Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ուաշինկթընեան Համաձայնութիւններ. «Խաղաղութեան» Համաձայնագրի Որոշ Խութեր (Բ)

September 15, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի
կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

2025 թ. օգոստոսի 8-ին Ուաշինկթընում ամերիկեան միջնորդութեամբ Հայաստանի եւ Ազրպէյճանի արտգործնախարարների կողմից նախաստորագրուեց «Ազրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան ու միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին» համաձայնագիրը: Դրա մասին կողմերը 2025 թ. մարտի 13-ին, երբ Ազրպէյճանի արտգործնախարարը, արհամարհելով պաշտօնական Երեւանի` համատեղ յայտարարութեամբ հանդէս գալու առաջարկն ու խախտելով դիւանագիտական փոխադարձութեան սկզբունքը, յայտարարեց, որ Պաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան պայմանագրի բնագրի համաձայնեցման շուրջ բանակցութիւնները աւարտուած են, ապա շեշտեց, որ Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցուած վերջին երկու կէտերի վերաբերեալ ազրպէյճանական կողմի առաջարկները, որոնք վերաբերում էին միմեանց դէմ ներկայացուած միջազգային դատական հայցերի յետկանչին եւ սահմաններում երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը:

Նախաստորագրուած համաձայնագիրը, որը իրաւակիրառ ուժ չունի, քանի դեռ չի անցել ներպետական վաւերացման անհրաժեշտ փուլերը, պարունակում է 17 յօդուած: Այս համաձայնագիրն աւելի շատ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին է, քան` խաղաղութեան, քանի որ տարածաշրջանում խաղաղութեան խաթարման համար հիմք հանդիսացող հանգամանքներից որեւէ մէկը յստակ հասցէագրուած չէ:

Սոյն յօդուածաշարի նախորդ մասում, փորձելով առարկայականօրէն գնահատել իրավիճակը, նկատել էինք, որ ստեղծուած իրավիճակում անորոշութիւնն աւելի շատ է, քան` որոշակիութիւնը: Մասնաւորապէս արձանագրել էինք, որ նախաստորագրուած համաձայնագրով, ինչպէս նաեւ ստորագրուած յուշագրերով մասնաւորապէս առաջ են գալիս հետեւեալ խնդիրները, որոնց արդէն հանգամանօրէն կ՛անդրադառնանք սոյն յօդուածում:

1.- Համաձայնագիրը շրջանցում է իրական խաղաղութեան համար հիմնարար հարցերը, մասնաւորապէս`

Ա.- Արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման անհրաժեշտութիւնը

Համաձայնագրում անդրադարձ չկայ արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման խնդրին, մինչդեռ այս իրաւունքի պարտադիր իրացման անհրաժեշտութեան մասին որոշում ունի նոյնիսկ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը (2023 թ. նոյեմբերի 17), ինչպէս նաեւ` տասնեակ միջազգային կազմակերպութիւններ (ՄԱԿ-ի տարբեր կառոյցներ, Եւրոպական Միութիւն, Եւրոպայի խորհուրդ) եւ առանձին պետութիւններ` ինչպէս գործադիր, այնպէս էլ օրէնսդիր իշխանութեան մակարդակով:

Բ.- Հայ ռազմագերիների եւ ձերբակալուածների անվերապահ ազատ արձակումը, Ազրպէյճանի զինուած ուժերի դուրսբերումը Հայաստանում բռնագրաւուած տարածքներից:

Այս հարցերը ուժով «լուծուած» համարելով` փաստաթուղթը վտանգում է կայունութիւնը եւ օրինականացնում է վէճերի լուծման համար հարկադրանքի կիրառումը: Թէեւ բնագրում օգտագործւում են ՄԱԿ-ի կանոնադրութեան, 1970 թ. «Բարեկամական յարաբերութիւնների հռչակագրի» եւ ԵԱՀԿ Հելսինքիի եզրափակիչ աքթի ձեւակերպումներ, որոնք ամրապնդում են նաեւ ինքնորոշման իրաւունքը, համաձայնագիրն ամբողջութեամբ անտեսում է դա Արցախի հայերի համար: Աւելի՛ն. Ազրպէյճանը բանտարկել է Արցախի ընտրուած եւ քաղաքացիական առաջնորդներին` նրանց մեղադրելով «յանցաւոր կազմակերպութեան ստեղծման» եւ «իշխանութեան բռնազաւթման» մէջ: Պաքուում իրականացուող քաղաքականացուած եւ շինծու դատավարութիւններով նրանց գործողութիւնները ներկայացւում են որպէս «Հայաստանի ռազմական նախայարձակման ապացոյց»:

Գ.- Սահմանազատման եւ սահմանագծման իրաւաքաղաքական որոշակի հենքը

Համաձայնագրում բացակայում է յղումը այնպիսի որոշակի փաստաթղթերի ու քարտէսների, որոնք հնարաւորինս անխոցելի կերպով կարող էին ապահովել Հայաստան-Ազրպէյճան միջպետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը: Հայկական կողմը ժամանակին առաջարկել է որոշ քարտէսներ դնել այս գործընթացի հիմքում, ինչն Ազրպէյճանի կողմից մերժուել է: Նման իրավիճակում Ազրպէյճանը ցանկացած պահի հէնց միայն այս հարցով կարող է թորփիլահարել բանակցային գործընթացը` Հայաստանի նկատմամբ ներկայացնելով նոր ու շինծու տարածքային պահանջներ: Այսինքն, օրինակ, տեղադիրքից կախուած` Ազրպէյճանը կարող է օգտագործել իրեն առաւելագոյնս յարմար քարտէսներ:

Այս խնդիրը յատկապէս բարդանում է անքլաւների խնդրի, ինչպէս նաեւ ազրպէյճանական զօրքերի Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնուելու պայմաններում:

2.- «Ալմա Աթայի» խնդիրը

Ինչ վերաբերում է 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որին յղում կայ համաձայնագրի սկզբում, ապա այն ընդամէնը հռչակագիր է` նոյն օրը` 1991թ. դեկտեմբերի 21-ին, ստորագրուած Ալմա Աթայի արձանագրութեան վերաբերեալ համաձայնագրի մասին, որով լուծարուեց ԽՍՀՄ-ը եւ ձեւաւորուեց Անկախ Պետութիւնների Համագործակցութիւնը (ԱՊՀ): Արձանագրութիւնը հետագայում վաւերացուեց ստորագրող պետութիւնների կողմից, մինչդեռ հռչակագիրը նման իրաւական պահանջ չունէր: Ալմա Աթայի հռչակագրին յղում կատարելու այս սխալ ուղղուածութեան նպատակը այն հաստատելն է, թէ իբր այն հիմք է ԽՍՀՄ-ի ներքին վարչական սահմանները դարձնելու այն պետութիւնների տարածքային սահմաններ, որոնք ձեւաւորեցին ԱՊՀ-ն, ներառեալ` թէ՛ Հայաստանը, թէ՛ Ազրպէյճանը:

Ամէն դէպքում, փաստերը հետեւեալներն են.

Ա.- Ալմա Աթայի հռչակագիրը ինքնին չի ստեղծել որեւէ պարտադիր միջազգային իրաւական պարտաւորութիւն Հայաստանի համար` Ազրպէյճանի հանդէպ, յատկապէս հաշուի առնելով այն հանգամանքը, որ Ազրպէյճանը միայն 1993 թ. սեպտեմբերի 24-ին է միացել Անկախ Պետութիւնների Համագործակցութեանը (ԱՊՀ):

Բ.- Տարածքային ամբողջականութիւնը եւ սահմանների անխախտելիութիւնը յարգելու պարտաւորութիւնները, որոնք նշուած են 1991 թ. դեկտեմբերի 8-ի` ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրում եւ 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրում, չեն անդրադառնում ԱՊՀ անդամ պետութիւնների միջեւ իրական սահմանների որոշման կամ ճանաչման հարցին եւ չեն սահմանում իւրաքանչիւր պետութեան ընդգրկած տարածքները: ԱՊՀ անդամ պետութիւնների միջեւ սահմանների պաշտօնական փոխադարձ ճանաչումը հաստատուեց միայն 1993 թ. յունուարի 22-ին ԱՊՀ կանոնադրութեան ընդունմամբ, որի ժամանակ Ազրպէյճանը այդ փաստաթղթի կողմ չէր:

Գ.- Հայաստանը վաւերացրել է ԱՊՀ հիմնադիր համաձայնագիրը 1992 թ. փետրուարի 18-ին, սակայն` յստակ վերապահումներով: Մասնաւորապէս` արդէն 1991 թ. դեկտեմբերի 26-ին, երբ Հայաստանի Գերագոյն խորհուրդը վաւերացրեց ԱՊՀ հիմնադիր համաձայնագրի արձանագրութիւնը, յայտարարել է իր մտադրութիւնը կատարել վերապահումներ: Գերագոյն խորհրդի 1992 թ. փետրուարի 18-ի որոշման 10-րդ կէտը յստակ արձանագրում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը` որպէս անկախ պետութիւն, որն ունի ԱՊՀ-ին միանալու իրաւունք: Այդ պահից սկսած Հայաստանը մշտապէս հրաժարուել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպէս Ազրպէյճանի մաս. այդ դիրքորոշումը վերահաստատուել է Գերագոյն խորհրդի 1992 թ. յուլիսի 8-ի որոշմամբ եւ ամրագրուել է 1995 թ. յուլիսի 5-ի Հայաստանի սահմանադրութեամբ:

Աւելի՛ն. Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան 1991 թ. սեպտեմբերի 2-ի անկախութեան հռչակումը հիմնուած է եղել խորհրդային օրէնսդրութեան ներքոյ գործող օրինական իրաւական սկզբունքի վրայ, որը նրա բնակչութեանը տալիս էր ինքնորոշման օրինական հիմք:

3.- Համաձայնագիրը չի նախատեսում դրա կիրարկումը, մոնիթորինկը եւ երաշխաւորութիւնն ապահովող շօշափելի գործիքակազմ:

Համաձայնագիրը չունի անկախ վերահսկման մեքանիզմ: Մոնիթորինկը յանձնուած է երկկողմ յանձնաժողովին, ինչը անիրագործելի է վստահութեան բացակայութեան պայմաններում: Նաեւ նախատեսուած չեն խախտումների համար պատժամիջոցներ: Իրականում Ազրպէյճանը ձեռք է բերում`

– Խորհրդային շրջանի սահմանների պաշտօնական ճանաչում,
– Բոլոր իրաւական վէճերի փակում,
– Միջազգային իրաւական ճնշման վերացում:

Սա իրականացւում է առանց գերիների, տեղահանուածների կամ ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեան վերաբերեալ որեւէ զիջման` ամրապնդելով ուժի եւ ուժի սպառնալիքի միջոցով պարտադրուած միակողմանի կարգաւորումը:

4.- Համաձայնագրով, ըստ էութեան, սահմանափակւում է միջազգային իրաւունքը,  մասնաւորապէս` դատական հայցերի յետկանչի դրոյթով:

15-րդ յօդուածով կողմերը պարտաւորւում են պայմանագրի վաւերացումից մէկ ամսուայ ընթացքում յետ վերցնել բոլոր միջպետական հայցերը` փակելով ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարան, Միջազգային քրէական դատարան, Մարդու իրաւունքների եւրոպական դատարան կամ արպիթրաժ դիմելու հնարաւորութիւնը` 2020-2023 թթ. իրադարձութիւնների վերաբերեալ: Սա փաստացի ազատում է Ազրպէյճանին պատերազմի, ներխուժումների եւ հարկադիր տեղահանութեան պատասխանատուութիւնից:

Հայաստանից այս զիջումը կորզուել է 2025 թ. սկզբին` ուժի նոր սպառնալիքի կիրառման պայմաններում: Զինուած ճնշման պայմաններում, այդ թւում` շինծու սահմանային միջադէպերի մասին յայտարարութիւններ եւ Թուրքիայի ու Փաքիստանի հետ համատեղ զօրավարժութիւններ Հայաստանի սահմանների մօտ: Արդիւնքում Հայաստանը համաձայնել է Ազրպէյճանի պահանջներին:

5.- Հայաստանի իշխանութիւնները չունեն այս համաձայնագրին գնալու անհրաժեշտ օրինականութիւնը:

Հայաստանի գործող իշխանութիւնները 2021 թ. Ազգային ժողովի կողմից հաստատուած` կառավարութեան հնգամեայ գործունէութեան ծրագրով ղարբաղեան հիմնախնդրի վերաբերեալ ներկայացրել են բոլորովին այլ չափորոշիչներ, իսկ ձեռնարկուած գործողութիւնները տրամագծօրէն հակառակ են դրանց: Հետեւաբար Հայաստանի իշխանութիւնների ժողովրդի կողմից քուէ չեն ստացել Ազրպէյճանի հետ նման պայմաններով ու զիջողականութեամբ խաղաղութեան գնալու համար: Ուստի գործընթացը զուրկ է օրինականութիւնից:

6.- Համաձայնագրով փորձ է արւում միջամտել Հայաստանի Հանրապետութեան ներքին գործերին:

Նախ 7-րդ յօդուածը ոչ ուղղակիօրէն թիրախաւորում է ԵՄ դիտորդական առաքելութիւնը Հայաստանում, որի դէմ Ազրպէյճանը բազմիցս հանդէս է եկել եւ սպառնացել: Հայաստանը նախկինում առաջարկել էր սահմանափակել ԵՄ դիտորդների տեղակայումը միայն սահմանագծուած հատուածներում` նրանց պահելով այլ տարածքներում որպէս զսպող միջոց: Այս դրոյթը, ըստ էութեան,  միջամտութիւն է Հայաստանի ներքին գործերին, մասնաւորապէս` պետութեան սեփական եւ դաշնակից ուժերի միջոցով սեփական պաշտպանունակութեան մակարդակը բարձրացնելու հարցին:

Աւելի՛ն. բնագրում կայ նաեւ ներքին հակասութիւն` 4-րդ յօդուածի (չմիջամտելու) եւ 8-րդ յօդուածի (պայքար «անջատողականութեան», «ծայրայեղականութեան» եւ «ահաբեկչութեան» դէմ իւրաքանչիւր պետութեան իրաւազօրութեան շրջանակներում) միջեւ: Այս քաղաքականօրէն ծանրաբեռնուած ձեւակերպումները իւրաքանչիւր կողմին թոյլ են տալիս գնահատել միւսի ներքին քաղաքականութիւնը` խաթարելով միմեանց գործերին չմիջամտելու սկզբունքը եւ ստեղծելով ապագայ լարուածութեան օճախներ:

Այսպիսով, ստացւում է, որ օգոստոսի 8-ին ստորագրուած յուշագրով եւ նոյն օրը նախաստորագրուած համաձայնագրով առկախ մնացած հարցերի շրջանակն ու անորոշութիւնն այնքան մեծ են, որ ցանկացած պահի Ազրպէյճանը կարող է միակողմանիօրէն կասեցնել այս գործընթացը` արդիւնքում ունենալով հայկական կողմի հերթական զիջումները:

Նոյն օգոստոսի 8-ին ստորագրուած մէկ այլ յուշագրով Հայաստանի իշխանութիւնները համաձայնուել են «անխոչընդոտ» ցամաքային կապի տրամադրմանը, ինչը խոցելի է դարձնում ՀՀ տարածքային ամբողջականութեան եւ իրաւազօրութեան ամբողջական պահպանումը: Քանի որ ծրագրում ենք սոյն յօդուածաշարի յօդուածներից մէկը մօտ օրերին նուիրել ուաշինկթընեան 4 յուշագրերի վերլուծութեանը, ապա այս խնդրի քննարկումը կը թողնենք մեր հէնց այդ յօդուածին: Առաջիկայ յօդուածներից մէկին կը թողնենք նաեւ լուծարուող ԵԱՀԿ Մինսքի խմբի խնդրի քննարկումը, այն ընդհանուր պարունակում, որ վերջինիս փոխարէն չի առաջարկւում միջազգային այլընտրանքային որեւէ հարթակ` առկայ բազմաթիւ խնդիրների լուծումը փոխվստահութեան մթնոլորտում քննարկելու համար:

 

 

Նախորդը

Ծառը

Յաջորդը

Մուսա Լեռ` Ապրիլ Կամ Մահանալ, Բայց Ոչ` Հպատակիլ

RelatedPosts

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն
Անդրադարձ

Իրմայի Յիշատակին. Պատիւ ու յարգանք արուեստին եւ հայեցի արժէքներուն

October 23, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.