Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նիկոլ Աղբալեան. Ազգային Գործիչը (Ծննդեան 150-Ամեակի Առիթով)

Յուլիս 2, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

 ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Ծնունդով լինելով մահկանացու` նրանցից շատերն անմահացան իրենց երկրային գործունէութեամբ, որովհետեւ ողջ գիտակցական կեանքն ապրեցին ու գործեցին ըստ «Մտածումներ»-ում ուրուագծուած չափորոշիչների: Ընդ որում` նաեւ այն ժամանակ եւ յատկապէ՛ս այն ժամանակ, երբ տիպար դաշնակցականի բանաձեւումները դեռեւս չկային, երբ նուիրեալների ամէնօրեայ անձնական վարքով էին ուրուագծւում այդ բանաձեւերի դրոյթները: Նրանցից ոմանք նոյնիսկ ուղղորդեցին պատմութեան անիւը, որքանով դա հնարաւոր էր մի փոքրաթիւ եւ պետականազուրկ ժողովրդի ներկայացուցչի համար: Դեռեւս 19-20-րդ դարերի սահմանագծին այդ սկզբունքը բանաձեւել էր ՀՅԴ հիմնադիր առաջնորդը` Քրիստափոր Միքայէլեանը, երբ իր կուսակից համախոհների հետ միասին անձեւ քաոսից շունչ ու կերպարանք էր տալիս հայ ժողովրդի ապագայ առաջնորդող յեղափոխական ուժին` ՀՅ Դաշնակցութեանը. «Պատռել է հարկաւոր քարտէզների վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծուած սահմանները, ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից, եւ որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում: Ո՛չ մի բռնութիւն, ո՛չ մի հալածանք, ո՛չ մի սահման չի կարող բաժանել մի ժողովուրդ, եթէ նա, տոգորուած` ընդհանուր շահերի գիտակցութեամբ, ունի նաեւ կռուելու անսասան վճռողականութիւն եւ կապուած, միացած է դարերով սնուած ու պահպանուած ընդհանուր բնազդների ու զգացմունքների առողջ զարկերով»:

Հայեացք նետելով Ն. Աղբալեանի անցած ճանապարհին` կարող ենք ասել, որ այդպիսի բացառիկ նուիրեալներից մէկն անպայմանօրէն ինքն էր` «Մտածումներ»-ի նշանաւոր, բայց եւ համեստ հեղինակը: Այդպէս դատելու հիմք են տալիս ոչ միայն նրա գործունէութեան մասին ժամանակակիցների վկայութիւնները, այլեւ` այն, որ հակառակ դէպքում` պարզապէս բարոյական չէր լինի անգամ այդ թեմային անդրադարձը մէկի կողմից, որի կեանքն ու գործը «Մտածումներ»-ում արտացոլուած արժէքների վկայումը չէին: Կարծում ենք` երկրորդական չէ այն իրողութիւնը, որ Ն. Աղբալեանը, մեր կարծիքով, «չի համարձակուել» «Մտածումներ»-ն ընթերցողին առաջարկել իր անուն-ազգանունով. լինելով Մեծ Ուսուցիչ` այս բառի ընդգրկուն իմաստով, բայց եւ` ծայր աստիճան համեստ ու խստապահանջ իր անձի նկատմամբ, նա իրաւունք չի վերապահել իրեն հանդէս գալու դաշնակցականութեան դասեր տուողի դերում, երբ իր կողքին ապրում եւ գործում էին իրենից ոչ պակաս նուիրեալները: Այդ գրքոյկն էլ գրել է` տեղի տալով Ս. Վրացեանի կրկնուող խնդրանքներին:

Հայաստանի կառավարութեան կազմը, ոտքի՝ ձախէն առաջինը Նիկոլ Աղբալեան

4. 1918-ի մայիսի 26-ին Անդրկովկասեան «Սէյմ»-ի (իմա` Անդրկովկասեան հանրապետութեան) լուծարումով բարդ իրավիճակ առաջացաւ հայութեան համար. նա դէմ դիմաց միայնակ էր մնում իր ոխերիմ թշնամու` թուրքի հետ, չնայած որ «Սէյմ»-ի գոյութեան ընթացքում ռազմաճակատի ամբողջ ծանրութիւնը դարձեալ հայ ժողովրդի ուսերին էր` նրա ղեկավար ուժի` ՀՅԴ-ի առաջնորդութեամբ: Այդ ծանր պահին, երբ պէտք էր դիրքորոշուել ապագայի հարցում, ոչ բոլոր ղեկավար գործիչներն էին կարողանում վճռական կարծիք յայտնել, որովհետեւ իրավիճակը թւում էր փակուղային:

Ն. Աղբալեանն այն գործիչների թւում էր, որոնք, վերլուծելով ստեղծուած կացութիւնը, շատ արագ կողմնորոշուեցին յօգուտ անկախութեան հռչակման` գիտակցելով, որ, չնայած սպասուելիք դժուարութիւններին` հայ ժողովուրդը պարզապէս այլ ելք չունի. «Բայց, պարոններ, մի՛ մոռացէք, որ հայոց ժողովուրդը անհաշիւ սերունդներով անկախութիւն է երազել: Նա չի ակնկալել, որ անկախութիւնը անպատճառ ծափ ու ծիծաղով պիտի գայ: Նա պայքարել ու երազել է: Եւ ահա անկախութիւնը գալիս է: Գալիս է գուցէ անժամանակ, գուցէ մենք դեռ պատրաստ չենք նրան արժանավայել կերպով ընդունելու, բայց գալիս է», յիշում է Ս. Վրացեանը:

Անկախութեան հռչակումը ոչ միայն անխուսափելի էր, այլեւ վտանգաւոր էր յապաղելը, որովհետեւ երկու հարեւանները` վրացիներն ու Կովկասի թաթարները (ազրպէյճանցիները) արդէն հռչակել էին իրենց անկախութիւնը: Ուշացնելու, էլ չենք ասում` անկախութիւն չհռչակելու դէպքում հետեւանքը կը լինէր հայրենիքի կորուստը, որովհետեւ այդ պարագայում մեր երկու հարեւանները կը յաւակնէին տէր դառնալ նաեւ հայկական գաւառներին: Այդպիսի յաւակնութիւններ երկուսն էլ ունէին եւ դրսեւորեցին Հայաստանի Հանրապետութեան առաջին իսկ ամիսներից սկսած: Ն. Աղբալեանի դերը մեծ էր քննարկման մասնակիցներին յօգուտ անկախ պետականութեան կողմնորոշելու հարցում:

Աւելի՛ն. Ն. Աղբալեանը գործուն մասնակցութիւն է ունեցել նաեւ անկախութեան մասին «Յայտարարութեան» պատրաստմանը. նա անկախութեան յայտարարութիւնը կազմող յանձնախմբի անդամ էր` Ա. Ահարոնեանի, Յ. Քաջազնունու եւ Ա. Խատիսեանի հետ միասին: Ըստ անկախութեան մասին «Յայտարարութեան,  «Հայոց Ազգային խորհուրդը իրեն յայտարարում է հայկական գաւառների գերագոյն եւ միակ իշխանութիւն»: Չնայած մի կողմից` պահի գերզգայունութեանը, որը կարող էր նաեւ սխալուելու դուռ բացել, իսկ միւս կողմից` վիթխարի պատասխանատուութեանը, որ ինքնաբերաբար ստանձնում էին անկախութիւն հռչակելու կողմնակիցները (ինչո՞ւ ոչ, քննարկման բոլոր մասնակիցները` անկախ իրենց դիրքորոշումներից), պիտի ասել, որ խորհրդաժողովը հրապարակեց խիստ հաւասարակշռուած յայտարարութիւն:

Անկախութեան հռչակումը վերոյիշեալ ձեւակերպումով «Յայտարարութեան» հեղինակների քաղաքական իմաստութեան աներկբայ վկայութիւն է, որովհետեւ այդ պահին ապագայ պետութեան որոշակի սահմաններ նշելը, երբ պատմական հանգամանքների բերումով դարեր ի վեր Հայաստանի սահմանները ջնջուել ու ձեւախեղուել էին, հայութեան կրկնուող արտագաղթերի եւ նուաճողների բռնազաւթումների պատճառով դրանք գորդեան հանգոյցի պէս խճճուած էին, առնուազն նշանակում էր`

Ա) Ի սկզբանէ նորաստեղծ պետութեան նկատմամբ թշնամաբար տրամադրել երկու հարեւաններին, որոնց հետ կային սահմանային վէճեր,

Բ) Հայաստանի ապագայ իշխանութիւններին կաշկանդել պետութեան սահմանները, ըստ հնարաւորին, ճշգրտելու հարցում: Այս տեսակէտն ընդունելու դէպքում` պիտի ընդունենք նաեւ, որ օրուայ իմաստուն ազգային գործիչների թւում էր Ն. Աղբալեանը, որքան էլ որ նա «իր էութեամբ քաղաքական մարդ չէր»:

Նիկոլ Աղբալեան եւ մտաւորական գործիչ Վարդան Շահբազ

5.- Ն. Աղբալեանն օժտուած էր հանրային գործչի համար շատ կարեւոր ունակութեամբ` հռետորական տաղանդով: Երեւոյթներն ու փաստերը կուռ տրամաբանութեամբ համակցելու եւ պատկերաւոր լեզուամտածողութեամբ դրանք շարադրելու ձիրքը նրա բանաւոր խօսքը դարձնում էին տպաւորիչ եւ ազդեցիկ: Այդ խօսքը յաճախ է հնչել մեր ազգային կեանքի շրջադարձային պահերին եւ իր արժանաւոր ժամանակակիցների կեանքն ու գործը գնահատելու առիթներով: Նրա խօսքի ուժը մենք արդէն տեսանք անկախութեան «Յայտարարութեան» առնչութեամբ: Այժմ մէկ այլ օրինակ. 1919-ի փետրուարի 1-ին հայ ժողովուրդը վերջին հրաժեշտն էր տալիս իր մեծ զաւակներից մէկին` Արամ Մանուկեանին, որը յետոյ պիտի հռչակուէր Ա. Հանրապետութեան հիմնադիր: Օրուայ բանախօսների թւում էր նաեւ Ն. Աղբալեանը: Ըստ Ա. Աստուածատրեանի, «Դաշնակցութեան Տան առջեւ դամբանականներ խօսուեցին: Հոյակապ էր ու անմոռանալի` մանաւանդ Նիկոլ Աղբալեանի խօսքը»:

6.- Շրջադարձային պահերին դրսեւորելով արագ կողմնորոշուելու ունակութիւն եւ անզիջում կեցուածք իր տեսակէտները պաշտպանելիս` Ն. Աղբալեանը, այնուամենայնիւ, չէր առաջնորդւում այսրոպէական թելադրանքներով: Լինելով Դաշնակցութեան գաղափարախօսութեան հետեւողական կրողն ու զարգացնողը` նա, այնուամենայնիւ, կուսակցական գործիչ չէր այդ բառի նեղ իմաստով, այլ` լայնախոհ ազգային գործիչ, որն ունակ էր կանխատեսելու վաղուայ օրը եւ իրերն ու երեւոյթները գնահատելու այդ հեռանկարով: Նրա այդ յատկութիւնը դրսեւորուել է ինչպէս կուսակից ընկերների, այնպէս էլ նոյնիսկ կուսակցական-քաղաքական այլ դաւանանքի կրողների առնչութեամբ: Այսպէս.

Ա) Յայտնի է, որ 1917-ից սկսած` զօրավար Անդրանիկը անհաշտ էր ՀՅԴ ղեկավարութեան հետ: Այդ հանգամանքը, ի վերջոյ, հանգուցալուծուեց Դաշնակցութիւնից Անդրանիկի հեռանալով, որից յետոյ թէպէտեւ նրա նկատմամբ Դաշնակցութեան մէջ ձեւաւորուեց սառնութեան որոշ մթնոլորտ, բայցեւայնպէս, դա չբերեց նրան, որ Դաշնակցութիւնը վերատեսութեան ենթարկէր Անդրանիկի գործը կամ ուրանար նրա ծառայութիւնը Ազգային Դատին: Ասուածի վկայութիւնները կարող են համարուել տարբեր առիթներով ՀՅԴ հեղինակաւոր գործիչների, այդ թւում` Ն. Աղբալեանի, բարձր գնահատականները Անդրանիկի մասին: 1927-ի օգոստոսի վերջին վախճանուեց զօրավար Անդրանիկը: Եգիպտահայ գաղթօջախում ազգային հերոսի յիշատակի միջոցառման բանախօսն էր Ն. Աղբալեանը: Անշուշտ նրա ճառը առասպելական հայդուկապետին ըստ արժանւոյն տրուած տուրք էր, բայց մեզ համար այդ խօսքից կարեւոր է յատկապէս երկու երեւոյթ. Ն. Աղբալեանը`

ա) Մեծարանքի իր խօսքում չի խուսափում ենթատեքստով (ակնարկել նաեւ Անդրանիկի խոցելի կողմերի մասին (հմմտ. «Նա գիտէր իր արժէքը, բայց նրա մեծութիւնը որոշում էր քծնողի եւ հիացողի չափերով, ուստի ծանր էին գալիս նրան իր ճշմարիտ բարեկամները: Բայց քծնողին արհամարհում էր, հիացողին հեգնում, իսկ ճշմարիտ բարեկամներից` ակնածում»),

բ) Վստահօրէն կանխատեսում է Անդրանիկի գործի, հետեւաբար նաեւ անուան անմահութիւնը Հայոց պատմութեան մէջ (հմմտ. «Այն ամէնը, որ մնայուն է նրա մէջ եւ արժանի յիշատակութեան, նրանով մենք նրա համար պարտական ենք ազնուական հայ ցեղին, իրան եւ Դաշնակցութեան, իսկ այն ամէնը, որ դատապարտուած է մոռացման արդիւնք է աննպաստ պայմանների եւ խորթ ազդեցութեան: Նրա անունը միշտ կը շողայ հայ պատմութեան մէջ, եւ վաղն աւելի` քան այսօր»): Աղբալեան ազգային գործչի մասին բաւականաչափ պատկերացում ունեցողը չի կարող չնկատել, որ նա Անդրանիկին վայել գնահատանքի խօսք հնչեցնելով հանդերձ, անգամ այդ զգայուն պահին, երբ ողջ հայութիւնը համակուած էր ազգային հերոսի մահուան վշտով, հաւատարիմ մնալով իր ուղղամիտ էութեանը, ակնարկում է նաեւ նրա որոշ թերութիւնների մասին: Սակայն դա Աղբալեանն անում է այնքան նրբօրէն, միջտողային բացատներում, որոնք կարող է նկատել միայն հմուտ ընթերցողը, բայց եւ որոնք ամենեւին չեն ստուերում ազգային հերոսի մասին ընթերցողի բարձր տպաւորութիւնը:

Բ) Խստապահանջ լինելով իր եւ կուսակից ընկերների հանդէպ ազգի եւ հայրենիքի առջեւ իրենց պարտքի կատարման առումով` Ն. Աղբալեանը, սակայն, ունէր մի թուլութիւն. դա տաղանդաւոր հայ մտաւորականն էր: Այն, ինչն աններելի էր սովորական մահկանացուին, ըստ Աղբալեանի, ներելի էր, օրինակ, տաղանդաւոր գրողին: 1915-ին պոլշեւիկների շարքերը համալրած եւ զինուորական ծառայութիւնից խուսափող Վ. Տէրեանի մասին նա բաւարարուեց` միայն ասելով. «Տեսնու՜մ ես, չի ուզում էշ նահատակ լինել… Մարդը չի ուզում էշ նահատակ լինել… Հայրապետներն ու Կարապետները կարող են էշ նահատակ լինել, իսկ ինքը վերի արտի ցորենն է»: 1920ին Աղբալեանը Չարենցին աշխատանքի ընդունեց կրթութեան նախարարութիւնում չհամալրուած միակ` «անձնական քարտուղարի» հաստիքի վրայ (այլապէս նա մտադիր էլ չէր այդ հաստիքը համալրել), որպէսզի խոստմնալից բանաստեղծը պետական «թոշակ» ստանայ եւ ստեղծագործի, սովից չմեռնի, իսկ նոյն Չարենցը «երազում էր թէ երբ որ Հայաստան գան պոլշեւիկները, ինքը իր ձեռքով կախաղան բարձրացնէ «դաշնակ մինիստր (նախարար) Աղբալեանին»: Ա՛յն Աղբալեանին, որը «սարսելով դահլիճն ու ֆոյէն (նախասրահ) – / աւետեց ամբողջ աշխարքին, / որ ծնուել է – մեծ մի պօէտ…»` ի դէմս Ե. Չարենցի : Ի հարկէ, աւելի ուշ Չարենցը գիտակցել է իր սխալը: Այդ մասին են վկայում ընդամէնը երկու-երեք տարի անց Ն. Աղբալեանին նուիրած գրքերի վրայ նրա արած ընծայագրերը (հմմտ. «Սիրելի Նիկոլ Աղբալեան, ընդունէք իմ գրքերը` որպէս յարգանքի եւ համակրանքի նշան: 28.1. 1923, Երեւան», «Սիրելի Նիկոլ Աղբալեանին, իմ առաջին ուսուցչին, որին ես երբեք չեմ մոռանայ եւ երբեք չեմ դադարի յարգել» եւ այլն), սակայն, ըստ Ս. Վրացեանի, «Նիկոլը չհաւատաց Չարենցի անկեղծութեան ու չներեց…»:

7.- Ն. Աղբալեանն ամբողջ կեանքում ապրել է պարզ ու համեստ կենցաղով, եթէ չասենք` աղքատութեան մէջ: Մշտապէս տարուած լինելով ազգային-կուսակցական գործերով` նա կարծես չի էլ նկատել նիւթական դժուարութիւնները` ակամայ նոյն կենսակերպին ենթարկելով նաեւ իր ընտանիքը: Այդ կենսակերպը նրան վարժեցրել է ծայրայեղ խնայողականութեան, նոյնիսկ այն դէպքերում, երբ կարող էր իրեն աւելի ազատութիւն տալ: Ոմանք այս երեւոյթի մէջ փորձել են տեսնել նաեւ ժլատութեան տարրեր, մեր կարծիքով, սակայն, դա այդպէս չէ: Ն. Աղբալեանը չէր կարող իրեն «շռայլութիւն» թոյլ տալ, երբ ընտանիքը Երեւանում դժուարութեան մէջ էր եւ շուրջը օրուայ գոյութեան պայքար էին մղում իր բախտակից տարագիրները: Բացի այդ, նա միշտ աչքի է ընկել անանձնական կենսակերպով. նրա ողջ կեանքն ազգին անմնացորդ ծառայելու բացառիկ օրինակ էր: Մի պահանջ, որ, ինչպէս տեսանք, ինքը ներկայացնում էր տիպար դաշնակցականին: Ժլատ թուացող Աղբալեանը, ժողովրդական լեզուով ասած, կտրելով իրենից եւ իր ընտանիքից` խնայած միջոցները տալիս էր ազգին. նա տարիների ընթացքում քիչ-քիչ խնայած դրամով «սեփական տուն մը կը շինէ Շթորայի մէջ եւ իր շինածը ազգին կը նուիրէ, ձեռքի մէկ շարժումով»: Սա թերեւս բացառիկ իրողութիւն էր իր նման սուղ միջոցներով ապրող մտաւորականի դէպքում:

Մէկ այլ օրինակ եւս: 1920-ականների վերջերից Ն. Աղբալեանը հայերէնագիտական յօդուածներով թղթակցում է Վիեննայի Մխիթարեանների «Հանդէս Ամսօրեայ»-ին: Այդ գիտական հրապարակումների համար ոչ միայն Մխիթարեանները նրան չեն վարձատրել, այլեւ ինքը կանոնաւոր կերպով բաժանորդագրուել է հանդէսին, որպէսզի այն չդադարի լոյս տեսնել, որովհետեւ, ըստ Աղբալեանի, դա` «Մէկ թերթ է, որի ընթերցողները միայն իր աշխատակիցներն են: Եթէ մենք ալ չվճարենք, թերթը էլ լոյս աշխարհ չի գար… »:

Ն. Աղբալեանը ոչ միայն տիպար դաշնակցական էր, այլեւ տիպար մտաւորական էր, որն իրեն բաժին ընկած խաչը պատուով է կրել բոլոր իրավիճակներում: Յանուն իր ժողովրդի եւ հայրենիքի` նա զոհաբերել է ամէն ինչ, որ ունէր երկրային կեանքում, նոյնիսկ` ընտանիքը, եւ փոխարէնը չի ակնկալել ոչինչ: Նա այն մտաւորականներից էր, որոնց խօսքն ու գործը երբեք չեն հակասել միմեանց եւ` այն բացառիկ ազգային գործիչներից, որոնց կեանքն ու գործը պիտի ուղենիշ լինեն առաջնորդութեան յաւակնութիւններ ունեցողների համար:

(Շար. 3 եւ վերջ)

«Դրօշակ», թիւ 5 – 2025

Նախորդը

Ժամանակը

Յաջորդը

Հայապահպանութիւնը` Հրամայական

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Փորձութիւն
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փորձութիւն

Հոկտեմբեր 31, 2025
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 10-րդ Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 10-րդ Թիւը

Հոկտեմբեր 31, 2025
Փաշինեանը Պէտք Է Արտաքսել Եկեղեցիէն Եւ Ձերբակալել
Անդրադարձ

Փաշինեանը Պէտք Է Արտաքսել Եկեղեցիէն Եւ Ձերբակալել

Հոկտեմբեր 31, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?