ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն դատապարտում է Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում` Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանի գլխաւորութեամբ վերջին երկու օրերին հնչեցուած յայտարարութիւնները, որոնք ժխտում են հայ ժողովրդի հերոսական պայքարի պանծալի դրուագները:
Գաղափարազուրկ անհատների մօտ սեփական փոքրոգութիւնը, պատմութեան առջեւ յանցանքի խարանը մաքրելու ապարդիւն փորձերը` բացայայտում են այդ մարդուկների իրական պատկերը:
Ցաւալի է, որ հայրենի իշխանութեան աթոռներին յոխորտալով բազմած այդ մարդուկներին է վստահուած միջազգային հարթակներում ներկայացնելու մեր պետութիւնը:
Անարժանապատուութիւնը նման մարդկանց հոգու խորքում է: Հայոց պետականութեան պատմութեան մէջ այս ամէնը մնալու է որպէս սեւ բիծ, ամօթալի յիշատակումներ, որոնք սերունդների մօտ օրինակ են ծառայելու` որպէս հայրենիքի ուրացման ապացոյց:
Սա եւս մէկ փաստ է, որ Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնները ոչ միայն չեն ներկայացնում հայ ժողովրդի իտէալները, այլ ծառայում են Հայաստանի դէմ թշնամական տրամադրութիւններ ունեցող ուժերին եւ քարոզում նրանց գաղափարախօսութիւնը:
Կամք եւ վճռակամութիւն է պէտք, որպէսզի պատմութեան աղբարկղ նետուեն այդ մարդուկները:
ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
12 փետրուար 2025