ազգային, կրօնական, սեռային խտրականութիւններին: Քոնկրեսին մաս են կազմում Թուրքիայի տարբեր ազգութիւնների կառոյցներ` քրտեր, ալեւիներ, չերքէզներ, հայեր, ասորիներ եւ այլն… 2012-ի քոնկրեսի ընդհանուր ժողովում հիմնուեց Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը ԺԺԿ-ն կամ Հէ. Տէ. Փէ.-ն, որի ղեկավար կազմի մէջ է Կարօ Փայլանը:
4.- Քննախօսութիւն (Discourse),- իմաստների, արժէքների, գաղափարների եւ մեկնաբանութիւնների տարածող խօսքեր եւ լեզու, որի նպատակն է հասարակութեան մէջ հաստատել քաղաքական, բարոյական եւ մտաւոր առաջնութիւն եւ ինքնութիւն. քննախօսութիւնը խօսքային գործողութիւն է եւ հաղորդակցութեան գործընթաց:
Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)