ԴՄԻՏՐԻ ՌՈԴԻՈՆՈՎ
Հայաստանը նոյեմբերի 1-ից Արարատ լերան պատկերը կը հեռացնի սահմանահատման դրոշմակնիքներից, համապատասխան որոշումն ընդունել է կառավարութիւնը: Մինչդեռ Արարատը համարւում է Հայաստանի ազգային խորհրդանիշը: Այս լեռը պատկերուած է երկրի զինանշանի վրայ, ողջ նախկին ԽՍՀՄ-ում հանրաճանաչ քոնեաքը կոչւում է նրա պատուին, ֆութպոլային ակումբը կոչւում է այս անունով եւ բայց շատ ու շատ բաներ: Սակայն հայերի համար սրբազան լեռը 1921-ի Մոսկուայի պայմանագրով անցաւ Թուրքիային, ինչը հայերի համար մինչ օրս հանդիսանում է պատմական խոց:
Թուրքիայում միշտ դժգոհել են, որ Հայաստանում «իրենց սարը» պատկերում են ամէնուր, որտեղ հնարաւոր է: Այսպիսի կիսաառասպել կայ. մի անգամ թուրքերը Ստալինին հարցրել են. «Ինչո՞ւ է Հայաստանի զինանշանի վրայ պատկերուած Արարատ լեռը, չէ՞ որ այն Հայաստանի տարածքում չէ»: Ստալինը պատասխանել է. «Թուրքիայի զինանշանի վրայ կիսալուսին է պատկերուած, բայց չէ՞ որ լուսինը Թուրքիայում չէ»…
Ակնյայտ է` Արարատը դրոշմակնիքից հեռացնելու որոշումը խոնարհում է Անգարայի ուղղութեամբ: Տրամաբանական է` եթէ այն հեռացուի զինանշանից: Եւ սրանք սոյն տողերի հեղինակի երեւակայութիւնները չեն: Այն մասին, որ Հայաստանի իշխանութիւնները կարող են Արարատ լերան պատկերը հանել երկրի զինանշանից, յայտնել է յատուկ յանձնարարութիւններով ՀՀ նախկին դեսպան Էտմոն Մարուքեանը: Նրա խօսքով, կառավարութեան այս նախաձեռնութիւնը ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման հետ: Մարուքեանի կարծիքով, դա ուզում են անել «հայկական ինքնութիւնը փոխակերպելու համար»: «Ես պնդում եմ` նման պայման չկայ: Թող ցոյց տան մի փաստաթուղթ, որը Հայաստանին պարտաւորեցնում է Արարատ լեռը հանել բոլոր պետական խորհրդանիշներից` յանուն սահմանի բացման», ասել է նա:
ՀՀ վարչապետը հերքել է այն պնդումները, թէ Արարատի պատկերը նամականիշներից վերացնելը Թուրքիայի պահանջն է: Նա պնդում է` դա արուել է «Հայաստանը ճիշդ աերոտինամիքայի վրայ դնելու եւ երկրի պետականութիւնն ամրապնդելու համար»: Իսկ իշխող ՔՊ կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան քարտուղար Արթուր Յովհաննիսեանը յայտարարել է` Հայաստանի ոչ մի գործողութիւն պէտք չէ վտանգաւոր ազդակներ ուղարկի հարեւան երկրներին:
Դէ ինչ, այդ տրամաբանութիւնից ելնելով` պէտք է կատարել սահմանադրութեան փոփոխութեան Պաքուի պահանջները, որտեղ յիշատակւում է Հայաստանի մէկ այլ խորհրդանիշ Ղարաբաղի հետ միասնութիւնը: Ազրպէյճանը դրան վաղուց է ձգտում, բայց հայկական իշխանութիւնները դեռ «ձգձգում» են հարցը: Ի դէպ, տէ ֆաքթօ եւ տէ ժիւրէ Երեւանը վաղուց ձեւակերպել էր Ղարաբաղից հրաժարուելը, աւելի՛ն, իշխանութիւնները մշտապէս ընդգծում են` դա միայն բեռ էր, որը կաշկանդում էր Հայաստանի ձեռքերն ու ոտքերը` խանգարելով հարեւանների հետ բնականոնացման: Բառացիօրէն այս ամառ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց` Հայաստանը, 2022-ին Ղարաբաղը յանձնելով Ազրպէյճանին, ձեռք է բերել ինքնիշխանութիւն: «Շատ են խօսում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը: Բնականաբար ես շատ եմ մտածել այս հարցի մասին: Եւ այստեղ պատասխանն այն է, որ մենք ոչ թէ կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը, այլ ձեռք բերեցինք Հայաստանի Հանրապետութիւնը»: Աւելի վաղ նա նաեւ ասել էր` «Ղարաբաղեան շարժումը» պէտք չէ շարունակուի, քանի որ այն խոչընդոտ է հայկական պետականութեան ձեւաւորման ճանապարհին:
Դէ ինչ, սա հայերի համար երկրորդ ցաւոտ թեման է: Կայ նաեւ երրորդը` Ցեղասպանութիւնը: Եւ այստեղ էլ իշխանութիւնը գնաց դիրքերը յանձնելու: Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինեանը ակնարկել էր` Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը Հայաստանին ոչինչ չի տալիս, քանի որ Ցեղասպանութեան թեման դառնում է «աշխարհաքաղաքական մանրադրամ»:
Ոչ, ի հարկէ, հայկական իշխանութիւնները դեռ չեն հասել Ցեղասպանութեան ժխտմանը, դրա համար սահմանուել է յօդուած: Այնուամենայնիւ, սա ապագայի երաշխիք չէ: Բոլորովին վերջերս Հայաստանի իշխող կուսակցութիւնը մերժեց խորհրդարանական ընդդիմութեան ներկայացրած օրինագիծը, որով առաջարկւում էր խստացնել քրէական պատիժը Հայոց ցեղասպանութեան ժխտման համար: Հող են պատրաստում:
Եւս մէկ անգամ կրկնեմ` Արարատը, Ղարաբաղը, Ցեղասպանութիւնը հայերի համար սրբազան խորհրդանիշներ են, առանց որոնց` անհնար է նրանց ինքնութիւնը, բայց հէնց նրանց Նիկոլ Փաշինեանը եւ իր խմբակը համակարգուած ջնջում են: Այս շարքում են եւ Եկեղեցու վրայ ճնշումները, եւ նրա առաջնորդների հետապնդումները: Քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցի կարծիքով, իշխանութիւնները պատերազմ են յայտարարել Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական ինքնութեանը: «Հասկանում էք` այժմ պետութիւնը զրկւում է իր բովանդակութիւնից: Այսօր մենք կորցնում ենք այն: Ներկայիս իշխանութիւնը մօտենում է ընտրական նոր շրջափուլի` պատերազմ յայտարարելով Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական ինքնութեանը: Բոլոր ձեռքբերումները վերանայւում են: Մեր հասարակութիւնը պէտք է գնա ընտրութիւնների` գիտակցելով դա: Բայց նորից կրկնեմ` ես առիթ եմ տեսնում, որ ընտրութիւնների միջոցով կը յաղթի Հայաստանի Հանրապետութիւնը», համոզուած է նա: Սուրէնեանցը վերջերս քննադատել է նաեւ իշխող կուսակցութեան նոր նախընտրական ծրագիրը, որն, ըստ նրա, աւելի շատ «Սեղանի կենաց» է յիշեցնում` առանց ճշգրիտ թուերի եւ իրագործուող նպատակների` յստակ ուղենիշների եւ անորոշ ձեւակերպումների բացակայութեան պատճառով: Փորձագէտը քննադատել է ծրագրի առանցքային թեզը` «խաղաղութիւնն անվտանգութեան երաշխիք է», նշելով, որ Հայաստանի համար նման երկրի համար անվտանգութեան շատ աւելի կարեւոր երաշխիք է մասնակցութիւնն անվտանգութեան որեւէ համակարգի, որի մասին փաստաթղթում չի նշւում:
Համաձայնենք փորձագէտի հետ, որի տեսակէտը կիսում են նրա շատ գործընկերներ եւ գործող քաղաքական գործիչներ: Հայաստանի համար ոչ մի իմաստ չունի հրաժարուել նոյն ՀԱՊԿ-ին անդամակցելուց: Սակայն Երեւանը, «սառեցնելով» իր մասնակցութիւնը կազմակերպութեանը, վաղուց սիրախաղ է անում ՕԹԱՆ-ի հետ` անցկացնելով համատեղ զօրավարժութիւններ, ստորագրելով տարբեր ոլորտներում փոխգործակցութեան մասին բոլոր տեսակի համաձայնագրեր:
Հարկ է նշել` Երեւանն ու Ուաշինկթընը դեռեւս տարեսկզբին ստորագրել են ռազմավարական գործընկերութեան մասին պայմանագիր, որը փաստացի ԱՄՆ-ին է փոխանցում հայկական ուժանիւթային վերահսկողութիւնը: Իսկ օգոստոսին Ուաշինկթընում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ դրանք համատեղ հռչակագիր ստորագրեցին Թրամփի հետ, որը, խախտելով 2020-ի նոյեմբերի եռակողմ (Ռուսաստան-Հայաստան-Ազրպէյճան) յայտարարութիւնը, փաստօրէն ԱՄՆ-ին տալիս է` «Զանգեզուրի միջանցք»-ի վերահսկողութիւնը, որն այժմ կոչւում է ոչ այլ ինչ, քան` «Թրամփի երթուղի»:
Ի դէպ, նոյն ամսին ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Մեծն Բրիտանիայի Եւրոպայի, Հիւսիսային Ամերիկայի եւ անդրծովեան տարածքների հարցերով պետնախարար Սթիվըն Տաութիի հանդիպման արդիւնքներով յայտարարուեց` Հայաստանն ու Մեծն Բրիտանիան մտադիր են երկկողմ յարաբերութիւնները հասցնել ռազմավարական գործընկերութեան մակարդակի: Իսկ օրերս Փարիզում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցութիւններ երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչների միջեւ, որոնց ընթացքում քննարկուել է, թէ ինչպէս են Հայաստանն ու Ֆրանսան եւս ստորագրելու ռազմավարական գործընկերութեան փաստաթուղթը:
Ահա եւ ուղենիշները, եւ մասնակցութիւնն «անվտանգութեան համակարգին»:
Եւ, ի հարկէ, Թուրքիայի հետ գործընկերութիւնը: Սեպտեմբերի սկզբին Հայաստանի խորհրդարանի փոխխօսնակ Ռուբէն Ռուբինեանը յայտարարել էր` իշխանութիւնները պատրաստ են բացել Թուրքիայի հետ սահմանները, ինչպէս նաեւ` հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ: Եւ Թուրքիան, պէտք է հասկանալ, կողմ է:
Ինչ կայ չոր մնացորդում: Մնում է Ղարաբաղը հանել սահմանադրութիւնից, Արարատը` զինանշանից, դադարեցնել Ցեղասպանութեան ճանաչման լոպիստական գործունէութիւնը, բացել Թրամփի երթուղին, եւ խնդիրը, յիշեցնենք Նիկոլ Փաշինեանի խօսքերը, «Հայաստանը ճիշդ աերոտինամիքայի վրայ դնել եւ ամրապնդել երկրի պետականութիւնը», կը լուծուի: Ձեւաւորուելու է «իրական Հայաստան»` հէնց այսպէս է կոչւում Նիկոլ Փաշինեանի առաջ քաշած հայեցակարգը:
Դրա իմաստն այն է, որ երկիրը 30 տարի ապրել է մեկուսացման մէջ, բայց արժէ միայն խաղաղութիւն հաստատել հարեւանների հետ, բացել սահմանները, եւ անմիջապէս կը գայ համընդհանուր բարօրութիւն: Նման մի բան ժամանակին մենք տեսանք Սերպիայում, որը, տանուլ տալով տարածքի համար մղուող պատերազմները, ուրացաւ իր առաջնորդներին` յանձնելով նրանց Լա Հէյի դատաստանին: Նրա համար ոչ մի լաւ բանով դա չաւարտուեց, երկիրը ցնցւում է քաղաքական ճգնաժամերով, այն «ամուր խրուած է» Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ` այդպէս էլ չդառնալով «կամուրջ» նրանց միջեւ:
Ի դէպ, սերպերն աւելի լուրջ քաղաքական եւ տնտեսական դիրքորոշումներ ունեն, քան` հայերը: Վերջիններս հաճոյանալով նախկինների (նախկինների՞ն) թշնամիներին` ռիսքի են դիմում կորցնելու ոչ միայն իրենց տարածքի մի մասը, այլեւ` ամբողջը եւ լիովին կորցնելու իրենց ինքնիշխանութիւնը: Ընդ որում` Ռուսաստանի հովանաւորութիւնից, որը դարեր շարունակ պաշտպանել է հայ ժողովրդին, Երեւանը գիտակցաբար հրաժարւում է:
Հասկանո՞ւմ են արդեօք հայ ընտրողները, թէ ինչո՛վ կարող է աւարտուել այս ամէնը, պարզ կը դառնայ 2026-ի յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում: Ընդդիմութիւնն էլ է դրանց պատրաստւում. օրերս «Պատիւ ունեմ» խմբակցութիւնը պատրաստել էր վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին ԱԺ յայտարարութեան նախագիծ` մեղադրելով նրան, որ իր քաղաքականութիւնն աղէտալի հետեւանքներ է ունեցել ազգային անվտանգութեան, պետական ինքնիշխանութեան, ժողովրդավարութեան, ընկերային-տնտեսական եւ ազգային կեանքի բոլոր ոլորտների համար` ստեղծելով լրջագոյն խնդիրներ եւ վտանգելով երկրի ապագան: Պէտք է հասկանալ` խորհրդարանի ներկայիս կազմում ընդդիմութիւնը ոչ մի կերպ չի բաւականացնի իմփիչմենթի ձայները, սակայն այստեղ նշան է ապագայի համար, սա արդէն ընտրարշաւի սկիզբն է:
Այլ հարց է` արդեօ՞ք դա կ՛օգնի հայաստանեան ընդդիմութեանը, որի հակավարկանիշը մնում է բարձր եւ խաղում է իշխանութեան օգտին: Ամէն դէպքում, այս ընտրութիւնները կարող են կարեւորագոյնը դառնալ Հայաստանի նորագոյն պատմութեան մէջ. վճռուելու է սկզբունքային հարց` լինե՞լ, թէ՞ չլինել պետութիւն:
Թարգմանութիւնը`
Գ. Մ.