Լիմասոլի մէջ (Կիպրոս) տեղի կ՛ունենայ Եուրօպասքեթի կամ պասքեթպոլ Եւրոպայի ախոյեանութեան մրցաշարքը, որուն Ա. հանգրուանը տեղի կ՛ունենայ Կիպրոսի, Ֆինլանտայի եւ Լեհաստանի մէջ, իսկ Բ. հանգրուանը, ինչպէս նաեւ քառորդ կիսաւարտական եւ աւարտական մրցումները` Ռիկայի (Լաթվիա) մէջ:
24 խումբեր կը մրցին 4 խմբակներու բաժնուած, ուր առաջին 4 դիրքերը գրաւող խումբերը կը հասնին Բ. հանգրուան, ուր կը սկսի անշուշտ նաք-աութի ձեւը` պարտուող խումբին դուրս մնալով:
2022-ի ախոյեան Սպանիա պարտուելէ ետք Իտալիայէն (67-63) վտանգաւոր դիրքի վրայ է եւ կրնայ դուրս մնալ:
Մարքօ Սփեսու մրցումի վերջին 31 երկվայրկեաններուն 2 ազատ հարուածներ նշանակելով Իտալիան յառաջ տարաւ (64-63) եւ 2 այլ ազատ հարուածներ նշանակեց վերջին 14 երկվայրկեաններուն: Ճիամփաուլօ Ռիչի 1 կէտ եւս աւելցուց 8 երկվայրկեան մնացած, եւ Իտալիա յաղթեց:
Սպանիա, որ 2022-ին իր 4-րդ տիտղոսը շահած էր 2009-էն, 2011-էն եւ 2015-էն ետք, Վրաստանի եւ Պոսնիոյ նման 2 յաղթանակ եւ 2 պարտութիւն ձեռք ձգած է 4 մրցումներէ ետք: Յունաստան եւ Իտալիա արդէն իսկ ապահովեցին յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը: Բայց եթէ Սպանիա կարենայ յաղթել Յունաստանին (այսօր), կրնայ հասնիլ նաք աութի հանգրուան, մանաւանդ որ Վրաստան պիտի մրցի Պոսնիոյ դէմ:
Նաք աութի հանգրուանը տեղի պիտի ունենայ Ռիկայի մէջ (Լաթվիա) եւ կը սկսի շաբաթ օր: 2022-ի աւարտականին Սպանիա 88-76 արդիւնքով յաղթած էր Ֆրանսային:
Մոհամետ Տիուֆ 14 կէտ նշանակեց ի նպաստ Իտալիոյ հաւասարակշռուած խումբին, մինչ Ռիչի (11 կէտ) եւ Սալիու Նիանկ (10 կէտ եւ 10 ռիպաունտ), եղան Իտալիոյ լաւագոյնները: Նիանկ միացած էր Քլիվլենտ Քեվելիրզին:
Մեմֆիս Կրիզլիզի մարզիկ Սանթի Ալտամա 19 կէտ եւ 10 ռիպաունտ ձեռք ձգեց, մինչ Սերխիօ տը Լարէա 15 կէտ աւելցուց ի նպաստ Սպանիոյ:
Լուքա Տոնչիչ 26 կէտ նշանակեց ի նպաստ Սլովենիոյ, որ 87-79 արդիւնքով յաղթեց Իսլանտային` Ֆրանսայի հետ հասնելով յաջորդ հանգրուան:
Գ. խմբակին մէջ, Յունաստան 80-77 արդիւնքով պարտութիւն մը կրեց Պոսնիայէն: Յունաստան, որ արդէն իսկ հասած էր յաջորդ հանգրուան, դաշտ չէր ներկայացուցած «Էն. Պի. Էյ.»-ի աստղ Եանիս Անթեթոքումփոն, որ ծունկի թեթեւ ցաւ ունէր:
Եութա Ճեզի սենթր Եուսուֆ Նուրքիչ եւ Ճոն Ռոպերսոն 18-ական կէտեր նշանակեցին ի նպաստ Պոսնիոյ` ձեռք ձգելով 2-րդ յաղթանակը, չորս մրցումներէ ետք:
Վրաստան յաջորդ հանգրուան հասնելու իր յոյսերը պահեց 93-61 արդիւնքով պարտութեան մատնելով Կիպրոսը: Պարսելոնայի մարզիկ Թորնիքէ Շենկելիա 27 կէտ նշանակեց եւ Օրլանտօ Մեճիքի սենթըր Կոկա Պիթածէ 21 կէտ եւ 13 ռիպաունտ ձեռք ձգեց ի նպաստ Վրաստանի:
Ստորեւ կը ներկայացնենք 4 խմբակներու այժմու դասաւորումը` 4 մրցումներէ ետք.
| Ա. ԽՄԲԱԿ | ՅԱՂԹԱՆԱԿ | ՊԱՐՏՈՒԹԻՒՆ | ԿԷՏ |
| 1.- Թուրքիա | 4 | 0 | 8 |
| 2.- Սերպիա | 4 | 0 | 8 |
| 3.- Լաթվիա | 2 | 2 | 6 |
| 4.- Էսթոնիա | 1 | 3 | 5 |
| 5.- Փորթուգալ | 1 | 3 | 5 |
| 6.- Չեխիա | 0 | 4 | 4 |
| Բ. ԽՄԲԱԿ | ՅԱՂԹԱՆԱԿ | ՊԱՐՏՈՒԹԻՒՆ | ԿԷՏ |
| 1.- Գերմանիա | 4 | 0 | 8 |
| 2.- Լիթուանիա | 3 | 1 | 7 |
| 3.- Ֆինլանտա | 3 | 1 | 7 |
| 4.- Մոնթենեկրօ | 1 | 3 | 5 |
| 5.- Շուէտ | 1 | 3 | 5 |
| 6.- Բրիտանիա | 0 | 4 | 4 |
| Գ. ԽՄԲԱԿ | ՅԱՂԹԱՆԱԿ | ՊԱՐՏՈՒԹԻՒՆ | ԿԷՏ |
| 1.- Յունաստան | 3 | 1 | 7 |
| 2.- Իտալիա | 3 | 1 | 7 |
| 3.- Սպանիա | 2 | 2 | 6 |
| 4.- Վրաստան | 2 | 2 | 6 |
| 5.- Պոսնիա | 2 | 2 | 6 |
| 6.- Կիպրոս | 0 | 4 | 4 |
| Դ. ԽՄԲԱԿ | ՅԱՂԹԱՆԱԿ | ՊԱՐՏՈՒԹԻՒՆ | ԿԷՏ |
| 1.- Ֆրանսա | 3 | 1 | 7 |
| 2.- Իսրայէլ | 3 | 1 | 7 |
| 3.- Լեհաստան | 3 | 1 | 7 |
| 4.- Սլովենիա | 2 | 2 | 6 |
| 5.- Պելճիքա | 1 | 3 | 5 |
| 6.- Իսլանտա | 0 | 4 | 4 |
Առաջին 4 դիրքերը գրաւող խումբերը կը հասնին յաջորդ հանգրուան, կէտերը հաւասարելու պարագային, իրար դէմ ճակատումին արդիւնքը կը վճռէ դասաւորումը:


