Հարաւային Ամերիկայի մէջ տեղի ունեցաւ 2026-ի մոնտիալի զտումի մրցումներու 12-րդ փուլը, ուր աշխարհի ախոյեան Արժանթին կը հիւրընկալէր 9-րդ դիրքը գրաւող Փերուն:
Պուենոս Այրեսի մէջ տեղի ունեցած մրցումին, Արժանթին կրցաւ 1-0 արդիւնքով յաղթել` շնորհիւ Լաութարօ Մարթինեսի կոլին. վերջինս օգտուեցաւ Լիոնել Մեսսիի փոխանցումէն: Այս կոլը մեծ իմաստ ունէր երկու մարզիկներուն համար: Արդարեւ, Մեսսիի այս էսիսթը ազգային խումբերու գետնի վրայ իր 58-րդն էր:
Ան այսպիսով հաւասարեցաւ Միացեալ Նահանգներու նախկին միջնապահ Լանտոն Տոնավընի մրցանիշին: Լաութարօ Մարթինեսի պարագային, այս կոլը եղաւ իր 32-ը` Արժանթինի ազգային խումբին հետ, հաւասարելով Տիեկօ Մարատոնայի կոլերուն` ազգային խումբին հետ: Վստահաբար տարբերութիւնը շատ է մարզիկներու միջեւ` նկատի ունենալով, որ Մարթինես յառաջապահ է, մինչ Մարատոնան միջնապահ էր, եւ բաղդատութիւնը անտեղի կ՛ըլլայ երկուքին միջեւ:
Պրազիլ իր դաշտին վրայ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը ձեռք ձգեց Ուրուկուէյի հետ: Ռէալ Մատրիտի միջնապահ Ֆետերիքօ Վալվերտէ նշանակեց մրցումին առաջին կոլը 55-րդ վայրկեանին, իսկ Ճերսոն 62-րդ վայրկեանին` Պրազիլի հաւասարութեան կոլը:
Ստորեւ` 12-րդ փուլի մրցումներուն արդիւնքները.
Պրազիլ – Ուրուկուէյ 1-1
Արժանթին – Փերու 1-0
Չիլի – Փերու 4-2
Քոլոմպիա – Էքուատոր 0-1
Պոլիվիա – Փարակուէյ 2-2
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Արժանթին | 25 (21-7) |
| 2.- Ուրուկուէյ | 20 (17-9) |
| 3.- Էքուատոր | 19 (11-4) |
| 4.- Քոլոմպիա | 19 (15-10) |
| 5.- Պրազիլ | 18 (17-11) |
| 6.- Փարակուէյ | 17 (8-7) |
| 7.- Պոլիվիա | 13 (13-27) |
| 8.- Վենեզուելա | 12 (11-15) |
| 9.- Չիլի | 9 (9-20) |
| 10.- Փերու | 7 (3-15) |


