Ա. ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Բ. Աշխարհամարտի աւարտից յետոյ նացիստական Գերմանիայի ղեկավարները, ինչպէս նաեւ` այդ համակարգին ծառայած տարբեր մակարդակի քաղաքական, ռազմական եւ… գործիչներ, ստիպուած եղան կանգնել դատարանի առջեւ` մարդկութեան դէմ յանցագործութեան մեղադրանքով:
Նիւրենպերկեան դատավարութիւնից բացի, որը կենտրոնական եւ ամենայայտնին էր այդ դատավարութիւնների շարքից, ամենաուշագրաւ դատավարութիւնները տեղի ունեցան Լեհաստանում:
Լեհաստանում տեղի ունեցած դատավարութիւններից ամենայայտնին անկակսած Քրաքովում կայացած «Աուշուիցի» դատավարութիւնն էր, որի ընթացքում զինուորական դատարանի առջեւ կանգնեցին «Աուշուից-Պիրքենաու» համակենտրոնացման եւ մահուան ճամբարի 40 ղեկավարներ եւ աշխատակիցներ:
Հետաքրքիր է այն փաստը, որ նրանցից շատերը, մասնաւորապէս` շարքայինները, դատավարութեան ընթացքում փորձում էին արդարանալ` նշելով, որ սոսկ կատարողներ են եղել եւ բացառապէս կատարել են տրուած հրահանգները: Այս հանգամանքը, սակայն, չօգնեց նրանց խուսափել պատժից` հատուցումից:
Հիմա հետեւէք հրապարակուած տարբեր տեսանիւթերում պատկերուած, անհնազանդութեան խաղաղ գործողութիւնների մասնակիցների դէմ ՀՀ ոստիկանութեան կարմիր եւ սեւ պերեթաւորների վայրագութիւններին` Կիրանցում, Երեւանում եւ այլուր: Ուշադիր նայէք նրանց մարդկային նկարագրից զուրկ դէմքերին եւ կը տեսնէք այնտեղ կուտակուած ատելութիւնը: Դիտէք, թէ ինչպիսի՛ հրճուանքով են ծեծի ու ջարդի ենթարկում յանուն հայրենիքի պայքարի դուրս եկած քաղաքացիներին, ինչպէ՛ս են շնորհաւորում միմեանց սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ տարած հերթական «յաղթանակի» առիթով:
Նրանք անշուշտ փորձում են «լաւագոյնս» կատարել իրենց տրուած հրամանը` հաշուի չառնելով ի հարկէ այն փաստը, թէ այդ հրամանն ո՛ւմ կողմից է տրուած, ի՛նչ նպատակ է հետապնդում եւ ի՛նչ հետեւանքներ է կարող ունենալ հայրենիքի համար, եթէ, ի հարկէ, նրանց համար որեւէ նշանակութիւն, իմաստ եւ արժէք ունի հայրենիք հասկացութիւնը:
Պարգեւավճարներից արբեցած, արժանապատուութիւնն ու բարոյականութիւնը կուլ տուած, մարդկային ու արժէքային որեւէ համակարգ չկրող, կարմիր եւ սեւ պերեթներով այս գոյացութիւնները մոռացել են սակայն, որ թանձր մառախուղի պէս հայոց հայրենիքի երկնակամարը պատած այս մղձաւանջը մի օր անհետանալու է, եւ այդ օրը թշնամու կամակատար այս իշխանութիւնը (իր մեծ ու փոքրով, առանցքայինով ու երկրորդականով, կարեւորով ու անկարեւորով) ստիպուած է լինելու կանգնել արդարադատութեան առջեւ, եթէ, ի հարկէ, մինչ այդ նրանց իշխանութեան բերած տէրերն ու պատուիրատուները չօգնեն նրանց ճողոպրել` փրկելով սեփական կաշին: Այդ օրը նրանք` խաղաղ ցուցարարների դէմ բռնութիւն գործած ոստիկանները, նոյնպէս ստիպուած են լինելու կանգնել արդարադատութեան առջեւ, ինչպէս «Աուշուիցի» շարքայինները` 1945-46 թուականներին: Եւ այդ պահին չի անցնելու հրահանգներ կատարող շարքայիններ լինելու մասին արդարացման փորձերը:
Նրանք ստիպուած են լինելու գլխիկոր պատասխան տալու իրենց արարքների համար: Նրանց մատնացոյց են անելու եւ ետեւներից դաւաճան են գոռալու բոլորը` հարեւանը, հարազատն ու ընկերը, անգամ` սեփական երեխաները:
Դա անխուսափելի է լինելու: Չկասկածէ՛ք: