Հայ ժողովրդի արուեստի եւ գիտութեան միջոցով ստեղծած ու պատմականօրէն արժեւորած գործերը մեր մշակութային ունեցուածքն է. այդ ունեցուածքը առաջացնողը մեր ազգային կեանքն է, մեր հայրենացուած կենսաձեւն է, ապրուստն է: Քաղաքակրթութիւնը հակադրւում է բարբարոսութեանը: Մշակոյթը ազգ է դարձնում ժողովրդային հասարակութեանը:
Ժամանակի անիւը դարիւ-դարիւ թաւալումով կուտակում է համաշխարհային հասարակայնութեան կեանքի ու կենցաղի, որոնումների եւ իրագործումների նուաճումները եւ… կորուստները. դրանց համախառն գումարը, որ ի հեճուկս յետադիմական բռնատիրութիւնների, խաւարամտութեան սողոսկումների, աւերումների ու տառապանքների` կարողացել է, որպէս նպատակասլաց անխափան հոլովոյթ, դրական գերակշռութիւն աւելացնել, ստեղծագործական բարիքների բերրիութիւնը բաշխել աշխարհին ու մարդկութեանը, հակադրաբար, իր իսկ զարգացումի եւ երջանկութեան սիրոյն տարուած է նաեւ քանդումների ու կործանումների կենդանական կիրքով եւ անագորոյն մոլուցքով: Արդարեւ` բարու գերակշռութեամբ ու չարի ստորակայութեամբ:
Անապահով ու խառնակ այս օրերի բաւիղում` ահա այն, ինչ դարեր ու դարեր, որպէս բարոյական, գերֆիզիքական ու անկապտելի ժառանգութիւն, յենարան, այլեւ ներշնչումի ու ոգեւորութեան լուսաղբիւր, յարատեւումի կարողութեամբ է օժտել մեր ժողովրդին, եղել է հայ մշակոյթը: Համաշխարհային ու ազգային պատմական այս ներկայում հայրենական ու սփիւռքեան մեր տարածքներում առ մէկ ազգ մէկ մշակոյթ մեր ձգտումը պէտք է համազգային հաւաքական գիտակից ընտրութեամբ լինի նպատակային. միտումնաւոր կիրառութեամբ բարձրանայ տեղայնական մասնաւորութիւններից, գերազանցի դրանց եւ հասնի հայրենական, հայրենանմանակ ամբողջականութեան: Բոլոր առաջադէմ ազգութիւնները նման ազգային համալրումով են ամրացրել ու ամրացնում իրենց սեփական առաջամէտ ընթացքը: Մաղթելի է մեզ էլ: Քսանմէկերորդ այս դարասկզբում, համաշխարհայնացման համակարգչային ու համացանցային այս յորձանուտում ազգային համոյթում տեղայնական մասնաւորութիւնները հարստութիւն չեն այլեւս, ջլատիչ են: Սփիւռքեան մեր զանգուածներում մենք պէտք է զարգացնենք հայրենիացումը, որի բնից է, արդարեւ, աճել մեր տեղայնական ճիւղը: Հայրենիացումը մեզ աւելի կը մօտեցնի մեր բնորդին, եւ դա ազգային նուաճում ու շահ կը լինի հայութեան համար: Բարձրախօսել յանուն հայութեան, տեղայնական մասնայատկութիւններ առաջ քշելով, զարտուղիութիւնների կը մատնի մեր բազմահամայնք հաւաքականութիւնների հայկական ազգային մեծուղին, ոլորանների մէջ կը մոլորեցնի, կը հասցնի կքումի:
Հայ մշակոյթի արմատները սկիզբ են առնում անչափելի ժամանակների խորքերից: Նոր ու գիտական արդի պատմագրութեամբ, բնաղբիւրների ճշգրտուող ուսումնասիրութեամբ երեւան են հանւում հայ էթնոսի պատմական մեծ դերը, որ խաղացել է իր բնօրրանում, Հայկական Բարձրաւանդակում, փոքր Ասիայի հողատարածքում, որ անցած դարի տարածուած կեղծ պատմավերլուծութեամբ վերագրւում էր կեղծաստեղծ ցեղերի ու նախաազգերի, որ իրականում պիտի վերագրուէր նոյն հայութեանը: Նրա առաջացրած մշակոյթի ու քաղաքակրթութեան նախահիմքերը պատմական, ազգագրական կուտակումի հոլովոյթով հասել են մինչեւ հինգերորդ դարը, այնտեղ հաստատել են անկիւնադարձային միաւորուած խարիսխ, ապա յառնել են ազգային նկարագրով լիցքաւորուած նոր ուժի ու եռանդի մղումով` թեւ տալով մեզ դէպի գալիքները համամարդկային քաղաքակիրթ կեանքի, ազգային հիմնաքարով: Մեր պատմական մշակութային անկիւնադարձը հինգերորդ դարում հիմնուած է Ս. Մեսրոպ Մաշտոց վսեմական վարդապետի հանճարեղ ստեղծագործութեան վրայ, որի ազգային, հասարակական, քաղաքական եւ մշակութային անդրադարձումով հայ ժողովուրդը նուաճել է իր Ոսկեդարը:
Ազգային, հասարակական եւ մշակութային տարողութեամբ է, ուրեմն, որ գրերի գիւտից յետոյ, Աստուածաշնչի թարգմանութիւնը հայերէնի ստանում է պատմական արժէք: Եւ դա ոչ թէ թարգմանական մի հրաշալի իրագործումի իմաստով` որպէս Թագուհի թարգմանութեանց, այլ այն, որ այդ նուաճումը հայոց լեզուն բարձրացնում էր համաշխարհային ճանաչումի մակարդակի` որպէս մի լեզուի, որ ի վիճակի էր արդէն արտայայտելու ժամանակի ամենաառաջաւոր, այլեւ յեղափոխական կենսափիլիսոփայութեան, հասարակական ու ընկերային կեանքի իմաստասիրութեան ամենաբարդ մտածումի եւ առաջադրութիւնների գաղափարախօսութիւնը: Ժամանակի կազմաւորուած աւատապետական հասարակութեան ընկերային ու կրօնական կեանքի, աւանդութիւնների ու բարքերի մէջ քրիստոնէութիւնը սկսեց աւելի հիմնաւոր ու ազդեցիկ ներթափանցել հայերէն, հայերէնացուած Աստուածաշնչով` որպէս հոգեմտաւոր համակարգի մի նոր մայրաղբիւր, որ ձեւով ազգայնացնում էր քրիստոնէութեանը` պահելով ըստ բնոյթի նրա համամարդկային տեսլապաշտութիւնը, տեսլախօսութիւնը:
Հայոց գրերի հանճարեղ գիւտը, տեղայնական մասնայատկութիւններից բարձր ու գերադաս կիրառութեամբ, հիմնաքարը եղաւ մեր մշակութային մշտնջենական անկախութեան, թէեւ` քաղաքական պատմաշրջանային երբեմնակի ենթակայութիւնների տրոհումներով: Պետական անկախութեան կորուստների ժամանակներում նոյնիսկ հայ ժողովուրդը իր ազգային գիր ու գրականութեամբ, կորուստներով հանդերձ, յարատեւ է պահել հայ մշակութային անկախութիւնը. եւ դա ոչ թէ կղզիացած վիճակում, այլ առաջատար մշակոյթների հետ կենդանի յարաբերութեամբ, ազդուելով ու ազդելով: Մեր ժողովուրդը միանշանակ պահել է հայ մշակութային ինքնիշխանութիւնը: Սեփական այբուբենը ազգային ինքնուրոյնութիւն պարգեւեց հայ մշակոյթին. իսկ Աստուածաշնչի թարգմանութիւնը քրիստոնէացած հայ մշակոյթի անձնականութեանը պարգեւեց ազգային համընդհանուր ճանաչում` ինքնեկ ազգային ինքնաճանաչողական բնազդով: Թարգմանիչների նախ պարզունակ ժողովրդական կարիքը հետզհետէ դարձաւ գաղափարախօսութեան տարածման կարեւոր ու հիմնական պայման, ծաւալուեց որպէս թարգմանչական հոսանք, որ հասարակական ու ընկերային դերակատարութեան հետ միաժամանակ մարզեց ու մշակեց դեռ անգիր հայոց լեզուն, որ անմիջապէս ոսկեղենիկ դարձաւ հայերէն տառերի կիրառումով ու գրութեամբ: Սկիզբ առած թարգմանական եւ իմքնուրոյն աշխատութիւնների միջոցով ժամանակի առաջատար մտքի մակընթացութիւնը ողողեց մեր ժողովրդի բաւական ընդլայն խաւերին, որոնց կազմող մարդիկ գալիս էին տարբեր դասակարգերից: Այդ մակընթացութիւնը ազգային լեզուով ու ազգային գրութեամբ ամրացրեց ազգային ինքնագիտակցութիւնը, զօրացրեց ազգային ոգին եւ ձեւաւորեց հայ ժողովրդի քաղաքական, հասարակական, ընկերային հետագայ ընթացքը: Տառերի գիւտից ընդամէնը չորս տասնամեակ յետոյ, 451 թուականին, Վարդանանց Ոգին դրա անմիջական հաստատումն էր, ոչ թէ յանկարծական արեւումով, այլ` աստիճանական համբառնումով: Վարդանանքը թէեւ պատերազմական, ֆիզիքական պարտութեամբ չկարողացան պաշտպանել հայ քաղաքականպետական ինքնիշխանութիւնը` վահանով, բայց բարոյագաղափարական յաղթանակով հաստատեցին հայ ազգի քաղաքական մտածողութեան ինքնիշխանութիւնը` վահանին: Դրանով է իմաստաւորւում ժամանակի սրբազան լոզունգը. «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին». այսինքն, վահանով կը պաշտպանենք մեր իրաւունքը եւ տեղի չենք տայ, նոյնիսկ եթէ զոհուենք, ընկնենք վահանի վրայ: Քաղաքական մտածողութեան ազգային ինքնապաշտպանութեան ինքնիշխան այդ կեցուածքը այնպէս ամրացաւ հայ ազգութեան մէջ, որ «Կա՛մ վահանով, կա՛մ վահանին» ոգեւորութիւնը արտացոլեց մեր նորագոյն պատմութեան մի շքեղ պատմաշրջանում` «Ազատութիւն կամ մահ» նշանախօսքով, այսինքն` մենք ազատութեան ենք ձգտում, ապրելու ազատ, եւ տեղի չենք տայ, նոյնիսկ եթէ զոհուենք, մահ գտնենք դրա սիրոյն:
Պատմական հեռաւորութիւնների սրբազան խորքերից եւ նուիրական կապակցութիւններով է մեզ հրիտակուել հայ մշակոյթը, որ ծաղկում ու ներշնչում է մեզ` ե՛ւ ի Հայաստան ե՛ւ Ամերիկա, ե՛ւ ի սփիւռս աշխարհի: Թող հայ նոր սերունդը տիրի հայրենական հայ մշակոյթին, տանի նրան նորանոր բարձունքների: Արարատը նուաճելի է:
Ո՛վ Աստուած, ո՛վ աշխարհք, ո՛վ բնութիւն: