Նոյեմբերի 11-ից 22-ը Պաքւում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխութեան հեղինակաւոր համաժողովը` ՔՈՓ29-ը:
Մարդու իրաւունքների եւ ազատութիւնների վատագոյն ցուցանիշներ արձանագրած, նաւթային բռնապետութիւն համարուող Ազրպէյճանն ընդամէնը մէկ տարի առաջ էր Արցախում ցեղային զտումներ իրականացրել, բռնի տեղահանութեան ենթարկելով 120.000 արցախահայութեանը:
Բռնազաւթուած տարածքներում Ազրպէյճանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանութիւնը: Պաքուի բանտերում շարունակում են պատանդառուած մնալ մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թւում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:
Կլիմայական արդարութիւն չի կարող լինել առանց մարդկային արդարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան:
Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ազրպէյճանին մաքրել ցեղասպանի արիւնոտ ձեռքերը, խմբագրել վարչակարգի վարկանիշը:
Համաժողովին մասնակցող միջազգային պատուիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտօնական Պաքուի վրայ` ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահուող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:
Այդ պահանջով` նոյեմբերի 1-ին, 14:00-ին տեղի կ՛ունենայ բողոքի ցոյց, որը կը մեկնարկի ՄԱԿ-ի գրասենեակի առջեւ, որից յետոյ մասնակիցների երթը կը շարժուի դէպի Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւն եւ Հայաստանի Հանրապետութիւնում գործող ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
29 հոկտեմբեր 2024