Հազար անգամ ասուած, բայց չընկալուած ճշմարտութիւնների մասին պէտք է հազար մէկերորդ անգամ բարձրաձայնել: Մենք ինքնաբաւարարուած ապրում ենք` ճշմարտութեան մասին դատելու կարողութեամբ ճշմարիտ ապրելը շփոթած: Մինչդեռ դրանք շատ տարբեր են: Համոզուած եմ` ոմանք պիտի ասեն, որ բացարձակ ճշմարտութիւն չկայ, որ՜ ամէն ինչ յարաբերական է: Թերեւս, բայց դա նոյնպէս ինքնարդարացման տարբերակ է:
Եթէ հայրենիքդ քեզ համար անբեկանելի ճշմարտութիւն է, ուրեմն կռիւ ունես տալու, ուրեմն չես կարող փախչել: Ի՞նչ ենք արել միասնական լինելու համար: Ցաւօք, միասնական եղել ենք պահի մէջ, երբ մեր բնազդը, աւելի ճիշդ` ծինը, գերազանցել է բանականութեան հաշուարկին, ինչպէս` 1988-ին: Պահի տրամաբանութեամբ յաւակնում ենք պետութեան անկախութիւն պահել, յաւէրժելու եւ յաւէրժացնելու մասին խօսել: Պահի տրամաբանութիւնը յատուկ է թոյլերին, նպատակ ու գաղափար չունեցողներին: Անշուշտ տեսականօրէն ամէնքս էլ` թէ՛ պետութեան առաջնորդ-ղեկավարները եւ թէ՛ ժողովուրդը, գիտենք, որ պետութիւն կը մնանք, եթէ մեր ձեռքը մեր սրտին դնենք, եթէ հայրենիքն ապրում դառնայ, որի համար դողանք, այլապէս, միասնութեան մասին տարփողելով, աւելի ենք հեռանալու իրարից` հայրենիքի անկախ գոյաբանութեան ճակատագիրը թողնելով ապազգային պաշտօնեայ-ղեկավարներին, որոնք ազգի ցաւին եւ ուրախութեանը տէր կանգնելու փոխարէն` միայն արձանագրում են դրանք:
Ազգային ղեկավարութիւն ասուածը, ամենապարզ տրամաբանութեամբ, նշանակում է նաեւ ժողովրդի թիկունքին կանգնած, ժողովրդին սատարող ուժ, որը կ՛օգնի ցաւը յաղթահարել, ինքն իրեն վերագտնել, սեփական պատմութիւնը կերտելու կամքը դարձնել վճռորոշ: Ազգային ղեկավարութիւն ասուածն առաջին հերթին հայրենիքի զինուոր լինել է նշանակում, որը մի թիզ հողի կորստի համար իրեն պատասխանատու կը զգայ ժողովրդի առջեւ, որը հայրենիքի պաշտպանութեան պատուախնդրութեանը ստուեր չի գցի` աչքը յառելով օտար հորիզոններին: Այս ամէնը բնաւ չի հակասում արդէն քանի տարի չարչրկուող «երրորդ ուժի բացառման» փիլիսոփայութեանը: Պարզից էլ պարզ է, որ իւրաքանչիւր ազգ գոյատեւում է իր ինքնութեամբ, սեփական հոգեւոր արժէքներով, բայց ապրում է` յարաբերուելով տարբեր ժողովուրդների եւ պետութիւնների հետ: Ամենայն իմաստով հասկանալի է այսինչ կամ այնինչ ուժի անխուսափելիութիւնը, ինչը, դժբախտաբար, մեզ ներկայացնում են ոչ թէ որպէս ցանկացած անկախ պետութեան համար օրինաչափ երեւոյթ, այլ որպէս մի աներեւակայելի զօրութիւն, որի պարտադիր ներկայութեամբ է պայմանաւորւում մեր լինել-չլինելը: Այսինքն` ինչպէս համայնավարների օրօք, այսօրուայ իշխող մտայնութեամբ էլ յարութիւն է առնում մի գերխնդիր` հայ ժողովրդին պահել համայնքի հոգեբանութեամբ` թոյլ չտալով ապրել անկախութեան ներշնչած ինքնավստահութեամբ: Եւ դարձեալ մեր մէջ դեռեւս ապրող ստրուկը գլուխ է բարձրացնում ու որոշում մեր ապրելիք կեանքը: Ամէնքս տագնապած սպասում ենք, թէ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնն ազգի ճակատագիրը վճռող հերթական փաստաթուղթը ստորագրելիս այս անգամ ու՞մ է ականջալուր լինելու: Մինչդեռ չգիտակցուած ճշմարտութիւնը, որի բացակայութիւնը անկառավարելի տարուբերումների է ենթարկում հայրենիքի նաւը, արեան յիշողութեամբ ու վճռական կեցուածքով պէտք է պարտադրուի:
Այսօր էլ մեր հայեացքն ուղղում ենք օտար «տիրոջ» կողմը` հնազանդ ունկնդիր դառնալով քարոզիչներին, որոնք համոզում են, թէ այս անգամ ընտրած «տէրը» քաղաքակիրթ է, առաջադէմ: Եթէ իմ վիճակը ճորտութիւնն է, նշանակութիւն չունի, թէ տէրս ո՛վ է: Եթէ անկախ հայրենիքում տիրոջ զգացում պիտի ունենանք այնքանով, որքանով դրա հնարաւորութիւնը կը տայ մեր ղեկավարների ընտրած «երրորդ ուժը», ուրեմն մենք մեր տանը վարձակալ ենք:
Արցախեան պայքարի այս ամբողջ ընթացքը մեզ պիտի յուշի, որ օտարը միայն յուսատու է, կարեկից ու խոստումնառատ, բայց միայն մենք ենք մեր վաղուայ տէրը: Դժբախտաբար յաճախ մենք ազդւում ենք համընդհանուր տրամաբանութիւններից, եւ պատահական չէ, որ շատերը հեռացան 1988-ի միասնական պայքարից, հակուեցին այն հատուածական սխալ մտայնութեանը, թէ Արցախի պայքարը արցախցու խնդիրն է, Սիւնիքինը` սիւնեցու, Տաւուշինը` տաւուշցու… Երբ հայրենիքդ պատերազմի մէջ է, օրհասական պահի առջեւ է կանգնած, բոլորս` Հայաստանում թէ արտերկրում, պարտաւոր ենք օգտակար լինել հայրենիքին: Եթէ մեզ պիտի վախեցնի հայրենիքի ծանր կացութիւնը, եթէ պիտի զլանանք մեր ունեցածը տալ, ուրեմն հայրենասիրական բոլոր զեղումներն ինքնախաբէութիւն են: Եթէ Հայաստանում, Ամերիկայում, Ռուսաստանում եւ այլուր նստած` պիտի սպասենք, որ սկուտեղի վրայ մեզ ամբողջական հայրենիք են մատուցելու, եւ մեզ միայն վայելքն է մնում, սխալւում ենք: Հայրենիքի գոյութեան երաշխիքը անկախութեան պահպանումն է, իսկ դա լինում է, եթէ հայրենիքիդ տալու՛ մասին ես մտածում եւ ո՛չ վերցնելու:
Հայաստանի ընկերային-տնտեսական կացութիւնը շատերիս շեղեց Արցախի կողքին կանգնելու ուղուց: Արցախի պայքարն այսօր դարձել է քաւութեան նոխազ: Ոմանց թւում է, որ եթէ չլինէր Արցախի պայքարը, իրենք կ՛ապրէին անհոգ ու բաւարար կեանքով: Այսպէս մտածողները դժբախտաբար մոռանում են շատ կարեւոր ազդակներից մէկը, ընկերայինից ու տնտեսականից բացի` կայ բարոյական խնդիր: Մինչդեռ Արցախի պայքարը ոչ միայն պիտի չհակադրել Հայաստանում ստեղծուած իրավիճակին, այլեւ պէտք է հաւատանք այն ճշմարտութեանը, որ Արցախում մեր յաջողութիւնները նեցուկ էին Հայաստանին` աւելի հեշտօրէն յաղթահարելու դժուարութիւնները:
Դողանք մեր բարոյական արժէքները այս դժուար օրերին անխաթար պահելու զգացման վրայ: Առաւել դողանք Արցախի պայքարի էջը չփակելու հաստատակամութեան վրայ, որովհետեւ Արցախով է անցնում նաեւ մեր ինքնահաստատման ճանապարհը…