Այսօր կը շարունակուին Փարիզի Ողիմպիական խաղերը, եւ բռնցքամարտի մրցումներուն, հայազգի Դաւիթ Չալոյեան քառորդ աւարտականի գծով պիտի մրցի սպանացի Այյուպ Ղատֆայի դէմ:
Ծանր կշիռքի մրցումներուն, 26 տարեկան Չալոյեան 3-2 արդիւնքով յաղթած էր բրիտանացի Տելիշըս Օրիի, մինչ Այյուպ նոյն արդիւնքով դուրս ձգած էր Ղազախստանի Քամշիպեք Քունքապայեւը:
Թենիսի մրցումներուն, շատ հետաքրքրական մրցումի մը, սերպ Նովաք Ճոքովիչ հինգշաբթի գիշեր 2 ժամ տեւած մրցումէ ետք կրցաւ դուրս ձգել թիւ 4 դասուած յոյն Սթեֆանոս Ցիցիփասը, առաջին սեթը 6-3 արդիւնքով յաղթելէ ետք, Նովաքի ծունկի հարցերը սկսան, եւ ան ստիպուեցաւ բժշկական դադար առնել մարձումի ենթարկուելու:
Բ. սեթը սկսաւ, եւ կէտ մը շահելէ ետք, Ցիցիփաս յաջողեցաւ 2-րդ կէյմը պրէյքով յաղթել` արդիւնքը 2-0-ի բարձրացնելով: Ճոքովիչ 3-րդ կէյմին փորձեց պրէյքով մը փոխադարձել, սակայն յոյն մարզիկը կրցաւ ոչ միայն պահել իր սերվիսը, այլ 4-րդ կէյմին ալ պրէյք մը ընել եւ արդիւնքը բարձրացնել 4-0-ի:
Ճոքովիչ յանկարծ ինքզինք գտաւ եւ իր կարգին պրէյք մը ըրաւ յոյն թենիսմենի սերվիսին պահուն: Ապա շահեցաւ իր սերվը, արդիւնք` 4-2: Ցիցիփաս շահեցաւ 7-րդ կէյմը` 5-2 արդիւնքով, ապա Ճոքովիչ` 5-3, եւ անմիջապէս պրէյք մը յաջորդեց` 5-4: 10-րդ կէյմէն 12-րդ կէյմ մարզիկները պահեցին իրենց սերվերը եւ հասան թայ պրէյքի:
Ճոքովիչ մոռցած էր ծունկի ցաւը եւ մեքենայի նման շարունակեց մինչեւ 7-րդ կէտը` շահելով թայ պրէյքը եւ մրցումը 7-3 արդիւնքով:
Պէտք է յիշեցնենք, որ 9-րդ կէյմին, Ցիցիփաս 3 անգամ սեթ փոյնթ կորսնցուցած էր` ոսկի առիթ մը կորսնցնելով:
Ճոքովիչ կիսաւարտականին իր դէմ պիտի ունենայ իտալացի Լորենց. Միւզեթթին (թիւ 11 դասուած), որ դուրս ձգած էր գերմանացի Ալեքսանտր Զվերեւը:
Նշենք, թէ կանուխ խաղցուած կիսաւարտականի առաջին մրցումին, Քարլոս Ալքարաս 6-1 եւ 6-1 արդիւնքով յաղթելով քանատացի Ֆելիքս Օժէ-Ալիասիմին, հասած էր ոսկի մետալի մրցումին (աւարտական):
Երէկ տեղի ունեցաւ աղջկանց պրոնզ մետալի մրցումը, որուն ընթացքին թիւ 1 թենիսվումըն Իկա Շվիանթեք 6-2 եւ 6-1 արդիւնքով յաղթեց սլովաքիացի թենիսվումըն Աննա Շմիտլովային:
Ֆութպոլի տղոց մրցումներուն, Մարոք 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Միացեալ Նահանգները եւ հասաւ կիսաւարտական, ուր պիտի մրցի Սպանիա – Ճափոն մրցումին յաղթականին դէմ:
Տղոց պասքեթպոլի մրցումներուն, Պրազիլ 102-84 արդիւնքով պարտութեան մատնեց Ճափոնը, իսկ Յունաստան 77-71 արդիւնքով յաղթեց Աւստրալիոյ:
Ստորեւ` մետալներու դասաւորումը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | |
| 1.- Չինաստան | 13 | 7 | 7 |
| 2.- Միացեալ Նահանգներ | 9 | 17 | 15 |
| 3.- Ֆրանսա | 9 | 11 | 11 |
| 4.- Բրիտանիա | 9 | 8 | 8 |
| 5.- Աւստրալիա | 8 | 6 | 5 |
| 6.- Ճափոն | 8 | 3 | 6 |
| 7.- Հարաւային Քորէա | 7 | 5 | 4 |
| 8.- Իտալիա | 5 | 8 | 4 |
| 9.- Նետերլանտներ | 4 | 2 | 2 |
| 10.- Քանատա | 3 | 2 | 4 |
| 11.- Գերմանիա | 2 | 3 | 2 |
| 12.- Նոր Զելանտա | 2 | 3 | 1 |
| եւ Ռումանիա | 2 | 3 | 1 |
| 14.- Հոնկ Քոնկ | 2 | 0 | 2 |
| եւ Այիր | 2 | 0 | 2 |
| 16.- Խրուաթիա | 2 | 0 | 1 |


