ՄՈՎՍԷՍ Ս. ՀԵՐԿԵԼԵԱՆ
Արամ Մանուկեանի Ծննդեան օրը Աւետիք ու Կրտսեր ուստրը՝ Ռաֆայէլ Իշխանեաններ՝ Արամ Մանուկեանի Շիրիմի դիմաց 2018-ի Մարտի 19-ին.
Աւետիք Իշխանեանը իր կեանքի վերջին օրերուն ե–նամակագրական կապի մէջ եղած է իր ընկերներէն Վահան Զանոյեանի եւ Մովսէս Հերկելեանի հետ: Ստորեւ կու տանք Մ. Հերկելեանին հետ կայացած «զրոյց»-էն բաժին մը` Հերկելեանի կողմէ խմբագրուած, բայց` առանց իմաստային որեւէ փոփոխութեան:
Ա. ԻՇԽԱՆԵԱՆ.- Մովսէ՛ս ջան, արդէն իմ վիճակն անյուսալի է, դեռ մի ամիս առաջ բժիշկները բուժումը փոխեցին խնամքով, այսինքն `անյոյս: Իմ վիճակը աննկարագրելի է, արդէն շուրջ 1 ամիս է, որ նոյնիսկ չեմ կարողանում ուտել: Մնաք բարով…
Մ ՀԵՐԿԵԼԵԱՆ.- Ինչ որ Վահանը գրել է քեզ, նոյնը ես պիտի ասէի, սակայն շարունակում եմ հրաշքների հաւատալ… Մի խնդրանք. եթէ տակաւին քո գրքերիցդ մնացել են մօտդ, լաւ կը լինի, որ ամէն մէկից 5 կամ 6 հատ Վազգէնի (Մանուկեանի) մօտ թողնես: Պէտք ունեմ կարեւոր մարդկանց տալու համար:
Ա. Ի.- Մովսէ՛ս ջան, երբ գաք Երեւան, զանգէք տղայիս` Ռաֆայէլին, գրքերը կը բերի, հիմա ինձ է խնամում: Իսկ ես անյոյս վիճակում եմ, աներեւակայելի տառապանքներով, եւ մահն ինձ համար փրկութիւն է: Ամէն օր երազում եմ մահուան մասին:
Մ.Հ.–Չգիտեմ, չեմ հասկանում… Ցաւում եմ… շա՜տ եմ ցաւում: Չգիտեմ` ի՛նչ ասեմ…
Ա. Ի.- Փիլիսոփայօրէն մօտեցիր: Մահը մերն է, մենք մահինը: Մահն իմ անմարդկային, ասել եմ, տառապանքներին վերջ կը տայ: ՅՈՅՍՈՎ ԵՄ…
Մ. Հ.- Իսկ ես էլ ՅՈՅՍՈՎ ԵՄ, որ յանկարծ հրաշք կը պատահի եւ կ՛առողջանաս:
Մ.Հ.-Փորձում եմ հասկանալ, բայց չեմ հասկանում…
Ա. Ի.- Մի ինքնախոստովանութիւն անեմ. Արցախի կորստից յետոյ մտքովս անցաւ ինքնասպան լինել: Ահաւոր ջղային վիճակի մէջ էի: Իմ կարծիքով, հէնց ջղային վիճակը հիւանդացրեց ինձ: Հիմա էլ, երբ կարդում եմ գարշապետի խօսքերը, յաջորդը Սիւնիքն է: Այնպէս որ, մօտալուտ մահը ինձ չի անհանգստացնում, այլ` միայն ցաւն ու տառապանքները, իսկ մահը փրկութիւն կը լինի..
Մ. Հ.- Աւի՛կ ջան, Փաստօրէն քու յուսահատութիւնդ սկսեց այդ դաժան հիւանդութիւնից ետքը միայն: Ես ո՛չ մոլեռանդ եւ ո՛չ էլ կոյր հաւատացեալ եմ: Սակայն հաւատում եմ Աստուծոյ գոյութեանը եւ աղօթում… քեզ համար:
Ա. Ի.- Իսկ ես ո՛չ աթեիստ–անհաւատ եմ, ո՛չ էլ մոլեռանդ–կրօնական հաւատացեալ: Սակայն սրտիս մօտ է Յովհաննէս Թումանեանի այս քառեակը.
«Աստծու բանտն են տաճարները – աշխարհքներում բովանդակ.
Իբր էնտեղ է ապրում Տէրը, պաշտողների փակի տակ:
Հարկաւ` ազատ նա ժպտում է ամէնուրեք ամէնքին,
Բայց դու նայիր խեղճ ու կրակ մարդու գործին ու խելքին»:
Մ. Հ.- Թումանեանը ճիշդ է գրել…
Ա. Ի.- Իմ կարծիքով, Թումանեանը մեր հանճարեղ գրողն է եւ ինչ գրել է, ճիշդ ու հանճարեղ է գրել` էպոսներ, բանաստեղծութիւններ, քառեակներ, պատմուածքներ…
Մ. Հ.- Թումանեանին ես յայտնաբերել եմ Հրանդ Մաթեւոսեանի միջոցով եւ խորացել նրա գրականութեան մէջ Նարինէ Թուխիկեանի միջոցով: Նա ոչ միայն հանճարեղ գրող է, այլ նաեւ` քաղաքական գործիչ ու մեկնաբան: Նա լաւ է ճանաչում` մեր ազգին…
Ա. Ի.- Միանգամայն համաձայն եմ; Թումանեանը յատկապէս իր յօդուածներով ցաւով բացայայտում է մեր արատներն ու հայոց ճակատագիրը: Տղային` Արտաւազդին, տուել է որպէս կամաւոր` Անդրանիկին, ու Վանի մօտ Արտաւազդը զոհուել է: Կարդացե՞լ ես Թումանեանի նամակը Իսահակեանին:
Մ. Հ.- Չեմ կարդացել:
Ա. Ի.- (Ուղարկում եմ) Յովհաննէս Թումանեանի նամակը Աւետիք Իսահակեանին.
«Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թէեւ դու հարցնում ես: Կարճ ասեմ. մենք թէ՛ դրսից եւ թէ՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխաւորապէս մենք: Մենք եմ ասում, եւ սրա մէջն է ճշմարտութիւնը: Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու աւազակներ, մի մասը ապիկար թշուառականներ, եւ չերեւաց մի բազմութիւն, գոնէ մի խմբակ, որ վերածնուող երկրի շունչը ու բարոյական կարողութիւնը յայտնաբերէր: Էսքան աղէտների ու պարտութիւնների մէջ ո՛չ մի մեղաւոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչուեց, ոչ պատասխան տուեց: Եւ շարունակւում է. այժմ էլ նոյն մարդիկը` նոյն ճանապարհներով… Եւ ոչ ոք անձնասպան չեղաւ, որ ապացուցանէր, թէ գոնէ ամօթ ու խղճմտանք կայ էս մարդկանց մէջ կամ էս ժողովրդի մէջ: Բայց ես ինչ եմ ասում, չկարողացան գոնէ վշտանալ կամ վշտացած երեւալ»:
(09.12.1921 Կ. Պոլիս–Վենետիկ)
Մ.Հ.- Թէեւ սա Թումանեանի աւելի քան հարիւր տարի առաջուայ կարծիքն է, սակայն մեզանից իւրաքանչիւրին մտածել է տալիս… մենք` ո՞վ ենք, ի՞նչ արեցինք, որ պէտք չէր անէինք, եւ ի՞նչ չարեցինք, որ պէտք էր անէինք…
Աւի՛կ ջան, մինչեւ որ իմ այս մտքի պատասխանը ստանամ քեզանից, ես Նարինէից իմացայ, որ դուն արդէն իսկ մեկնել ես… ու պատասխանել… քո յաւիտենական, բայց իմաստալից լռութեամբ… Ասում եմ` իմաստալից, որովհետեւ քո յօդուածներն ու յուշագրութիւնները ապագային կը յիշուեն այնպէս, ինչպէս դու յիշեցիր մեծն Թումանեանին…:
Մոնրէալ, 16 փետրուար 2025
Ո՞վ Է Աւետիք Իշխանեանը
Ծնած է 1955-ին` Երեւան: Հայրը տաղանդաւոր ու վաստակաշատ լեզուաբան եւ գրականագէտ Ռաֆայէլ Իշխանեանն է, իսկ մայրը Վահան Չերազի դուստրը` յայտնի լեզուաբան եւ շէյքսփիրագէտ Բիւրակն Չերազը: 1972-1977 թուականներուն կ՛ուսանի եւ կ՛աւարտէ Երեւանի պետական համալսարանի երկրաբանական բաժանմունքի ճէոֆիզիկայի բաժինը:
1984-1987 թուականներուն մասնագիտութիւնը կը շարունակէ Սենթ Փեթերսպուրկի Համամիութենական երկրաբանական գիտահետազօտական բարձրագոյն հիմնարկին մէջ` իբրեւ դոկտորական թեկնածու, իսկ 1987 թուականին կը պաշտպանէ ու կը ստանայ երկրաբանա-հանքաբանական համապատասխան գիտական աստիճան:
Հայաստան վերադառնալէ ետք` 1987 թուականին, կարգ մը ընկերներու հետ կը հիմնէ ու կը ղեկավարէ կրթական «Մաշտոց» միաւորումը:
1988 թուականի օգոստոսէն սկսեալ Աւետիք Իշխանեանը կ՛ըլլայ նաեւ Ղարաբաղ կոմիտէի անդամ:
1996 թուականին կարգ մը համախոհներու հետ կը հիմնէ ու մինչեւ իր կեանքի աւարտը կը ղեկավարէ Հայաստանի Հելսինքեան կոմիտէի Իրաւապաշտպան հասարակական կազմակերպութիւնը: Ան նաեւ բազմաթիւ գիտական աշխատանքներու, հրապարակախօսական յօդուածներու եւ գիրքերու հեղինակ է:
Երկարատեւ հիւանդութենէ ետք կը մահանայ 2025-ի փետրուար 16-ին, Երեւան: