«Չեմփիընզ լիկ»-ի 4-րդ շաբթուան երկրորդ օրուան մրցումին, Սպանիոյ «հսկաներէն» Պարսելոնա սկզբունքով «դիւրին» մրցում ունէր Ֆ. Ք. Պրիւժի դէմ, Պելճիքայի մէջ: Պրիւժ, որ Մոնաքոյին յաղթելէ ետք պարտութիւններ կրած էր Աթալանթայէն եւ Պայերն Միւնիխէն, անակնկալ ձեւով յարձակողական ֆութպոլ ցուցաբերեց մրցումի սկիզբէն, ուր երկու խումբերն ալ մեծ թիւով մարզիկներով կը յարձակէին: Քարլոս Ֆորպս օֆ-սայտի ծուղակէն փախուստ տուաւ աջ կողմէն եւ գնդակը փոխանցեց Նիքոլօ Թրեսոլտիի… արդիւնք` 1-0: Պրիւժի մարզիկները սպասեցին ՎԱՐ-ի վճիռին, եւ վաւերացումէն ետք միայն տօնեցին կոլը: 6-րդ վայրկեանին, այս կոլէն 2 վայրկեան ետք, պատասխանեց Ֆերան Թորես, որ Պրիւժի կոլին նման Ֆերմին Լոփեսի կողմէ կատարուած աշխատանքը կոլի վերածեց: Քիչ ետք Լոփեսի հարուածը զսպեց Պրիւժի… բերդին սիւնը: Քոռնըրէ մը ետք Ֆորպա արագ հակայարձակողականով նշանակեց Պրիւժի 2-րդ կոլը` 17-րդ վայրկեանին: Շատ արագ այս մրցումը մնաց առանց կոլերու, մինչեւ 60-րդ վայրկեան, հակառակ անոր որ Պարսելոնա երկու առիթով ցնցեց Պրիւժի բերդին հորիզոնական ձողը: Հազիւ մրցումին ընթացքը քիչ մը հանդարտած էր, Լամին Եամալ գնդակը ստացաւ Պրիւժի մեծ քառակուսիին ծայրը, դիւրութեամբ խաղի բերաւ երկու մրցակից եւ 1-2-է մը ետք Լոփեսի հետ սուրաց դէպի բերդ եւ ձախ ոտքի հարուածով գնդակը զետեղեց Պրիւժի բերդին մէջ` յիշեցնելով Լիոնել Մեսսիի կոլերը:
Շատ գեղեցիկ արագ յարձակում մըն էր, բայց Պրիւժ բնաւ չազդուելով 3-րդ կոլով անմիջապէս պատասխանեց: Անգամ մը եւս Ֆորպս ամենայն հանդարտութեամբ նշանակեց պելճիքական ակումբին 3-րդ կոլը:
«Մենք Պարսելոնան ենք: Պէտք չէ այսքան կոլ ստանանք: Շատ դժուար է յաղթել, երբ երեք կոլ կը ստանաս: Պէտք է կեդրոնանաք այդ կէտին վրայ… ամբողջ խումբով, ոչ միայն յետսապահներուն համար է խօսքս, այլ իբր ամբողջական խումբ… փրեսինկ ընելով եւ պաշտպանողական գործողութիւններուն մասնակցելով: Ես ինծի չեմ կրնար Մեսսիին հետ բաղդատել: Ինք հազար կոլ նշանակած է այս ձեւով: Ասիկա իմ ոճս է եւ տարբեր ուղի ունիմ», ըսաւ Եմալ մրցումէն ետք:
«Չեմփիընզ լիկ»-ի այս մրցումին մէջ ՎԱՐ-ը մեծ դեր ունեցաւ արդիւնքին վրայ: Ֆորպս գետին բերուեցաւ մեծ քառակուսիին մէջ, եւ իրաւարար Անթոնի Թէյլըր անմիջապէս փենալթի սուլեց: ՎԱՐ-ի սենեակէն զինք թելադրեցին դիտել նոյն պատահած փենալթիի կրկնութիւնը… ան ուղղուեցաւ պաստառ եւ նկատեց, որ Ալխանտրօ Պալտէի կատարած ֆաուլը… բաւարար կարծր չէր եւ Պրիւժ, որ կը յուսար 4-2-ի բարձրացնել արդիւնքը, յուսախաբ մնաց փենալթին ջնջուելէ ետք: 77-րդ վայրկեանին (5 վայրկեան ետք), Լամին Եամալի օդէն փոխանցումը իր բերդին մէջ նշանակեց (սխալմամբ) Քրիսթոս Ցոլիս, եւ կը կարծուէր, թէ Պարսելոնա պիտի նշանակէ 4-րդ կոլ մըն ալ, բայց… 91-րդ վայրկեանն էր, երբ Պարսելոնայէն յետսապահ մը դէպի ետ փոխանցեց լեհ բերդապահ Վոյցեխ Չեսնիի, որ քիչ մը տատամսեցաւ` առիթ տալով Ռոմէօ Վերմանի, որ գնդակը խլէ իրմէ` նշանակելով Պրիւժի 4-րդ կոլը: Դաշտը պայթած էր, եւ համակիրները կը տօնէին… Պահեստի մարզիկները դաշտ խուժած կը տօնէին, եւ պելճիքական ակումբը յիշատակելի յաղթանակի վրայ էր, երբ… ՎԱՐ-ը միջամտեց: Թէյլըր կրկին մեկնեցաւ դաշտի կեդրոն եւ պաստառին վրայ դիտելէ ետք դատեց, թէ Վերման ֆաուլի ենթարկած էր Շեսնին, եւ Պրիւժ վստահ յաղթանակէ մը զրկեց:
«3-3 արդիւնքը մեզի համար լաւ չէ: Ճիշդ է, որ ամէն ստացած կոլէ ետք պատասխանեցինք, դրական բան է այդ մէկը, բայց պէտք է այս մրցումին մասին շատ խօսինք եւ վերլուծենք», ըսաւ Պարսելոնայի մարզիչ Հանզի Ֆլիք:
Մանչեսթըր Սիթի Անգլիոյ մէջ 4-1 արդիւնքով պարտութեան մատնեց Տորթմունտը, Ֆիլ Ֆոտըն (2), Էրլինկ Հաալատ եւ Ռայան Շերքի նշանակեցին Սիթիի 4 կոլերը: Մինչ Վալտըմար Անթոն նշանակեց Տորթմունտի միակ կոլը: Տորթմունտ Բ. կիսախաղին շատ աւելի լաւ էր, բայց առաջին կիսախաղին 2 կոլ ստանալէ ետք դժուար էր վերադառնալը մրցումի մթնոլորտին:
Օրուան անակնկալ արդիւնքը արձանագրուեցաւ Կիպրոսի մէջ, ուր Փաֆոս 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Սպանիոյ Վիարէալ խումբը, եւ ընդամէնը երկու առիթներ ստեղծելով կոլի վերածեց մէկը` Բ. կիսախաղի առաջին վայրկեանին: Արդարեւ, նետերլանտցի կեդրոնի յետսապահ Տերեք Լուքասեն քոռնըրէ մը ետք ցատկեց բոլորէն աւելի բարձր եւ գնդակը զետեղեց Վիարէալի բերդին մէջ` անզսպելի հարուածով:
Ինթեր Միլան Սան Սիրոյի մէջ ոչ համոզիչ յաղթանակ մը արձանագրեց Կայրաթ Ալմաթիի վրայ` 2-1 արդիւնքով:
Ղազախստանի ախոյեան ակումբը, որ այդ երկրի առաջին ակումբն է, որ կը հասնի «Չեմփիընզ լիկ»-ին եւ այս հանգրուանին կրցած էր փոխադարձել Լաութարօ Մարթինեսի կոլին, 67-րդ վայրկեանին կոլ մը ստանալով պարտուեցաւ 2-1 արդիւնքով: Քարլոս Աուկուսթօ նշանակեց Ինթերի 2-րդ կոլը:
Հենրիխ Մխիթարեան տակաւին վիրաւոր է եւ յաջորդական 3-րդ մրցումէն կը բացակայի:
Ստորեւ` չորեքշաբթի օրուան մրցումներուն արդիւնքները.
Մանչեսթըր Սիթի – Տորթմունտ 4-1
Ինթեր Միլան – Քայրաթ Ալմաթի 2-1
Ֆ. Ք. Պրիւժ – Պարսելոնա 3-3
Պենֆիքա – Պայեր Լեւերքուզըն 0-1
Մարսէյ – Աթալանթա 0-1
Այաքս Ամսթերտամ – Կալաթասարայ 0-3
Նիւքեսըլ – Աթլեթիք Պիլպաօ 2-0
Քարապաղ – Չելսի 2-2
Փաֆոս – Վիարէալ 1-0
Դասաւորումը` 4 մրցումներէ ետք (տակաւին 4 մրցում ունի ամէն խումբ)
| ԿԷՏ | |
| 1.- Պայերն Միւնիխ | 12 (14-3) |
| 2.- Արսենալ | 12 (11-0) |
| 3.- Ինթեր Միլան | 12 (11-1) |
| 4.- Մանչեսթըր Սիթի | 10 (10-3) |
| 5.- Փարիզ Սեն Ժերմեն | 9 (14-5) |
| 6.- Նիւքեսըլ | 9 (10-2) |
| 7.- Ռէալ Մատրիտ | 9 (8-2) |
| 8.- Լիվըրփուլ | 9 (9-4) |
| 9.- Կալաթասարայ | 9 (8-6) |
| 10.- Թոթենհամ | 8 (7-2) |
| 11.- Պարսելոնա | 7 (12-7) |
| 12.- Չելսի | 7 (9-6) |
| 13.- Սփորթինկ Լիզպոն | 7 (8-5) |
| 14.- Տորթմունտ | 7 (13-11) |
| 15.- Քարապաղ | 7 (8-7) |
| 16.- Աթալանթա | 7 (3-5) |
| 17.- Աթլեթիքօ Մատրիտ | 6 (10-9) |
| 18.- ՓՍՎ Այնտհովըն | 5 (9-7) |
| 19.- Մոնաքօ | 5 (4-6) |
| 20.- Փաֆոս | 5 (2-5) |
| 21.- Պայեր Լեւերքուզըն | 5 (6-10) |
| 22.- Ֆ. Ք. Պրիւժ | 4 (8-10) |
| 23.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 4 (7-11) |
| 24.- Նափոլի | 4 (4-9) |
| 25.- Մարսէյ | 3 (6-5) |
| 26.- Եուվենթուս | 3 (7-8) |
| 27.- Աթլեթիք Պիլապօ | 3 (4-9) |
| 28.- Սենթ Ժիլուազ | 3 (4-12) |
| 29.- Պոտօ Կլիմթ | 2 (5-8) |
| 30.- Սլաւիա Փրակա | 2 (2-8) |
| 31.- Օլիմփիաքոս | 2 (2-9) |
| 32.- Վիարէալ | 1 (2-6) |
| 33.- Ֆ. Ք. Քոփենհակըն | 1 (4-12) |
| 34.- Քայրաթ Ալմաթի | 1 (2-11) |
| 35.- Պենֆիքա | 0 (2-8) |
| 36.- Այաքս Ամսթերտամ | 0 (1-14) |


