«Չեմփիընզ լիկ»-ի երրորդ շաբթուան մրցումները շատ լաւ էին անգլիական ակումբներու, ինչպէս նաեւ Պարսելոնայի խմբապետ Ռաֆինիայի համար:
«Փրեմիեր լիկ»-ի պարագլուխի դիրքը գրաւող Լիվըրփուլ Ասթոն Վիլայի նման 9 կէտ ունեցաւ` 3 յաջորդական յաղթանակներէ ետք, եւ Մանչեսթըր Սիթի նոր մրցանիշ մը արձանագրեց յաջորդական մրցումներ անյաղթ մնալով «Չեմփիընզ լիկ»-ի պատմութեան մէջ:
Լիվըրփուլ 1-0 արդիւնքով յաղթեց Լայփցիկին, մինչ Սիթի ծանր պարտութեան մատնեց Սփարթա Փրական (5-0):
Ռաֆինիա հեթ-թրիք իրագործեց` օգնելով Պարսելոնայի, որ վերջապէս յաղթէ Պայերնին, 6 յաջորդական պարտութիւններ կրելէ ետք միւնիխեան ակումբէն:
Լիվըրփուլ եւ Ասթոն Վիլա միակ խումբերն են, որոնք յաղթած են իրենց 3 մրցումներն ալ եւ 2 կէտի առաւելութիւն ունին Սիթիի, Արսենալի եւ այլ հինգ խումբերու վրայ, մինչ անգլիական 4 խումբերը միասնաբար միայն 1 կոլ ստացած են 3 մրցումներէ ետք:
Պարսելոնայի մէջ, մրցումին առաջին վայրկեանէն, Ֆերմին Լոփեսի փոխանցումէն օգտուելով, Ռաֆինիա կրցաւ փախչիլ Պայերնի պաշտպաններէն, եւ խաղի բերելէ ետք բերդապահ Մանուէլ Նոյըրը, նշանակեց մրցումին առաջին կոլը:
Պայերն կրցաւ հաւասարիլ Հերի Քէյնի շնորհիւ, բայց Պարսելոնա կոլ մը եւս նշանակեց` շնորհիւ Պայերնի նախկին յառաջապահ լեհ Ռոպերթ Լեվանտովսքիի, հակառակ անոր որ պզտիկ ֆաուլով սկսած էր յարձակումը:
Աւելի ուշ Ռաֆինիա 2 կոլեր եւս նշանակեց մրցումի մը, ուր Պարսելոնա գրեթէ առիթ չփախցուց` արձանագրելով Պարսելոնայի առաջին յաղթանակը 2015-ի «Չեմփիընզ լիկ»-ի կիսաւարտականէն ի վեր: Պարսելոնա, որ իր վերջին 4 ճակատումներուն կոլ մը իսկ չէր կրցած նշանակել, վերջին անգամ 2020-ին կրցած էր կոլ նշանակել Պայերնի բերդին մէջ, երբ Պայերն 8-2 արդիւնքով յաղթած էր: Այդ օրը Պայերնի մարզիչը Հանզի Ֆլիքն էր, որ այժմ Պարսելոնայի մարզիչն է:
«Պէտք էր «Չեմփիընզ լիկ»-ի աւարտականը ըլլար: Այս ձեւով յաղթելը, մեր համակիրներուն առջեւ, ամէնէն լաւ բանն է: Ինչ որ կ՛ընենք դաշտին վրայ ցոյց կու տայ, թէ ի՛նչ կրնայ ընել Պարսան «Չեմփիընզ լիկ»-ի մէջ», ըսաւ Պարսայի խմբապետ Ռաֆինիա:
Մարզիչի մրցում էր ասիկա, ուր Ֆլիք լաւ դաս մը տուաւ Պայերնի պելճիքացի անփորձ Վէնսան Քոմփանիի: Պարսելոնան գրեթէ անփոփոխ խումբն էր, որ կը մարզէր Չաւի աւելի քան 2 տարիէ ի վեր, ուր Ռաֆինիա անմակարդակ ֆութպոլ կը խաղար, եւ Պարսելոնա պարզ խումբ էր: Ֆլիք ամբողջովին մթնոլորտը փոխեց խումբին եւ խաղի նոր մարտավարութիւն բերելով բոլորին կորովին վրայ աշխատեցաւ, եւ այժմ Եւրոպայի ամէնէն ինքնավստահ խումբերէն մէկն է, հակառակ անոր որ 6-7 մարզիկներ 20 տարեկան եւ վար են:
Մանչեսթըր Սիթիի նոր մրցանիշը լաւ լուր չէր նոյն քաղաքի միւս կարմիր կէսին համար:
Պարտութեան մատնելէ ետք Սփարթա Փրական, Անգլիոյ ախոյեանը նոր մրցանիշ ձեռք ձգեց 26-րդ յաջորդական մրցումը անյաղթ մնալով` բարելաւելով Մանչեսթըր Եունայթըտի մրցանիշը (25 մրցում) 2007-էն 2009 ժամանակաշրջանին Ալեքս Ֆերկըսընի օրերուն:
Պարտութեան մատնելէ ետք Ռէալ Մատրիտը (1-0) անցեալ հանգրուանին, Լիլ 3-1 արդիւնքով յաղթանակով վերադարձաւ Աթլեթիքօ Մատրիտի դաշտէն:
Աթլեթիքօ անյաղթ էր իր դաշտին վրայ 11 մրցումներէ ի վեր:
Ստորեւ` 3-րդ շաբթուան երկրորդ օրուան արդիւնքները.
Աթալանթա – Սելթիք 0-0
Պրեսթ – Պայեր Լեւերքուզըն 1-1
Աթլեթիքօ Մատրիտ – Լիլ 1-3
Պարսելոնա – Պայերն Միւնիխ 4-1
Պենֆիքա – Ֆեյենուրտ 1-3
Մանչեսթըր Սիթի – Սփարթա Փրակա 5-0
Լայփցիկ – Լիվըրփուլ 0-1
Զալցպուրկ – Տինամօ Զաղրեպ 0-2
Եանկ Պոյզ Պեռն – Ինթեր Միլան 0-1
ԿԷՏ | |
1.- Ասթոն Վիլա | 9 (6-0) |
2.- Լիվըրփուլ | 9 (6-1) |
3.- Մանչեսթըր Սիթի | 7 (9-0) |
4.- Մոնաքօ | 7 (9-4) |
5.- Պրեսթ | 7 (7-2) |
6.- Պայեր Լեւերքուզըն | 7 (6-1) |
7.- Ինթեր Միլան | 7 (5-0) |
8.- Սփորթինկ Լիզպոն | 7 (5-1) |
9.- Արսենալ | 7 (3-0) |
10.- Պարսելոնա | 6 (10-3) |
11.- Տորթմունտ | 6 (12-6) |
12.- Ռէալ Մատրիտ | 6 (8-4) |
13.- Պենֆիքա | 6 (7-4) |
14.- Եուվենթուս | 6 (6-4) |
15.- Լիլ | 6 (4-3) |
16.- Ֆեյենուրտ | 6 (6-7) |
17.- Աթալանթա | 5 (3-0) |
18.- Շթութկարթ | 4 (3-4) |
19.- Փարիզ Սեն Ժերմեն | 4 (2-3) |
20.- Սելթիք | 4 (6-8) |
21.- Սփարթա Փրակա | 4 (4-6) |
22.- Տինամօ Զաղրեպ | 4 (4-6) |
23.- Պայերն Միւնիխ | 3 (10-7) |
24.- Ժերոնա | 3 (4-4) |
…………………. | …………………. |
25.- Ա. Սէ. Միլան | 3 (4-5) |
26.- Պրիւժ | 3 (2-6) |
27.- Աթլեթիքօ Մատրիտ | 3 (3-8) |
28.- ՓՍՎ Այնտհովըն | 2 (3-5) |
29.- Պոլոնիա | 1 (0-4) |
30.- Շախթիոր Տոնեցք | 1 (0-4) |
31.- Լայփցիկ | 0 (3-6) |
32.- Շթուրմ Կրաց | 0 (1-5) |
33.- Կարմիր Աստղ Պելկրատ | 0 (2-11) |
34.- Զալցպուրկ | 0 (0-9) |
35.- Եանկ Պոյզ Պեռն | 0 (0-9) |
36.- Սլովան Պրաթիսլաւա | 0 (1-11) |