Աշխարհը կրկին անհանգիստ փոթորկումի մէջ է. մի տեղ յղփացած երկրների կողմից հրահրուած պատերազմ է, այլ տեղեր նոր պատերազմների վտանգի տակ են, մէկ այլ տեղ` ի ցոյց աշխարհի, սպանդ է, բացայայտ ցեղասպանութիւն, անպաշտպան, անզէն, իր դարաւոր հողի վրայ մօտ 80 տարի որպէս ստրուկ, որպէս գերի ապրող 7 միլիոն անզէն պաղեստինցի ժողովրդի դէմ, եւ իմ ողջ էութեան մէջ կրկին արթնանում է իմ ազգի դէմ նոյն վայրագութեամբ իրագործուած Ցեղասպանութեան երբեք չխամրող ներկայութիւնը եւ դրանից ծնուող խորշանքը այն իրագործողների, միաժամանակ դիտող-լռողների դէմ:
Խորշանք` երկրագնդի կոյր ձեւացող բնակչութեան հանդէպ, որոնք անտարբեր լռութեամբ դիտում են` անզէն, խաղաղ բնակչութեան ոչնչացումը, սեփական հողերի վրայ նրանց զարհուրելի սպանդը, սովամահութիւնը, երբեմն` ողորմածաբար սնունդ կոչուող ինչ-որ լուծոյթի մի կաթիլ ստանալու աղաչանքով, պարապ կաթսաները օդում ճօճելով իրար հրմշտկող երեխաների անյոյս, աղեկտուր ճիչը, նրանց զարհուրանք արտայայտող հայեացքները, նուաստացումից անց` մարդկային արժանապատուութեան ոչնչացումը, անխնայ սպանդը նոյնիսկ նրանց օգնութեան ձեռք մեկնողներին` ինքնակամ աշխատող օտար բժիշկներին, միջազգային օգնութիւն բաժանողներին, ամէնօրեայ զանգուածային սպանութիւնների մանրամասները բացայայտող լրագրողներին ու լուսանկարիչներին:
Խորշանք` ոչ թէ անզօր, անասունների վոհմակի պէս, իրենց տների պայթեցումներին ականատես, այդ փլատակներից փրկուած, քար ու կոյտերի փոշով ծածկուած, արդէն 2 տարի տեղից տեղ դիւահար փախչող, իր իսկ բարեբեր երկրում մի ապահով անկիւն չգտնելով, բաց երկնքի տակ արկերի տարափի տակ կոտորուող, ոչնչացուող ժողովրդի հանդէպ, այլ` այդ ոչնչացումը իրագործողների, այն կառավարողների, աշխարհը ղեկավարողների, ժողովուրդների ճակատագիրը վճռողների, իրենց ամենակալ հռչակողների հանդէպ, որոնց պատրաստակամօրէն, նոյնիսկ անվերապահ ոգեւորութեամբ այսօր մենք վստահում ենք նաեւ մեր եւ մեր սերունդների ճակատագիրը:
Խորշանք եմ ապրում, երբ 110 տարի առաջ նոյն ցեղասպանութիւնն ապրած եւ դեռ ընդամէնը 5 տարի առաջ մարդկային անխնայ սպանդի ենթարկուած եւ տարածքային հսկայական կորուստներ տուած իմ երկիրը անտարբեր լռութեամբ է դիտում ու ընդունում պաղեստինցի անպաշտպան ժողովրդի բնաջնջումը. ո՛չ մի ծպտուն, ո՛չ մի մեղադրանք մեր ժողովրդի կողմից: Բայց չէ՞ որ մենք ապրել ենք այս նոյն արհաւիրքը, եւ դեռ մեր բջիջների մէջ տնքում է այդ անմարելի ցաւը, եւ յատկապէս այսօր էլ իւրաքանչիւր հեռատես հայ հասկանում է, որ մեզ էլ ազգովին կրկին տանում են նոյն` պաղեստինեան ճանապարհով, մեր իրաւունքներն ու հողերը թշնամուն յանձնելով` տանում են դէպի աստիճանական բնաջնջում:
Իմ բջիջների յիշողութեան շտեմարանում բոյն դրած իմ նախնիների հանդէպ թուրքի գործած Ցեղասպանութիւնը, անասունների հօտերի պէս մեզ տեղից տեղ քշելը, նոյն սովամահութեամբ նուաստացման ենթարկելը դեռ շարունակում է ապրել իմ մէջ, թէեւ արդէն 110 տարի է անցել, եւ ինքս անձամբ չեմ կրել այդ զարհուրանքը, սակայն իմ բջիջների անբաժանելի մասն է կազմել իմ գերդաստանի ապրածը: Եւ քանի որ հայ եմ, բնականաբար մեծ պետութիւնների ձեռքով իմ ժողովրդի աղաւաղուած ազգային դիմագծի ժառանգորդն եմ, որից չեմ կարող խուսափել, որքան էլ ցանկանամ:
Հետեւաբար անտարբեր չեմ կարող ձեւանալ որեւէ ժողովրդի դէմ գործուող ցեղասպանութեանը, քանի որ իմ ծնունդից առաջ իմ ժողովրդի դէմ գործադրուած Ցեղասպանութիւնը ազդել է իմ ծիների ձեւաւորմանը, իմ էութեան կազմաւորմանը, իմ արեան հետ միախառնուած` այն շրջագայում է իմ մէջ, դարձել է իմ կենսագրութեան անբաժանելի մասը:
Պարզւում է` դարերը անզօր են մարդկային բջիջների յիշողութիւնից քերելու ապրուած զարհուրանքը: Պարզւում է` բջիջների յիշողութիւնը ուղեղի թելադրանքից եւ ստամոքսի պահանջից աւելի զօրաւոր է եւ յարատեւող: Ահա թէ ինչո՛ւ ցեղասպանուածների ժառանգորդների կենսագրութիւնը ինքնըստինքեան սկսւում է նախքան իրենց ծնունդը եւ շարունակւում, տարածւում է իրենց սերունդների վրայ: Պատահական չէ, որ մարդիկ հետաքրքրուած են դեռ միմեանց ազգութեամբ, այն իր մէջ կրում է ե՛ւ դիմագիծ ե՛ւ պատմութիւն:
Թէեւ ծնուել եմ Բ. Համաշխարհայինի վերջաւորութեան, սակայն ինձանից անկախ, նախքան ծնուելս, արդէն կենսագրութիւն եմ ունեցել, եւ ես միշտ պարտաւորուած եմ զգում այդտեղից սկսելու:
Ծնուել եմ Հալէպում, որի հետ թէեւ երբեք չեմ հաշտւում, բայց երախտապարտ եմ ե՛ւ այդ երկրին ե՛ւ այդ քաղաքին ե՛ւ տեղի ժողովրդին, որ այն եղել է իմ ազգի, իմ գերդաստանի Ցեղասպանութիւնից փրկուածների առաջին հանգրուանը: Այդ երկիրը իր տնտեսական, քաղաքական աննկարագրելի ծանր կացութեան, իր հոգեվարքի մէջ ընդունել, օգնել, կեանքի է վերադարձրել իմ կիսամեռ, սովամահ ժողովրդին:
Չեմ հաշտւում իմ այնտեղ ծնուած լինելուս, քանի որ իրականում պէտք էր ծնուած լինէի Մարաշում` Կիլիկիոյ հին այն քաղաքում, ուր ծնուել էին մայրս, իր հօր գերդաստանը: Կամ հօրս ծննդավայր` Ալեքսանտրեթում, եւ կամ իմ մեծ մօր գերդաստանի ծննդավայրում` Սեբաստիա, Սվազ:
Սակայն մեծ երկրների` Գերմանիոյ, Անգլիոյ, Ֆրանսայի, Ռուսաստանի, Ամերիկայի, իրենց եւ Թուրքիոյ շահերը պաշտպանող քաղաքականութիւնը ոչ միայն զրկեց իր հողի վրայ ապրող իմ ժողովրդին եւ իր սերունդներին երկրից, այլ զրկեց նաեւ ինձ ու իմ գալիք սերունդներին մեր դարաւոր հողի վրայ ծնուելու եւ ապրելու մեր ազգային, մարդկային իրաւունքից: Զրկեց մեզ մեր իրական դիմագծից:
Գիտեմ` աշխարհի այս առաջընթացում շատերիդ զարմանալի պիտի թուայ իմ այս մեղադրանքը, կամ անհաշտուողականութիւնը, յատկապէս` հայրենի հողից դուրս ծնուածների համար, քանզի այսօր աշխարհից վերացել է հողի, տեղանքի ազդեցութեան հասկացողութիւնը, թէեւ չի վերացել հզօրների շահերի կործանիչ քաղաքականութիւնը:
Մարդկութիւնն այսօր դարձել է` անարմատ, անհող, միաբջիջ կենդանի: Նա աճում է, ուր իրեն տեղահանում ու նետում են, եւ եթէ բախտի բերմամբ ընկնում է նոյնիսկ իր երկրին չարիք բերող, իր երկիրը կործանող մեծ տէրութիւններից մէկում, այլեւս չի մտածում ո՛չ իր անհետացող երկրի, ո՛չ իր ազգութեան, ո՛չ էլ իր արմատները սնող կենսահիւթի մասին: Նա իրեն երջանիկ եւ օրհնուած է զգում այդ հզօր պետութեան հովանու ներքոյ պատսպարուելով, որի անմիջական զոհն է ինքը, խաթարուած, զրկուած է` իր ազգային դիմագծից, ներքին էութիւնից, իր հողից, իր երկրից, հիմնականում` իր լեզուից:
Դեռ աւելի՛ն. գիտակցօրէն թէ անգիտակցօրէն, իր ապահովութիւնից բաւարարուած, հրահրում, թիկունք է կանգնում տուեալ երկրին յեղաշրջումներ անելու իր երկրում, իշխանութիւն փոխելու անուան տակ նոյնիսկ իր երկիրը ոչնչացնելուն: Քանի որ ինքն արդէն աշխարհաքաղաքական դիմագիծ ունի, այդպէս են կոչում հզօրները տեղահանած անդիմագիծներին, այդպէս են արդարացնում նրանք իրենց ոճիրները, որի իմաստը տեղահանուածներին անհասկանալի է, բայց որոնք պարծանքով են ընդունում այդ նոր անուանումը, դրա հետ մէկտեղ իրենց երկրի ըստ իրենց «բարելաւում-ժողովրդավարութիւնը»: Նրանք ի վիճակի չեն այլեւս իրականութեան խորքը թափանցելու, որովհետեւ մակերեսով են արդէն սնւում նրանց ուղեղները:
Քանի որ ինքս այդ «երջանիկների» խմբին չեմ պատկանում, տարբեր մտածողութեան անձ եմ, ուստի մերժում եմ դառնալ միայն թիւ օտար, թէկուզ եւ հզօր երկրի բնակչութեան մէջ, մերժում եմ մեծ տէրութիւնների ժողովուրդներին ոչնչացնող, տեղահանող բոլոր «արդարացումները»:
Եթէ իմ ժողովրդի կեանքում Ցեղասպանութիւն եղած չլինէր, եւ եթէ մայրս կամ հայրս ծնուած չլինէին Ցեղասպանութեան շրջանում, եւ մեր երկիր Արեւմտահայաստանը չբռնագրաւէին թուրքերը, բնականաբար իմ ծննդավայրը եւ էութիւնս այլ պիտի լինէին: Ես ծնուած կը լինէի իմ երկրում, եւ երկրի տէր լինելու հաստատակամութեամբ կը ձեւաւորուէին իմ էութիւնը, իմ մտածողութիւնը, իսկ հիմա ինձ անծանօթ է այդ զգացումը:
Մեծ տէրութիւնների նենգ քաղաքականութիւնը ինձ զրկել է այդ զգացումից, հետեւաբար ես անվերջ, անհանգիստ քրքրում եմ ե՛ւ մեր ե՛ւ համաշխարհային պատմութիւնը` նրանց արդարացումների մէջ գտնելու թէկուզ մի համոզիչ փաստարկ մեզ զրկանքների մատնելու համար, հաւատալու «խաղաղութիւն» կնքելու նրանց խոստումներին, եւ չգտնելով, մնում եմ իմ սկզբունքին` իմ արմատներին կառչած:
Այսօր, 21-րդ դարի մեծագոյն ցեղասպանութիւն իրագործող, մի ողջ ժողովրդի եւ նրանց սերունդներին իրենց դիմագծից զրկող ազգը 80 երկար տարիներ աշխարհին գերի դարձրեց Գերմանիոյ հողի վրայ իր դէմ գործուած Ողջակիզմանը: Այն դարձրեց ազգային առաւելութիւն` իր քմահաճոյքները պարտադրելով աշխարհին: Դարձրեց` երկրագնդին իշխելու իրաւունք, օրէնք ու հեղինակութիւն, մենաշնորհ, որով արգիլեց ճանաչուեն, ընդունուեն, դատապարտուեն այլ ազգերի, իրենցից առաջ եւ յետոյ գործուած առաւել սարսափելի ցեղասպանութիւնները:
Թոյլ չտուեց, ամէն կերպ խանգարեց, բարձրագոյն մարմիններում խոչընդոտեց ընդունելու յատկապէս Հայոց ցեղասպանութիւնը, փորձեց վերացնել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ դարձուածքն անգամ, որ աշխարհը կենտրոնանայ միայն իրենց Ողջակիզման վրայ, քանի որ իրենց այրել, կազախեղդ էին արել վառարաններում, այնինչ իմ ժողովրդին իրենցից առաջ թուրքերն էին ոչնչացրել նոյն ձեւով, միայն թէ բնութեան վառարաններում` քարանձաւներում, խցկել ու փակել էին քարանձաւի մուտքը, իսկ մահացու կազերը յատուկ բարձիկներով օգտագործել էին բաղնիքներում երեխաներին ոչնչացնելու համար:
Մենք չկարողացանք աշխարհին պարտադրել մեր դէմ կատարուածը, քանզի իրենց Ողջակիզումով տիրացան աշխարհին, ջնջեցին յատկապէս մեր եւ աշխարհում կատարուած ու շարունակուող ցեղասպանութիւնները:
Աշխարհին իր Ողջակիզումով դատապարտած, ստրկացրած, ինքնիրեն միահեծանութեան իրաւունք տուած ազգը, օգտագործելով աշխարհի դրամատնային կարողութեանը տիրացած իր դիրքը, իր կամքը թելադրող սիոնիզմով եւ Մոսատով այսօր բացայայտօրէն օգտագործում է բնաջնջման առաւել միջոցները ոչ միայն Պաղեստինում, այլ նաեւ` Լիբանանում, ողջ Միջին Արեւելքին սպառնալով:
Այստեղ տեղին է յիշել հայկական ասացուածքը` «Թող ոտքիս տեղ անեմ, տես` գլխիդ ի՛նչ բերեմ»:
Բայց չէ՞ որ Պաղեստինը ոչ մէկ կապ ունէր նրանց Ողջակիզման հետ, սակայն այսօր Գերմանիոյ փոխարէն` իրենք են հրեաների վրէժխնդրութեան թիրախը դարձել: Ինչպէս ընդունուած է` «Ուժեղի մօտ միշտ էլ թոյլն է մեղաւոր»: Սա է եղել եւ մնում աշխարհի հզօրների կարգախօսը:
Մի՞թէ կարծում էք այսօրուայ ցեղասպանութեան ենթարկուող եւ մեր նման պատահմամբ կենդանի մնացող պաղեստինցի ժողովրդի բջիջների յիշողութիւնից ջնջուելու է այս ոչնչացում-նուաստացումը, որին օժանդակում են իրենք իրենց «մարդասէր» հռչակած, ժողովրդների իրաւունքները «պաշտպանող» պետութիւնները:
Իսրայէլի ռազմական նախարարը իրեն ուղղուած այն հարցին, «Ինչո՞ւ են յատկապէս պաղեստինցի երեխաներին սպաննում», նա անթաքոյց, ի լուր աշխարհի յայտարարում է. «Սպաննում են, որ իրենց երեխաները ապագայում ապահով կեանք ունենան»:
Լսո՞ւմ էք ալենսիմոնեաններ, նիկոլներ, նրանց հետեւորդներ` «Որ վաղը իրենց երեխաները ապահով կեանք ունենան»: Նրանք գիտեն, վստահ են, որ այսօր իրենց մահացու կրունկներից փրկուած իւրաքանչիւր պաղեստինցի երեխայի, որբի, երիտասարդի, նրանց սերունդների բջիջներից չի ջնջուելու այս սարսափելի կոտորածն ու ստորացումները, դրանք արդէն նրանց բջիջների մէջ են եւ մի օր գլուխ են բարձրացնելու, վրէժ են լուծելու: Իսկ դուք` նիկոլներ, ողորմելիներ, գովերգում էք ձեզ դրամով գնած վայրագ թշնամու ձեր ժողովրդին ոչնչացնելու բացայայտ կոչերն անգամ:
Իմ բջիջների յիշողութեան շտեմարանում բոյն դրած իմ նախնիների հանդէպ թուրքի, անգլիացու, գերմանացու, ֆրանսացու միասնաբար գործած Ցեղասպանութիւնը դեռ շարունակում է նոյն կենդանութեամբ ապրել իմ մէջ, թէեւ, կրկնում եմ, արդէն 110 տարի է անցել, եւ ինքս չեմ ապրել այդ նախճիրը:
Ահա թէ ինչո՛ւ իմ մէջ արմատաւորուել, կպչուն նստուածք է տուել նաեւ ընդամէնը 37 տարի առաջ Արցախի, Սումկայիթի, Պաքուի մեր հայրենակիցների նոյն ստորացումներով, նոյն վայրագութեամբ անպատիժ մնացած կոտորածը:
Եւ այս ամէնին գալիս աւելանում, ժայթքող հրաբուխ է դառնում ընդամէնը 5 տարի առաջ մեր երկրի վարձու ղեկավարի թշնամու հետ համաձայնեցուած կոտորածը իր իսկ ժողովրդի հանդէպ, մեծ զոհերով ազատագրուած Արցախի ամօթալի յանձնումը թշնամուն, այն նոյն թշնամուն, որը 34 տարի վնգստում, միջոցներ էր փնտռում, անարդիւնք յարձակումներ գործում` գոնէ մի մասնիկ պոկելու իր երազած Արցախի տարածքից, մինչեւ արդէն ամենակալ Արեւմուտքի կարգադրութեամբ եւ նրանց անմիջական օգնութեամբ յայտնուեց ներկայ կիսագրագէտ, իշխանութեան ծարաւ, ծախու մի ոչնչութիւն, որը պատրաստակամութիւն յայտնեց անմնացորդ իր ծառայութիւնը մատուցելու մեզ ոչնչացնել ցանկացողներին:
Իսրայէլը ոչնչացնում է տեղաբնակ պաղեստինցիներին, դուրս է նետում կենդանի մնացածներին` երկիր ունենալու, տարածուելու, հզօրանալու համար, մենք` հայերս, մեր երկիրը թշնամուն ենք յանձնում որպէս թշնամու դարաւոր սեփականութիւն, հայ բնակչութեանն էլ առանց ձայն ու ծպտունի` անմիջապէս տեղահանում ենք, որ թշնամին տարածք ունենայ, զօրանայ, վերջնականապէս կործանի մեզ:
Ինչո՞վ է տարբերւում մեր երկրի ղեկավարը ցեղասպաններից, չէ՞ որ իր գործած ոճիրը իր ազգի հանդէպ առաւել ցեղասպանութիւն է, առաւելագոյն պատժի արժանի, քանզի այն գործել է ոչ թէ թշնամին, այլ` իր երկրին եւ ժողովրդին թշնամի ղեկավարը:
Կարծում էք պատահակա՞ն է, ոչ մէկ երկիր ուշադրութեան է արժանացնում մեր մարդասիրական կազմակերպութիւնների բողոքները, Ազրպէյճանին պատժելու, գերիներին ազատ արձակելու հայցերը: Չէ՞ որ բոլորը գիտեն իրականութիւնը, գիտեն, որ մեր իշխանութիւնն է յանձնել երկիրը, յանուն իշխանութեան մնալու` սպաննել 7 հազար հայրենիքի ամբողջականութիւնը պաշտպանող երիտասարդ հայրենասէրների, ինքն է յանձնել Արցախի քաղաքական գործիչներին, տեղահանել Արցախի ժողովրդին:
Գիտեն նաեւ այս ողորմելի իշխանութեան «թաւշեայ յեղափոխութեան» ծնունդն ու «յաղթանակը», իշխանութեան տիրանալը, որովհետեւ իրենք էլ մասնակից են եղել այդ յեղաշրջմանը: Գիտեն, թէ ինչպէ՛ս Սի. Այ. Էյ.ը ջանք եւ դրամ չխնայեց իշխանութիւնը Թուրքիոյ գործակալներին յանձնելու եւ դեռ շարունակում է չխնայել, միայն թէ պահպանեն իրենց հաւատարմօրէն, ինքնակամօրէն ծառայող այս իշխանութեան թափթփուքներին` իրենց մեծագոյն ծրագրերը իրականացնելու համար:
Ահա թէ ինչո՛ւ մենք իրաւունք չունենք մինչեւ ընտրութիւններ սպասելու, քանզի 7 տարի առաջ նրանց նշանակողները, նրանց տէրերը կրկին իրենց են ընտրելու` վարձահատոյց լինելու համար իրենց հաւատարիմ ծառայութեան:
Մեր ժողովուրդը պիտի հասկանայ, որ մեր նման գերեվարուած երկրում ժողովուրդը չի ընտրում, ընտրում են տէրերը, որոնք արդէն ընտրել են, նորերը գտնելու կարիքը չունեն, իսկ, այսպէս կոչուած, «միջազգային դիտորդները», որոնցով արդարացնում են ընտրութիւնների զեղծարարութիւնները, նոյն տէրերի շահերը պաշտպանողներն են:
Այնպէս որ, չխաբուէք արդար ընտրութիւնների տեսլականով, եթէ ուզում ենք, ցանկութիւն ունէք երկիրը ազատելու այս վարձկաններից, մինչ այդ պէտք է իշխանութիւնից հեռացնել ներկայ իշխանութեան ամենավերջին անդամին անգամ, անխտիր բոլորին, ամէն գնով:
(Շար. 1)