ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի հրաւէրով, մայիսի 25-28-ը Հայաստանում գումարուեց ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համահայկական խորհրդաժողով` շուրջ քսան երկրներից ժամանած ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների պատասխանատուների մասնակցութեամբ:
Խորհրդաժողովը լսեց ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի աշխատանքների ամփոփումները նախորդ` 2021 թուականի դեկտեմբերի խորհրդաժողովից առ այսօր, քննարկեց Արցախի հայաթափումից ու դրանով պայմանաւորուած զարգացումների վերաբերեալ տարբեր զեկոյցներ, կատարեց գործունէութեան հիմնական ուղղութիւնների եւ քաղաքական առաջնահերթութիւնների մարտավարական բնոյթի փոփոխութիւններ` առաջիկայ գործունէութեան համար:
Խորհրդաժողովն արժեւորեց պատերազմական եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար մի շարք երկրներում ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի կողմից սկսուած` պատժամիջոցների կիրառմանն ուղղուած աշխատանքները եւ ընդունեց որոշում` այն շարունակելու նոր թափով ու աշխարհագրական առաւել լայն ընդգրկմամբ:
Խորհրդաժողովը քննարկեց այն հիմնական ուղղութիւններն ու հնարաւոր քայլերը, որոնք, հաւանաբար, ձեռք կ՛առնի Ազրպէյճանն` իր միջազգային հեղինակութեան բարձրացման եւ պատերազմական յանցագործի պիտակից խուսափելու համար: Անդրադառնալով այս հարցին` խորհրդաժողովն ընդունեց համապատասխան որոշումներ: Առհասարակ, շարունակուելու են ազրպէյճանական յանցագործութիւնների միջազգային հանրահռչակումն ու դրանց վերաբերեալ քաղաքական, հասարակական ու իրաւապաշտպան շրջանակների իրազեկուածութեան բարձրացման աշխատանքները:
ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերն ամէնօրեայ դրութեամբ հետապնդելու են Պաքուում պահուող հայ գերիների` այդ թւում Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան տունդարձի խնդիրը:
Խորհրդաժողովի մասնակիցները, հաշուի առնելով նաեւ իրենց աշխատանքի արդիւնքում ստացած տեղեկութիւնները, մէկ անգամ եւս արձանագրեցին` լուծուած չէ ղարաբաղեան հակամարտութիւնը: Ուստի, Հայ դատի ցանցը շարունակելու է հակամարտութեան եւ դրա առաւել ծանրացած եւ խորացած հանգամանքների միջազգային հանրահռչակումը` առաջնահերթութիւն համարելով Արցախի ժողովրդի հաւաքական ու միջազգային ամբողջական երաշխաւորութեամբ վերադարձի իրաւունքի իրացումը:
Խորհրդաժողովում քննարկուեցին նաեւ Արցախի հոգեւոր եւ նիւթական մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները: Դրան ուղղուած որոշակի գործողութիւնների վերաբերեալ ընդունուել են որոշումներ, որոնք ենթադրում են համագործակցութիւն ինչպէս հայկական, այնպէս էլ միջազգային կազմակերպութիւնների եւ առանձին պետութիւնների հետ:
Յատուկ քննարկման են արժանացել Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութիւնը եւ այդ քաղաքականութեան բացասական հետեւանքներին դիմագրաւելու հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման արտաքին ճակատում լուսաբանելու քայլերը:
Խորհրդաժողովի ընթացքում քննարկուել են նաեւ տեղերում Հայ դատի յանձնախմբերի կարողականութիւնների զարգացմանը, համայնքային կապերի ամրապնդմանն ու երիտասարդութեան ներգրաւմանը վերաբերող հարցեր:
Խորհրդաժողովը, մայիսի 28-ի ուշ երեկոյեան իր աշխատանքներն աւարտեց Ամենայն հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ.-ի հետ հանդիպմամբ ու Նորին սրբութեան օրհնութեամբ:
Մայիսի 29-ին գումարուեց ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի նիստը, որը ճշդեց խորհրդաժողովի որոշումների իրագործմանն ուղղուած աշխատանքային ծրագիրը:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
30 մայիս 2024


