ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Թուրքիան ներկայում ունի շուրջ 75 միլիոն բնակչութիւն (ըստ 2012 թուականի տուեալների, բնակչութեան ստոյգ թիւն է 74,724,269): Երկրի բնակչութեան 25-30 տոկոսը թուրք չէ` այլազգի է, մէկ մասը` իսլամ, միւս մասը` ոչ իսլամ:
Փոքրամասնութիւններից ոմանք, իրաւունքի սահմաններում, պաշտօնապէս ճանաչուած են որպէս ազգային փոքրամասնութիւններ, ինչպէս` հայերը, յոյները եւ հրեաները (ըստ 1923 թուականի Լոզանի դաշնագրի), բայց, օրինակ, քիւրտերը, որ մեծ փոքրամասնութիւն են կազմում Թուրքիայում, պաշտօնապէս ճանաչուած չեն որպէս ազգային փոքրամասնութիւն եւ, հետեւաբար, զուրկ են որեւէ հնարաւորութիւնից` իրենց ազգային ինքնութիւնը պահպանելու համար:
Թուրքիայի իսլամ փոքրամասնութիւնները գլխաւորաբար հետեւեալներն են.
* Քիւրտեր.- Ըստ որոշ աղբիւրների, Թուրքիայում ապրում են շուրջ 14 միլիոն քիւրտեր, այլ աղբիւրներ նաեւ յայտնում են, թէ Թուրքիայի բնակչութեան 25 տոկոսը քիւրտեր են (18-19 միլիոն), իսկ քիւրտական աղբիւրները վկայում են, որ 20-25 միլիոն քիւրտեր են ապրում Թուրքիայում: Ինչեւէ, այս փոքրամասնութիւնը իր թուաքանակի տեսանկիւնից` միշտ էլ մտահոգութիւն է եղել Թուրքիայի իշխանութիւնների համար, եւ նրանց ինչ-որ ինքնավարութիւններ եւ ազատութիւններ շնորհելը թուրք պետական դէմքերի կողմից համարւում է վտանգաւոր:
* Արաբներ.- Շուրջ 800 հազարից մէկ միլիոն արաբներ են բնակւում Թուրքիայում, գլխաւորաբար` Թուրքիա-Սուրիա սահմանային շրջաններում` Ալեքսանտրեթի (Հաթայ) նահանգում: Այս շրջանը միշտ վէճի առարկայ է եղել Սուրիայի եւ Թուրքիայի միջեւ: Արաբները գլխաւորաբար ալեւի դաւանանքին են պատկանում եւ կապեր ունեն Սուրիայի ալեւիների հետ:
* Ազրպէյճանցի թուրքեր – Ըստ որոշ աղբիւրների, շուրջ 800 հազար ազրպէյճանցի թուրքեր են ապրում Թուրքիայում: Պաշտօնապէս գրանցուած է, որ 300 հազար Ազրպէյճանի քաղաքացիներ գոյութիւն ունեն Թուրքիայում, որոնք գլխաւորաբար կենտրոնացած են Ցոլակերտի (Իգտիրի) եւ Կարսի շրջաններում:
* Կովկասեան ազգութիւններ.- Ռուս-թուրքական պատերազմի ժամանակաշրջանում (18-րդ դարում) Հիւսիսային Կովկասից մեծ թւով ազգութիւններ գաղթեցին այն ժամանակուայ Օսմանեան կայսրութիւն եւ բնակութիւն հաստատեցին ներկայ Թուրքիայի հիւսիարեւելեան շրջաններում: Այդ ազգութիւններից են եղել` չերքեզներ, չեչեններ, վրացիներ եւ լազեր: Այդ ժամանակաշրջանում շուրջ 70.000 իսլամ չերքեզներ, նաեւ հաստատուել են Ատանայի շրջանում: Իսլամ վրացիներ եւ լազեր նաեւ հաստատւած են Սեւ ծովի մօտակայ շրջաններում, գլխաւորաբար` Ռիզէ քաղաքում:
* Պալքանեան ազգութիւններ.- Ներկայ Թուրքիայում են բնակւում նաեւ փոքրամասնութիւններ, որոնք ունեն Պալքանեան երկրների ծագում, ինչպէս` ալպանացիներ եւ պուլկարներ: Ըստ Թուրքիայի «Միլլիյէթ» օրաթերթի, ալպանացի ծագում ունեցողների թիւը Թուրքիայում հասնում է վեց միլիոնի, որոնցից 500 հազարն է, որ պահել է իր ինքնութիւնը եւ մնացածը ձուլուել են: Ըստ նոյն թերթի, շուրջ 600 հազար պուլկար ծագում ունեցողներ ապրում են Թուրքիայի եւրոպական մասում, որոնցից մեծ մասը իսլամ են դարձել եւ պուլկար քրիստոնեայ համայնքը միայն 500 անդամ ունի:
* Ռոմաներ.- 500-700 հազար ռոմաներ հաստատուած են Թուրքիայում, որոնց արմատները վերադառնում են Հռոմի ժամանակաշրջանին եւ Բիւզանդական կայսրութեանը: Ռոմաները ժամանակի ընթացքում դարձել են իսլամ: Թուրքական պաշտօնական աղբիւրները պնդում են, թէ այժմ Թուրքիայում ապրում են 3500 ռոմաներ, որոնք բնակչութեան 0,05 տոկոսն են կազմում:
* Յիշեալ համայնքներից բացի, Թուրքիայի իսլամ փոքրամասնութիւնների մաս են կազմում Խրիմի թաթարներ (շուրջ 150.000 հոգի), Աբխազիայի թուրքեր (39.000), խըրխըզներ, ղազախներ եւ օսեթներ:
«Ալիք»


