«Սիրիական գարուն»-ը եւ չինական դիւանագիտութեան աշխուժութիւնը
Թէեւ կարող է թուալ, որ Սիրիայում Չինաստանը մեծ շահեր չունի սակայն, այդ երկրում հակակառավարական շարժման սկզբից եւեթ Փեքինը յամառօրէն պնդում էր, որ նախագահ Պաշշար Ասատը պէտք չէ Արեւմուտքի հարկադրանքի տակ հրաժարուի իշխանութիւնից: Չինաստանը բազմիցս յատուկ բանագնացներ ուղարկեց տարածաշրջան` Սիրիայի եւ հարեւան պետութիւնների միջեւ բանակցութիւններ վարելու միջոցով հակամարտութեան շահագրգիռ կողմերի հետ կապերի հաստատման եւ երկխօսութեան միջոցով խնդրի կարգաւորման, ինչպէս նաեւ մարդասիրական օգնութեան տրամադրման նպատակով: Ամուր կանգնելով Սիրիայի ազգային ինքնիշխանութեան պաշտպանութեան դիրքերում` ՉԺՀ-ն ամբողջովին բացառեց որեւէ հիմքով, այդ թւում` մարդու իրաւունքների ոտնահարման պատճառաբանութեամբ, երկրի ներքին գործերին միջամտութեան հնարաւորութիւնը: Ըստ Փեքինի, Սիրիայի ապագան պէտք է որոշի սեփական ժողովուրդը, Սիրիան ինքնուրոյն պէտք է լուծի իր ներքին տարաձայնութիւնները եւ քաղաքական երկխօսութեան միջոցով ազգային կայունութիւն հաստատի երկրում: Փեքինը պնդեց նաեւ, որ Սիրիայի խնդիրը պէտք է լուծուի ՄԱԿ-ի կանոնադրութեան եւ միջազգային իրաւունքի կանոններին համապատասխան` յարգելո Սիրիայի անկախութեան, ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան իրաւունքը:
2011թ. յունիսին Փեքինն ու Մոսկուան պոյքոթեցին Դամասկոսի դէմ (կառավարութեան կողմից սիրիական ընդդիմութեան կոշտ ճնշման պատճառաբանութեամբ) բանաձեւ մշակելու նպատակով ՄԱԿ-ի ԱԽ-ի հանդիպումը` խափանելով Պաշշար Ասատի դէմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ընդունման հնարաւորութիւնը: Փեքինում համոզուած էին, որ Ասատի պաշտօնաթողութիւնը չի յանգեցնի երկրում իրականացուող բռնութիւնների դադարեցմանը: Փեքինում չէին պատրաստւում սիրիական հակամարտող կողմերից որեւէ մէկին նախապատուութիւն տալ` այն դիտելով ոչ թէ բռնակալի եւ ապստամբների, այլ զինուած տարբեր խմբաւորումների միջեւ իշխանութեան համար մղուող պայքար: Այդ պատճառով էլ Չինաստանի ընտրութիւնը կանգնել էր ոչ թէ երկրի անկանխատեսելի ապագայի, այլ Սիրիայում առկայ սթաթիւս-քուոյի պահպանման օգտին:
2011թ. հոկտեմբերին` վեթօ դնելով հակակառավարական ուժերի ճնշման առնչութեամբ Սիրիային դատապարտող Ախ-ի բանաձեւի վրայ, ՉԺՀ-ն ու ՌԴ-ը փաստօրէն փրկօղակ նետեցին Պ. Ասատին: Փեքինն ու Մոսկուան համոզուած էին, որ ՕԹԱՆ-ի անդամները ցանկանում են Սիրիայի վերաբերեալ բանաձեւի ընդունման հասնել` մոլորեցնելով ԱԽ-ը, ինչը նրանց յաջողուեց Լիպիայի վերաբերեալ բանաձեւի ընդունման ժամանակ: Այդ էր թերեւս պատճառը, որ Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր էին կանխել նման բեմագրութեան կրկնութիւնը ոչ միայն Սիրիայում, այլ` ողջ ՄԱ-ի տարածաշրջանում:
Աւելի՛ն. ՉԺՀ-ն պաշտպանեց 2011թ. դեկտեմբերին ՌԴ-ի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացուած Սիրիայի վերաբերեալ բանաձեւի նախագիծը: Իսկ 2012թ. սկզբին Փեքինն ԱՊԼ-ի ղեկավարութեանը յայտնեց, որ հանդէս է գալիս «սիրիական թղթածրարն» ԱԽ-ի դատին յանձնելու դէմ, եւ գտնում է, որ ճգնաժամը պէտք է կարգաւորուի համաարաբական կազմակերպութեան շրջանակներում: 2012թ. փետրուարին ՌԴ-ն ու ՉԺՀ-ը ԱԽ-ում քուէարկեցին սիրիական խնդրի ռազմական ճանապարհով լուծման պարունակող բանաձեւի նախագծի դէմ, որն առաջարկել էր Մարոքի պատուիրակութիւնը մի շարք արեւմտեան եւ արաբական երկրների հետ: Դժգոհութիւն առաջացրեց յատկապէս բանաձեւի այն կէտը, որով նախագահ Պաշշար Ասատից պահանջւում էր երեք շաբաթուայ ընթացքում ազատել նախագահի պաշտօնը եւ իշխանութիւնը փոխանցել իր տեղակալին:
Հարկ է նկատել, որ Փեքինը հազուադէպ է դիմում ՄԱԿ-ի ԱԽ-ում վեթոյի կիրառմանը (1971 թուականից ի վեր ՉԺՀ-ն ընդամէնը ութ անգամ էր օգտագործել իր վեթոյի իրաւունքը), որի հետ կապուած շարժառիթները տատանւում են ներքին քաղաքական եւ տնտեսական նկատառումներից մինչեւ աշխարհառազմավարական հաշուարկները: Փեքինում գտնում են, որ Արեւմուտքի միջամտութեան սահմանափակումը տարածաշրջանում կարող է ծառայել իրենց շահերին: Արեւմուտքի հետ «փոխզիջման» չգնալով, դիմելով վեթոյի կիրառմանը եւ իր հասցէին լուրջ քննադատութեան հետ բախուելու վտանգին` Չինաստանն ըստ էութեան փորձում է կանխել ՄԱ-ում նոր իրավիճակի ձեւաւորման վրայ Արեւմուտքի ազդեցութիւնը: Նման դիրքորոշում Փեքինը զբաղեցնում է այնպիսի պայմաններում, երբ ՄԱ-ի երկրները ոչ միայն ՉԺՀ-ի աջակցութեանն են ձգտում տարածաշրջանային հակամարտութիւնների կարգաւորման գործում, այլեւ Փեքինի հետ յարաբերութիւնների խորացումը միջոց են դիտում Ուաշինքթոնից իրենց կախուածութեան աստիճանական թուլացման ճանապարհին: Ըստ Փեքինի` Աֆղանստանի ու Իրաքի դէպքերը ցոյց են տուել, որ արտաքին ճնշման տակ վարչախմբերի յեղաշրջումները չեն յանգեցնում ցանկալի արդիւնքի: Այդ իսկ պատճառով Չինաստանը չի ցանկանում հրաժարուել Սիրիայում բանակցութիւնների միջնորդի դերից, մանաւանդ որ վայելում է Ասատի վստահութիւնը:
Գործնականում Չինաստանի վեթոները «փրկեցին» նաեւ Մոսկուային միջազգային մեկուսացումից` էական դեր խաղալով ՄԱ-ում ուժային հաւասարակշռութեան պահպանման գործում: Մոսկուայի եւ Փեքինի միջեւ «ռազմավարական փոխըմռնումը» զսպեց ԱՄՆ-ին` նուազագոյնի հասցնելով ՄԱ-ի հիմնախնդիրներում որոշումներ պարտադրելու վերջինիս հնարաւորութիւնը: Մոսկուան ու Փեքինը համոզուած էին, որ Արեւմուտքն ամբողջութեամբ, մասնաւորապէս` ԱՄՆ-ը, տարածաշրջանում իրենց սեփական շահերն առաջ տանելու նպատակով սնուցում են արաբական աշխարհի ընդդիմադիր շարժումները: Ուստի Մոսկուայի եւ Փեքինի դիրքորոշումները գնալով աւելի էին մօտենում Արեւմուտքին բարեկամաբար տրամադրուած կամ վերջիններիս հովանաւորութիւնից օգտուող ուժերի իշխանութեան գալու հնարաւորութիւնը կանխելու հարցում: Չին փորձագէտներն անգամ խօսեցին «Փեքին-Մոսկուա առանցքի» ստեղծման մասին, որի վրայ պէտք է դրուէր «ամերիկեան կայսերապետութեանը դիմակայելու պատմական առաքելութիւնը»: Հաւանաբար այդ պատճառով Չինաստանը պատրաստ էր սատարելու Ռուսաստանին` վերջինիս համար կարեւոր Սիրիայի, իսկ Ռուսաստանը` Փեքինի համար կարեւոր, մասնաւորապէս ասիական- խաղաղովկիանոսեան տարածաշրջանի հետ կապուած խնդիրներում: Փեքինում գտնում էին, որ սիրիական վարչախմբի անկումը կարող է առաւել ծանր հետեւանքների յանգեցնել, քան` ներկայիս քաղաքական ճգնաժամը: Տասնեակ հազարաւոր քաղաքացիների մահուան փաստը մեծ ողբերգութիւն գնահատելով` Փեքինում ենթադրում էին, որ Արեւմուտքը թերագնահատում է իսլամական արմատականների իշխանութեան գալու կամ երկրում իշխանութեան հնարաւոր դատարկութեան առաջացման հետեւանքները:
Սիրիական ճգնաժամի դէպքում Փեքինն աւելի մեծ ճկունութիւն դրսեւորեց` արդիւնաւէտօրէն օգտագործելով Լիպիայի փորձը, կապեր հաստատելով եւ բանակցութիւններ սկսելով սիրիական հակամարտութեան կողմերի հետ: Չինաստանը սկսեց իրեն դրսեւորել իբրեւ միջազգային յարաբերութիւնների հիմնարար կանոնների պաշտպանութեամբ հանդէս եկող եւ ընդհանուր կառավարման գործերին մասնակցող ու պատասխանատուութիւն ստանձնող մեծ տէրութիւն: Անսալով արաբական տարբեր երկրների ընկերային ցանցերում չինական ապրանքների նկատմամբ ամպարկօ պարտադրելու արաբ քաղաքական գործիչների կոչերին` չինական դիւանագիտութիւնը Սիրիայում աննախադէպ ջերմեռանդութիւն հանդէս բերեց միջնորդական ջանքերի գործադրման ուղղութեամբ:
Փետրուարի սկզբին Փեքինը հիւրընկալեց սիրիական ընդդիմութեան պատուիրակութեանը, որից յետոյ ՉԺՀ-ի ԱԳՆ-ը յայտարարեց «Սիրիայի համապատասխան ընդդիմադիր խմբաւորումների հետ կապերն ու շփումները շարունակելու Փեքինի պատրաստակամութեան մասինէ: Փեքինը նաեւ հրաժարուեց մասնակցել «Սիրիայի բարեկամ երկրների» հետ փետրուարի վերջին նախատեսուող հանդիպմանը: Ի պատասխան` ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը վստահեցրեց, որ` «Միջազգային հանրութիւնն իր դիրքորոշումը կը հասցնի Ասատին` առանց ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի մասնակցութեան»:
Մարտի սկզբին Չինաստանը հանդէս եկաւ Սիրիայի հակամարտութեան խաղաղ կարգաւորման վերաբերեալ վեց կէտից կազմուած առաջարկութամբ: Այն իր մէջ բռնութիւններն անյապաղ դադարեցնելու, քաղաքական երկխօսութիւն սկսելու, մարդասիրական օգնութեան տրամադրումն ապահովելու կոչ էր պարունակում` ուղղուած միաժամանակ սիրիական կառավարութեանը եւ ընդդիմութեանը: Նշւում էր նաեւ ճգնաժամի քաղաքական կարգաւորման գործում արաբական երկրներին ու ԱՊԼ-ին աջակցելու ՉԺՀ-ի պատրաստակամութեան մասին: Փեքինը նաեւ Միջազգային Կարմիր խաչի յանձնաժողովի միջոցով սիրիական ժողովրդին 2 միլիոն ԱՄՆ տոլարի արտակարգ մարդասիրական օգնութիւն տրամադրելու վերաբերեալ որոշում էր ընդունել: Ի դէպ, Չինաստանն առաջին երկրներից էր, որը մարդասիրական օգնութիւն տրամադրեց ոչ միայն Եգիպտոսին, Թունուզին (5 մլն ԱՄՆ դոլար), այլեւ` Սիրիային:
Յուլիսի սկզբին Փեքինը հրաժարուեց մասնակցել նաեւ «Սիրիայի բարեկամների» փարիզեան հանդիպմանը` պնդելով, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել ժընեւեան հանդիպման արդիւնքների վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրագործման ուղղութեամբ: Հոկտեմբերի վերջին Փեքին այցելած Սիրիայի գծով ՄԱԿ ԱՊԼ միասնական յատուկ ներկայացուցիչ Լ. Պրահիմի հետ բանակցութիւնների ընթացքում ՉԺՀ արտաքին գործերի նախարարը յայտարարեց, որ Չինաստանը հետեւողական եւ կայուն դեր է խաղում սիրիական ճգնաժամի ուղղութեամբ` հանդէս գալով չորս կէտից բաղկացած առաջարկութեամբ: Վերջինիս համաձայն, նախատեսւում էր Սիրիայում կրակի եւ մարտական բոլոր գործողութիւնների փուլային դադարեցում, սկզբում` շրջաններում, այնուհետեւ` երկրի ողջ տարածքում: Նախատեսւում էր նաեւ` Լ. Պրահիմի եւ միջազգային հանրութեան աջակցութեամբ անցումնային ղեկավար մարմինի հետ կապուած «ճանապարհային քարտէսի» պատրաստման գործում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցութիւն, ժընեւեան «գործողութիւնների խմբի» վերաբերեալ յուշագրի իրականացման գործում միջազգային հանրութեան աջակցութիւն, սիրիական ժողովրդին մարդասիրական օգնութեան ցուցաբերման աշխուժացում: Թուարկուած միջոցառումների իրագործումը պէտք էր ապահովէին ինչպէս երկրի իշխանութիւնները, այնպէս էլ` ընդդիմադիր խմբաւորումները:
2013թ. յունուարի սկզբին ՉԺՀ-ի ԱԳՆ-ն յայտնեց, որ Չինաստանը կ՛ողջունի բռնութիւնների դադարեցման նպատակով Սիրիայի հակամարտող կողմերի համատեղ ընդունած ցանկացած որոշում: ՉԺՀ-ի արտգործնախարարը սիրիական խնդրի շուրջ հեռախօսազրոյց ունեցաւ ՄԱԿ-ԱՊԼ միասնական յատուկ ներկայացուցիչ Լ. Պրահիմի հետ` Փեքինի ամուր աջակցութիւնը յայտնելով նրա միջնորդական ջանքերին: 2013թ. փետրուարին Փեքինում ՉԺՀ-ի արտգործնախարարի եւ «Սիրիայի փոխարտգործնախարարի միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կոչ արուեց սիրիական հակամարտութեան բոլոր կողմերին հնարաւորինս սեղմ ժամկէտներում քաղաքական երկխօսութիւն սկսել` գտնելով, որ իրադրութիւնը «ծայրայեղ փուլի» է հասել: Նախքան այդ, Եգիպտոսում ՉԺՀ-ի դեսպանը «Սիրիայի Ընդդիմադիր ազգային համախմբումի» եւ «Յեղափոխական ուժերի» նախագահի հետ հանդիպման ընթացքում յոյս էր յայտնել, որ սիրիական հակամարտութեան բոլոր կողմերը հետեւողական եւ հաւասար հիմունքներով բանակցութիւնների եւ խորհրդակցութիւնների միջոցով քաղաքական համակողմանի երկխօսութեան եւ կարգաւորման կը հասնեն: Չին դիւանագէտը նաեւ կոչ արեց սիրիական հակամարտող կողմերին` քաղաքական անցումային գործընթացը վարել Սիրիայի վերաբերեալ Գործողութիւնների խմբի 2012թ. յունիսին ընդունած ժընեւեան յուշագրի ոգուն համապատասխան:
Հարկ է նշել, որ Սիրիայի հետ կապուած տարաձայնութիւնների պատճառով ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ արեւմտեան գործընկերների հետ Փեքինի եւ Մոսկուայի յարաբերութիւնների սրումը «ստուերեցին» Իրանի միջուկային ծրագրի առնչութեամբ Թեհրանին մեկուսացնելու ուղղութեամբ Օպամայի վարչակազմի գործադրած ջանքերը: Մինչդեռ Սիրիայի խնդրի հետ այն ունի բաւական տեսանելի կապ:
Չին փորձագէտների կարծիքով, դիւանագիտական մեկուսացման, ռազմական զսպման եւ ցանցային տեղեկատուութեան տարածման միջոցով Ուաշինկքթոնը փորձում է խստացնել պատժամիջոցների կիրառումն իրանական նաւթի արտահանման եւ ֆինանսական համակարգի նկատմամբ: Իրանասիրիական դաշինքը «սպառնալիք» է դիտւում ոչ միայն ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայէլի համար, այլ մտահոգում է Սէուտական Արաբիային, Ծոցի արաբական երկրներին ու Թուրքիային: Ուստի Ասատին ճնշելու նպատակը շիական «աղեղը կոտրելն» ու Իրանին մեկուսացնելն է:
Յայտնի է, որ Սիրիան ու Իրանը կենտրոնական դեր են խաղում Չինաստանի աշխարհաքաղաքական ազդեցութեան ամրապնդման ռազմավարութիւնում, որին Փեքինը հետամուտ է ճիշդ այնպիսի վճռականութեամբ, ինչպէս ԱՄՆ-ը, սակայն Չինաստանը, ի տարբերութիւն ԱՄՆ-ի, խուսափում է ռազմական միջամտութիւնից: Սիրիան Փեքինի համար կարճագոյն ցամաքային ելք է դէպի Միջերկրական ծով եւ, իբրեւ Միջերկրածովեան միութեան անդամ, յաւելեալ մուտք դէպի ԵՄ` վերջինիս կողմից ՉԺՀ-ի դէմ առեւտրային արգելքների կիրառման դէպքում: Ըստ Փեքինի, Սիրիայի անկումը կարող է յանգեցնել իրանամէտ ճակատի (Իրան, Սիրիա, «Հզպալլահ») թուլացմանը` միաժամանակ ուժեղացնելով արեւմտամէտ դաշինքը (Սէուտական Արաբիա, ԱՄԷ, Քաթար եւ այլն), ինչպէս նաեւ Թուրքիան` իբրեւ ՕԹԱՆ-ի անդամ:
(Շար. 4)
***