1.- Մինչ Թրամփը իր հերթական զառանցանքով յայտարարում է «եօթ պատերազմներ կանխելու» մասին, Վենեզուելան շրջապատուած է նոյն թրամփեան ԱՄՆ-ի ծովուժի տասնեակ ռազմանաւերով…
2.- Մինչ նոյն Թրամփը Նոպէլեան խաղաղութեան մրցանակին է յաւակնում, նա պատերազմով է սպառնում Աֆղանիստանին, որպէսզի վերջինս կրկին ԱՄՆ-ին տրամադրի «Պաղրամ» ռազմօդային յենակայանը:
Ինչո՞ւ, որովհետեւ այդ յենակայանից ընդամէնը մէկժամեայ թռիչքով ամերիկեան տարբեր տեսակի «ԷՖ» տիպի օդանաւերը ի զօրու են հասնել Չինաստանի միջուկային կեդրոնների պահման վայրերին…
3.- Մինչ Թրամփը աշխարհում խաղաղութեան հաստատման համար ինքն իրեն ԱՄՆ միակ յաջողակ նախագահն է համարում, բայց եւ այնպէս, իր ղեկավարած երկիրը հանդիսանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միակ գերուժը, որը չեղարկում ու վեթօ է կիրառում պաղեստինեան Կազայում խաղաղութեան հաստատման բանաձեւին…
4.- Եւ… մինչ ամենայն երկդիմութեամբ ու երկակի չափանիշների կիրառմամբ, Սիրիայում իշխանութեան է բերում հանրայայտ ահաբեկիչների, այդ նոյն Թրամփն, ահա, պաղեստինեան դատը հետապնդող զինեալ խմբաւորումներին ահաբեկիչ է անուանում…
5.- Հապա՞. ի՞նչ ասել դեռ վերջերս Հայաստանի համար խաղաղութիւն խոստացող թրամփեան երաշխիքների մասին, երբ իր իսկ նախորդին` դեմոկրատ Պայտընին յիմար համարող նախագահը, երրորդ անգամը լինելով, Armenia արտաբերելու փոխարէն Albania է արտաբերում…
6.- Ահաւասիկ, նոյն «խաղաղութեան» դափնիների ձգտող արկածախնդիր ու անհաւասարակշիռ նախագահի հրամանով էր, որ յունիսեան համատեղ վայրագութեամբ, ցեղասպան Իսրայէլի դրդումով ռմբակոծուեցին Իրանի բացառապէս խաղաղ նպատակներով գործարկուող միջուկային կենտրոն-հաստատութիւնները…
7.- Ո՞ւր մնացին պրն. Թրամփի նախընտրական յայտարարութիւններն` ռուս-ուքրանական պատերազմը դադարեցնելու վերաբերեալ: Երէկ Զելենսքիից, իսկ այսօր Փութինից հիասթափուա՜ծ Թրամփը մէկ ՕԹԱՆ-ին, մէկ Եւրամիութեանն է մեղադրում տուեալ պատերազմում ռուսական առաջխաղացման հարցում…
8.- Այս օրերին, սակայն, նիւեորքեան ծովեզերքում 80-ամեայ ՄԱԿ-ը հիւրընկալն է աշխարհի շուրջ 200 երկրի ղեկավարների, որոնք եւս, յար եւ նման իրենց նախորդների, հանդէս են գալիս տարեկան ելոյթներով. ոմանք, ի հարկէ, անկեղծ-սկզբունքային մտորումներով: Խոշոր տոկոսը, սակայն, իրենց ելոյթներում նախապատուութիւնը տալիս է հաշուենկատ, շահակցական նպատակների, որոնք սոսկ հիմնուած են համաշխարհային ուժային կենտրոնների քմահաճոյքներին…
9.- Իսկ քանի դեռ միջազգային ընտանիքը այսպիսի կամազուրկ ու տկար ՄԱԿ-երով է ի մի գալիս, հեռու է լինելու նոյն ՄԱԿ-երի որդեգրած թէ՛ մարդկային, թէ՛ ազգային բոլոր կարգի իրաւունքների արդար պաշտպանութիւնն ու կենսագործունէութիւնը…
10.- Դեռ երէկ էին Հարաւային Կովկասում վերոգրեալ «իրաւունքների» զոհասեղանին արժանանում հազարամեակների քաղաքակրթութեան կրող Արցախն ու արցախցին, իսկ այսօր էլ` Միջին Արեւելքի հնամենի ժողովուրդ` պաղեստինցին, որոնք հաւասարապէս երրորդ հազարամեակի նորագոյն ցեղասպանութիւնների զոհերն եղան ինչպէս թուրք-ազրպէյճանական, այնպէս էլ` սիոնիստական վարչակարգերի դերակատարութեամբ…
… Իսկ պատմականօրէն ցեղասպաններին պաշտպան հանդիսացած Մե՜ծն Բրիտանիայի այսօրեայ «պաղեստինանպաստ» կեցուածքները ոչ այլ ինչ են, եթէ ոչ` անգլոսաքսոնական նորագոյն գաղութատիրական նկրտումներ…
«Ալիք»