Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդ. Մէջքը Շտկող Արժանապատիւ Հայը

August 6, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Սոյն թուականի յունիսի 22-ին Հանքաւանում տեղի ունեցած Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան հաւաքի ժամանակ Նիկոլ Փաշինեանն ասում է. «Մեր հազարամեայ պատմութեան մէջ առաջին անգամ է, երբ մեր ժողովրդի գաղափարախօսութիւնը կարող է դառնալ պետական գաղափարախօսութիւն, մենք այսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել: Սովորաբար մեկուսացած էլիտաներն իրենց ստեղծած կամ ուրիշների կողմից ստեղծուած իրենց որդեգրած գաղափարախօսութիւնները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում, յաճախ պարտադրել են պետական, վարչական լծակներով, նոյնիսկ` բռնի ուժով»: Այնուհետեւ նա շարունակում է. «Ժողովրդի ուղերձն իր էլիտարներին եւ կառավարող մեծամասնութեանը հետեւեալն է` կարո՞ղ էք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապէս լաւ ապրենք: Այսինքն, ոչ թէ ինչ-որ խաչ լինի մեր վզին դրած, որը մենք պէտք է Գողգոթայի ճանապարհով քարշ տանք դէպի վերեւ կամ ներքեւ, կարո՞ղ էք ստեղծել միջավայր, որ պարզապէս ապրենք, էրեխէք ունենանք, էրեխեքը երջանիկ լինեն, բարեկեցիկ լինեն ու մանաւանդ որ դրա համար անհրաժեշտ առաջնային գործիքն ունենք` պետութիւնը»:

Ըստ Հայաստանի այսօրուայ ղեկավարի, հայոց հազարամեակների պատմութեան ընթացքում սեփական քաղաքական էլիտաների եւ արտաքին ուժերի պարտադրանքով հայ ժողովուրդն անիմաստ պայքարել ու տառապել է, եւ առաջին անգամ այսօրուայ «հայ էլիտայի» քաղաքական առաջնորդութեամբ սխալը կարող է շտկուել: Առաջնորդող ուժի քաղաքական առաքելութիւնն է իր «Իրական Հայաստանի» գաղափարախօսութիւնը դարձնել պետական գաղափարախօսութիւն` դրանով իրականացնելով ժողովրդի ցանկութիւնը` չպայքարել, չմաքառել, պարզապէս ապրել, ապրել լաւ, բարեկեցիկ եւ երեխեքը լինեն երջանիկ:

Մեր պատմութեան մէջ նոյնը տեղի է ունեցել 100 տարի առաջ, երբ պոլշեւիկա-ազրպէյճանական սրերի վրայ Հայաստանում իշխանութեան բերուած յեղկոմը սխալ համարեց եւ մերժեց հայ ժողովրդի ապրած ողջ պատմութիւնը, ցեղասպանուած ժողովուրդը եւ նրան առաջնորդող ուժերը մեղադրուեցին պայքարելու եւ տառապելու համար ու բարեկամ հռչակուած երէկուայ ցեղասպաններին, հայրենիքի մեծ տարածքներ զիջելու դիմաց` ժողովրդին խոստացան խաղաղ կեանք ու եղբայրութիւն:

Միւս կողմից` ներկայացւում է, թէ արտաքին ուժերի ցանկութիւնն էր, որ հայ ժողովուրդը տառապի, իսկ իրենք գան եւ փրկեն հայութեանը: Հարիւր տարի առաջ պոլշեւիկների հայ դրածոների ներկայացմամբ կեղծ փրկիչներն էին միջազգային կայսերապաշտները, իսկ ներկայիս արեւմտեան դրածոների բնութագրմամբ այդ դերում Ռուսաստանն է:

Շատ նման չե՞ն իրար այս մտածողութիւնն ու հարիւրամեակի հեռաւորութեամբ կրկնուած քաղաքական գործընթացները:

Ժողովրդի ինքնապաշտպանութեան գիտակցութիւնն ու կամքը կոտրելու, հայրենի տարածքները յանձնելու, թշնամու ցանկացած այլ պահանջները կատարելու դիմաց` այսօրուայ իշխանութիւնը վաղը հօտի վերածուող զանգուածներին խոստանում է խաղաղ ուտելու եւ բազմանալու հնարաւորութիւնը: Այսօրուայ խառնակ աշխարհում բոլորը պայքարի մէջ են իրենց ունեցածը պահպանելու, ուրիշների ունեցածը խլելու համար, իսկ Հայաստանի ղեկավարութիւնն հպարտ է ու գոհ իրենից, որ երկիրը տանում է դէպի նորանոր պարտութիւնների եւ ազգային ապագայի խորտակման:

Կասկած չի կարող լինել, որ նման ապազգային մտածողութիւնն ու գործունէութիւնը պայմանաւորուած են միայն արտաքին թելադրանքով: Արտաքին ուժերի նիւթական, քարոզչա-քաղաքական աջակցութիւնը վճռորոշ եղաւ 2018 թուականին Հայաստանում իրականացուած գունաւոր յեղափոխութեան ժամանակ եւ գնալով աւելի ակնյայտ է դառնում ներկայումս: Օտարերկրեայ գործակալներն ու «խորհրդականները» այսօր վխտում են` Հայաստանի իշխանական միջանցքներում, պաշտօնական զանազան հաստատութիւններում, երկրի վտանգուած սահմաններին: Հաշուարկելով, թէ իրեն անհրաժեշտ է յաղթահարել ռուսական ազդեցութիւնը, Հայաստանի իշխանութիւնը վերջինիս հակադրելու համար երկրի դռները լայնօրէն բացեց Արեւմուտքի եւ թուրք-ազրպէյճանական զոյգի առջեւ: Չկարողանալով յաղթահարել Ռուսաստանի առարկայական ազդեցութիւնը տնտեսական, ուժանիւթային եւ այլ գործօնների պատճառով, միւս կողմից` խորացնելով կախուածութիւնը հակառակ բեւեռից, Հայաստանի ղեկավարն ու նրա բախտախնդիր խմբակը ոչ միայն դարձան այս երկուսի միջեւ խուսանաւող խամաճիկներ, այլեւ երկիրը վերածեցին անկայունութեան օջախի, որտեղ գնալով սրուելու է զանազան ուժերի մրցակցութիւնը:

Անհաւասարակշիռ, քաղաքականապէս կախեալ ու ազգային-պետական գործչին յատուկ պատասխանատուութեան զգացումից զուրկ ղեկավարը գիտակցաբար եւ անգիտակցաբար Հայաստանը վերածեց աշխարհակարգերի բախման գօտու: Ի դէպ, նոյն թուրք-ազրպէյճանական զոյգը, հեռացնելով Հայաստանին դէպի հակառուսականութեան դաշտ, ինքը հաւասարակշռում է իր քաղաքականութիւնը երկու հակադիր բեւեռների միջեւ եւ հրաշալի օգտագործում է Ռուսաստանի հետ յարաբերութիւններն ընդդէմ Հայաստանի:

Ռուսաստանի դէմ տարածքային եւ գաղափարախօսական հակամարտութեան մէջ Արեւմուտքը նահանջելով Ուկրանիայում, ձախողուելով Ղազախստանում, այսօր բարենպաստ է համարում վրէժխնդրութեան հասնելը Անդրկովկասում: Վրաստանի ինքնիշխանութեան մակարդակի բարձրացումը, ստիպել է, որ Անդրկովկասի համար պայքարը տեղափոխուի Հայաստանի տարածք: Արցախն ու յարակից տարածքները յանձնած, նորանոր զիջումների պատրաստ Հայաստանի կախեալ իշխանութիւնը թուրք-արեւմտեան ճամբարի համար գտնուած հնարաւորութիւն է Հայաստանի կործանման հաշուին հասնելու Ռուսաստանը շրջանցող եւ Արեւմուտքն Արեւելքին կապող «Զանգեզուրեան միջանցք»-ի ձեռքբերման, տարածաշրջանում հակառուսական եւ հակաիրանեան կայուն ֆորպոստի ձեւաւորման համար: Բռնիշխանական վայրագ գործունէութեան վրայ աչք փակելու եւ իշխանութեան պահպանումը երաշխաւորելու դիմաց` Հայաստանի ղեկավարներից պահանջւում է գործնական քայլերով եւ առանց ձգձգելու իրականացնել ռազմավարական տարածքների զիջման գործընթացը, ռուսական եւ ՀԱՊԿ ռազմուժի դուրս բերումը երկրից, ինչպէս եւ յստակ քայլերով փաստելը, որ մնում է արեւմտեան ճամբարին հաւատարիմ հակառուսական ուժ:

Նոյն պահանջին հետեւելով` Հայաստանի իշխանութիւնը փաստացի հրաժարուել կամ ձեւական բնոյթ է հաղորդել աւանդական դաշնակիցների եւ հաւանական դաշնակիցների հետ յարաբերութիւններին: Փոխարէնը` թշնամի հարեւանների յարձակողապաշտ յաւակնութիւններին պատասխանում է լռութեամբ, քծնանքով եւ կամակատարութեամբ: Էրտողանի հեռախօսազանգը բաւական եղաւ, որպէսզի Հայաստանի իշխանութիւնը ճանաչէր Պաղեստինի անկախութիւնը, երբ վերջինս երբեք չի խօսել այն մասին, որ Իսրայէլն Ազրպէյճանի օգտին մեծ դեր խաղաց 2020 թուականի պատերազմի ժամանակ եւ այսօր էլ շարունակում է Հայաստանի դէմ զինել թշնամի հարեւանին: Հայաստանի շահը չհաշուարկելով,  արտաքին ուժերի թելադրանքով հայ դրածոները յայտարարութեամբ պաշտպանեցին Ուքրանիայի ամբողջականութիւնը, այն դէպքում, երբ այդ երկիրն անկախացման շրջանից սկսած Արցախի հարցում ունեցել է յստակ հակահայ դիրքորոշում, միջազգային հարթակներում մշտապէս պաշտպանել է Ազրպէյճանին, մատակարարել է վերջինիս զէնք, 90-ականների սկզբից ուքրանիացի դիպուկահարները կռուել են Արցախի դէմ: Կարիք չկար, որ Հայաստանի իշխանութիւնը երբեւէ հակաուկրանիական քայլեր անէր, բայց եթէ նա անկախ լինէր, կը կարողանար շարունակել պատերազմող կողմերի նկատմամբ չէզոքութիւնը: Արեւմուտքի շահերի կոյր կամակատարը լինելու եւ իր հակառուսականութիւնը փաստելու յաջորդ քայլը Վրաստանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելն էր, այն դէպքում, երբ 2020 թուականին Ազրպէյճան զէնք տեղափոխող թուրքական ինքնաթիռներն ազատօրէն թռչում էին Վրաստանի վրայով, իսկ Հայաստան զէնք ներկրելու համար Վրաստանի ճանապարհները փակ էին: Ոչ խամաճիկ իշխանութիւնը այս հարցում եւս կը շարունակէր պաշտպանել նախկին չէզոքութիւնը: Վտանգաւոր արտաքին քաղաքականութեան կողքին, Հայաստանի իշխանութիւնը գործնական ու որոշակի քայլեր է անում հէնց Հայաստանի եւ հայ ժողովրդի դէմ:

Ի՞նչ կ՛անէր ազգութեամբ թուրք կամ ազրպէյճանցի մի ղեկավար Հայաստանում, եթէ իր ազգակիցների հետ իշխէր Նիկոլ Փաշինեանի փոխարէն. Ա) Արցախը ազատագրուած տարածքների հետ կը յանձնէր Ազրպէյճանին, Բ) Ազրպէյճանին կը յանձնէր ռազմավարական դիրքեր եւ տարածքներ Հայաստանից, Գ) կ՛արգելէր Արցախի վտարանդի իշխանութեան քաղաքական-հասարակական կազմակերպութիւնների գործունէութիւնը Հայաստանում, կը ձերբակալէր, կը հալածէր Արցախի քաղաքական-ռազմական գործիչներին, Դ) կը խզէր կապերը երկրի թիկունքն ամրապնդող դաշնակիցների հետ, Ե) Հայաստանից դուրս կը բերէր ռուսական ուժերին եւ կը փոխարինէր դրանք ՕԹԱՆ-ական երկրներին պատկանող զինուորականութեամբ, Զ) կը ժխտէր եւ կը հրաժարուէր Հայոց ցեղասպանութեան պահանջից, Է) հակաթուրքական եւ հակաազրպէյճանական բնոյթի պատմական եւ քաղաքական բոլոր փաստերը, քննադատութիւններն ու պահանջները դուրս կը բերէր Հայաստանի գիտական-կրթական, գեղարուեստական ու պետական պաշտօնական գրականութիւնից եւ փաստաթղթերից, Ը) կը հրաժարուէր եւ կը խզէր կապերը Սփիւռքի հետ, Թ) կը հալածէր Հայ Առաքելական եկեղեցին, Ժ) կը հալածէր ազգային օրակարգ ունեցող ներքին ուժերին, կը պայքարէր հայկական ինքնութիւնը հաստատող, եւ զարգացնող երեւոյթների եւ հաստատութիւնների դէմ, ԺԱ) կը պառակտէր ազգային միասնականութիւնը, ԺԲ) կ՛աղաւաղէր ու կ՛այլասերէր ազգի բարոյական նկարագիրն ու ներքին ամրութիւնը պայմանաւորող արժէքները: Իսկ միթէ՞ նոյնը չի անում Նիկոլ Փաշինեանն իր «գունաւոր» խմբակի հետ:

Փաշինեանը հասկանում է, որ իր ազգադաւ ծրագրերը ոչխարի հնազանդութեամբ ընդունելու համար պէտք է նախ մտային ու բարոյական առումով փոխի հայ ժողովրդին եւ դա համարում է իր խմբակի առաքելութիւնը: Այդ իմաստով, ի հարկէ, նրա համար մեծ ցնցում էր Սրբազան շարժումը, որը փաստեց, թէ հրապարակում կամ հրապարակից դուրս հայ ժողովուրդը մերժում է ազգին զոմպիացնելու իր նպատակները: Փաշինեանը հասկանում է, որ կարելի է ուժային կառոյցների միջոցով եւ արտաքին ուժերի բարոյական ու այլ աջակցութեամբ ձգել իր իշխանութեան ժամանակն ինչ-որ չափով, բայց մի ողջ ժողովրդի յաւէրժ պահել գետնին տապալած ու ծունկը կոկորդին դրած վիճակում` անհնար է: Նա հաշուարկ է անում անորոշ ժամանակի վրայ եւ սարսափում է այն մտքից, որ փողով ու շանթաժով իր տակ պահուող կամակատարների խմբակը մի օր կը փլուզուի, իսկ ուժայինները կը հրաժարուեն անասնաբար վերաբերուել իրենց մայր ժողովրդի հետ:

2024 թ. յունիսի 22-ին Հանքաւանում ունեցած իր ելոյթում Փաշինեանը ազդարարում է.  «Հերթական ընդդիմադիր շարժումը ձախողուեց»:

Նա նման յայտարարութիւն է անում, որպէսզի բարոյալքուած խմբակին եւ իրեն ծառայող ենիչերիներին խրախուսի: Ի հարկէ Սրբազան շարժումը հրապարակային լայն գործունէութիւնը կը վերսկսի գալիք սեպտեմբերից: Ո՞ւր կը հասնի այս շարժումը, ի՞նչ զարգացումներ կ՛ունենայ, դժուար է ասել: Ակնյայտն այն է, որ այսօր ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը զզուած է առկայ վիճակից, նրա մէկ մասը պատրաստ է փողոց դուրս գալու, իսկ երիտասարդ ու ամուր կորիզը մինչեւ վերջ պայքարելը համարում է իր առաքելութիւնը: Փոխւում է երկիրը, եւ փոխւում է աշխարհը: Նիկոլ Փաշինեանը տեսնում է իր գաղափարական եղբայրների ֆիասքոն Վրաստանում ու Ուկրաինայում: Ի հարկէ աթոռը պահելու համար նա վաղը կարող է դառնալ ռուսամէտ, միւս օրը` Եհովայի վկայ, յաջորդ օրը` տրանսգենդեր: Բայց նրա դէմ յառնող իրական ճակատը դրսում չէ, այլ մէջքը շտկող արժանապատիւ հայն է, որը երբեք չի ներելու այն աւերը, որ գործել է Նիկոլը, նման նրան` ինչ իրենից առաջ արել էին Պետրոս ետադարձը, Աւիսը կամ Թալէաթը:

«ԴՐՕՇԱԿ» թիւ 7, 2024 թ.

 

Նախորդը

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի Եօթներորդ Թիւը

Յաջորդը

Ֆիւլքրուկ Միացաւ Ուեսթ Համի

RelatedPosts

Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
Հայաստան Ուխտագնացութեան Ժամանակ Հռոմի Պապը Ցեղասպանութեան Հարցով Հետեւեցաւ Իր Սրտի Կանչին, Ոչ Թէ Խորհրդատուներուն
Անդրադարձ

Թրքական Հետազօտական Կեդրոնը Բազմիցս Գովաբանած Է Փաշինեանը Եւ Քննադատած` Սփիւռքը

October 27, 2026
Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.