Խստօրէն դատապարտում ենք Մերձաւան բնակավայրում տեղի ունեցած զինուած յարձակումը, որի հետեւանքով սպաննուել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորեանը եւ քրէական ոստիկանութեան ծառայող Կարէն Աբրահամեանը, եւ վիրաւորուել է մէկ քաղաքացի:
Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում զոհուածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը:
Վիրաւորում ստացած քաղաքացուն մաղթում ենք շուտափոյթ ապաքինում:
Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետութիւնում տարիներ շարունակ թուլացւում են պետական հաստատութիւնները, խորանում է անպատժելիութիւնը, իրաւապահ համակարգն իրականացնում է ընտրովի արդարադատութիւն, իսկ առկայ ներուժն օգտագործւում է քաղաքական հետապնդումների նպատակով:
Հետեւանքները չեն ուշանում` հասարակական անվտանգութիւնը գտնւում է լրջագոյն սպառնալիքի տակ: Այս յանցագործութիւնը հարուած է ոչ միայն առանձին քաղաքացիներին, այլեւ մեր պետութեան ու պետականութեան հիմքերին:
«Իրական Հայաստան» հռչակած իշխանութիւնը տարիներ շարունակ զբաղուած է մտացածին սպառնալիքներ «կանխելով», երկրում ստեղծելով քրէածին միջավայր: Աւելին, պարբերաբար հնչող բռնութեան ու հաշուեյարդարի կոչերով, հանրութեանը «սեւերի ու սպիտակների» բաժանելով` պարարտ հող են ստեղծել նման յանցագործութիւնների համար, որոնց թիւը թռիչքաձեւ աճում է:
Իշխանութիւնը քրէականացնում է այլախոհութիւնը, հալածում հոգեւորականներին ու ընդդիմախօսներին, միաժամանակ` քաղաքացիներին թողնելով անպաշտպան զինուած յանցագործների դէմ:
Սա արդէն ոչ թէ անգործութիւն է, այլ ուղղակի յանցակցութիւն:
Պահանջում ենք իրաւապահ մարմիններից` անյապաղ եւ ամբողջական բացայայտել դէպքը, ինչպէս նաեւ օրէնքի ողջ խստութեամբ պատասխանատուութեան ենթարկել մեղաւորներին:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
24 սեպտեմբեր 2025
Երեւան