«Փրեմիեր լիկ»-ի 21-րդ հանգրուանի մրցումներուն գծով հիւսիսային Լոնտոնի տերպին, Արսենալ 2-1 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Թոթենհամի վրայ: Արսենալ շատ աւելի լաւ էր, սակայն Թոթենհամ ինք էր, որ հակայարձակումի վրայ նշանակեց առաջին կոլը քորէացի Սոնի միջոցով: 40-րդ վայրկեանին Կապրիէլի գլխու հարուածէն ետք գնդակը դպաւ Թոթենհամի յառաջապահ Սոլանքէի, որ սխալմամբ իր բերդին մէջ նշանակեց հաւասարութեան կոլը: Պելճիքացի Թրուար 44-րդ վայրկեանին նշանակեց Արսենալի 2-րդ կոլը: Հակառակ Արսենալի ճնշումներուն, Թոթենհամ 93-րդ վայրկեանին կրնար հաւասարիլ, սակայն գնդակը զսպուեցաւ Արսենալի բերդի սիւնին կողմէ: Արսենալ վերադարձաւ Բ. դիրք` 4 կէտով ետ մնալով Լիվըրփուլէն, որ սակայն մէկ մրցում պակաս կատարած է:
Ստորեւ` մնացեալ մրցումներուն արդիւնքները.
Էվըրթըն – Ասթոն Վիլա 0-1
Լեսթըր Սիթի – Քրիսթըլ Փելես 2-2
Նիւքեսըլ – Վուլվզ 3-0
Արսենալ – Թոթենհամ 2-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Լիվըրփուլ | 47 (48-20) |
2.- Արսենալ | 43 (41-19) |
3.- Նոթինկհամ Ֆորեսթ | 41 (30-20) |
4.- Նիւքեսըլ | 38 (37-22) |
5.- Չելսի | 37 (41-26) |
6.- Մանչեսթըր Սիթի | 35 (38-29) |
Գերմանիոյ «Պունտըսլիկա»-ի 17-րդ եւ երթի վերջին հանգրուանին, Պայերն Միւնիխ 5-0 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը տարաւ Հոֆենհայմի դէմ: Լիրոյ Սանէ (2) Ռաֆայէլ Կերէյրօ, Հարի Քէյն (փենալթիով) եւ Սերժ Կնապրի նշանակեցին Պայերնի 5 անպատասխան կոլերը:
Ստորեւ` 17-րդ հանգրուանի արդիւնքները.
Շթութկարթ – Ռետ Պուլ Լայփցիկ 2-1
Պայերն Միւնիխ – Հոֆենհայմ 5-0
Վերտըր Պրեմըն – Հայտընհայմ 3-3
Ունիոն Պերլին – Աուկզպուրկ 0-2
Պոխում – Զանեթ Փաուլի 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 42 (53-13) |
2.- Պայեր Լեւերքուզըն | 38 (41-23) |
3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 33 (40-24) |
4.- Լայփցիկ | 30 (29-24) |
5.- Շթութկարթ | 29 (32-26) |
6.- Մայնց | 28 (30-21) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 19-րդ հանգրուանէն յետաձգուած մրցումի մը, Ինթեր Միլան մանաւանդ առաջին կիսախաղի առիթներէն չկրցաւ օգտուիլ եւ 2-2 արդիւնքով բաւականացաւ Պոլոնիայի դէմ մրցումին:
Սանթիակօ Քասթրօ բացաւ մրցումին հաշիւը` նշանակելով Պոլոնիայի առաջին կոլը: Մինչեւ կիսախաղ Տումֆրիզ եւ Լաութարօ Մարթինես արդիւնքը 2-1-ի հասցուցած էին ի նպաստ Ինթերի, որմէ կը բացակայէր Հենրիխ Մխիթարեան-Հաքան Չալհանօղլու միջնապահ զոյգը:
Բ. կիսախաղին շուէտացի Էմիլ Հոլմ նշանակեց Պոլոնիայի հաւասարութեան կոլը, վերջինս մնաց 8-րդ դիրքին վրայ:
Ինթեր 3 կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքը գրաւող Նափոլիէն, բայց մէկ մրցում նուազ խաղցած է:
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նափոլի | 47 (32-12) |
2.- Ինթեր Միլան | 44 (48-17) |
3.- Աթալանթա | 43 (44-21) |
4.- Լացիօ Ռոմա | 36 (34-28) |
5.- Եուվենթուս | 34 (32-17) |
6.- Ֆիորենթինա | 32 (32-20) |
Սպանիոյ մէջ տեղի ունեցած բաժակի մրցումներ 1/8-րդ աւարտականի գծով, ուր Պարսելոնա 5-1 արդիւնքով դուրս ձգեց Պեթիսը:
Կաւի, Քունտէ, Ռաֆինիա, Թորրես եւ Եամալ նշանակեցին Պարսելոնայի կոլերը, մինչ Վիթոր Ռոքէ նշանակեց Պեթիսի միակ կոլը:
Աթլեթիքօ Մատրիտ 4-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Էլչէի դաշտէն: Սորլոթ (2) Ռիքելմէ եւ Խուլիան Ալվարես նշանակեցին Աթլեթիքոյի 4 կոլերը:
Ֆրանսայի բաժակի մրցաշարքի 1/16-րդ հանգրուանին արձանագրուեցաւ մեծ անակնկալ մը, երբ 5-րդ դասակարգի Պուրկուեն Ժալիէօ ակումբը փենալթիներով դուրս ձգեց Լիոնը:
Մեհտի Մուժեթցքի երկու կոլ նշանակեց Պուրկուենի հաշուոյն, մինչ Մաթիչ եւ Միքաութածէ նշանակած էին Լիոնի կոլերը:
Պուրկուենի բերդապահ Ռոնան Ճէյ զսպեց Լաքազեթի եւ Թոլիսոյի փենալթիները, մինչ Լուքաս Փերրի զսպեց Մուժեթցքիի փենալթին: