Յունիսի լոյս 13-ի գիշերը Իսրայէլի ռազմաօդային ուժերը զանգուածային հարուածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետութեանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցուածքների օբյէկտները, զինուորական հրամանատարութեանը, գիտնականների, քաղաքացիական շինութիւններ և ենթակառուցուածքներ։
Իրանի դէմ Իսրայէլի յարձակումն ու ռազմական ծաւալուն գործողութիւնները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրութեանը, միջազգային իրաւունքին և հարուածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչութեան կեանքի իրաւունքը։
Մերձաւոր Արևելքում ծաւալուող ռազմական գործողութիւնների և աշխարհաքաղաքական շարունակական ցնցումների համատեքստում Իսրայէլի գործողութիւնները խիստ մտահոգիչ են, յղի անկանխատեսելի զարգացումներով։
Իրավիճակի հետագայ ծաւալումն անխուսափելի բացասական հետևանքներ կը թողնի, յատկապէս՝ խաթարելով տարածաշրջանի խիստ փխրուն կայունութիւնը, անվտանգութիւնն ու խաղաղութիւնը։
Խիստ մտահոգուած ստեղծուած իրավիճակով, ՀՅԴ Բիւրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դէմ Իսրայէլի գործողութիւնները և անընդունելի համարում միջպետական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականութիւնը։
Ցաւակցում ենք զոհուածների հարազատներին և համոզում յայտնում, որ լայնածաւալ պատերազմից խուսափելու լաւագոյն ճանապարհը բանակցային գործընթացն է։
ՀՅԴ ԲԻՒՐՕ