Լիբանանի պասքեթպոլի տղոց ախոյեանութեան 5-րդ հանգրուանին գծով, այսօր ՀՄԸՄ հիւրը պիտի ըլլայ Թատամոն Հարաժելի` վերջինիս օգտագործած Քահրապայի դաշտին վրայ, երեկոյեան ժամը 20:30-ին:
ՀՄԸՄ, որ իր առաջին 4 մրցումներն ալ յաղթանակներով աւարտած է, պէտք է լրջօրէն մրցի իր մրցակիցին դէմ, որ հակառակ իր 4 պարտութիւններուն այդքան ալ տկար խումբ մը չէ եւ ունի լաւ օտարներ, ինչպէս Սամ Տենիելը եւ վրացի Քախապեր Ժինչարածէն, մինչ երրորդ օտար Տորիան Պենֆորտ աւելի շուքի մէջ կը մնայ այս զոյգին ետին:
Կը սպասուի, որ այսօր լուրջ մրցում մը ըլլայ ՀՄԸՄ-ի համար, որ կանուխ մրցումին ղեկը առնելով կրնայ առիթ տալ Ազիզ Ապտել Մասիհի, Սէրուժ Աւետիսեանի, Թանիոս Սքիքիի, Փիթըր Տեքերմենճեանի, Քարիմ Սալամի եւ ինչու չէ նաեւ Ճիօ Մանուկեանի:
Անշուշտ այս բոլորը կախեալ է հիմնական տղոցմէ, ուր Ճորտըն Սթեվընզ, Կապրիէլ Աճէմեան, Ահմետ Իպրահիմ, Խալիտ Թոմա, Թայլըր Պէյ եւ Այզաք Այյուպի պէտք է լաւ ելոյթ ունենան եւ տիրապետեն Ղասսան Սարգիսի մարզած խումբին վրայ:
5-րդ հանգրուանը սկսած էր անցեալ երեքշաբթի, ուր Էն. Էս. Էյ. իր դաշտին վրայ 64-96 արդիւնքով պարտութիւն կրած էր Սանթրալէն, իսկ շաբաթավերջին Սաժես բաւական դժուարութեամբ (89-79) պարտութեան մատնած էր Պէյրութը իսկ Ռիատի` Շանվիլը (84-78):
Հինգշաբթի օր Հուփս կը հիւրընկալէ Անդրանիկը, իսկ շաբաթ օր Պաթրուն կը հիւրընկալէ Անթունիէն:
Ստորեւ դասաւորումը` մինչեւ այսօրուան մրցումը.
| ԿԷՏ | ՅԱՂԹԱՆԱԿ | ՊԱՐՏՈՒԹԻՒՆ | |
| 1.- Ռիատի | 10 | 5 | 0 |
| 2.- Սաժես | 10 | 5 | 0 |
| 3.- Սանթրալ | 9 | 4 | 1 |
| 4.- ՀՄԸՄ | 8 | 4 | 0 |
| 5.- Շանվիլ | 8 | 8 | 2 |
| 6.- Էն. Էս. Էյ. | 7 | 2 | 3 |
| 7.- Պէյրութ Ֆըրսթ | 6 | 1 | 4 |
| 8.- Անթունիէ | 5 | 1 | 3 |
| 9.- Անդրանիկ | 5 | 1 | 3 |
| 10.- Հուփս | 5 | 1 | 3 |
| 11.- Թատամոն Հարաժել | 4 | 0 | 4 |
| 12.- Պաթրուն | 4 | 0 | 4 |


