Քաղաքային շուկայի մի անկիւնում, որտեղ մեծ-մեծ տառերով, շատ հասկանալի ձեռագրով գրուած է «Փուչ պոպոք», թաքցուած է փակ քամերան ու միքրոֆոնը, իսկ վաճառասեղանի ետեւում կանգնած է մի ծերունի` աւստրիացու դիմագծերով, խոշոր հայկական աչքերով, մաքուր` սափրուած ու կոկիկ հագնուած: Դէմքին, կարծես մշտական դարձած, բանիմաց, վստահ ու խորամանկ ժպիտն է, եւ անունն էլ Ռաֆայէլ է, ու ոչ ոք նրան Ռաֆիկ չի ասում: Նոյնիսկ թոռը նրան ասում է Ռաֆայէլ պապի: Եւ նրա ժպիտի մէջ կարծես հէնց իր իսկ փուչ ընկոյզների պատմութիւնն է թաքնուած, եւ թւում է, որ հէնց այդ պատմութիւնն է հաղորդում նրան այս բանիմաց ու խորամանկ տեսքը: Եւ պտտւում է պատմութեանն ժապաւէնը: Եւ ժպիտից այն կողմ, խոշոր պլանով երեւում են նրա տասներկու ընկուզենիները, որոնք այնքան շատ են բերք տալիս` կարծես ստիպում են հաւաքել ու տանել շուկայ, կարծես հասկացնում են, որ այս փուչ պոպոքը միայն իրենը չի: Եւ նա կնոջ առաջարկով սկզբից որոշում է հարեւաններից միանգամից էժան, շատ գնել, յետոյ խառնել իր փուչ պոպոքների հետ ու վաճառել: Բայց չի կարողանում խղճին դէմ գնալ ու մտածում է` եթէ Աստուած այս է ուղարկում, ուրեմն այս էլ պիտի վաճառեմ: Դէ, իրեն ու իր կնոջն էլ եոլա գնալու համար շատ փող պէտք չի: Իսկ ընկուզենիները օր օրի աւելի շատ են բերք տալիս, այնքան, որ ինքն ու կինը չեն հասցնում հաւաքել: Բայց` բոլորն էլ փուչ: Սկզբից մտածել են` երեւի ընկուզենիները ինչ-որ հիւանդութիւն ունեն, ու սրսկել են տարբեր դեղանիւթեր: Ոչինչ չի օգնել, իսկ տասներկու հսկայ ընկուզենի սղոցելն ու քոքահան անելը ահաւոր դժուար գործ է ու յետոյ այդ կողմերում միայն լաւ ընկոյզ է աճում` ստուգուած բան է դարերով: Եւ նա կարծես ստիպուած վերցնում է մի պարկ իր ընկոյզից ու առաջին անգամ, չորս տարի առաջ, բերում շուկայ: Սկսում է եռակի էժան վաճառել ու` քաշուելով ասել, որ էժան տալու պատճառը պոպոքների փուչ լինելն է: Իսկ կողքի վաճառողները բոլորը ծիծաղում են ու ասում` ցնդած է: Առաջին յաճախորդը իր տարիքի մի ծերունի է եղել: Հետն ահագին զրուցել է, յետոյ մի քիլոկրամ հէնց այնպէս գնել ու հեռացել: Ու մէկ էլ չի երեւացել` լաւ մարդ էր, բայց հիւանդ` ասել է սիրտս լաւ չի: Իսկ նա ամէն առաւօտ կանոնաւոր եկել է շուկայ, վճարել տեղի ու կշեռքի համար ու կանգնել իր տեղում: Կողքի վաճառողները` տեսնելով, որ յամենայն դէպս նա մի փոքր առեւտուր անում է, նորից ծիծաղել են ու ասել, թէ կշեռքի համար ինչո՞ւ է իզուր փող տալիս, թող աչքաչափով ուղղակի տայ: Նա ոչինչ չի ասել ու շարունակել է իր առեւտուրը: Եւ կամաց-կամաց սկսել են նրան նկատել, ու շատ շուտով այնպէս է ստացուել, որ ամբողջ շուկայում ամենաշուտ վաճառուել է իր ապրանքը, եւ նա ամենաշուտն է յանձնել կշեռքը ու գնացել տունը: Եւ իր գործը աւելի հեշտացնելու համար, որ ամէն մէկին չբացատրի էժան վաճառելու պատճառը, նա գրել է այդ մասին մեծ-մեծ տառերով:
Եւ քիչ հեռու տեղադրուած փակ քամերան պարզորոշ ցոյց տալիս` փուչ պոպոք ամենաշատ սիրում են 6-7 տարեկան երեխաները, որոնք մի կերպ կարդում են` «Փուչ պոպոք», զարմացած աչքերով սկսում են քաշել մայրիկների փէշերից, որ նրանք գնեն: Նրանք էլ գնում են իրենց փոքրիկին չնեղացնելու համար: Շատ են գնում նաեւ սրամիտ մարդիկ: Նրանք միանգամից մի քանի քիլոկրամ են գնում եւ հիւրեր են հրաւիրում տուն: Հիւրերը գալիս-նստում ու սկսում են կոտրել պոպոքները, իսկ տանտէրերը ծիծաղում են, զուարճանում: Մի քիչ չարչարուելուց յետոյ ծիծաղում են նաեւ հիւրերը: Եւ տանտէրերը հաճոյքով տեղեկացնում են նրանց ու շատ են սիրում այդ մասին ասել բոլորին` տալով նրանց այդ փուչ պոպոքները, նրանք բացում են գաղտնիքը, յայտնելով, որ միեւնոյն է, դրանք բոլորն էլ փուչ են, մենք արդէն փորձել ենք, մենք գիտենք: Եւ փակ քամերան մաքուր տեսագրում է այն պահը, թէ ինչպէ՛ս է զարմանում շատ յայտնի բուսաբանական գիտութիւնների դոկտոր փրոֆեսէօրը: Եւ նա` իր ասիստենտի հետ գնում է նրա ամբողջ երկու պարկ պոպոքը ու տանում ստուգման: Յետոյ, միւս օրը աւելի համոզուելու համար նա այցելում է այդ այգին եւ ուսումնասիրում տասներկու ընկուզենիները: Եւ այդպէս էլ ծառերի տակ, զարմացած, ուտում է խորովածը ու խմում գինին: Իսկ ծերունին ժպտում է: Եւ դրանից յետոյ նա իր յաճախորդների հետ հետաքրքրութիւնը բաւարարելու համար աւելի յաճախ է այդպէս ժպտում ու իր վաճառասեղանի մի անկիւնում պոպոքները ջարդել-ստուգելու համար յատուկ քար է պահում: Եւ նրան յաճախ են մօտենում մարդիկ, որոնք իրենց առեւտուրն արել վերջացրել են հիմնականում, եւ արդէն շատ քիչ փող է մնացել: Եւ նրանք գնում են մէկ քիլոկրամ, քանի որ խոստացել են ընկոյզ տանել տուն ու չեն հաւատում, որ մէկ քիլոկրամի մէջ գոնէ կէս քիլոկրամ առողջ չլինի:
Համալսարանական իր թոռը երբեմն ընկերների հետ այցելում է նրան ու բոլորին մի-մի բուռ պոպոք է տալիս` բոլորը ուրախ ժպտում են, բոլորն էլ գոհ են մնում: Ինքն էլ ժպտում, եւ այդ ժպիտից այն կողմ նշմարւում է մի երիտասարդ զոյգի պատմութիւն: Եւ մաքուր ձայնագրութիւնից լսելի է, թէ ինչպէ՛ս աղջիկը տղային ասում է` արի երկու քիլոկրամ գնենք, ու եթէ այդքանի մէջ գոնէ երկու առողջ ընկոյզ գտնուի, ուրեմն մեր բախտն է դա:
Ու նա շփոթւում է. նա վստահ է, որ իր պոպոքները բոլորն էլ փուչ են, ու դա նրան դրդում է գողութեան: Նա աննկատ երկու առողջ ընկոյզ է թռցնում հարեւան վաճառողից ու խառնում իր վաճառած ապրանքին, եւ տղան ու աղջիկը գնում են: Եւ այդ տղան արդէն տարուց աւելի ամէն շուկայ գալուց իր պոպոքից ձեռի հետ մի կէս քիլօ տանում է ու հարցնում, թէ` ինչպէ՞ս են Ռաֆայէլ պապի գործերը: Եւ այսպէս, հիմնականում առեւտուր անողները ժպտալով կէս քիլօ, մի քիլօ գնում են ու գոհ հեռանում, մինչեւ այժմ ոչ մէկը դեռ չի բողոքել` բացի մէկից: Այդ մարդը մի օր եկել ու սկսել է կռիւ անել. պարզւում է, որ տարել, հիւրասիրեր է իր հիւրերին ու մի պոպոք առողջ է դուրս եկել, եւ ինքն է շփոթուել դրանից:
Նա բացատրում է, որ այդպիսի բան լինել չի կարող. կա՛մ խառնուել է այդ մի հատը, կա՛մ կողքի վաճառողն է դիտմամբ նետել իր տոպրակը, որովհետեւ տարիներով ստուգուած է իր բերքը, իր պոպոքները բոլորն էլ փուչ են: Եւ եթէ ուզում է, թող վերցնի քարը ու ինչքան ուզում է ջարդի: Մարդը բարկացած մի քիլոկրամի չափ ջարդել է, յետոյ ներողութիւն խնդրել եւ ուրախ-ուրախ նորից հինգ քիլոկրամ գնել: Իսկ նա հիմա ուշադիր հետեւում է, որ կողքից մէկը յանկարծ առողջ ընկոյզ չնետի իր պարկը:
Մի երկու անգամ կողքի ընկոյզ վաճառողները փորձել են նրանից էժան գնել ու խառնել իրենցին, բայց նա շուտով գլխի է ընկել ու հիմա, ինչ էլ անեն, նրանց չի վաճառի: Յետոյ այդ ընկոյզ վաճառողները գնացել են շուկայի տնօրէնի մօտ բողոքի, բայց տնօրէնն ասել է, որ դա արգելուած ապրանք չէ, ու նա իրաւունք ունի վաճառելու, մանաւանդ որ վաճառում է եռակի էժան ու չի թաքցնում, որ իր պոպոքը փուչ է: Իսկ մի օր նրա կողքի վաճառողը որոշել է իր առողջ ընկոյզները վաճառել եռակի էժան` կարծելով, որ նրանից այլեւս չեն գնի: Հարեւանից, ի հարկէ, սկսել են շատ գնել, բայց իր յաճախորդների թիւը էլի չի պակասել դրանից, որովհետեւ քամերայի կարծիքով` իր եւ նրա յաճախորդները տարբեր են, միմիանց հետ կապ չունեն:
Նրա ժպիտը երբեմն աւելի բանիմաց ու խորամանկ է դառնում. դա այն օրերին է, երբ բոլոր վաճառողների ապրանքները պարտադիր սանիտարական ստուգման են անցնում, պարտադիր բժշկական ուսումնասիրութեան են ենթարկւում: Դէ, նրա ապրանքը չեն ստուգում, կարծես արդէն ամէն ինչ պարզ է: Ու առաւօտ ծէգին շուկայ եկած հատուկենտ շտապող մարդիկ տեսնում են, որ իր վաճառասեղանի ետեւում հանգիստ, ժպտադէմ կանգնած է Ռաֆայէլը ու վաճառում է իր փուչ պոպոքները: Պատկերացնում էք` բոլոր դարակները դատարկ են ու միայն մի տեղ ընկոյզ է դրուած ու վրան գրուած` «փուչ»: Եւ չնայած այդ շտապող մարդիկ նրանից ոչինչ չեն գնում, բայց յամենայն դէպս դա մի խօսուն փաստ է` նրա առաւելութիւնը, փակ քամերայի ամենայաջողուած քատրերից մէկը:
Եւ ետ պտտելով ժապաւէնը, պտտելով պատմութիւնը, ժպիտի ձեւաւորման ընթացքը` պարզ երեւում է, որ ոմանք էլ ուղղակի դէս ու դէն նայելով ու շրջելով, առանց դրածը նկատելու, մօտենում, հարցնում են, թէ` ի՞նչ արժի ընկոյզը: Նա անմիջապէս տեղեկացնում է, որ իր պոպոքը փուչ է, իսկ նրանք չեն հաւատում, որ հնարաւոր է բոլորն էլ փուչ լինեն ու ժպտալով գնում են մի քանի քիլոկրամ, կամ փողը մեկնելուց յետոյ արդէն ամաչում են ետ վերցնել ու ոչինչ չգնել, կամ էլ արդէն առաջանում են որոշակի հետաքրքրութիւններ: Նա ասում է, բացատրում` ջարդէք-նայէք, բոլորն էլ փուչ են, բայց նրանք գնում են ու ասում` պէտք չի ստուգել, դու կշռի, եւ ինքն էլ ստիպուած կշռում է: Իսկ երբ վաճառասեղանին են մօտենում 16-17 տարեկան տղաներ, ուրեմն ամէն ինչ պարզ է: Մօտիկ թաքցուած բարձրախօսի մաքուր ձայնագրութիւնը տեղեկացնում է, որ նրանց մայրը կամ հայրը տուել է որոշակի գումար եւ ուղարկել շուկայ` յատուկ ցուցակով, թէ ի՛նչ պիտի գնեն:
Բայց նրանց հարկաւոր է տնտեսել մի քիչ դրամ` կինոյի կամ սիկարեթի համար: Ու Ռաֆայէլ պապը նրանց էժան վաճառում է մէկ քիլոկրամ փուչ պոպոք: Եւ քանի որ փուչ պոպոքի մէկ քիլոկրամը համարեա կրկնակի տեղ է գրաւում առողջի հետ համեմատած, այսինքն քանի որ թեթեւ է, շատ է երեւում, տղաները կէս քիլօ էլ առողջ ընկոյզ են գնում եւ խառնում փուչի հետ: Դէ, իսկ ծնողներն էլ տանը երեւի ասում են` ոչինչ, երեխան անփորձ է, առնելու փորձ չունի, դրա համար գնացել է անորակ ընկոյզ գնել: Ու դրանից յետոյ անմիջապէս յաջորդում է մի այլ ձայնագրութիւն եւ համապատասխան ժապաւէնի հետ երեւում է հետեւեալ պատկերը. ակնոցաւոր մարդը մօտենում ու հարցնում է ոգեւորուած` ուրեմն բոլորն էլ փո՞ւչ են, դատա՞րկ, ուրեմն ինչքան ուզում ես ջարդի, բայց արա, նայի դատա՞րկ է` հանճարե՛ղ է, հոյակա՛պ: Ու նա գնում է 7 քիլոկրամ ու սկսում ջարդել:
Բաւական ջարդելուց յետոյ պարզւում է, որ բոլորն էլ փուչ են, բայց նա մի կողմ է քաշւում եւ շարունակում ջարդել, ու ժապաւէնի վրայ երեւում են միայն նրա ջարդող ձեռքերը, յետոյ մի փոքր էլ է հեռանում, ու այլեւս ոչինչ չի երեւում, նա դուրս է մնում քատրից ու միայն շարունակւում է դատարկ, փուչ պոպոքի ջարդուելու ձայնը, եւ քատրի մէջ մտնում մի այլ մարդ: Նա մօտենում է Ռաֆայէլ պապին ու մեկնում նրան խոշոր թղթադրամ: Փուչ պոպոքների ջարդուելու ձայնի հետ մի կերպ ձայնագրութեան մէջ լսելի է դառնում, որ նա այդ պոպոքների վրայ մեծ գրազ է շահել ու որպէս հատուցում բերել է այդ փողը` ինչ ուզում է թող գնի այդ փողով իր համար: Փողը զօռով խոթում է նրա գրպանը ու հեռանում: Իսկ Ռաֆայէլ պապի համար ապրանքափոխանակութեան շուկայական օրէնքը գոյութիւն չունի: Միւս վաճառողները ընկոյզ են տալիս ու կանաչի վերցնում փոխարէնը, ընկոյզ են տալիս ու պանիր վերցնում, եւ երբ սովածանում են, ուտում են: Իսկ նա միայն դրամով կարող է գնել նրանցից որեւէ ուտելու բան: Չնայած մի օր կանաչի վաճառողը յաջող առեւտրից յետոյ չի դիմացել գայթակղութեանը ու մի քիլոկրամ գնել է այդ փուչ պոպոքից: Եւ փակ քամերայի տեսանկիւնից պարզ երեւում է մի կիսախելագարի կերպար, որն առաւօտեան շուտ օգնում է վաճառողներին` իրենց ծանր պարկերը բերել-հասցնել վաճառասեղանների մօտ ու դրա համար ստանում նրանց ապրանքից մի բան` խնձոր, պանիր, լաւաշ, բողկ, ընկոյզ, կամ որեւէ այլ բան: Բայց այդուհանդերձ, նա ամենահաճոյքով տեղափոխում է փուչ պոպոքի տոպրակները եւ ոչինչ չի պահանջում, ուղղակի վերցնում է մի քանի բուռ այդ պոպոքից, գնում քիչ հեռու ու սկսում ջարդել` միաժամանակ ուտելով վաստակած լաւաշն ու պանիրը: Եւ անկախ իրենից` մէկ նայում է թաքցուած քամերային, մէկ էլ` իր ջարդած փուչ պոպոքներին եւ ուրախանում: Ու թւում է, թէ միայն նա գիտի թաքցուած քամերայի մասին:
Ժապաւէնը աւելի ուշադիր ուսումնասիրելով` կարելի է որոշ մարդկանց քրէական պատասխանատուութեան ենթարկել: Այդ որոշ մարդիկ շրջում են շուկայով մէկ ու սրանից խնձոր են թռցնում, նրանից` մի քանի ընկոյզ, մի դեղձ, մի վարունգ: Բայց Ռաֆայէլ պապից ոչ մէկը ոչինչ չի թռցնում, երեւի արդէն համոզուել են, որ փուչ է:
Կրկէսի աշխատողները շատ ինքնատիպ պահուածք ունեն ու քատրի մէջ ընկնելով` անմիջապէս տարբերւում են միւսներից: Նրանցից մէկը արդէն մշտական յաճախորդ է դարձել ու յաճախ հէնց տեղում, այդ փուչ պոպոքները գնելիս ցոյց է տալիս իր մշտական ֆոքուսը, որն, ըստ երեւոյթին, աւելի հեշտ է անել թեթեւ, փուչ պոպոքներով: Եւ հիւրախաղերի մեկնելուց առաջ նա միշտ մեծ քանակութեամբ գնում է: Եւ ժապաւէնը հոգեբանական վերլուծութեան ենթարկելիս պարզւում է, որ հիմնական յաճախորդներ են նաեւ երիտասարդ, առողջ տղամարդիկ: Եւ մանաւանդ կնոջ ներկայութեամբ մի քանի քիլոկրամ գնում են ժպտալով` երեւի յիշելով ընկոյզի որոշակի յատկութիւնները: Եւ միքրոֆոնը յապաղում է, բայց որակեալ փակ քամերան անմիջապէս տարբերում է, երբ նրանց հետ խառնւում է մի անառողջ, ծերացող տղամարդ: Դա յատկապէս զգացւում է նրանց մօտեցումից, թէ ինչպէ՛ս են նրանք ուզում ցոյց տալ, որ փուչ պոպոք գնելը, մանաւանդ` կնոջ ներկայութեամբ, միայն առողջութեան նշան է, ու նրանք հպարտօրէն գնում են այն` ցոյց տալով, հասկացնելով, որ իրենց բնաւ պէտք չի առողջ պոպոք, իսկ սա գնելը ուղղակի փոքրիկ, առողջ հումոր է:
Քատրի մէջ յաճախ ընկնում են նաեւ արտասահմանցիներ: Մանրամասն ուսումնասիրութիւններից ու ձայնագրութիւններից պարզւում է, որ արտասահմանցի հիւրերի մէջ, որպէս կանոն, ամերիկացիները միշտ կէս քիլօ կամ մէկ քիլօ գնում են այդ փուչ պոպոքից:
Իսկ դեռ լոյսը չբացուած, երբ շուկայում ոչ ոք չկայ, բայց թաքցուած քամերան աշխատում է, այդ վաճառասեղանի վրայ դրուած է լինում փուչ պոպոքների մի փոքրիկ բլրակ: Հաւաքարարը Ռաֆայէլ պապի պատահմամբ այս ու այն կողմ գցած պոպոքները հաւաքում է նրա վաճառասեղանի վրայ, դէ պարզ է, հո տուն չի՞ տանի:
Եւ սրանից անմիջապէս յետոյ ժապաւէնը ենթարկւում է սոցիոլոկիական ուսումնասիրութեան:
Պարզւում է, որ, չգիտես` ինչո՞ւ, ո՛չ, ոչ թէ չգիտես` ինչո՞ւ, այլ բոլորիս համար էլ շատ պարզ է, թէ ինչո՛ւ նրանից ոչ մի անգամ պոպոք չեն գնում զինուորականները: Նոր տարուայ նախօրեակին Ռաֆայէլ պապի առեւտուրը վատ է գնում` չնայած այդ օրերին մի քանի անգամ աւելի շատ մարդ է այցելում շուկայ: Բայց դրա փոխարէն` նկատելի է, որ ամենայաջող առեւտուրը լինում է մարտի 8-ին ու մանաւանդ ապրիլի 1-ին:
Յետոյ թաքցուած քամերայի մէջ երեւում է այդպիսի մի քամերա, եւ թւում է, թէ քամերան ինքն իրեն է նկարել` խոշոր ետնապատկերով, բայց յետոյ պարզւում է, որ այդ քամերան թաքցուած չի ու կախուած է ինչ-որ մէկի ուսից: Այդ մարդը կինոյի աշխատող է: Եւ նա որոշել է մի տեսարան նկարել, որտեղ պարկը շրջւում է եւ միջի ամբողջ ընկոյզը թափւում ասֆալթին: Եւ ձայնագրութիւնից իմանում ենք, որ նա կարծում է, թէ փուչ ընկոյզի թափուելու ձայնը աւելի հնչեղ է ու լաւ: Եւ նա գնում է միանգամից ամբողջ մի պարկ: Այդպէս պարկ-պարկ է գնում նաեւ մի մարդ, որի ով լինելը շատ դժուարութեամբ է պարզւում: Կենտրոնից հաղորդում են, որ այդ մարդը յուշանուէրների արտադրամասի վարիչն է եւ նա այդ փուչ պոպոքներից փոքրիկ տիկնիկներ է պատրաստում, նաեւ ներկում է դրանք, ասեղ յարմարեցնում վրան եւ տեղադրելով յատուկ պատուանդանի վրայ` այն դարձնում մանկական փոքրիկ երկրագունդ: Եւ պարզւում է, որ այդ փուչ պոպոքները շատ ուշ են փճանում ու ասեղի վրայ հեշտութեամբ են պտտւում, ու նաեւ ներկը երկար ժամանակ չի թափւում վրայից. մի խօսքով, փաստօրէն առեւտուրը պետական հիմքերի վրայ է դրուած:
Եւ պատահմամբ ժապաւէնի վրայ յայտնւում են տեսարաններ պատերազմից` ռումբեր, կրակոցներ ու անմիջապէս դրանից յետոյ` Ռաֆայէլ պապը, իր փուչ պոպոքները վաճառելիս: Ի՜նչ անհեթեթ տեսարան: Երեւի սխալմամբ ուրիշ ժապաւէն են մոնթաժել: Պէտք է կտրել այդ անկապ հատուածը, դէն նետել:
Եւ քամերան, կարծես` որսաշուն, մեզ տանում է ժամանակակից կերպարուեստի թանգարան, եւ կանգ ենք առնում երիտասարդ նկարչի նաթիւր-մորթի կողքին ու նայում: Խորունկ շրջանակի մէջ ամրացուած է կանգնած ժամացոյց, երկու չորացած ձուկ, եւ այդ ամէնը շրջապատուած է փուչ, դիմացկուն պոպոքներով:
Եւ մի պահ Ռաֆայէլի ժպիտը չքանում է, ու ձայնագրութիւնն էլ անյաջող է ստացուել այդ պահին: Եւ թւում է, որ քամերայի ու միքրոֆոնի կարծիքները չեն համընկնում: Պարզւում է` նրանից ինչ-որ մէկը ուզում է պոպոք գնել ուղղակի խղճալով: Եւ քանի որ ձայնագրութիւն չկայ, մի կերպ Ռաֆայէլ պապի ձեռքի շարժումներից հասկացւում է, որ նա բացատրում է այդ մարդուն իր ընկոյզների առանձնայատկութիւնները ու կարծես խնդրում, որ եթէ նա գնում է հէնց այնպէս, խղճալով, եթէ իրեն պէտք չեն այդ ընկոյզները, ապա թող չգնի, պէտք չի: Եւ երբ նա ցոյց է տալիս միւս ընկոյզ վաճառողներին` պէտք է հասկանալ, թէ նա հասկացնում է այդ մարդուն, որ իր ընկոյզը անենալաւն է վաճառւում եւ ամենաշուտը շուկայում ինքն է իր առեւտուրը վերջացնում: Բայց այդ յամառ մարդը շարունակում է տխուր ժպտալ, գնում է մի քանի քիլոկրամ ու իրեն լաւ զգալով, շոյուած, գոհ` հեռանում: Եւ երեխաների, կամ առողջ տղամարդկանց այցելութիւնից յետոյ միայն ժպիտը կամաց-կամաց վերականգնւում է ու ստանում իր բնորոշ տեսքը:
Եւ ճափոնական, գնդասեղի մեծութեամբ միքրոֆոնը, որն ամրացուած է նրա շապիկից, մեզ է հասցնում մի քանի ձայնագրութիւն ու չնայած ժապաւէնի բացակայութեան` ձայներից հասկանալի է դառնում, թէ ո՛վ է խօսում, նոյնիսկ ինչ շարժումներ է անում, ու նրա ժպիտը ինչ փոփոխութիւններ է կրում այդ պահին: Սա, ըստ երեւոյթին, տղան է, ամօթանք տալիս հօրը, թէ` խայտառակ ես անում, անյարմար է: Իսկ հայրը, ամենայն հաւանականութեամբ, կիսաբարկացած, կէս աշխուժ ժպտում է ու բացատրում, որ նախ` իրենք ընկուզենիներով իրենց գոյութիւնը կը պահպանեն եւ երկրորդ` եթէ մարդիկ այդ պոպոքները գնում են, նշանակում է ինչ-որ բանի համար նրանց պէտք են դրանք:
Եւ այդ խօսակցութիւնից յետոյ համարեա ոչինչ չի լսւում դրանից բացի: Առաջ ենք պտտում ձայնագրութիւնը, ու լսւում է խօսակցութիւն` շապիկն արդէն հագել է ու դուրս է գալիս, եւ պարզ է, որ կինն է հարցնողը, թէ կարո՞ղ է այսօր հետը մի քանի քիլոկրամ պոպոք բերել ուտելու համար: Եւ լռում է Ռաֆայէլ պապը, եւ այդ` ձայնագրուած լռութիւնից պարզ հասկանալի է դառնում, որ նա մտածում է` այդքան մարդ ինձնից է ընկոյզ գնում, ես ուրիշի՞ց պիտի գնեմ: Եւ այստեղ օգնութեան է հասնում ժապաւէնի մի փոքրիկ հատուած` նա հարեւան վաճառողից ընկոյզ է գնել ու բերել տուն: Ինքն ու կինը ջարդում-ուտում են, եւ գնածների մէջ մէկ-մէկ փուչ է պատահում, եւ նա ժպիտը դէմքին լուռ բարկանում է` ցոյց տալով, որ սա ուրիշ փուչութիւն է, իրենն` ուրիշ. ու յետոյ մրթմրթում է, որ սրիկան խաբել, փուչ պոպոքը սաղացրել է վրաներս: Կինը շարունակում է լուռ մնալ, ու նրա լռութիւնը այն մասին է, որ շատ ես երեւակայում քեզ, իբր, դու ոչ մի կապ չունես փուչ պոպոք սաղացնելու հետ, իբր, մերն` ուրիշ, նրանցն` ուրիշ: Եւ մօտենում է ժապաւէնի վերջին հատուածը, այսինքն յայտնի չէ, թէ արդեօք սա՞ է վերջինը, գուցէ վերջինն արդէն վաղուց նայուել է: Բայց, ինչեւէ, այս հատուածը շատ յաջող է տեսագրուել ու ձայնագրութիւնն էլ ճիշդ համընկնում է ու նոյնպէս յաջող է ստացուել: Ու կարծես ե՛ւ միքրոֆոնը, ե՛ւ թաքցուած քամերան համամիտ են այդ պատկերի հետ: Ու քանի որ սա, փաստօրէն, վերջին հատուածն է, այսինքն սրանից յետոյ այլեւս ժապաւէն ու ձայնագրութիւն չկայ, ակամայից աւելի ենք լարւում եւ ուշադիր հետեւում. օրուայ վերջն է, շուկան այնքան էլ բազմամարդ չէ, բայց չորս կողմում դեռ աշխուժ առեւտուր է գնում. լաւաշ վաճառողը սպասում է վերջին յաճախորդին, որ մնացած մի քանի քիլոկրամը էժան տայ ու տուն գնայ: Ռաֆայէլն էլ, ո՛ւր որ է, կ՛աւարտի իր առեւտուրը ու կամաց-կամաց նախապատրաստւում է: Նրան է մօտենում երկար մազերով, միջին տարիքի, պերետով, թաւ սեւ մօրուքով, արտիստիք կեցուածքով մը մարդ: Մօտենում է ու վստահ հարցնում է, թէ ինչո՞ւ է քիլոկրամը երկու ռուբլի եւ ոչ` եօթ, հնարաւոր չի՞ քիլոկրամը եօթ ռուբլով գնել: Ռաֆայէլի ժպիտը մի պահ փոխակերպւում է, բայց յետոյ նորից վերականգնւում է, երբ այդ մարդը բարձրաձայն, հրաւիրելով կողքի վաճառողների ու յաճախորդների ուշադրութիւնը, յայտարարում է.
– Հայրի՛կ, ախր դու չգիտես, քո ընկոյզները աշխարհի լաւագոյն ընկոյզներն են…



