Մենք` Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւորներս, խորը մտահոգութեամբ եւ վրդովմունքով անդրադառնում ենք Ազրպէյճանի տարածքում ապօրինի կերպով պահուող 16 հայ պատանդների նկատմամբ սպասուող կեղծ «դատավարութեանը»: Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրաւունքներն ու ընդգծելու Ազրպէյճանի կողմից օրէցօր ուժգնացող հայատեաց քաղաքականութիւնը:
Այդ «դատավարութիւնը», որն իրականացւում է առեւանգուած եւ ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահուող հայերի դէմ` ակնյայտ շինծու մեղադրանքներով եւ բազմաթիւ ընթացակարգային իրաւախախտումներով, չի կարող օրինական համարուել: Աւելի՛ն, նման գործընթացներով ազրպէյճանական վարչակազմն ուղղակիօրէն փորձում է օրինականացնել ցեղասպանական քաղաքականութիւնը, որն արդէն երկար տարիներ վարում է բոլոր հայերի եւ յատկապէս Արցախի ժողովրդի նկատմամբ:
Մենք ակնկալում ենք մարդու իրաւունքներով եւ տարածաշրջանային խաղաղութեամբ մտահոգ պետութիւններից, միջազգային կառոյցներից, իրաւապաշտպան կազմակերպութիւններից, որ գործնական քայլեր կը ձեռնարկեն` նպաստելու բոլոր պատանդների անյապաղ ազատ արձակմանը: Կոչ ենք անում միջազգային հանրութեան բոլոր դերակատարներին չէզոք դիրքորոշման փոխարէն որդեգրել յստակ եւ սկզբունքային մօտեցում, որով կը դատապարտուի Ազրպէյճանի հակամարդկային քաղաքականութիւնը եւ կը կանխուի ապօրինի դատավարութեան իրականացման ցանկացած փորձ:
Ակնկալում ենք նաեւ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից, որ հետեւողականօրէն ու վճռականօրէն կը բարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատեաններում եւ բանակցութիւններում: Հայազգի բոլոր պատանդների իրաւունքների պաշտպանութիւնն ու հայրենիք վերադարձը մտնում են Հայաստանի Հանրապետութեան պետական մարմինների իրաւական ու բարոյական պարտաւորութիւնների մեջ:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առաւելագոյն զգօնութիւն ցուցաբերել տեղեկատուական-հոգեբանական սադրանքների հանդէպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականութիւնը: Յորդորում ենք չտարածել ազրպէյճանական թեզերը հայկական տեղեկատուական դաշտում եւ չթիրախաւորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ յայտարարութիւնների համար, որոնք կարող են արուել անմարդկային բռնաճնշումների ներքոյ: Յիշեցնում ենք, որ պատանդների ցանկացած յայտարարութիւն կամ ցուցմունք կարող է խեղաթիւրուել Ազրպէյճանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգօնութիւն ու ազգային պատասխանատուութիւն ցուցաբերել այս իրավիճակում:
Ազրպէյճանական բանտերում խոշտանգւում եւ դատարաններում դատապարտւում ենք մենք բոլորս` ի դէմս մեր պատանդառուած հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրաւունքների պաշտպանութիւնն ու անյապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատուութեան ու բարոյական պարտաւորութիւնների հարցն է` անկախ որեւէ անձի հանդէպ այս կամ այն վերաբերմունքից:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը վերահաստատում է իր յանձնառութիւնը իր ունեցած հնարաւորութիւնների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքներն ու հաւաքական շահերը, որի կարեւոր բաղադրիչներից մէկն էլ գերեվարուած հայերի անյապաղ վերադարձն է հայրենիք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
16 յունուար 2025