Սիրոյ Եւ Ատելութեան Միջեւ

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

rus-turk_120815

Բարեկա՞մ երկրներ են Թուրքիան եւ Ռուսաստանը, թէ՞ թշնամի:

Դարաւոր սէ՞ր է նրանց միջեւ, թէ՞ դարաւոր ատելութիւն:

Սա մի հարց է, որին չի կարողանում եւ չի կարողացել սառնասիրտ անդրադառնալ երեւի ոչ մի հայ: Որովհետեւ ամէն հայ (անգամ համայնավարները), լաւ գիտեն, թէ ի՛նչ է արժեցել մեզ համար այդ բարեկամութիւնը:

19 եւ 20-րդ դարում տեղի ունեցած ռուս-թուրքական երեք պատերազմների (1828-1829, 1877-1878, 1914-1918) հետեւանքում գրեթէ ամբողջովին տեղահանուեց Արեւմտահայաստանը, եւ տեղի ունեցաւ հայոց մեծ ողբերգութիւնը: Ընդ որում, որպէս օրինաչափութիւն, երեք այս պատերազմներում էլ ռուսները յաղթեցին թուրքերին` ազատագրեցին Արեւմտահայաստանի մեծ մասը, սակայն յետոյ կրկին զիջեցին այն թուրքերին`

բանակցութիւնների սեղանի շուրջ կամ բնակավայրերում հայութեան շահերն ու անվտանգութիւնը պաշտպանելու փոխարէն:

Այս ամէնն` այն պարագայում, երբ բոլոր այդ պատերազմների ժամանակ հայութիւնը ռուսների հանդէպ ցուցաբերեց ամէն տեսակի օգնութիւն, ընդհուպ` մինչեւ կռուողների առաջին շարքերում ռազմական յաջողութիւններն ապահովելը: Յիշենք նաեւ այն պայմանագրերը, որ ռուս-թուրքական գործարքների արդիւնքում պարտադրուեցին հայութեանը` ձեւաւորելով այն սահմանները, որոնք ներկայումս գոյութիւն ունեն:

Այնուամենայնիւ վերադառնանք հիմնական հարցին` բարեկամնե՞ր են թուրքերն ու ռուսները, թէ՞ թշնամիներ:

Այս երկու երկրների միջեւ տեղի է ունեցել 17 պատերազմ, որոնք բոլորն էլ աւարտուել են ռուսների յաղթանակով: Եւ չնայած պարբերաբար բռնկուող ռազմական այդ բախումներին, առկայ են նրանց «սրտառուչ» բարեկամութեան փաստերը, որոնք յաճախ արձանագրուել են հէնց արիւնալի պատերազմներից յետոյ:

Ինչը, օրինակ, տեղի ունեցաւ Ա. Համաշխարհային պատերազմում կրած պարտութիւնից յետոյ, երբ Թուրքիան յայտնուել էր ոչ միայն կայսրութեան, այլեւ բուն մետրոպոլիայի քայքայման փաստի առջեւ, բայց մասնաւորապէս Ռուսաստանի ցուցաբերած բազմակողմանի աջակցութեան շնորհիւ (զօրք, զէնք-զինամթերք, մեծաքանակ ոսկի եւ այլն)` կարողացաւ խուսափել կործանումից: Այդ բարեկամութիւնը շարունակուեց Աթաթուրքի ժամանակ եւ նրանից յետոյ, թէեւ Թուրքիան մշտապէս հակուած եղաւ Ռուսաստանի հակառակորդ Արեւմուտքի կողմը:

Խորհրդային ժամանակներից ցայսօր ՕԹԱՆ-ի անդամ Թուրքիայի տարածքից թուրքական ու ՕԹԱՆ-ական թնդանօթներն ուղղուած են նախկին խորհրդային եւ ներկայ` ռուսական զօրքերի կողմից հսկուող Հայաստանի սահմանների կողմը:

Անկախացումից յետոյ, երբ Ռուսաստանում իշխում էր «ելցինեան» քաոսը, Թուրքիային թուաց, թէ հասունացել է նպաստաւոր ժամանակը դարաւոր երազանքն իրականացնելու` Կովկասում հաստատուելու համար, սակայն թշնամի-բարեկամի մօտ, իրավիճակի կայունացման ու Անդրկովկաս վերադարձի հետ այդ յոյսերը ի դերեւ եղան:

Երազանքների առումով, իրավիճակը շատ աւելի բարենպաստ էր Ղրիմի պարագայում: Օգտուելով Ուքրանիայի իրերայաջորդ իշխանութիւնների «ժողովրդավար» եւ հակառուս բնոյթից` տեղի թաթարները լրջօրէն ամրապնդում էին դիրքերը` ուժեղացնելով ազդեցութիւնը իշխանութեան թեւերում, ամրապնդւում էին հասարակական մշակութային ու տնտեսական առումներով: Այս ամէնն ի հարկէ` ոչ առանց ղրիմեան իր անցեալը չմոռացած Թուրքիայի աջակցութեան: Ռուսաստանի կողմից Ղրիմի վերատիրացումից յետոյ թերակղզու ժողովուրդների եղբայրութեան մասին կարգախօսերի ներքոյ ջուրը լցուեց թաթար ազգայնականների եւ նրանց հովանաւորների երկուսուկէս տասնամեակի աշխատանքը:

Թուրքիայի համար ի հարկէ հեշտ չէր այսպիսի կորուստի հետ հաշտուելը եւ պետութեան բարձրագոյն պաշտօնեաների կողմից հնչեցին յայտարարութիւններ, թէ Թուրքիան շարունակելու է Խրիմը համարել Ուքրանիայի անբաժանելի մասը, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Խրիմի հանրաքուէի արդիւնքները եւ այլն:

Թուրքերի վայնասունը պայմանաւորուած էր ի հարկէ ոչ միայն Խրիմի խաղաղ նուաճման ձախողմամբ, այլեւ` նրանով, որ ռուսական գերժամանակակից ռազմական կազմածների վերադարձով իր պատմական կարեւորագոյն ծովային ֆորպոստ` գրեթէ ամբողջովին արժեզրկւում էր Սեւ ծովի վրայ ունեցած թուրքական ռազմուժի ազդեցութիւնը:

Ի դէպ, վերադառնալով թաթար ազգայնականութեանը, հպանցիկ անդրադառնանք վերջինիս հետ կապուած թերեւս միակ շօշափելի դրսեւորմանը` նշուած իրադարձութիւններից յետոյ:

2014 թուականի ապրիլի 16-ին տարածուած լուրի համաձայն, Թուրքիայի նախագահ Ապտիւլլա Կիւլը «Հանրապետութեան» շքանշան էր յանձնել Խրիմի թաթարների առաջնորդ, Ուքրանիայի խորհրդարանի պատգամաւոր Մուսթաֆա Ապտիւլճեմիլ Քըրըմօղլուի` յայտարարելով, թէ նա ամբողջ կեանքը նուիրել է Խրիմի թաթարների ազատութեանը եւ արժանի է ամենաբարձր շքանշանի: Կիւլը աւելացրել էր նաեւ, թէ իրենց թաթար եղբայրների հայրենիքը համարուող Խրիմը թուրքերի սրտում կարեւոր տեղ ունի, որ 13-րդ դարից սկսած թաթարներն այդ հողերում խաղաղութեան եւ հանգստութեան մէջ են ապրել:

Միայն թէ Թուրքիայում պատիւների արժանացած թաթար առաջնորդին, դրանից յետոյ, ռուսական իշխանութիւնները թոյլ չտուեցին մուտք գործել Խրիմ:

Յաջորդ անգամ ռուս-թուրքական շահերը բախուեցին, ինչպէս յայտնի է, Սիրիայի հարցում: Ռազմական հակամարտութեան բռնկման օրերին խանդավառուած թուրքերը ցանկանում էին յայտնուել Թուրքիային սահմանակից սիրիական տարածքներում եւ ստեղծել այնտեղ, այսպէս կոչուած, անվտանգութեան գօտի` իրենց եղբայրակից թուրքմէնների եւ սեփական սահմանների պաշտպանութեան պատրուակով: Ըստ այդ ժամանակ տարածուած լուրի, Վլատիմիր Փութինը Թուրքիայի իշխանութեանը զգուշացրել էր, որ եթէ այդ երկրի զօրքը յայտնուի Սիրիայում, իրենք կը համարեն նոյնը, թէ այդ զօրքը Մոսկուա է մտել: Հետագայում եւս դրսեւորուեցին ռուսական զսպիչ անդրադարձները թուրքական յաւակնութիւնների հանդէպ:

Նորագոյն պատմութեան այս նոյն ժամանակահատուածում արդիւնաւէտօրէն զարգացել են ռուս-թուրքական տնտեսական յարաբերութիւնները: Գերմանիայից յետոյ Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ առեւտրային գործընկերն է եւ նրանց միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմում է աւելի քան 30 միլիառ տոլար:

2014 թուականի դեկտեմբերի սկզբին, Թուրքիա կատարած պետական այցի ժամանակ, Ռուսաստանի նախագահը եւ Թուրքիայի վարչապետը յայտարարեցին, որ ընդլայնելով առեւտրատնտեսական յարաբերութիւնները` մինչեւ 2020 թուականը դրանց ծաւալը պէտք է հասցուի 100 միլիառի: Այս այցի ընթացքում ձեռք բերուեց նաեւ պայմանաւորուածութիւն` փոխելու դէպի Եւրոպա ձգուող ռուսական կազամուղի ճանապարհը, Ուքրանիայի փոխարէն այն անցկացնելով Թուրքիայի տարածքով:

Բնականաբար այսպիսի հսկայական տնտեսական հեռանկարները չեն կարող չունենալ համապատասխան արտացոլում

քաղաքական ասպարէզում: Իրապէս էլ երկու երկրների ղեկավարները առիթը բաց չեն թողնում հաւաստելու ռուս-թուրքական դարաւոր բարեկամութեան մասին:

Եւ ահա պայթեց գայթակղութիւնը` թուրքական կործանիչի կողմից սիրիական ահաբեկիչներին ռմբակոծող ռուսական ինքնաթիռը խոցելու առիթով:

Ի հարկէ թուրքերն այնքան յիմար չէին, որ առանց մտածելու դիմէին նման արարքի եւ թերեւս խիստ անհրաժեշտութիւնն էր դրդել գնալու արկածախնդրութեան: Վերջին շրջանում հրապարակւում էին տեղեկութիւններ, որ ռուսական օդանաւերը ոչնչացնում են իսլամականների տնօրինած նաւթային պահուստները: Նրանք ռմբակոծում էին նաեւ թանկարժէք վառելիքը Թուրքիա տեղափոխող բեռնատարները, սրանով նախ կտրելով ծայրայեղականների ֆինանսական աղբիւրները, միւս կողմից` զրկելով Թուրքիային, ի մասնաւորի նրա առաջնորդին, եկամտաբեր պիզնեսից: Ռմբակոծւում էին նաեւ թուրքմէնների բնակութեան տարածքները, որոնք նոյնպէս ծայրայեղականութեան օճախի էին վերածուել:

Խօսելով թիկունքին հասցրած հարուածի մասին` Փութինն ասաց, որ իրենք Թուրքիային համարել են ոչ միայն հարեւան, այլեւ` բարեկամ:

Այդ բարեկամի դէմ արդէն իսկ ձեռնարկուել են տնտեսական պատժամիջոցներ, նրա հաւանական նոր ոտնձգութիւնները կանխելու նպատակով սիրիական սահման են տեղափոխուել հակաօդային պաշտպանութեան գերժամանակակից միջոցներ, իսկ ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցածից մէկ օր անց ռմբակոծուել է սիրիական տարածք մուտք գործած եւ իբր թէ մարդասիրական օգնութիւն տեղափոխող թուրքական բեռնատարների շարասիւնը. կան բազմաթիւ զոհեր եւ վիրաւորներ:

Կարելի է ասել սակայն, որ «իսկական պատերազմը» սկսուել է ռուսական քարոզչամիջոցներով: Այստեղ արդէն ջրի երես դուրս եկան բոլոր այն նենգութիւնները, որ ոչ միայն ներկայումս, այլեւ պատմական անցեալում իրականացրել է Թուրքիան: Ընդ որում, ոչ միայն ռուսների, այլեւ` այլ ժողովուրդների եւ մասնաւորապէս հայերի նկատմամբ: Յիշուեց Հայոց ցեղասպանութիւնը, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցութեան առաջնորդ Սերգէյ Միրոնովը, իր թուիթըրեան էջում, նոյեմբերի 25-ին գրել է, թէ իրենք Տումայի օրակարգ են մտցրել օրէնքի նախագիծ` Թուրքիայի կողմից 1915-ին իրականացուած Հայոց ցեղասպանութեան ժխտման համար պատասխանատուութեան կանչելու մասին:

Նախորդ օրերի թէժ քննարկումների ժամանակ ասուեց անգամ, թէ կարելի է հայերին դրդել եւ նրանք Արեւմտեան Հայաստանի ազատագրման համար կը պատերազմեն Թուրքիայի հետ: Ինչպէս որ կը պատերազմեն քրտերը: Այլ փորձագէտներ խօսում են այն մասին, թէ հարկաւոր է արդիականացնել ու առաւել հզօրացնել հայ-թուրքական սահմանը: Ի դէպ, յիշուեց նաեւ, որ վերջերս թուրքական ուղղաթիռները երկու անգամ խախտել են հայ-թուրքական սահմանը (իսկ մենք կարծում էինք, թէ մեզանից բացի ոչ ոք այդ մասին տեղեակ չէ):

Մենք ի հարկէ չենք պատերազմի Թուրքիայի հետ, բայց, օրինակ, եթէ մեծացուէր Հայաստանի ռազմական ներուժը, դէմ չէինք լինի:

Ընդհանրացնելով` ասենք, որ ռուսական քարոզչամիջոցներով ծաւալուող թէժ քննարկումների ժամանակ ոմանք առաջարկում են ռազմական լուրջ դաս տալ Թուրքիային, իսկ ուրիշները յիշեցնում են ռազմավարական շահերի` այդ թւում տնտեսական յարաբերութիւնների լուրջ հաշուեկշռի մասին:

Այս դէպքում գլխաւոր հարցը մնում է նոյնը. բարեկա՞մ երկրներ են Թուրքիան եւ Ռուսաստանը, թէ՞ թշնամի:

Ճշմարտութիւնը վաղուց յայտնի է, թէեւ յաճախ մոռացւում է: Քաղաքական կեանքում սիրոյ եւ ատելութեան միջեւ գոյութիւն ունի մի աւելի մեծ զգացում` շահի զգացումը:

Ով չի հաւատում, թող կրկին յիշի պատմութիւնը:

 

«Դրօշակ»

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)