ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Դեկտեմբերի 28-ը Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոյի երկար տարիների անդամ, արդի հայ քաղաքական մտքի ամենավառ ներկայացուցիչներից մէկի` Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է: Յիշատակի օրն այն մարդու, որ գիտակցաբար եւ ամենայն պատասխանատուութեամբ նուիրեց պետականութեան եւ հայրենքի կայացման գաղափարին: Այս օրը մեզ ամէն տարի ստիպում է` կանգ առնել, մտորել ու Վահան Յովհաննիսեանի դիտակէտից գնահատել մեր քաղաքական ուղեգիծը եւ հասարակական վարքագիծը, անդրադառնալ անցեալի կորուստներին ու չիրացուած հնարաւորութիւններին, որոնք ժամանակի ընթացքում ազդել են հայոց պետականութեան հիմնասիւների ամրութեան վրայ:
Պետականութեան վերաբերեալ Վահան Յովհաննիսեանի առաջ քաշած գաղափարները Հայաստանի եւ հայութեան համար կան եւ կը մնան որպէս մտաւոր եւ գաղափարական ուղենիշ: Նրա արտայայտած մտքերը փաստում են, որ պետութեան, հասարակութեան եւ ազգային ինքնութեան գոյութիւնը հիմնուած է գաղափարական մաքրամտութեան, ազգային պատասխանատուութեան եւ մտածուած ռազմավարութեան վրայ: Վահան Յովհաննիսեանի մօտեցումը պարզ, բայց միեւնոյն ժամանակ խորքային է. պետութիւնը չի կարող գոյատեւել միայն օրէնքների կամ վարչական մեքանիզմների շնորհիւ, եթէ վերնախաւը զրկուած է ընկալումից:
Նա պարզորոշ ներկայացրել է վերնախաւի եւ հասարակութեան փոխկապակցուածութիւնը: Եթէ վերնախաւը չի կրում արժէքային համակարգ, չի ղեկավարւում գաղափարական սկզբունքայնութեամբ եւ ազգային տեսլականով, ապա հասարակութիւնը յայտնւում է խարխափումների ու անկման մէջ, իսկ պետութիւնը կորցնում է ռազմավարական ինքնութիւնը: Նրա գնահատմամբ, ցանկացած շեղում վերնախաւում անմիջապէս արտացոլւում է հասարակութեան տարբեր շերտերում` իր բացասական բոլոր տեսակի հետեւանքներով եւ արդիւնքներով:
Իր քաղաքական գործունէութեան ողջ ընթացքում Վահան Յովհաննիսեանը մշտապէս քննադատել է ձեւական ժողովրդավարութիւնը եւ իշխանութեան տեղապահութիւնը, որտեղ կառավարման համակարգը ծառայում է անձնական կամ խմբային շահերին եւ, որպէս հետեւանք, ազգային նպատակներն ու շահը անտեսւում են: Նրա այս տեսակէտը յատկապէս արդիական է այսօր, երբ Հայաստանի գործող իշխանութիւնների վարած քաղաքականութիւնը միանշանակօրէն հակացուցուած է պետական շահերին ու ազգային արժէքներին, եւ յստակ երեւում է, որ իշխանութեան առաջ քաշած ամբոխավարական եւ սնամէջ գաղափարները չեն կարող փոխարինել ազգային իրական գաղափարներին, արժէքներին եւ տեսլականին, իսկ առանց դրանց` պետութեան խարխափումները դարձել են ամէնօրեայ եւ անխուսափելի:
Վահան Յովհաննիսեանը գիտակցում էր եւ հաւատացած էր, որ պետութեան ու հասարակութեան անվտանգութիւնը պայմանաւորուած է ազգային մտածողութեան եւ բարոյական պատասխանատուութեան առկայութեամբ: Նա զգուշացնում էր, որ եթէ վերնախաւը կտրուած է այդ սկզբունքներից, ցանկացած պետական կամ քաղաքական նախաձեռնութիւն դատապարտուած է ձախողման: Նրա այս սկզբունքային մօտեցումը մեզ ստիպում է կրկին վերագնահատել մեր օրերի իրականութիւնը` հասկանալու, թէ ինչպէ՛ս է ազգի եւ պետութեան ճակատագիրը կախուած գաղափարական մաքրամտութիւնից եւ պատասխանատու վերնախաւից:
Նա ոչ միայն մատնանշում էր վտանգները, այլ միաժամանակ ցոյց էր տալիս դրանց յաղթահարելու ելքը: Վահան Յովհաննիսեանը հաւատացած էր, որ գաղափարական պայքարը ոչ թէ տեսական պահանջ է, այլ գործնական գործիք` պետութեան գոյատեւման համար: Նա ահազանգում էր, որ «մայրամուտը», այն գորշ իրականութիւնը, որ հարկաւոր է կասեցնել, ոչ միայն խորհրդանշական է, այլ` իրականութիւն, որը հնարաւոր է կանխել միայն գաղափարական սկզբունքայնութեամբ եւ ազգային պատասխանատուութեամբ առաջնորդուող վերնախաւի միջոցով:
Այսօր, դիտելով մեր քաղաքական կեանքը, տեսնում ենք, որ Վահան Յովհաննիսեանի կանխատեսումները կատարեալ ճշգրիտ են. հասարակութեան տարբեր շերտերում ընդգծուած է ազգային ինքնութեան տեղատուութիւնը, պետական կառավարման մեքանիզմները ծառայում են անձնական կամ խմբային շահերին, իսկ ազգային նպատակների իրականացման անհրաժեշտութիւնը մոռացութեան է տրուած: Այս ընթացքը, ինչպէս դիտարկել է նա, անխուսափելիօրէն յանգեցնելու է պետականութեան հիմքերի խարխլման, հասարակութեան կազմաքանդման եւ ազգային ինքնութեան կորստի:
Վահան Յովհաննիսեանը բազմիցս նշել է, որ առանց արժէքների յստակութեան եւ պահպանման` ցանկացած քաղաքական համակարգ տառապում է կորուստներով եւ թուլացումներով: Միայն արժէքների վրայ հիմնուած հասարակութիւնը եւ նրա վերնախաւը կարող են կանխել «մայրամուտը»` յետ մղել վտանգի սահմանագիծը եւ կասեցնել կորստի գործընթացը:
Եւ այսօր, երբ հայոց պետականութիւնը կանգնած է բազմակողմանի մարտահրաւէրների առջեւ, պարտադիր է վերցնել եւ իւրացնել Վահան Յովհաննիսեանի քաղաքական-գաղափարական ուղերձները որպէս ուղեցոյց` պահպանելու պետականութիւնը, ամրապնդելու ազգային ինքնութիւնը եւ վերականգնելու քաղաքական բանականութիւնը եւ հասարակական առողջութիւնը:
Տարիների հեռաւորութիւնից Վահան Յովհաննիսեանի մտքերն ու գաղափարները մեզ կոչ են անում քայլել գաղափարական ճշմարտութեան ուղով, առաջնորդուել ազգային արժէքներով ու պետական մտածողութեամբ, ինչպէս նաեւ` կատարել պատասխանատու գործողութիւններ, որոնք կ՛արգելակեն անկման ընթացքը եւ կը պահպանեն հայոց պետականութիւնն ու ազգային ինքնութիւնը ապագայի համար: «Մայրամուտը», որը նա պահանջում էր կասեցնել, մեզ յիշեցնում է, որ ազգը եւ պետութիւնը գոյատեւում են միայն այն դէպքում, երբ մտաւոր ու գաղափարական ուժը ծառայում է պետական շահին, եւ երբ իւրաքանչիւր քայլ` քաղաքական, ընկերային կամ մշակութային, ղեկավարւում է բացառապէս ազգային նպատակների եւ արժէքների վեհ գաղափարով:
Այսօր մեր պարտքն է ի կատար ածել Վահան Յովհաննիսեանի ուղերձը` գործնականում կիրառելով նրա մտքերն ու գաղափարները, պահպանելով պետականութիւնն ու հասարակութեան միասնութիւնը, ամրացնելով ազգային ինքնութիւնը եւ վերականգնելով գաղափարական սկզբունքայնութիւնը եւ մաքրամտութիւնը: Այդպիսով, մենք կը կարողանանք` կասեցնել մեր օրերի «մայրամուտը», կանխել տեղատուութիւնը եւ ապագայում երաշխաւորել մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգութեան ու զարգացման ուղին:


