Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքալեզու Երկրները` Նոր Դրօշի Տակ. Թուրքիան Ձգտում Է Դէպի Կովկասի Եւ Միջին Ասիայի Շուկաներ

August 27, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Թուրքալեզու երկրները օգոստոսի 22-23-ին Պիշկեքում կայացած գագաթաժողովում միասնական դրօշ են ընդունել` Խրխզստանի դրօշի արեւը, Ազրպէյճանի դրօշի աստղը, Թուրքիայի դրօշի կիսալուսինը եւ Ղազախստանի դրօշի կապոյտ գոյնը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Տաւութօղլուն յայտարարել է, որ չորս պետութիւնները իրենց ազգային դրօշների կողքին պէտք է կրեն նաեւ նոր դրօշը: Թուրքալեզու միւս երկու երկրները` Ուզպեքստանը եւ Թուրքմենստանը, մաս չեն կազմում Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհրդին (ԹՊՀԽ):

Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան սկիզբը համարւում է 1992 թուականը, երբ Թուրքիայի ութերորդ նախագահ Թուրքութ Օզալը Անգարայում կազմակերպեց գագաթաժողով` հրաւիրելով նախկին խորհրդային հինգ թուրքալեզու հանրապետութիւնների առաջնորդներին: Քսան տարի առաջ Անգարայում Օզալի նախաձեռնութեամբ ստորագրուեց Հռչակագիր, որի տակ իրեն ստորագրութիւնը դրեցին Ապուլֆազ Էլչիպէյը (Ազրպէյճան), Նուրսուլթան Նազարպաեւը (Ղազախստան), Ասկար Ակաեւը (Խրխզստան), Իսլամ Քարիմովը (Ուզպեքստան) եւ Սափարմուրատ Նիյազովը (Թուրքմենստան):

Օզալը լուրջ կարեւորութիւն էր տալիս Թուրքիայի եւ նորանկախ թուրքալեզու հանրապետութիւնների համագործակցութեան խորացմանը: Օզալը յաւակնում էր ստանձնել առաջատար դերի ողջ թուրքական աշխարհում: Աւելին, Ազրպէյճանը եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու հանրապետութիւնները, Օզալի կարծիքով, պէտք է հէնց Թուրքիայի տարածքով մերձենային Եւրոպային, իսկ Կասպեան ուժանիւթերը թուրքական տարածքներով արտահանուէին համաշխարհային շուկաներ:

Այն ժամանակ Թուրքիան Արեւմուտքի քաջալերանքով յաւակնում էր լրացնել այն բացը, որը ստեղծուել էր Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ` նորանկախ Ազրպէյճանից եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու չորս հանրապետութիւններից դուրս մղել Ռուսաստանին: Անցնող երկու տասնամեակները, սակայն, ցոյց տուեցին, որ թուրքալեզու լինելը դեռ բաւարար չէ, որպէսզի Թուրքիայի հովանու ներքոյ տեղի ունենայ թուրքալեզու պետութիւնների համախմբում եւ իրական համագործակցութիւն: Թուրքալեզու ասուածն ինքնին յարաբերական է, քանի որ ղազախն ու խրխըզը մեծ դժուարութեամբ են հասկանում թուրքերէնը: Բացի այդ, անգամ քսան տարի անց Ղազախստանի ու Խրխզստանի իշխանական վերնախաւը, մտաւորականութիւնը, ինչպէս նաեւ քաղաքային բնակչութիւնը մնացել են ռուսախօս եւ նրանց համար ռուսերէնը շատ աւելի հարազատ լեզու է, քան թուրքերէնը:

Կենտրոնական Ասիայի թուրքալեզու միւս երկու պետութիւնները` Թուրքմենստանը եւ Ուզպեքստանը, վերջին տարիներին վարում են արտաքին չէզոք քաղաքականութիւն: Երկու երկրներն էլ հրաժարւում են անդամակցել տարածաշրջանային կազմակերպութիւններին: Միակ թուրքալեզու երկիրը, որտեղ Թուրքիան կարողացաւ հաստատել տնտեսական եւ ռազմաքաղաքական զգալի եւ նկատելի ներկայութիւն, Ազրպէյճանն է: Բայց այդ յաջողութեան պատճառը ոչ թէ թուրքերի ու ազրպէյճանցիների լեզուական ու էթնիկ ընդհանրութիւններն են, այլ առաջին հերթին ընդհանուր շահն ու քաղաքական պրագմատիզմը: Ազրպէյճանը Թուրքիայի դիւանագիտական-քաղաքական ու ռազմական-քարոզչական օժանդակութեան կարիքն ունի Լեռնային Ղարաբաղի հարցում, իսկ Թուրքիայի համար Ազրպէյճանը կարեւորւում է որպէս ուժանիւթերով հարուստ պետութիւն եւ կարեւոր գործընկեր Հայաստանի շրջափակման եւ մեկուսացման հարցում:

Թուրքիան, սակայն, շարունակում է թուրքալեզու հանրապետութիւններում յաւակնել առաջատար դերի: Վերջին տասը տարիներին, երբ իշխանութեան է եկել չափաւոր իսլամամէտ «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութիւնը, թուրքական տնտեսութիւնը զարգանում է մեծ թռիչքներով: Այսօր Թուրքիայի տնտեսութիւնը իր մեծութեամբ աշխարհում զբաղեցնում է 16-րդ տեղը: Թուրքական արագ աճող տնտեսութեանը անհրաժեշտ են մի կողմից մատչելի գներով ուժանիւթեր, որը նա ձգտում է ստանալ Կասպեան հարուստ աւազանից, միւս կողմից` նոյն Կասպեան աւազանը, որտեղ հիմնականում բնակւում են թուրքական ժողովուրդները, սպառման գրաւիչ շուկայ է թուրքական արտադրանքի համար:

Տնտեսական ցուցանիշները հաստատում են, որ չնայած յաւակնութիւններին, Թուրքիան դեռեւս առաջատար դիրք չի զբաղեցնում թուրքալեզու այն երեք հանրապետութիւններում, որոնք մաս են կազմում  Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհրդին (ԹՊՀԽ): Այսպէս, ըստ 2011 թուականի տուեալների` Թուրքիայի եւ Ղազախստանի միջեւ ապրանքաշրջանառութիւնը կազմել է ընդամէնը 4 միլիառ տոլար, Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ` 3,4 միլիառ, Թուրքիայի եւ Խրխզստանի միջեւ` 232 միլիոն տոլար: Այս թուերը, հաշուի առնելով վերոնշեալ պետութիւնների աշխարհագրական մեծութիւնը եւ բնակչութեան թուաքանակը (գրեթէ 100 միլիոն), բոլորովին էլ տպաւորիչ չեն: Տպաւորիչ չեն նաեւ Թուրքիայի ընդհանուր ներդրումները ԹՊՀԽ անդամ երեք երկրներում: Քսան տարիների ընթացքում Թուրքիան Ազրպէյճանում կատարել է ընդամէնը 7 միլիառ տոլարի ներդրում, Ղազախստանում` 2 միլիառ, Խրխզստանում` 1 միլիառ:

Ինչպէս Կովկասում, այնպէս էլ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի տնտեսական եւ քաղաքական հիմնական մրցակիցները Ռուսաստանը եւ Չինաստանն են:

Դէպի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա թուրքական էքսպանսիայի ձախողման պատճառները մի քանիսն են: Նախ, թուրքերը միշտ էլ զուսպ են եղել Ռուսաստանի հետ մրցակցութեան մէջ մտնելու հարցում: Ինչպէս ԹՊՀԽ-ին մաս կազմող Ազրպէյճանի, Ղազախստանի ու Խրխզստանի, այնպէս էլ միւս թուրքալեզու երկու երկրների` Թուրքմենստանի եւ Ուզպեքստանի հետ Ռուսաստանը պահպանում է գործընկերային սերտ համագործակցութիւն ինչպէս տնտեսութեան, այնպէս էլ ռազմական ոլորտներում: Երկրորդ, թուրքալեզու հանրապետութիւններում, անգամ եղբայրական համարուող Ազրպէյճանում, թուրքական ընկերութիւնները հանդիպում են լուրջ խոչընդոտների ու տնտեսական մրցակցութեան: Թուրքալեզու հանրապետութիւններում, առաջին հերթին` Ազրպէյճանում, տնտեսութիւնը ունի հիմնականում կլանային եւ օլիգարխիկ բնոյթ, ինչեւ եւս խոչընդոտում է, որպէսզի թուրքական ընկերութիւնները եւ ապրանքները շուկայում ազատ շունչ քաշեն ու լաւ զգան: Մի շարք թուրքական ընկերութիւններ ուղղակի չեն դիմացել եւ պարտուած հեռացել են Ազրպէյճանից: Երրորդ, ինչպէս Թուրքիա-Ազրպէյճան, այնպէս էլ Թուրքիա-Ղազախստան յարաբերութիւններին լարուածութիւն հաղորդող պատճառներից է ուժանիւթերի գները: Թուրքիան, շահարկելով թուրքալեզու լինելու իրողութիւնը եւ թուրքական համերաշխութիւնը, ձգտում է Ազրպէյճանից եւ Ղազախստանից ուժանիւթեր ներկրել համեմատաբար ցածր գներով: Այդ քաղաքականութիւնը դժգոհութիւն է առաջ բերում յատկապէս Ազրպէյճանում: Այսպէս, Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ վերջին գազային պայմանագրերից մէկը ստորագրուեց մի քանի անգամ յետաձգումներից եւ միմեանց հանդէպ հրապարակային կոշտ յայտարարութիւններից յետոյ միայն: Եւ վերջապէս, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հաստատուելու ձգտումներում Թուրքիան բախւում է աշխարհագրական կտրուածութեան խնդրին: Կենտրոնական Ասիայի հետ Թուրքիան չունի ընդհանուր սահմաններ: Ցամաքային ճանապարհները դէպի Ազրպէյճան եւ Կենտրոնական Ասիա անցնում են Հայաստանով եւ Իրանով: Թուրքիան Հայաստանը շրջափակման տակ է պահում արդէն գրեթէ քսան տարի, իսկ Իրանի հետ յարաբերութիւնները, մեղմ ասած, բարեկամական չեն: Ճիշդ է, Թուրքիան Ազրպէյճանի հետ ունի ընդհանուր սահման, սակայն ընդամէնը 12 քիլոմեթր, այն էլ` Նախիջեւանի հատուածում: Վերջինս սակայն, ցամաքային ընդհանուր սահման չունի Ազրպէյճանի միւս մասերի հետ:

Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդը հիմնադրուել է 2009 թուականին Նախիջեւանում կայացած թուրքալեզու պետութիւնների հերթական գագաթաժողովի ընթացքում` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարպաեւի առաջարկով: Կազմակերպութեան առաջին գագաթաժողովը տեղի է ունեցել Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում` 2011 թուականի հոկտեմբերին:

Պիշքեկի գագաթաժողովը յատկանշական էր նրանով, որ դրան չէր մասնակցում Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ Թուրքիայի նախագահ Ապտիւլլահ Կիւլը ականջի վիրահատութեան պատճառով ստիպուած էր ժամանակից շուտ հեռանալ Խրխզստանի մայրաքաղաքից: Թուրքիան եւ Ազրպէյճանը, որոնք շարունակում են վարել Հայաստանը տնտեսապէս եւ միջազգայնօրէն մեկուսացնելու քաղաքականութիւն, օգտագործեցին հերթական միջազգային համաժողովը եւ արեցին հակահայ յայտարարութիւններ: Մասնաւորապէս, արտաքին գործերի նախարար Տաւութօղլուն յիշեցրեց, որ «հայերը գրաւման տակ են պահում Ազրպէյճանի տարածքի 20 տոկոսը»:

Եթէ Թուրքիան եւ Ազրպէյճ  անը Հայաստանի հանդէպ վարում են ակնյայտ եւ հրապարակային թշնամական քաղաքականութիւն, ապա ԹՊՀԽ միւս երկու պետութիւնները` Ղազախստանը եւ Խրխզստանը Հայաստանի հետ մաս են կազմում մի շարք տարածաշրջանային միաւորումների, որոնց թւում` ԱՊՀ-ի (Անկախ պետութիւնների համագործակցութիւն) եւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն): Վերջինս ռազմաքաղաքական կառոյց է, որին անդամակցում են Ռուսաստանը, Պելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Խրխզստանը եւ Տաճիկստանը:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Կիրակնօրեայ Խօսքը. Հոգեկա՛ն Ու Մարմնակա՛ն Յաւերժութեան Արժանի Ըլլալու Համար…

Յաջորդը

Հակառակ Թրքական Ժխտումներուն` Հայկական Ջարդերու Մասին «Ֆաթուա»-ն Կը Գրաւէ Աշխարհի Ուշադրութիւնը

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.