Երէկ Ապու Տապիի կրան փրին փակեց 2024-ի Ֆորմիւլա 1-ի օրացոյցը, եւ «Մաքլարեն» 1998-էն ի վեր առաջին անգամ ըլլալով շահեցաւ ինքնաշարժներու ախոյեանութիւնը:
«Մաքլարեն» այս վերջին կրան փրիին առաջին երկու դիրքերէն սկսաւ մրցումը, Նորիսի եւ Փիասթրիի հետ, մինչ Վալթերի Պոթաս, Սերխիօ Փերես, Ժու Կուանյու, Քեւին Մանուսըն եւ Ֆրանքօ Քոլափենթօ շատ հաւանաբար իրենց վերջին կրան փրին կատարեցին Ֆորմիւլա 1-ի մէջ:
Մրցումը հազիւ սկսած, աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն եւ Օսքար Փիասթրի իրար զարնուեցան, մինչ աւելի ետեւ Պոթաս եւ Փերես նոյն ձեւով իրար զարնուեցան:
Ի վերջոյ, Նորիս շահեցաւ Ապու Տապիի կրան փրին, մինչ «Ֆեռարի»-ի վարորդներ Սայնց եւ Լըքլեր ամբողջացուցին փոտիումը: Լուիս Համիլթըն իր վերջին մրցումը ունեցաւ «Մերսետես»-ի հետ եւ վերջին շրջանին կրցաւ գերազանցել իր խմբակից Ճորճ Ռասըլը` գրաւելով 4-րդ դիրքը: Ախոյեան Վերշթափըն գրաւեց 6-րդ դիրքը: Մնացեալ կէտերը շահեցան Կասլի (7-րդ), Հուլքենպուրկ, Ալոնսօ եւ Փիասթրի:
Մրցումի աւարտին, «Մաքլարեն» կը տօնէր ախոյեանութիւնը, մինչ Համիլթըն արցունքներու մէջ էր 2013-էն ի վեր «Մերսետես»-ի հետ ի մասնակցութիւնը աւարտելով: Ան իր 7 տիտղոսներէն 6-ը շահած էր «Մերսետես»-ի հետ` 2014, 2015, 2017, 2018, 2019 եւ 2020 տարիներուն: 2007-ին ան միացած էր «Մաքլարեն»-ի:
Ստորեւ` Ապու Տապիի մրցումէն ետք այս տարուան վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Մաքս Վերշթափըն (Նետերլանտներ) | 437 |
| 2.- Լանտօ Նորիս (Բրիտանիա) | 374 |
| 3.- Շարլ Լըքլեր (Մոնաքօ) | 356 |
| 4.- Օսքար Փիասթրի (Աւստրաիա) | 292 |
| 5.- Քարլոս Սայնց (Սպանիա) | 290 |
| 6.- Ճորճ Ռասըլ (Բրիտանիա) | 245 |
| 7.- Լուիս Համիլթըն (Բրիտանիա) | 223 |
| 8.- Սերխիօ Փերես (Մեքսիքա) | 152 |
| 9.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) | 70 |
| 10.- Փիեռ Կասլի (Ֆրանսա) | 42 |
| Ինքնաշարժներու դասաւորում. | |
| 1.- «Մաքլարեն (Մերսետես) | 666 |
| 2.- «Ֆեռարի» | 652 |
| 3.- «Ռետ Պուլ» (Հոնտա) | 589 |
| 4.- «Մերսետես» | 468 |
| 5.- «Ասթոն Մարթին» (Մերսետես) | 94 |


