ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
անհաշտ եմ իր հետ:
Որտեղի՞ց եկաւ եւ որքան արագ առանց հարցումի
տիրոջ իրաւունք ստացաւ մէկից:
Ինչպէ՞ս հաշտուեմ, երբ այն զրկել է
արագ գործելու, արագ շարժուելու,
արագ խորհելու ու մտածելու,
նոր վերելքների հնարաւորութիւնից:
Որը սանձել է հոգուս ու մտքիս թռիչքներն անսանձ:
Ինչպէ՞ս հաշտուեմ,
երբ ստիպում է իղձերս սանձել,
երազանքներիս անկատար մասը մոռացութեան տալ,
նոր հայեացքներով չհրապուրուել,
ու նոր կանչերով չոգեւորուել:
Բեմից վար իջնել եւ դիտել հեռուից:
Հեռաւոր զգալ քեզ ամէն ինչից:
Երիտասարդների թրթռուն հեւքին էլ մաս չկազմել,
Անհաղորդ մնալ փոթորկումներին,
Անկոչ կանչերին էլ չձայնակցել,
Վերեւից նայել խոր յուզումներին:
Աշխարհի տարբեր ճանապարհներից բերած յուշերդ հաւաքագրել:
Շուրջդ եռացող քաշքշուքներին անտարբեր նայել,
հոգուդ մէջ լեցուած ծանօթ ձայներին էլ չարձագանգել:
Ապրածդ բոլոր դառնութիւնները մոռացութեան տալ:
Բաց ճամպրուկներդ վերջնական փակել,
ու լուռ պատրաստուել անվերադարձ յաւէտ մի երթի:
Եւ այսպէս ահա նետուած տարիքիս յորձանուտի մէջ
Գնում եմ անդարձ…
Այսքանից յետոյ, ինչպէ՞ս հաշտ ապրեմ օրէ օր աճող իմ տարիքի հետ:
Փիցպուրկ, 8/10/2024
(80-ամեակիս մտածումներս)