Եւրոպայի 5 բարձրագոյն լիկաներու ծիրին մէջ հետաքրքրական եւ փենալթիներով քանի մը մրցումներ տեղի ունեցան կիրակի օր:
Իտալիոյ «Սերի Ա.»-ի մրցումներուն գծով, Ֆիորենթինա իր դաշտին վրայ 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց Ա. Սէ. Միլանը: Պրազիլցի աջ ծայրի յետսապահ Տոտօ գետին բերուեցաւ Ա. Սէ. Միլանի քառակուսիին մէջ, եւ իրաւարարը ՎԱՐ-ի միջամտութեամբ փենալթի շնորհեց Ֆիորենթինային: Մոյս Քին հարուածեց փենալթին, սակայն ֆրանսացի բերդապահ Մայք Մենիան զսպեց զայն:
7 վայրկեան ետք` 29-րդ վայրկեանին, Քին կոլ մը նշանակեց, սակայն այդ կոլը օֆսայտի պատճառով նկատի չառնուեցաւ: Ֆրանսացի Եասին Ատլի 35-րդ վայրկեանին քանի մը մարզիկ խաղի բերելէ ետք անզսպելի հարուածով նշանակեց Ֆիորենթինայի առաջին կոլը:
44-րդ վայրկեանին փենալթի մը շնորհուեցաւ ի նպաստ Ա. Սէ. Միլանի: Թէօ Հեռնանտես լաւ ձեւով հարուածեց, բայց Ֆիորենթինայի բերդապահ Տաւիտ Տը Խէա լաւ ձեւով զսպեց զայն: Զսպուած գնդակը հասաւ Ապրահամին, որ աջ կողմէն փորձեց հարուածել, եւ Տը Խէա կրկին անգամ կրցաւ զսպել զայն:
Բ. կիսախաղին սկիզբը Մոյս Քին անգամ մը եւս նշանակեց կոլ մը, սակայն զարմանալի որոշումով (օֆսայտի չնչին տարբերութեամբ) կոլը նկատի չառնուեցաւ: 6 վայրկեան ետք Մոյս (ըստ երեւոյթին զայրացած) կարծր ֆաուլ մը կատարեց իր խումբի քառակուսիին մէջ, փենալթի մը «նուիրելով» Ա. Սէ. Միլանին: Այս անգամ Թամի Ապրահամ հարուածեց Տը Խէայի աջ կողմին ուղղութեամբ, բայց սպանացի բերդապահը «թռչեցաւ» եւ զսպեց անոր փենալթին:
60-րդ վայրկեանին, օգտուելէ ետք Թէօ Հեռնանտեսի փոխանցումէն, Քրիսթիան Փուլիշիչ վերջապէս նշանակեց կոլ մը` ի նպաստ Ա. Սէ. Միլանին:
71-րդ վայրկեանին Տը Խէա հերոսական ձեւով զսպեց Ապրահամի մէկ այլ ռմբային հարուածը:
2 վայրկեան ետք, Ալպերթ Կուտմունտսոն փոխանցում մը ստանալէ ետք Քինէն, գեղեցիկ հարուածով մը նշանակեց Ֆիորենթինայի 2-1-ի կոլը:
85-րդ վայրկեանին իրաւարարը վտարեց Ֆիորենթինայի մարզիչ Ռաֆայելէ Փաշլատինոն: Վայրկեան մը ետք Սամուէլ Չուքվուեզէ զօրաւոր հարուածով մը փորձեց նշանակել Միլանի հաւասարութեան կոլը, սակայն Տը Խէա ներկայ էր զսպելու զայն:
94-րդ վայրկեանին «անբախտ» Մոյս Քինի ռմբային հարուածը «զսպուեցաւ» Միլանի բերդի սիւնին կողմէ… Մրցումի աւարտին Ա. Սէ. Միլանի ձախ յետսապահ Թէօ Հեռնանտես կարմիր քարտ մը ստացաւ` ոչ մարզավայել կեցուածքի մը պատճառով: Սպանիոյ մէջ, փենալթիներով հարուստ այլ մրցումի մը, Ժիրոնա 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց Աթլեթիք Պիլպաոն:
28-րդ վայրկեանին Աթլեթիք Պիլպաօ չկրցաւ օգտուիլ փենալթիէն, երբ Ալեքս Պերենկերի հարուածը զսպեց արժանթինցի բերդապահ Փաուլօ Կասանիկան: 39-րդ վայրկեանին, Եասեր Ափրիյյա, ստանալէ ետք գեղեցիկ փոխանցում մը, նշանակեց Ժիրոնայի առաջին կոլը: 2 վայրկեան ետք Պիլպաօ հաւասարեցաւ, երբ Պերենկեր փոխանցեց Սանսեթի, որուն հարուածը կոլի վերածուեցաւ` 1-1:
Բ. կիսախաղի 10-րդ վայրկեանին ՎԱՐ-ի կողմէ նկատուելէ ետք, Պիլպաօ փենալթի մը եւս ձեռք ձգեց: Ինիաքի Ուիլիամս բերդին կեդրոնը հարուածեց համեմատաբար տկար հարուած մը` առիթ տալով Կասինկային, որ զսպէ փենալթին: Իրաւարարը օրէնքի խախտում նկատելով փենալթին կրկնել տուաւ: Այս անգամ Անտիր Հերրերա իր բախտը փորձեց, իսկ Կասանիկա «սլացաւ» դէպի աջ` զսպելու հարուածը:
95-րդ վայրկեանին, Ալեքս Փատիյյա (Պիլպաօ) լաւ ձեւով զսպեց Ժիրոնայի մարզիկներէն մէկուն գլխու անզսպելի հարուածը: Ժիրոնայի մարզիկները փենալթիի կանչեր արձակեցին, բայց իրաւարարը արդար տեսաւ եղածը: Մրցումը շարունակուեցաւ, սակայն ՎԱՐ-էն խօսելէ ետք իրաւարարին հետ, ան ստիպուեցաւ կասեցնել մրցումին ընթացքը եւ ուղղուեցաւ պատահածը տեսնել դաշտին կեդրոնի պաստառին վրայ:
97-րդ վայրկեանին, իրաւարարը լաւ ուսումնասիրելէ ետք պատահածը, փենալթի շնորհեց Ժիրոնային, փենալթին կոլի վերածեց Քրիսթիան Սթուանին, հակառակ Փատիյյայի փորձերուն: 103-րդ վայրկեանին մրցումը վերջ գտաւ 2-1 արդիւնքով` ի նպաստ Ժիրոնայի:
Գերմանիոյ մէջ, Պայերն Միւնիխ շատ հետաքրքրական յարձակողական մրցում մը ունեցաւ Այնթրախթ Ֆրանքֆորթի դաշտին վրայ եւ 3-3 արդիւնքով հաւասար աւարտեց:
Ֆրանքֆորթ գրեթէ ամբողջ մրցումը հակայարձակումներու վստահած էր, եւ Օմար Մարմուշ – Ուկօ Էքիթիքէ զոյգը 4-5 լուրջ վտանգներ ստեղծեցին Մանուէլ Նոյըրի բերդին վրայ:
Քիմ Մին-Ճայ (15-րդ վայրկեանին), Պայոթ Ուփամեքան (38) եւ Մայքըլ Օլիսէ (53) նշանակեցին Պայերնի կոլերը, մինչ Մարմուշ (2) եւ Էքիթիքէ նշանակեցին Ֆրանքֆորթի կոլերը:
Անգլիոյ մէջ, Թոթենհամ կիսախաղին 2-0 արդիւնքով յառաջանալէ ետք Պրայթընի դաշտին վրայ, 20 վայրկեաններու ընթացքին 3 կոլեր ստացաւ եւ պարտուեցաւ Պրայթընէն, որ գրաւեց 6-րդ դիրքը:
Ֆրանսայի մէջ, Փարիզ Սեն Ժերմեն, Նիսի դաշտին վրայ 1-1 արդիւնքով հաւասարութիւն արձանագրեց եւ կորսնցուց պարագլուխի դիրքը` 2 կէտով ետ մնալով Մոնաքոյէն:
Ստորեւ` Եւրոպայի բարձրագոյն 5 երկիրներու ախոյեանութիւններու դասաւորումները, ազգային խումբերու շաբթուան դադարէն առաջ.
| ԱՆԳԼԻԱ (7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ) | |
| 1.- Լիվըրփուլ | 18 (13-2) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 17 (17-8) |
| 3.- Արսենալ | 17 (15-6) |
| 4.- Չելսի | 14 (16-8) |
| 5.- Ասթոն Վիլա | 14 (12-9) |
| 6.- Պրայթըն | 12 (13-10) |
| 7.- Նիւքեսըլ | 12 (8-7) |
| ………………… | ………………… |
| 18.- Քրիսթըլ Փելես | 3 (5-10) |
| 19.- Սաութհեմփթըն | 1 (4-15) |
| 20.- Վուլվզ | 1 (9-21) |
| ԳԵՐՄԱՆԻԱ (6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ) | |
| 1.- Պայերն Միւնիխ | 14 (20-7) |
| 2.- Ռետ Պուլ Լայփցիկ | 14 (9-2) |
| 3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 13 (14-9) |
| 4.- Ֆրայպուրկ | 12 (9-7) |
| 5.- Պայեր Լեւերքուզըն | 11 (16-12) |
| 6.- Ունիոն Պերլին | 11 (6-4) |
| ………………… | ………………… |
| 16.- Հոֆընհայմ | 4 (10-16) |
| 17- Հոլշթին Քիլ | 2 (9-19) |
| 18.- Պոխում | 1 (6-14) |
| ՍՊԱՆԻԱ 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| 1.- Պարսելոնա | 24 (28-9) |
| 2.- Ռէալ Մատրիտ | 21 (19-6) |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 17 (13-5) |
| 4.- Վիարէալ | 17 (17-17) |
| 5.- Օսասունա | 15 (13-14) |
| ………………… | ………………… |
| 18.- Վալենսիա | 6 (5-13) |
| 19.- Վայատոլիտ | 5 (5-19) |
| 20.- Լաս Փալմաս | 3 (9-17) |
| ԻՏԱԼԻԱ (7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ) | |
| 1.- Նափոլի | 16 (14-5) |
| 2.- Ինթեր Միլան | 14 (16-9) |
| 3.- Եուվենթուս | 13 (10-1) |
| 4.- Լացիօ Ռոմա | 13 (14-11) |
| 5.- Ուտինեզէ | 13 (10-10) |
| 6.- Ա. Սէ. Միլան | 11 (15-9) |
| 7.- Թորինօ | 11 (12-11) |
| ………………… | ………………… |
| 18.- Ճենովա | 5 (5-15) |
| 19.- Մոնցա | 4 (5-9) |
| 20.- Վենեցիա | 4 (5-12) |
| ՖՐԱՆՍԱ (7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ) | |
| 1.- Մոնաքօ | 19 (14-4) |
| 2.- Փարիզ Սեն Ժերմեն | 17 (21-6) |
| 3.- Մարսէյ | 14 (16-8) |
| 4.- Ռենս | 14 (14-10) |
| 5.- Լիլ | 13 (13-8) |
| ………………… | ………………… |
| 16.- Թուլուզ | 5 (6-10) |
| 17.- Մոնփելիէ | 4 (8-21) |
| 18.- Անժէ | 3 (5-13) |


