ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ
«Համալսարան ես ուզում գնալ, որ երաժշտութիւն սովորես եւ յետոյ ի՞նչ դառնաս, տղա՛ս: Որ նուագո՞ղ դառնաս: Որ խնճոյքներում, հարսանիքներում կամ թաղումներում նուագե՞ս: Դրանով կեանքում ապրուստդ չես կարող ապահովել: Դրանով ընտանիք չես կարող պահել», յանդիմանական դէմքով հայրս ասաց ինձ, երբ ամերիկեան հանրային դպրոցն աւարտելուց յետոյ որոշեցի Միչիգանի համասալանում երաժշտագիտութիւն ուսանել: Իր կարծիքով, լաւ ու բարեկեցիկ կեանք ունենալու համար ես պէտք էր բժիշկ, փաստաբան կամ ճարտարապետ դառնայի: Աւանդամիտ, համեստ, բարի, ազնիւ ու ընտանիքասէր մարդ էր հայրս: Որպէս չարքաշ բանուոր` անխոնջ աշխատում էր «Ֆորտ» ընկերութիւնում ընտանիքին տէր կանգնելու եւ առօրեայ կարիքները հոգալու համար», իր հարցազրոյցներից մէկում պատմել է ամերիկահայ տաղանդաւոր երաժշտագէտ, երգահան, գործիքաւորող եւ խմբավար Հարրի Բէգեանը եւ աւելացրել, որ` «Այնուամենայնիւ, տարիներ անց, երբ խմբավարի հանգամանքով ղեկավարեցի Տիթրոյթի «Cass Technical» երկրորդական վարժարանի փողային նուագախմբի առաջին համերգս, որին ներկայ էին նաեւ ծնողներս եւ համերգասրահի պատշգամից հետեւում էին ելոյթին, աւարտին մօտենալով հայրիկիս` հարցրի, թէ ինչպէ՞ս էր համերգը. հայրս մի պահ զարմացած նայեց ինձ, ոտքի ելաւ եւ հիացած ասաց` այդ դո՞ւ էիր բեմի վրայ ղեկավարում նուագախումբը, ու ապա լացակումած, յուզուած աչքերով գրկեց ու համբուրեց ինձ»:
Երաժշտագէտ Հարրի Բէգեանը ծնուել էր 1921 թուականի ապրիլի 24-ին Միշիկընի նահանգի Փոնթիաք քաղաքում: Ծնողները Հայոց ցեղասպանութիւնից վերապրողներ էին, որոնք 1915 թուականին, բազմաթիւ ընտանիքների նման, թուրքական եաթաղանից ճողոպրելով` կայք էին հաստատել հայրենիքից հեռու այս ափերում: Ուսուցչի քաջալերանքով պատանի Հարրին դպրոցական տարիներին ծանօթացել ու սիրել է փողային գործիքներից քորնեթը եւ հետագային մասնագիտանալով երգահանման ու խմբավարման բնագաւառում` իր յօրինած սիմֆոնիք ստեղծագործութիւններում յատուկ տեղ են գտել փողային գործիքներով համերգային ելոյթները:
Հարրի Բէգեանը իր բարձրագոյն կրթութիւնն ստացել է Միշիկընի համալսարանում` արժանանալով դոկտորայի կոչմանը: «Gomidas Vartabed: His life and importance to Armenian music» խորագրով իր դոկտորական արժէքաւոր ատենախօսութիւնը նուիրուած է Կոմիտաս վարդապետի կեանքին ու գործունէութեանը, որը 1964 թուականին հրատարակուեց Միշիկընի համալսարանի երաժշտագիտական բաժնի կողմից:
Իր իմացական կեանքը նուիրելով երաժշտութեանը` դոկտոր Բէգեանը Տիթրոյթի «Cass Technical» երկրորդական դպրոցի փողային հանրայայտ նուագախմբից բացի, երկար տարիներ հրաւիրուել եւ դասախօսի, երգահանի ու խմբավարի հանգամանքներով բազմիցս ելոյթներ է ունեցել Միշիկընի, Ուէյնի, Իլինոյսի եւ Փրտու համալսարանների նուագախմբերում` վայելելով թէ՛ ակադեմական շրջանակների, թէ՛ ուսանողների եւ թէ՛ հանդիսատեսների բարձր գնահատանքն ու մեծարանքը: Ինչպէս նշւում է Ուիքիփետիայում, նոյնիսկ կենսաթոշակի անցնելուց յետոյ դոկտոր Բէգեանը վերահրաւիրուել է երաժշտագիտական իր կենսափորձը կիսելու աշխարհահռչակ Ինթերլաքեն արուեստի կենտրոնում, ուր նախկինում եւս մաս էր կազմել կենտրոնի դասախօսական կազմին:
Իր աւելի քան կէսդարեան երաժշտական բարձրարժէք վաստակի համար դոկտոր Հարրի Բէգեանը արժանացել է բազմաթիւ մրցանակների, դափնիների, պատուոգրերի` ամերիկեան համալսարանների եւ միջազգային երաժշտական հեղինակաւոր հաստատութիւնների կողմից: 2003 թուականին հայութեան վաղեմի բարեկամ Միշիկընի ծերակուտական Քարլ Լեւինը ելոյթ ունենալով Միացեալ Նահանգների ծերակոյտում բարձրօրէն է գնահատել դոկտոր Հարրի Բէգեանի անմնացորդ նուիրումն ու ներդրումը` ի խնդիր ամերիկեան ու համաշխարհային երաժշտութեան զարգացման: «Պատիւ է ինձ համար այս ամպիոնից մեծարելու բարձրաժէք երաժիշտ ու կրթամշակ դոկտոր Հարրի Բէգեանի վաստակը», ասել է ծերակուտական Լեւինը:
Արհեստավարժ խմբավար եւ երգահան լինելուց բացի, դոկտոր Բէգեանը` որպէս համալսարանի դասախօս, լայն ճանաչում ունի նաեւ սերունդների երաժշտական ունակութիւնների դաստիարակման, ուսուցման ու զարգացման գործում: Հրատարակել է բազմաթիւ յօդուածներ, հարցազրոյցներ ու ելոյթներ է ունեցել նուագախմբային փորձերի վերլուծութեան ու խմբավարման գործելաձեւերի մասին: Նրա խմբավարած ու մշակած աւելի քան 65 նուագախմբային յօրինումների ձայնագրութիւնները` որպէս ամերիկեան երաժշտութեան գանձեր, պահպանւում են Միացեալ Նահանգների Քոնկրեսի գրադարանում:
Դոկտոր Բէգեանը հրապարակային ելոյթներում ու հարցազրոյցներում հպարտութեամբ է անդրադարձել իր հայկական արմատներին եւ մեծ ոգեւորութեամբ է խօսել հայ ժողովրդի պատմամշակութային ձեռքբերումների մասին:
Պատանեկան տարիներին ընտանեկան յարկի տակ ունեցած յուշերին անդրադառնալով` Հարրին երանութեամբ է յիշում, որ իր հայրը` Նշան Բէգեանը, հեռաւոր Միշիկընում` կարօտելով հայրենի Երկիրը, յաճախ մղմղում էր «Հով արէք»-ը, «Ծիրանի ծառ»-ը, «Ալագեազ»-ը եւ այլ կարօտերգեր: «Այդ օրերին թէեւ հրապուրուած չէի հայրիկիս երգերով, բայց նա միշտ ասում էր` տղա՛ս, կը գայ մի օր, որ դու էլ կը սիրես, կը հիանաս այդ երգերով: Եւ յիրաւի, տարիներ անց, երաժշտութեան բնագաւառում համալսարանական բարձրագոյն կրթութիւն ստանալուց եւ տարբեր ազգութիւնների տոհմիկ ու աւանդական երգատեսակներին ծանօթանալուց յետոյ, ինքնահաւաստիացայ, որ հայրիկիցս լսած ու ժառանգած հայկական կարօտերգերը անգնահատելի ու սքանչելի էին»:
Հիացած կոմիտասեան ստեղծագործութիւններով, Հարի Բէգեանը դիմում է իր գործընկերոջ` ամերիկեան ականաւոր երաժշտագէտ ու երգահան Ալֆրետ Ռիտին, որպէսզի փողային մեծ նուագախմբի համար նորարական ոճով ու հնչեղութեամբ գործիքաւորի իր լսած ու ապրած այդ երգերը: Արդիւնքում ստեղծւում է երկու մասից բաղկացած «Armenian Dances» (Հայկական պարեր) հոյակապ ստեղծագործութիւնը, ուր ներկայացուած են «Ծիրանի ծառ», «Կաքաւի երգ», «Հոյ նազան», «Ալագեազ», «Գնա՛, գնա՛», «Հով արէք», «Խումար պառկէ», «Լոռուայ գութաներգ», ինչպէս նաեւ «Կիլիկիա» երգերը:
Հեղինակաւոր խմբավարների ղեկավարութեամբ ամերիկեան եւ միջազգային հանրաճանաչ նուագախմբերը բազմիցս ներկայացրել են «Armenian Dances» ստեղծագործութիւնը` բազմաթիւ երկրների համերգասրահներում, արժանանալով երաժշտասէր հանդիսատեսների հիացմունքին ու գնահատանքին: Փաստօրէն պիտի արձանագրենք, որ Ալֆրետ Ռիտի եւ Հարրի Բէգեանի համագործակցութեամբ «Armenian Dances»-ը չէր ծնուի, եթէ Երկրից Միշիկըն գաղթած Նշան Բէգեան համեստաբարոյ, չարքաշ հայը տանը մղմղած չլինէր այդ երգերը ընտանիքի համար եւ իր որդու` Հարիի հոգու բլթակներում չդրոշմուէր կոմիտասեան յաւերժական երգերի մեղեդիները:
Ամերիկահայ տաղանդաշատ երաժշտագէտ, երգահան, խմբավար Հարրի Բէգեանը վախճանուեց 89 տարեկանում, 2010 թուականի յուլիս 26-ին, Միշիկընի Ալփինա քաղաքում:
Ամերիկեան մամուլում եւ երաժշտական արուեստի միջազգային ցանցերում ու շրջանակներում բազմիցս խօսուել ու գրուել է ամերիկահայ դոկտոր Բէգեանի կեանքի ու երաժշտական բեղմնաւոր գործունէութեան մասին, այն ինչ թւում է, թէ դա լիարժէքօրէն չի ներկայացուել կամ նուազ չափով է արձագանգուել մեր` հայկական մամուլում: Այնուամենայնիւ, նրա հայանունը, նրա երաժշտական յօրինումների գեղագիտական աւանդը կը շարունակի անմահ մնալ երաժշտագիտական աշխարհում:
Յուլիս, 2024