Գործող իշխանութիւնը հատել է օրէնքի եւ բարոյականութեան բոլոր սահմանները: Թշնամաբար հարուածներ է հասցրել պետականութեան բոլոր յենասիւներին` անկախութեան հռչակագրին, սահմանադրութեանը, բանակին, եկեղեցուն, սփիւռքին: Յանձնել է Արցախը: Նենգ գործելաոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրութեան օճախները:
Քողարկելով իր յանցաւոր վարքագիծը, շեղելով հանրութեանը հայոց պետականութեան սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դաւաճանութեան համար պատասխանատուութիւնից` Նիկոլ Փաշինեանը բացայայտ ահաբեկչութիւն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ:
Շարունակւում են բռնատիրութեան կանոններով մարդկանց ապօրինի ձերբակալութիւնները, խուզարկութիւններն ու կալանաւորումները: Ներկայացւում են շինծու մեղադրանքներ, կիրառւում են հոգեբանական ահաբեկչութեան բոլոր միջոցները` դրանք ուղեկցելով «յանցանքների» նախապատրաստութեան արհեստածին նկարագրութիւններով:
Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրուող արարքները չարիքի իշխանութիւնը կարող է տարածել Հայաստանի հանրապետութեան եւ աշխարհասփիւռ հայութեան` հայրենիքով մտահոգ իւրաքանչիւր անդամի նկատմամբ:
Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիւ զաւակների պարտքն է միաւորուել եւ կանխել հայոց պետականութեան գլխաւոր սպառնալիքի` Հայաստանի գործող իշխանութեան հետագայ գործողութիւնները:
Օրուայ գլխաւոր խնդիրը Հայաստանի վերջնական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատուութեան ենթարկելը, երկրի ու հայութեան արժանապատուութեան վերականգնումը:
Այդպէս էլ լինելու է: Շուտով:
25 յունիս 2025