Լիբանանի պասքեթպոլի ախոյեանութեան մրցումները կը շարունակուին այս շաբաթավերջին` 12-դ հանգրուանի մրցումները ամբողջացնելով:
18 յունուարին սկսած այս հանգրուանը կանգ առաւ, երբ Լիբանանէն 4 ակումբներ` ՀՄԸՄ, Ռիատի, Պէյրութ եւ Սաժես մեկնեցան Տուպայ` մասնակցելու միջազգային 33-րդ մրցաշարքին: Ռիատի շահած էր մրցաշարքը, Պէյրութ խումբը գրաւած էր 4-րդ դիրքը, ՀՄԸՄ-ի տղաքը հասած էին քառորդ աւարտական, իսկ Սաժես դուրս մնացած էր առաջին հանգրուանէն:
ՀՄԸՄ-ի տղոց առաջին մրցակիցը պիտի ըլլայ Սաժես, մեր դաշտին վրայ, բայց առանց «մեծ» համակիրներու: Ֆետերասիոնը 2 մրցումով կախակայած էր ՀՄԸՄ-ի համակիրները: Միայն 14 տարեկանէն վար համակիրները կրնան ներկայ ըլլալ քաջալերելու մեր տղաքը:
Ինչպէս նկատեցինք, ՀՄԸՄ-ի խումբը բաւական բարեփոխուած պասքեթպոլ կը ցուցաբերէ, եւ Տուպայի մէջ կատարած 6 մրցումներէն շատ բաներ սորվեցանք: «Խումբ» բառին բուն իմաստը սկսանք տեսնել եւ խմբային խաղարկութեամբ շատ աւելի լաւ արդիւնք կրնանք ձեռք ձգել ախոյեանութեան մնացեալ մրցումներուն:
Ինչպէս նշեցինք, 12-րդ հանգրուանին գծով 2 մրցումներ կատարուած են, ուր Մէյրուպա իր դաշտին վրայ 74-92 արդիւնքով պարտութիւն կրած էր Շանվիլէն, մինչ Անդրանիկ 98-72 արդիւնքով յաղթած էր Անթունիէին:
Շաբաթ օր, Ռիատի պիտի հիւրընկալէ «Էն. Էս. Էյ.»-ը, իսկ կիրակի օր ժամը 16:45-ին ՀՄԸՄ` Սաժեսը եւ 19:00-ին Պէյրութ` Հուփսը:
Ստորեւ դասաւորումը` 11 հանգրուաններէ ետք.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ռիատի | 9 | 2 | 20 |
| 2.- Սաժես | 9 | 2 | 20 |
| 3.- Շանվիլ | 8 | 4 | 20 |
| 4.- Պէյրութ | 8 | 3 | 19 |
| 5.- Անդրանիկ | 6 | 6 | 18 |
| 6.- ՀՄԸՄ | 6 | 5 | 17 |
| 7.- Անթունիէ | 5 | 7 | 17 |
| 8.- Էն. Էս. Էյ. | 3 | 8 | 14 |
| 9.- Հուփս | 2 | 9 | 13 |
| 10.- Մէյրուպա | 1 | 11 | 13 |


