Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ, Հայաստանի ճարտարապետների պալատի եւ ճարտարապետութեան ու շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի համագործակցութեամբ, մայիսի 16-ին Երեւանում տեղի ունեցաւ «Յովհաննէս Քաջազնունին` ճարտարապետ» խորագրով համահայկական գիտաժողովի յօդուածների ժողովածուի շնորհահանդէսը:
Ներկայ էին` Հայաստանի ճարտարապետութեան, մշակոյթի եւ պատմութեան ոլորտի մասնագէտներ, դասախօսներ, արուեստագէտներ եւ ուսանողներ:
Համազգայինի Կենտրոնական վարչութեան կողմից ներկայ էին` Արտաշէս Շահբազեանը (Հայաստան), Արա Գէորգեանը (Լիբանան) եւ Տիգրան Պապիկեանը (ԱՄՆ):
Կենտրոնական վարչութեան անդամները ողջունեցին եւ կարեւորեցին օրուայ թեման եւ գրքի ծնունդը` որպէս մեծ հային մշակոյթի ճանապարհով նորովի ճանաչելու եւ բացայայտելու հնարաւորութիւն:
Միջոցառման նպատակն էր` նոր հայեացք նետել Քաջազնունու ճարտարապետական ժառանգութեանը` ներկայացնելով նրա գործունէութեան բազմաշերտութիւնն ու ազդեցութիւնը հայկական մշակոյթի վրայ:
Շնորհահանդէսին բացման խօսքով հանդէս եկաւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը: Նա նշեց, որ ներկայ սերունդը պէտք է ճանաչի ոչ միայն Քաջազնունի ազգային գործչին, այլեւ` արուեստի մարդուն: Մարդ, որ իր ապրած կեանքով հայրենի երկրի հանդէպ նուիրումի ու հայրենասիրութեան վառ խորհրդանիշ է:
«Այս նախաձեռնութիւնը մեծ խթան է բոլորիս համար, քանի որ առաջին անգամ Քաջազնունին այս գրքում ներկայացւում է որպէս ճարտարապետ: Նրա ստեղծագործական ժառանգութիւնը շատ աւելի ընդգրկուն է, քան ներկայացուած է գրքում: Նրա դերն ազգային ճարտարապետութեան մէջ զգալի է, եւ այս անհատին անհրաժեշտ է դիտարկել նաեւ Հայոց պատմութեան ընդհանուր պարունակում` լիարժէքօրէն գնահատելու համար նրա ներդրումն ու թողած յետագիծը մեր մշակութային ժառանգութեան մէջ»,- նշել է Ռուզան Առաքէլեանը:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ ճարտարապետութեան եւ շինարարութեան Հայաստանի ազգային համալսարանի Ճարտարապետութեան բաժանմունքի տնօրէն Արմէն Շատուորեանը. «Ցանկանում եմ ընդգծել այս միջոցառման կարեւորութիւնը եւ խորին շնորհակալութիւն յայտնել կազմակերպիչներին, նախաձեռնողներին, ինչպէս նաեւ` բոլոր մասնակիցներին: Սա մի բացառիկ նախաձեռնութիւն է, որը ոչ միայն յարգանքի տուրք է Քաջազնունուն, այլեւ` արժէքաւոր կրթական հարթակ: Քաջազնունին այն եզակի անձանցից է, որ իր մասնագիտութեան սահմաններից դուրս եղել է խորապէս նուիրուած` ազգային գործերին: Նա կարող է ծառայել որպէս ոգեշնչող օրինակ մեր նոր սերունդների համար` ցոյց տալով, թէ ինչպէս կարելի է մասնագիտական ու ազգային նուիրուածութիւնը միաւորել մէկ անձի մէջ»:
Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանն իր խօսքում նշեց, որ Յովհաննէս Քաջազնունու գործունէութեան հիմքում` թէ՛ քաղաքականութեան մէջ եւ թէ՛ մշակոյթում, միշտ եղել է ազգայինը: Նա առաջնորդուել է ազգային գաղափարախօսութեամբ, ազգային ինքնութեան սերմանմամբ` քաջ գիտակցելով, որ ինքնութիւնից շեղուելը հաւասարազօր է ինքնակեղեքման:
Համազգայինի ԿՎ անդամ Արա Գէորգեանն էլ շեշտեց, որ չորս տարի առաջ Ռուզան Առաքելեանի հետ խորհել են այս կարեւոր նախաձեռնութեան շուրջ, եւ ուրախալի է, որ համատեղ ջանքերով այն արդէն իրականութիւն է դարձել: Արա Գէորգեանը նաեւ կարեւորեց ուսանողութեան մասնակցութիւնը միջոցառմանը, ինչը վկայում է, որ ներկայ սերունդը հետաքրքրուած է Քաջազնունու կերպարով: Շնորհահանդէսը կարեւոր քայլ էր Յովհաննէս Քաջազնունու` որպէս ճարտարապետի կերպարի նորովի ներկայացման ճանապարհին: Նրա ժառանգութեան վերարժեւորումը ոչ միայն պատմական արդարութեան վերականգնում է, այլ նաեւ խթան` մեր մշակութային ինքնութեան խորացման եւ երիտասարդ սերնդի կրթութեան համար:
Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ Տիգրան Պապիկեանն էլ իր խօսքում շեշտեց, որ Համազգայինն առաջինն է Քաջազնունուն արժեւորում որպէս ճարտարապետի, ու մինչ այս նման միջոցառումներ չեն եղել: Սա կարեւոր քայլ է Համազգայինի կողմից` սերունդներին ներկայացնելու ճարտարապետ Քաջազնունուն: «Նրա մահից տասնեակ տարիներ են անցել ու հիմա է խօսւում այս մասին. դա ցաւալի է, որովհետեւ մեր մեծերը երբեք պէտք չէ մնան ստուերում: Համազգայինը արեց այս կարեւոր քայլը ու յուսամ` այն խթան կը լինի, որ ներկայ սերունդը ուսումնասիրի եւ աւելի լաւ ճանաչի Քաջազնունուն»:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ եւ Հայաստանի Ճարտարապետների պալատի համագործակցութեամբ 2024թ. հոկտեմբերի 15-ին կայացած «Յովհաննէս Քաջազնունին` ճարտարապետ» խորագրով գիտաժողովը, որը նպատակ ունէր ներկայացնելու Յովհ. Քաջազնունու ճարտարապետական ժառանգութիւնը եւ նրա դերն ու նշանակութիւնը հայ մշակոյթի պատմութեան մէջ, իր տրամաբանական շարունակութիւնն ունեցաւ գրքի տեսքով, ինչպէս` Համազգայինի կողմից կազմակերպուած միւս բոլոր գիտաժողովները:
Ներկաները առիթ ունեցան իրենց սրտի խօսքն ասելու գրքի լոյս ընծայման առիթով` կարեւորելով Համազգայինի կատարած նշանակալից աշխատանքը: Նրանցից իւրաքանչիւրը գրքի մէկական օրինակ նուէր ստացաւ, որը, անշուշտ, պիտի ծառայի թէ՛ որպէս սեղանի գիրք եւ թէ՛ որպէս կարեւոր ժառանգութիւն սերունդների համար:
ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԵՐԵՒԱՆԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
Ստորեւ կը ներկայացնենք «Յովհաննէս Քաջազնունին` ճարտարապետ» գիրքին մէջ Հայաստանի ճարտարապետների պալատի Պատուաւոր, հիմնադիր նախագահին խօսքը:
——-
Ողջոյնի Խօսք
Յովհաննէս Քաջազնունին Հայաստանի Հանրապետութեան եւ հայկական պետականութեան խորհրդանիշներից է մարդ, որ մարմնաւորում էր բարձր մտաւորականի, մեծ հայրենասէրի, պետական ու քաղաքական ականաւոր գործչի, արհեստավարժ ճարտարապետի, խորաթափանց մանկավարժի ու գիտնականի ամբողջական կերպարը:
Փեթերսպուրկի քաղաքացիական ճարտարապետների հիմնարկի ճարտարապետական բաժանմունքի գերազանցութեամբ աւարտելով եւ ստանալով ճարտարապետի որակաւորում, մասնագիտական գործունէութեանը զուգահեռ, Քաջազնունին զբաղուել է նաեւ քաղաքական գործունէութեամբ:
Անդրկովկասի քաղաքներում` Երեւանում, Գիւմրիում, Թիֆլիսում, Պաքւում, Պաթումիում Քաջազնունու նախագծերով կառուցուել են բազմաթիւ բնակելի, հասարակական, արդիւնաբերական շէնքեր:
Քաղաքական պաշտօնների ստանձնումը նրա կողմից դիտարկւում էր որպէս լոկ հնարաւորութիւն, որը թոյլ էր տալու իրագործել իր ծրագրերն ու նպատակները: Դրանց հիմքում ընկած էին` հասարակութեան պետական կառուցուածքի արդար որոնումները, նախ եւ առաջ հայ ժողովրդի դառը վիճակի բարելաւման մտահոգութիւնը, անկախութեան գաղափարները, որոնց իրականացման ճանապարհին նա ենթարկուել է դաժան փորձութիւնների:
Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնավարման կարճ ժամանակում նա կարողացաւ խորանալ եւ փորձել լուծել պետութեան առջեւ ծառացած բազմաթիւ խնդիրներ` այդ ընթացքում սերտ կապեր հաստատելով հայ ազգային-ազատագրական պայքարի ականաւոր գործիչներ Անդրանիկ Օզանեանի, Արամ Մանուկեանի, Նուպար Փաշայի եւ ուրիշների հետ:
Խորհրդայնացման առաջին տարիներին, ինչպէս շատ-շատերը աւագ սերնդի ճարտարապետներից, նա նոյնպէս, մեծ ոգեւորութեամբ ներգրաւուեց Հայաստանում ծաւալուած մեծ շինարարութեան գործընթացներում: Ճարտարապետը ամենայն պատասխանատուութեամբ էր վերաբերւում իր մասնագիտական գործունէութեանը` նոյնը պահանջելով միւսներից: Անուրանալի է Յովհաննէս Քաջազնունու վաստակը Խորհրդային Հայաստանի 1929-1930-ական թուականների ճարտարապետութեան, քաղաքաշինութեան մէջ: Ճարտարապետական, քաղաքաշինական բարդ հարցեր քննարկելիս Ալ. Թամանեանն ու Ն. Բունիաթեանը մեծ ուշադրութիւն էին դարձնում Յովհաննէս Քաջազնունու դիտողութիւններին եւ առաջարկութիւններին: Նրա գործունէութեանը ժամանակին բարձր գնահատական են տուել նաեւ Ալ. Մասնիկեանը, Ա. Խանջեանը, Ա. Երզնկեանը:
Քաջազնունին զբաղուել է նաեւ գիտամանկավարժական գործունէութեամբ` դասաւանդելով Երեւանի պետական համալսարանում, Շինարարական հիմնարկում:
Յովհաննէս Քաջազնունին իր շատ ու շատ ընկեր-համախոհ, հայ մտաւորականների նման 1937 թ. դաժան ժամանակների զոհը դարձաւ: Նա անհիմն մեղադրանքներով բանտարկուեց եւ 1938 թ. վախճանուեց կալանավայրում:
Միայն Հայաստանի անկախացումից յետոյ է հնարաւոր դարձել խօսել Քաջազնունի քաղաքական գործչի եւ ճարտարապետի մասին:
Գիտաժողովը, որ մեկնարկում է Հայաստանի ճարտարապետների պալատի յարկի ներքոյ` նախաձեռնութեամբ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան, կարեւոր միջոցառում է, որի ընթացքում համակողմանի կերպով ներկայացւում եւ արժեւորւում է Յովհաննէս Քաջազնունու ճարտարապետական ժառանգութիւնը:
Ողջունում եմ նախաձեռնութիւնը` գիտաժողովին մաղթելով արդիւնաւէտ եւ կառուցողական աշխատանք:
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍԵԱՆ