Երկար ժամանակ ընդդիմանալուց յետոյ Հայաստանի իշխանութիւնը համաձայնեց խաղաղութեան պայմանագրի 17 կէտերից վերջին երկու պահանջի հետ: Ակնյայտ է, որ այդ կէտերի ընդունումը դժուար էր անգամ 2020 թուականից Արցախն ու Հայաստանը ծանր պարտութիւնների եւ կորուստների տարած իշխանութիւնների համար: Իրականում մենք չենք էլ իմանում, թէ ի՛նչ է իրենից ներկայացնում այս պայմանագիրը, որի բովանդակութիւնը մինչեւ վերջ գաղտնի է պահում այն ղեկավարութիւնը, որը ժողովրդից մանտաթներ կորզելու նպատակով 2018 թուականին խոստանում էր, թէ դրանից յետոյ պետութեան համար կարեւոր որոշումները կայացուելու են հրապարակայնօրէն, անմիջականօրէն ժողովրդի կողմից: Ի հարկէ այս անգամ եւս ազրպէյճանական պահանջների առջեւ նահանջը ներկայացուեց որպէս մեծ ձեռքբերում, ինչպէս եղել էր մինչ այս, ինչպէս անգամ պատերազմում կրած ճակատագրական պարտութիւնը փորձ արուեց ներկայացնել անգամ որպէս յաղթանակ:
Պետական պատասխանատուութեան զգացումից զուրկ եւ նրա կենսական շահերի հաշուին իշխանութիւնը պահպանել ձգտող անհայրենիք խմբակն այլ կերպ չի էլ կարող վարուել, այլապէս կը փաստի իշխանութեան աթոռներին իր գտնուելու անթոյլատրելիութիւնը: Շահագրգիռ ուժերն ու թշնամիները շատ լաւ հասկանալով Հայաստանի իշխանութիւնների անել կացութիւնը` նրա առջեւ դնում են զիջումների նորանոր պահանջներ, որոնց իրականացման դէպքում Հայաստան պետութիւնը պարզապէս կը դադարի գոյութիւն ունենալուց: Ի հարկէ այլեւս ծիծաղելի են հնչում 2020 թուականի պատերազմի պարտութեան կամ Արցախը յանձնելու մեղքը նախկինների վրայ բարդելու այս իշխանութիւնների քաղաքական ճապկումները, քանի որ ակնյայտ են անգամ պատերազմից յետոյ նրանց չդադարող պարտութիւնները, թշնամու ֆիզիքական, դիւանագիտական, գաղափարական, հուգեւոր-մշակութային ու բարոյական պահանջների առջեւ ընկրկելը: Ըստ էութեան, 2020 թուականից յետոյ Հայաստանի իշխանութիւնները վերածուեցին երկրում ազրպէյճանաթուրքական դաշինքի դրածոների` յանուն նրանց շահերի դուրս գալով Արցախի, արցախցիների ու Հայաստանի պետական, անվտանգային շահերի ու արժէքների դէմ:
Հայաստանի եւ հայութեան դարաւոր թշնամիները շատ լաւ տեսնում են, թէ ժողովրդային աճող անհանդուժողութեան, ինչպէս եւ արտաքին, ոչ բարենպաստ զարգացումների պայմաններում ինչպէս է նեղանում Հայաստանի իշխանութեան խուսանաւումների դաշտը, եւ փորձում են աննախադէպ այս իրավիճակից օգտուելով` հասնել առաւելագոյնին, սկզբունքային զիջումների պարտադրանքով կրկին օրակարգ բերելով Հայաստանը վերջնականապէս ոչնչացնելու ծրագիրը:
ԱՄՆ-ում իշխանութեան փոփոխութիւնը նշանաւորեց մի քանի տասնամեակ աշխարհում աւեր գործած համաշխարհայնացման գաղափարաքաղաքական պարտութիւնը: Միացեալ Նահանգների իշխանութեան այսօրուայ քաղաքականութեան շարունակման դէպքում Եւրոպայի համաշխարհայնացման կողմնակից վերնախաւը նոյնպէս ենթարկուելու է վերջնական քայքայման` որբ թողնելով Սահակաշվիլու, Զելենսքու եւ Փաշինեանի նման դրածոներին: Համաշխարհայնացման անառակ զաւակները հէնց իրենց երկրներում արդէն իսկ մեծ հարուած են ստացել USAID-ի նման կառոյցի ազդեցութեան ցանցը ներկայացնող զանազան հասարակական, քարոզչական կառոյցների փակմամբ, համաշխարհայնացման առաջամարտիկ Սորոսի դէմ ԱՄՆ նոր իշխանութեան ունեցած մերժողական վերաբերմունքի պատճառով: Գունաւոր յեղափոխութիւններով իշխանութեան բերուած աշխարհի դրածոյ կառավարութիւնները մեծ հարուած են ստանում «Ամերիկայի ձայն» եւ «ազատութիւն» ռատիոկայանների գործունէութեան դադարեցման դէպքում` կորցնելով քարոզչալրատուական հզօր թիկունք:
Այս քաղաքականութեան շարունակման դէպքում մենատիրական իշխանիկները զրկուելու են նաեւ իրենց երկրների ներսում ուզած ապօրինութիւնները գործելու արտաքին հովանաւորութիւնից:
Ասուածի վկայութիւնը կարելի է համարել սոյն թուականի փետրուարի 14-ին ԱՄՆ փոխնախագահ Ճէյ Տի Վենսի ունեցած ելոյթը Միւնիխի անվտանգութեան համաժողովում: Փոխնախագահի գնահատականները Եւրոպայում ժողովրդավարութեան իրավիճակի մասին եւ յստակ անդրադարձը Ռումանիայի ընտրութիւններում թեկնածուի օրինական յաղթանակը չեղարկելու փաստին:
Միւս կողմից` ԱՄՆ քաղաքականութեան շրջադարձը Ռուսաստանի նկատմամբ այլ բանի վկայութիւն չէր, քան` Ռուսաստանի հզօրանալու փաստի սթափ գնահատումը: Ուքրանական ճակատում շօշափելի արդիւնքների հասնող Ռուսաստանում այսօր խօսում են Եալթայի խորհրդաժողովից 80 տարի անց աշխարհի նոր վերաբաժանման անհրաժեշտութեան մասին: Միայն թէ այս նոր վերաբաժանման ժամանակ երրորդ աթոռը կը զբաղեցնի ոչ թէ Հայաստանի իշխանութեանը հայրութիւն անող Բրիտանիան, այլ` Չինաստանը: Սա ենթադրելի, սակայն դեռ չհասունացած հեռանկարից է, իսկ որոշակի փաստերի թւում է Ռուսաստանի ուշադրութեան մեծացումը Անդրկովասի եւ, մասնաւորապէս, Հայաստանի վրայ: Ուշագրաւ է, որ վերջերս Ռուսաստանը դիմել է պաշտօնական Հայաստանին` տեղեկութիւններ խնդրելով, թէ զօրավարժութիւնների նպատակով ԱՄՆ-ն ի՞նչ զինատեսակներ է պատրաստւում բերել Հայաստան: Ռուսաստանից ժամանակ առ ժամանակ ուշադրութեան արժանի յայտարարութիւններ են հնչում Արցախի հետ կապուած: Մասնաւորապէս վերջերս ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խօսեց, թերեւս` ոչ ամբողջովին նախկին ձեւաչափով, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի գործունէութեան վերականգնման մասին. «Մենք միշտ աջակցել ենք այդ ձեւաչափին (ԵԱՀԿ ՄԽ), աշխուժօրէն աշխատել ենք այնտեղ եւ երբեք չենք ասել, որ հրաժարւում ենք դրանից»: Մասնաւորապէս դեսպանի այս արտայայտութիւնն է 2025 թուականի մարտի 7-ի լրատուութեան մէջ մէջբերել ռուսական REX տեղեկատուական գործակալութիւնը: Նոյն ամսի 18-ին լրատուամիջոցներով տարածուեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսէյ Օւերչուկի յայտարարութիւնն այն մասին, թէ` «Մոսկուայի, Պաքուի եւ Երեւանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակուել. այն քնած վիճակում է»: Այսպիսով, Ռուսաստանն ազդանշաններ է ուղարկում այն մասին, որ Արցախի հարցը փակուած չէ:
Մի փոքր շեղուելով տուեալ ուղղութեամբ` յիշենք նաեւ, որ նման ազդանշաններ հաղորդում են նաեւ եւրոպական կառոյցները, իսկ Զուիցերիայի խորհրդարանի վերին պալատը, հետեւելով ստորին պալատի որոշմանը, 2025 թ. մարտի 18-ին ընդունեց հետեւեալ որոշումը. «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղութեան ֆորում. հայերի վերադարձի հնարաւորութեան ապահովում»: Հայկական կազմակերպութիւնների ու յատկապէս Հայ դատի յանձնախմբի ջանքերով Արցախի ճակատագրի հարցը շրջանառութեան մէջ է նաեւ ԱՄՆ պաշտօնական շրջանակներում: Ի հարկէ այս ամէնը ոչ թէ աւելորդ լաւատեսութեամբ պէտք է համակեն մեզ, այլ վարակեն հետեւողական ու անդադրում աշխատանքի եռանդով: Իսկ տխուր ու միաժամանակ զաւեշտալին այն է, որ այս գործընթացներին յստակօրէն դէմ են յատկապէս Ազրպէյճանի, Թուրքիայի եւ Հայաստանի իշխանութիւնները: Աւելի՛ն. Հայաստանի իշխանութիւնը հաւաստում է Մինսքի խումբը լուծարելու եւ Ազրպէյճանի կատարած պատերազմական յանցագործութիւնների դէմ յարուցուած քրէական գործերը ետ կանչելու մասին, ինչն ուղղակիօրէն կը նպաստի Արցախի հարցը թաղելուն:
Կառչած Ազրպէյճանի, Թուրքիայի եւ արեւմտեան հովանաւորների փէշերից` Հայաստանի իշխանութիւնը մուրում է «խաղաղութեան պայմանագիր», որը նրա գլխաւոր փաստարկը պէտք է լինի գալիք ընտրութիւններում ժողովրդի առջեւ արդարանալու եւ կրկին նրա մանտաթը կորզելու համար: Ի դէպ, պատասխանելով լրագրողների հարցին արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեանը մարտի 18-ին մշակուող նոր սահմանադրութեան մասին ասում է. «Խօսքը «խաղաղութիւնը չվտանգող սահմանադրութեան մասին է»: Սրանից յետոյ կասկած կարո՞ղ է լինել, որ նոր սահմանադրութեան ընդունման հարցն ուղղակիօրէն բխում է խաղաղութեան պայմանագիրը ստորագրելու դիմաց Ազրպէյճանի իշխանութիւնների պահանջից: Վերադառնանք, սակայն, մեր հիմնական ասելիքին:
Հայաստանի իշխանութիւնը հասկանում է, որ` իր ժամանակն անցել է, որ կորցնում է արտաքին յենարանները, եւ օր օրի աւելանում է իր ձախաւեր քաղաքականութիւնից դժգոհ ժողովրդի անհանդուրժողութիւնը: Միւս կողմից` ռուսական շրջադարձի հետ աւելանալու է արտաքին երկկողմանի ճնշումը: Այս պայմաններում ամէն գնով վերարտադրութիւնն այս ղեկավարութեան համար դարձել է իր իշխանութեան գլխաւոր հարցը: Ցանկացած գնով աթոռները պահպանելու փաստը Նիկոլ Փաշինեանը այնուհետեւ կը ներկայացնի բոլորին` որպէս իր արտաքին ու ներքին քաղաքականութեան նկատմամբ ժողովրդի համաձայնութեան ու վստահութեան մանտաթ:
Ինչ վերաբերւում է աշխարհաքաղաքական խաղերի մէջ Քպ-ի ապագային, ապա այս իշխանութիւնը պատրաստ է ճարպիկ գառան պէս կախուելու եօթ մօր կրծքից: Ամերիկեան ձախող այցից յետոյ Նիկոլ Փաշինեանն ընդգծուած ձեւով փորձում է ստանալ սեփական քաղաքականութեան մէջ խճճուած Եւրոպայի աջակցութիւնը: Արդէն առկայ են նշանները, թէ ինչպէ՛ս են նրանք փորձում սրբագրումներ մտցնել Ռուսաստանի հետ յարաբերութիւններում:
Այսպիսով, վերադառնալով մեր գլխաւոր ասելիքին, արձանագրենք, որ արտաքին ու ներքին ճնշումների աւելացման եւ քաղաքական խուսանաւումների դաշտի սահմանափակման պայմաններում Փաշինեանի համար հիմնական խնդիր է դառնում գալիք համապետական ընտրութիւններում յաղթանակն ապահովելու համար յաջողութեան հասնելը մինչ այդ եղած բոլոր ընտրութիւններում, որպէսզի հետագայ ընտրակեղծարարութեան համար հնարաւորութիւն ունենայ լիարժէքօրէն օգտագործելու տեղական իշխանութեան լծակները: Հակառակ պարագայում, որեւէ պարտութիւն կարող է շղթայական հակազդեցութիւն առաջացնել` խանդավառելով յաղթանակի համն առած ժողովրդին: Այդ առումով, նրա ամենամօտակայ փորձութիւնը մարտի վերջին կայանալիք Գիւմրիի աւագանու ընտրութիւններն են: Փաշինեանը հասկանում է, որ հանրապետութեան երկրորդ քաղաքում պարտուելը կարող է դառնալ իր ընդհանուր պարտութեան սկիզբը: Այսօր այդ ուղղութեամբ նա զօրաշարժի է ենթարկել իշխանական բոլոր միջոցները, պաշտօնեաներից եւ հիմնարկների աշխատողներից ոչ միայն անվերապահ կողմնորոշում է պահանջւում, այլեւ` իշխանական թեկնածուի օգտին հաւաքուած ընտրողների ցանկեր: Ակնյայտ է, որ անգամ ընտրական աղաղակող կեղծարարութեամբ փաշինեանական վարչակարգի համար դժուար է հանրապետութեան երկրորդ քաղաքում փոխել ուժերի հաւասարակշռութիւնը: Կը գնա՞յ արդեօք նա աւելի մեծ ապօրինութիւնների` ընդհուպ մինչեւ հիմնական թեկնածուի կամ նորընտիր քաղաքապետի դէմ պոյքոթի բեմականացումների եւ` անգամ ձերբակալութեան: Քայլեր, որոնց նա բազմիցս դիմել է մինչ այս:
Այսօր նրա նկատմամբ արտաքին հովանաւորութիւնը թուլացած է, սակայն դեռ պահպանւում է: Դեռ, որ նրան յանցաւոր աջակցութիւն կարող են մատուցել որոշ դեսպանատների ու երկրում գործող միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները: Ի դէպ, ժամանակն է, որպէսզի ժողովուրդը համապատասխան երկրների եւ կազմակերպութիւնների ղեկավարութիւնից պահանջի` ետ կանչելու Հայաստանի փտած, մենատիրական իշխանութեանը հովանաւորող իրենց պաշտօնեաներին:
Հայաստանում այսօր աւելի ու աւելի բարձր է հնչում ստուարացող զանգուածների ձայնը, որոնք գիտակցել են դաւաճան իշխանութեան պատճառով հայրենիքի գլխին կախուած սպառնալիքի մեծութիւնը: Ստուարանում է ազգային արժանապատուութիւն ունեցող երիտասարդութեան բանակը, որը ցանկանում է կանխել հայրենիքին սպասուող ճակատագրական աղէտը: Մինչ հիմա իր նախաձեռնողականութեամբ փաշինեանական վարչակարգը միշտ մէկ քայլ առաջ է եղել իր դէմ պայքարողներից: Նրան յաջողուել է նաեւ ընդդիմադիր դաշտի ներուժը պառակտել, շեղել իրենից եւ ուղղել միմեանց դէմ: Մենք այժմ գտնւում ենք նման իրավիճակում, երբ կամայ թէ ակամայ ընդդիմադիր դաշտի որոշ ուժեր ժողովրդական ցասման ներուժը շեղում են հիմնական թիրախից եւ թուլացնում ազգային դաշտը: Բոլորը պէտք է հասկանան, որ չսպաննուած արջի մորթին չեն կիսում: Գալիք իշխանութեան հարցը, այսպէս թէ այնպէս, լուծուելու է ընտրութիւնների միջոցով:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ`
– Հայաստանի իշխանութեան վարկանիշը գտնւում է անցնող 7 տարիների ամենացածր սահմանագծին,
– Հանրապետութեան մակարդակով առաւել ընդլայնուած է իշխանութիւնների հրաժարականին ձգտող ժողովրդական զանգուածների շրջանակը,
– Առաւել մեծ եւ բազմաշերտ է աշխուժ պայքարի պատրաստ մարդկանց քանակը,
– Սահմանափակուած է իշխանութեան ապօրինի գործողութիւնների համար արտաքին աջակցութեան հնարաւորութիւնը,
– Ծրագրուած, ճանապարհային յստակ քարտէսով պայքարի վերսկսումը կը նուազեցնի տեղական եւ համապետական ընտրութիւններում իշխանութիւնների յաղթելու հաւանականութիւնը, կը կանխի ինքնափրկութեան համար հայրենիքի շահերը զոհաբերելու իշխանութեան հնարաւորութիւնը,
– Մինչ այս եւ սրան զուգահեռ պէտք է կարեւորել տեղական բոլոր ընտրութիւնները` այս շարքում կարեւորագոյններից մէկը համարելով մարտի 30-ին տեղի ունենալիք Գիւմրիի աւագանու ընտրութիւնները,
– Ընտրութիւններում ջլատուած ազգային ուժերի դիմաց իշխանութիւնը կենտրոնացնելու է իր հնարաւորութիւնները, հետեւաբար յաղթանակի երաշխիքը կարող է լինել միասնական թեկնածուի շուրջ ազգային ուժերի համախմբումը,
– Բոլոր պարագաներում, ազգային ուժերի յաղթանակը եւ հայրենիքի փրկութիւնը հնարաւոր են ընդհանուր նպատակի շուրջ ազգային բոլոր ուժերի միասնական հանդէս գալը` մինչեւ իշխանափոխութիւնը:
Գալիք փորձութիւններին յանդիման մեր ժամանակը սահմանափակ է, եւ պէտք չէ այն մսխել սպասելով, թէ ե՛րբ յեղափոխական իրավիճակն ինքն իրեն կը վերաճի յեղափոխական պայքարի: