2026 թ. սեպտեմբերի 1-ին Պիշքեքում` Շանկհայի համագործակցութեան կազմակերպութեան գագաթնաժողովի շրջանակներում, Փութինի եւ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը վերջինիս համար ակնյայտօրէն ձախողուած էր: Տարիներ շարունակ Փաշինեանի երկակի խաղերի դէմ աչք փակող Ռուսաստանի իշխանութիւնը յստակ հասկացնում է, որ երկու լարի վրայ խաղալու երջանիկ ժամանակն անցել է, եւ Հայաստանի ղեկավարը շատ յստակ գործողութիւններով պէտք է փաստի` ինքը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ կառոյցի՞ հետ է, թէ՞ վերջինիս հակառակորդ ճամբարում:
Ռուսաստանը նաեւ բացայայտօրէն նշում է այն յստակ վնասները, որոնք կրելու է Հայաստանը հակառակորդ ճամբարին միանալու դէպքում` կազի մի քանի անգամ թանկացում (իսկ գուցէ` ընդհանրապէս Հայաստանին մատակարարման դադարեցում), նմանատիպ ելք հիւլէական կայանի հումքի, նաւթի, ադամանդի եւ այլ ապրանքների Ռուսաստանից ներմուծման պարագայում, որոնք Հայաստանին տրամադրւում են Ռուսաստանի ներքին գներով: Ռուսաստանը կարող է արգելել առանց պայմանների հարիւրհազարաւոր հայաստանցիների արտագնայ աշխատանքը Ռուսաստանում, ինչը կը հարկադրի այդ մարդկանց մեծ մասին վերադառնալու Հայաստան, ինչն էլ այստեղ կարող է կտրուկ սրել ընկերային կացութիւնը: Չխօսենք այլեւս հայաստանցի արտադրողների առջեւ ռուսական շուկայի վերջնականօրէն փակուելու դէպքում արտաքին շուկաներ դուրս գալու հնարաւորութիւնից առհասարակ զրկուելու եւ հայկական գիւղատնտեսութեան ոչնչանալու հեռանկարի մասին: Եւ սա դեռ ամէնը չէ:
Նիկոլ Փաշինեանը Պիշքեքից վերադառնալով` փորձեց ներկայացնել, թէ ոչ մի սարսափելի բան չկայ, Ռուսաստանի ղեկավարի հետ տեղի է ունեցել գործնական ու արդիւնաւէտ խօսակցութիւն: Այլ կերպ նա թերեւս չէր էլ կարող վարուել, որովհետեւ նախ կը փաստէր, որ ինքը ընտրութիւններում չպարտուելու համար նախորդող օրերին խաբում էր ժողովրդին` ներկայացնելով, թէ Փութինի ու ԵԱՏՄ ղեկավարների հետ շատ լաւ յարաբերութիւններ ունի եւ բոլոր հարցերը կը կարգաւորի: Էլ չխօսենք արեւմտեան դրախտի դռները հայ ժողովրդի առջեւ բացելու խոստման մասին, ինչը նոյնպէս կեղծ դուրս եկաւ կարճ ժամանակ անց: Եթէ Փաշինեանը գոնէ այս անգամ ասէր ճշմարտութիւնը, ժողովրդի առջեւ կը պարզէր ոչ միայն իր պատեհապաշտ քաղաքականութեան փակուղում յայտնուելը, այլեւ կը վկայէր այն խիստ մտահոգիչ հեռանկարի մասին, որն ամենամօտ ապագայում սպասւում է հայ ժողովրդին: Այդ պատճառով էլ վարչապետ Փաշինեանը եւ իր սազանդարները սկսեցին «երգել» այն մասին, որ ոչ մի մտահոգիչ բան չկայ, չորս կողմից շրջապատուած ենք կազ ունեցող երկրներով, իսկ թուրքական դաշինքն ու Եւրոպան պատրաստակամ սպասում են ամէն ինչով աջակցելու Հայաստանին:
Եւ սա այն դէպքում, երբ, իբր թէ գաղտնաբար, նոյն Եւրոպան ազրպէյճանական խողովակներով կազ է ներմուծում Ռուսաստանից: Այնպիսի տպաւորութիւն է, որ դեռեւս ընտրական գործընթացներից առաջ լայն առումով իր պարտուած վիճակը գիտակցած Նիկոլը խաղում է ժամանակի վրայ` թերեւս յոյս փայփայելով, որ ինչ-որ տեղից իր համար մի լոյս կը բացուի: Անկախ ընտրութիւններում ձեռք գցած համեստ արդիւնքից եւ արտաքին շռայլ խոստումներից` Փաշինեանը տեսնում է, որ երկրի ներսում ինքը զուրկ է ժողովրդական յենարանից, իսկ դրսի հովանաւորների խոստացածն ու տուածը համարժէք չեն իրար: Յայտնուելով թոյլ եւ խիստ սահմանափակ հնարաւորութիւնների պայմաններում` Փաշինեանն ինքն իրեն դնում է աւելի մեծ կախման մէջ արտաքին ուժերից: Վերջիններիս քաղաքականութեան նկատմամբ իր կայուն նուիրուածութիւնը փաստելու համար նա հարկադրուած հրապարակայնօրէն սրում է յարաբերութիւնները Ռուսաստանի հետ` նոյն ժամանակ փորձելով իր ամուր բարեկամական զգացումների մասին հաւաստիացնել անձնական հանդիպումներում: Այստեղ, թերեւս, պէտք է արձանագրել, որ սրանով նա նախեւառաջ կատարում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակը հետապնդող գլխաւոր շահառուների` թուրքազրպէյճանական դաշինքի պահանջը:
Գաղտնիք չէ, որ վաղուց Հայաստան-թուրքական դաշինք յարաբերութիւններում Փաշինեանը որդեգրել է վերջիններիս փաստաբանի դերը` ընդդէմ սեփական երկրի եւ ժողովրդի շահերի: Փաշինեանը ոչ միայն պաշտպանեց ու արդարացրեց այս դաշինքի սանձազերծած պատերազմական յանցագործութիւնները, հետապնդեց ու պատժեց Արցախի պատերազմի հերոսներին, շարունակում է ճնշել Արցախի եւ նրա իրաւունքների անունից Հայաստանում ծրագրուող ցանկացած նախաձեռնութիւն: Իր քաղաքականութեամբ նա ոչ միայն նպաստեց, որ արցախցիների ինքնորոշման պայքարն Ազրպէյճանն աշխարհին մատուցի որպէս զաւթողական նպատակով Հայաստանի յարձակում Ազրպէյճանի վրայ, այլեւ այսօրուայ իր լռութեամբ նպաստում է, որ Ազրպէյճանն առանց մտահոգութեան ոչնչացնի Արցախի հայկական պատմական ու հոգեւոր-մշակութային ժառանգութիւնը:
Աւելի՛ն. «Քաղաքացիական պայմանագիր»-ական իշխանութեան նպաստաւոր լռութեան պայմաններում Ազրպէյճանը յաջողութեամբ զարգացնում է Հայաստանն Արեւմտեան Ազրպէյճան ներկայացնելու գործնական ծրագիրը: Հայաստանի իշխանութիւնը որեւէ հակառակութիւն չի դրսեւորում Հայաստանի նկատմամբ Ազրպէյճանի իշխանութիւնների աճող պահանջների նկատմամբ եւ շարունակաբար գնում է հերթական զիջումների: Ընդամէնը մի քանի օր առաջ տարածուեց այն լուրը, թէ Հայաստանը Տաւուշի մարզում սահմանային նոր դիրքեր է զիջել Ազրպէյճանին: Հայաստանի իշխանութիւնը կաշուից դուրս գալով ուզում է ապացուցել, թէ պատերազմի սպառնալիքը վերացնելու համար նորանոր տարածքներ պէտք է զիջել, չխօսել Հայաստանի իրաւունքների մասին, Արցախ անունը չտալ առհասարակ, մոռանալ պատմութիւնը, վերացնել փառքի անկիւններն ու հերոս նահատակների նկարները: Այսպիսի ցուցումներ են ստանում մասնաւորապէս կրթական հաստատութիւնների պատասխանատուներն ու Հայաստանի դիւանագիտական ներկայացուցիչները` նոյն ժամանակ, երբ Ազրպէյճանն ամէն օր ու ամէն ժամ իրականացնում է ճիշդ հակառակը` յարձակողապաշտ հռետորաբանութեամբ ուղեկցուող յստակ գործողութիւններ Հայաստանի նկատմամբ:
Եթէ Հայաստանի իշխանութիւնը ապուշ չէ, ապա ապուշի տեղ է դնում մի ողջ ժողովրդի, երբ խօսում է «անօրինականօրէն տիրապետած» տարածքների վերադարձի մասին, սահմանագծման եւ սահմանազատման շրջանակում, այն ժամանակ, երբ ազրպէյճանցի զինուորները հանգիստ նստած են վերջին տարիներին Հայաստանից զաւթած տարածքներում եւ դուրս գալու փոխարէն` աւելի են ամրապնդում զաւթած դիրքերը: Արդեօ՞ք առաջին հերթին այդ տարածքներից նրանց դուրս գալը պէտք չէ նախորդեր մնացած տարածքների հետ կապուած յստակեցումներին: Եւ արդեօ՞ք այդ դէպքում կայ երաշխիք, որ իր կողմից տարածքային կամ այլ բնոյթի որեւէ զիջման մասին երբեւէ չյայտարարած Ազրպէյճանը հայկական կողմի բոլոր զիջումներից յետոյ պատրաստակամ կը լինի ինչ-որ բան զիջելու:
Նիկոլ Փաշինեանը հայ ժողովրդին «կարողացաւ համոզել» այն կեղծիքի մէջ, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւններն արմատապէս փոխում է, որովհետեւ ռուսները չօգնեցին հայերին թուրքազրպէյճանական յարձակման ժամանակ եւ դէպի ո՞ւր է նա վերակողմնորոշում Հայաստանը` ճիշդ այդպէս` դէպի այդ նոյն յարձակումը իրականացնողները: Թերեւս նա մտածում է, որ եթէ մինչ այժմ հնարաւոր է եղել խաբել նման աճպարարութիւններով, ապա ինչո՞ւ չի կարելի նոյնպէս վարուել այսուհետեւ: Ստացւում է, որ Հայաստանի հետ թուրք-արեւմտեան սկսուող «փայլուն» գործակցութեան մէջ Հայաստանի համար նախատեսուած է կատարողի ու զիջողի դերը, իսկ իր գործակիցներին` պահանջողի ու ստացողի: Պէտք է ընդունել սակայն, որ մէկ հարցում յատկապէս Արեւմուտքն իսկապէս շօշափելի ու գործնական աջակցութիւն է ցուցաբերում Հայաստանի իշխանութեանը: Խօսքը քաղաքական հովանաւորութեան մասին է, որը տարիներ շարունակ դրսեւորւում է Հայաստանի բռնապետական իշխանութեան խայտառակ գործունէութեան նկատմամբ, ինչի վերջին ցայտուն օրինակն էլ ակնյայտ աջակցութիւնն էր ընտրութիւններում:
Արեւմուտքը կարծես չնկատեց, որ այդ խայտառակ ընտրութիւններից յետոյ Փաշինեանը ոչ միայն խլեց խորհրդարան անցած ուժերից մէկի քուէները եւ արգելափակեց նրա մուտքը խորհրդարան, այլեւ բանտարկեց այդ ուժի ղեկավարին եւ առանց դատ ու դատաստանի պետականացրեց նրա սեփական պիզնեսները: Արեւմուտքը հաւանաբար չնկատեց, որ մինչ այդ նոյն ճակատագրին էր արժանացել նախընտրական պայքարի մասնակից միւս ուժի առաջնորդը, իսկ հետագայում այս շղթան ամբողջացաւ խորհրդարանական ընտրութիւններում շեմը յաղթահարած ընդդիմադիր երրորդ ուժի ղեկավարի ձերբակալութեամբ:
Պէտք է ենթադրել, որ Արեւմուտքն այս հարցերում ունի իր տրամաբանական պատճառները, օրինակ` շատ ակնյայտ է, որ ի դէմս ձերբակալուած եւ սեփականազրկուած հայ խոշոր գործարարների, տեղի է ունենում Հայաստանի խոշոր պիզնեսի վերակողմնորոշում Ռուսաստանից դէպի Արեւմուտք, իմա` Թուրքիա եւ Ազրպէյճան: Նկատենք, որ բարդ այս իրավիճակում չեն դադարում Նիկոլ Փաշինեանի յամառ ճիգերը Ռուսաստանից խլելու Հայկական երկաթուղու կառավարման իրաւունքը եւ յանձնել այն թիւրքական պետութեան: Պատահական չեն ազրպէյճանական արթնացած պահանջները հայկական հիւլէական կայանի փակման վերաբերեալ, այն խոստմամբ, թէ իրենք Հայաստանին ելեկտրականութիւն կը մատակարարեն: Այստեղ ի հարկէ տեղի է ունենում շահերի մէկ համընկնում եւս, առաջիկայ շրջանում Հայաստանին սպասուող դժուարին ժամանակների նախօրեակին Նիկոլ Փաշինեանը չէզոքացնում է հնարաւոր մրցակիցներին:
Վերջին շրջանում անընդհատ խօսելով տնտեսական տարբերակման մասին` իրականում ՔՊ-ական իշխանութիւնը Հայաստանը տանում է հիմնական կախման թուրքական դաշինքից, որի պարագայում անխուսափելի է քաղաքական կախումը: Եւ տեսնում ենք, որ բացայայտ եւ ոչ բացայայտ կերպով թուրքամէտ իշխանութեան նոր գործընկերներն ամէն կերպ ոգեշնչում եւ պարտադրում են այս շրջադարձը: Ի հարկէ` միաժամանակ այնքան չարժեւորելով Հայաստանի իշխանութեանը, որ զանազան միջազգային ամպիոններից Հայաստանի հետ վերջնական խաղաղութեան հաստատման մասին ճառելով` նոյն ժամանակ շարունակում են աւելացնել ճնշումը Հայաստանին պարտադրուող զիջումների հարցում:
Սեպտեմբերը մեզ համար Հայաստանի եւ Արցախի անկախութեան հռչակման ամիսն է: Նորանկախութեան հռչակումից յետոյ Հայաստանը երբեք այսքան կախման մէջ, այսքան պարտուած եւ նսեմացած չի եղել արտաքին ուժերից, ինչպէս` այժմ: Եթէ նախորդ իշխանութիւնների առաջնորդութեամբ եւ մեծ զոհողութիւնների գնով յաջողուել էր հող ազատագրել եւ Արցախի Հանրապետութիւնը հռչակել, ապա այս նոր իշխանութիւնը խայտառակ պարտութիւն կրելով` ուղղակի յանձնեց Արցախը: Եւ նոյն ժամանակ ոչ մի իշխանութիւն այսքան ինքնագոհ չի եղել, չի ճամարտակել Հայաստանի աննախադէպ անկախ գոյավիճակի մասին եւ չի մեղադրել նախկիններին Հայաստանն օտարի ազդեցութեանը ենթարկելու մէջ: Թերեւս իշխանութիւնը հաշուարկ է անում ժողովրդի կարճ յիշողութեան վրայ, երբ ներկայացնում է, թէ մինչ իրենց տէրուտնօրինումը Արցախը թոկ էր Հայաստանի վզին, իսկ Հայաստանը գաղութային ենթակայութեան մէջ էր Ռուսաստանից: Երեւի տեղին է յիշել այն միտքը, որ մարդկային լկտիութիւնը սահման չունի:
Հայաստանի իշխանութիւնների ողջ քաղաքականութիւնը հիմնուած է ստի ու կեղծիքի վրայ: Հաւանաբար նրանք հաշուարկ են անում, որ երկիրը սուզելով վախի մթնոլորտի մէջ, ձերբակալելով ու չէզոքացնելով ընդդիմութեանը եւ Հայաստանի շահերը ծախելու ճանապարհով ապաւինելով արտաքին ուժերի աջակցութեանը` կը կարողանան ապահովել իրենց երկարակեցութիւնը: Իսկ գուցէ նրանք հիմքե՞ր ունեն այդպէս մտածելու: Եթէ ընդդիմադիր ալիքը պէտք է դրսեւորուի միայն խորհրդարանի պատերի ներսում, ապա կասկած չկայ, որ այս ուժը կը հասնի նաեւ յաջորդ ընտրութիւններին եւ եւս մէկ անգամ կը զաւթի իշխանութիւնը: Առայժմ երկրի ընդդիմադիր ներուժը չի կարողացել ստիպել նրանց ազատօրէն չիրականացնելու այն ապօրինութիւնն ու սանձարձակութիւնը, որոնք վերջինիս գործելակերպն են արտաքին խրախուսիչ լռութեան եւ աջակցութեան պայմաններում:
Ներկայ պարագայում եւ, թերեւս, ցանկացած դէպքում, քաղաքական ուժի գլխաւոր խնդիրը ժողովրդի հետ կապն է եւ նրա հետ աշխատանքը: Պէտք է արձանագրել, որ սա շատ լաւ ըմբռնում է Նիկոլ Փաշինեանը, եւ եթէ նա չլինէր Հայաստանի ամենաամբոխավար ղեկավարը, ո՛չ հնարաւորութիւն կ՛ունենար բազմելու Հայաստանի գահին, ո՛չ էլ այսքան ժամանակ մնալու իր տեղում: Յիշենք, որ Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրութիւններից առաջ, 8 տարի առաւօտից գիշեր լինելով հանրութեան աչքի առջեւ, նա դարձեալ ոտքով շրջեց ողջ Հայաստանով` յաճախ տհաճ ընդունելութեան արժանանալով փողոցներում ու հրապարակներում, լայն շփումներ ունեցաւ ժողովրդի հետ:
Թերեւս արժէ նշել, որ բալագանային թատրոնի վերածուած այսօրուայ խորհրդարանի գոյութիւնն էլ շատ ձեռնտու է նրան, որովհետեւ այդտեղ ոչ միայն իր, այսպէս կոչուած, օրինականութիւնն է հաստատում, այլեւ մշտական բախումների ու լեզուակռուի բեմի վերածած խորհրդարանն աշխարհին մատուցում է որպէս իր հաստատած «ժողովրդավարութեան» առհաւատչեայ: Խորհրդարանական այդ մթնոլորտում իր դրական ներկայութիւնն արդարացնելու համար ընդդիմութիւնը պէտք է անմիջական գործունէութեան հետ զուգակցի ժողովրդի, հասարակութեան տարբեր շերտերի հետ ամէնօրեայ շփումները: Մի բան, ինչի մասին, ի դէպ, ընդդիմութիւնը նաեւ յայտարարել էր մինչեւ նոր խորհրդարանի աշխատանքների սկսուելը:
Նման գործունէութիւնը նախ եւ առաջ կը փաստի, որ ընդդիմութեան նախընտրական հանդիպումները միայն քուէ ձեռք բերելու համար չէին, այլ` ժողովրդի կարծիքի հետ հաշուի նստելու, նրա ուժին յենուելու, խորհրդարանում նրա ամէնօրեայ հոգսերի մասին բարձրաձայնելու համար:
Ժողովրդի հետ մշտական եւ զուգահեռ աշխատանքը նաեւ կ՛ուժեղացնի ընդդիմութեանը` վերջինիս դրսեւորման հնարաւորութիւնը դուրս բերելով խորհրդարանի նեղլիկ պատերից, տարածելով այն երկրով մէկ եւ յետադարձ ուժով ժողովրդական տրամադրութիւններն ու պահանջները բերելով բարձրագոյն ներկայացուցչական մարմին: Ընդ որում, այդ աշխատանքը պէտք է տարուի հանրութեան բոլոր շերտերի հետ, մանաւանդ որ մասնաւորապէս փաշինեանական խոստումներին ու սպառնալիքներին հաւատացած, արտաքին տարբեր ուժերի ուղղակի եւ անուղղակի քարոզչութեանը կուլ գնացած զանգուածներին մոլորութիւնից դուրս բերելու պարտականութիւնը ազգային ուժերինն է: Ակնյայտ է, որ հէնց մոլորեցուած զանգուածների կեցուածքն է ապահովում Հայաստանը դէպի անդունդ հրող իշխանական հակահայ քաղաքականութեան հնարաւորութիւնը: Իր հերթին, հանրութեան հետ աշխատելը չի նշանակում միայն հրապարակային հանդիպումներ, այլ` մատչելի, համբերատար ու ժամանակատար խօսակցութիւն տարբեր շերտերի, նրանց հոգսերի եւ պատասխանատուութիւնների շուրջ:
Միւս կողմից` արագօրէն ծաւալուող աշխարհաքաղաքական նոր զարգացումները յղի են անկանխատեսելի նոր իրողութիւնների ու կացութիւնների ձեւաւորմամբ: Ակնյայտ է մի բան, երբ ուժեղ չես եւ համապատասխան չափով պատրաստ չես, որեւէ նոր իրավիճակի դէպքում շահող չես կարող դառնալ: Իրենց պարտադրող իրողութիւններն այսօր պարտադրում են նաեւ ազգային ուժերի համապատասխան գործողութիւնները: Այս դէպքում կա՛մ կը սանձես եւ քեզ կ՛ենթարկեցնես ժամանակը, կա՛մ ժամանակի անիւները կ՛անցնեն վրայովդ:


