Այսօր կը սկսի «Եու. Է. Էֆ. Ա.»-ի «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի սպասուած մրցաշարքը` իր նոր տարբերակով:
Առաջուան նման խմբակներ չկան, եւ 36 խումբերը պիտի կատարեն 8 մրցում, տարբեր մրցակիցներու դէմ, 4-ը իր դաշտին վրայ, իսկ միւս 4-ը` դաշտէն դուրս:
Մրցումներու աւարտին, առաջին 8 դիրքերը գրաւող խումբերը կը հասնին 1/8-րդ աւարտական: 9-րդէն 16-րդ դիրքերը գրաւող խումբերը կը մրցին 17-էն 24-րդին դէմ (վիճակաձգութեամբ) եւ յաղթանակները կը հասնին 1/8-րդ աւարտական:
Ըստ ՕՓԹԱ-ի մասնագէտներուն, գերհամակարգիչի օգնութեամբ անշուշտ, 2024-2025 տարեշրջանի թիւ 1 թեկնածուն կը նկատուի Անգլիոյ Մանչեսթըր Սիթին (25,3 տոկոս): Բ. դիրքը կը գրաւէ անցեալ տարուան ախոյեան եւ 15 անգամ տիտղոսակիր Ռէալ Մատրիտ (18,2 տոկոս): Իտալիոյ ախոյեան Ինթեր Միլան կը գրաւէ 3-րդ դիրքը (10,9 տոկոս): Արսենալ (6,3 տոկոս), Պայեր Լեւերքուզըն (5,4 տոկոս), Պարսելոնա (5,2 տոկոս), Լիվըրփուլ (4,2 տոկոս), Պայերն Միւնիխ (4,1 տոկոս), Փարիզ Սեն Ժերմեն (4,1 տոկոս) եւ Տորթմունտ (3,9 տոկոս), կ՛ամբողջացնեն թեկնածուներու տասնեակը:
Վերադառնալով մրցումներուն, այսօր երկու պատմական խումբեր` Ա. Սէ. Միլան եւ Լիվըրփուլ իրար դէմ պիտի մրցին Իտալիոյ «Սան Սիրօ» դաշտին վրայ: 2006-2007 տարեշրջանի աւարտական մրցումէն ի վեր, Ա. Սէ. Միլան չէ կրցած յաղթել Լիվըրփուլին:
Այդ տարուան աւարտականը վրէժի մրցում մըն էր 2004-2005 տարեշրջանին, ուր Լիվըրփուլ առաջին կիսախաղին 3-0 արդիւնքով ետ մնալէ ետք կրցած էր Բ. կիսախաղին 3 կոլ նշանակել եւ փենալթիներով յաղթել Միլանի կազմին:
Երկու մրցակիցները 5 անգամ մրցեցան 2014-էն 2022, եւ Լիվըրփուլ միշտ ալ յաղթական դուրս եկաւ (2-0, 2-0, 3-2, 2-1 եւ 4-1):
Այսօր ժամը 22:00-ին Ա. Սէ. Միլան պիտի փորձէ դրական արդիւնք մը ձեռք ձգել Լիվըրփուլի դէմ, հակառակ անոր որ Լիվըրփուլ համեմատաբար աւելի լաւ խումբ մը կը նկատուի:
Սպանիոյ մէջ, տիտղոսակիր Ռէալ Մատրիտ պիտի հիւրընկալէ Գերմանիոյ փոխախոյեան Շթութկարթը:
Վաղը շատ հետաքրքրական մրցում մը կը խոստանայ ըլլալ Մանչեսթըր Սիթի-Ինթեր Միլան ճակատումը:
2022-2023 տարեշրջանի աւարտականի մրցակիցները իրար դէմ պիտի մրցին Անգլիոյ մէջ:
Հինգշաբթի օրուան ամէնէն հաւասարակշռուած մրցումը կրնայ ըլլալ Մոնաքօ-Պարսելոնա խաղը:
Ճիշդ է, որ ֆրանսական ախոյեանութիւնը Սպանիոյ բաղդատմամբ աւելի տկար կը թուի ըլլալ, սակայն մրցումը Ֆրանսայի մէջ է, իսկ Պարսելոնայի երիտասարդ խումբը շատ գեղեցիկ ֆութպոլ կը ցուցաբերէ: Հետաքրքրական ճակատում կը նախատեսուի երկու խումբերուն միջեւ:
Ստորեւ «Չեմփիընզ լիկ»-ի առաջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
ԺԱՄԸ 19:45-ԻՆ
Եանկ Պոյզ (Զուիցերիա) – Ասթոն Վիլա (Անգլիա)
Եուվենթուս (Իտալիա) – ՓՍՎ Այնտհովըն (Նետերլանտներ)
ԺԱՄԸ 22:00-ԻՆ
Ա. Սէ. Միլան (Իտալիա) – Լիվըրփուլ (Անգլիա)
Պայերն Միւնիխ (Գերմանիա) – Տինամօ Զաղրեպ (Խրուաթիա)
Ռէալ Մատրիտ (Սպանիա) – Շթութկարթ (Գերմանիա)
Սփորթինկ Լիզպոն (Փորթուգալ) – Լիլ (Ֆրանսա)
ՎԱՂԸ
ԺԱՄԸ 19:45-ԻՆ
Սփարթա Փրակա (Չեխիա) – Ռետ Պուլ Զալցպուրկ (Աւստրիա)
Պոլոնիա (Իտալիա) – Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա)
ԺԱՄԸ 22:00-ԻՆ
Սելթիք (Սկովտիա) – Սլովան Պրաթիսլաւա (Սլովաքիա)
Պրիւժ (Պելճիքա) – Տորթմունտ (Գերմանիա)
Մանչեսթըր Սիթի (Անգլիա) – Ինթեր Միլան (Իտալիա)
Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա) – Ժիրոնա (Սպանիա)
ՀԻՆԳՇԱԲԹԻ
ԺԱՄԸ 19:45-ԻՆ
Ֆեյենուրտ Ռոթերտամ (Նետերլանտներ) – Պայեր Լեւերքուզըն (Գերմանիա)
Կարմիր Աստղ Պելկրատ (Սերպիա) – Պենֆիքա (Փորթուգալ)
ԺԱՄԸ 22:00-ԻՆ
Աթալանթա (Իտալիա) – Արսենալ (Անգլիա)
Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա) – Ռետ Պուլ Լայփցիկ (Գերմանիա)
Պրեսթ (Ֆրանսա) – Շթուրմ Կրաց (Աւստրիա)
Մոնաքօ (Ֆրանսա) – Պարսելոնա (Սպանիա)