Միանշանակ դժուար է գնահատել անցնող` 2023 թուականը:
Ի՞նչը կարող է, օրինակ, չափուել այն ահռելի ու անդառնալի թուացող կորստի հետ, որ ունեցաւ հայ ժողովուրդը` յանձին Արցախի կորստի:
Ինչո՞ւ է Հայաստանը դարձել անդէմ պետութիւն, որն այլեւս ի վիճակի չէ ձեւակերպելու պետական, ազգային շահ եւ օրակարգ:
Ինչքա՞ն է կարող դիմանալ հոգեվարք ապրող հայոց պետականութիւնն իր գոյութեանն սպառնացող տարաբնոյթ անվտանգային մարտահրաւէրներին:
Ինչո՞ւ ՀՀ գործող իշխանութիւնների ամէն մի մեծ ու փոքր պաշտօնեայ փորձում է ծածկել, չտեսնելու տալ եւ այլ գոյներով ներկայացնել իրականութիւնը:
Ինչո՞ւ են հէնց նոյն այդ պաշտօնեաներն իրենց հիմնական խնդիրը համարում սողալ ոսոխի ոտքերի տակ, մուրալ խաղաղութիւն` երկրում տարածելով թշնամու քիմքին հաճոյ գաղափարներ եւ օրակարգ:
Այդ ինչպէ՞ս է պատահել, որ խեղաթիւրուել է մեր ազգային մտածողութիւնն ու արժեհամակարգը, եւ կեղծ` օտարածին այլ առաջնահերթութիւններ են մեզ համար մղուել առաջին շարք:
Ինչպէ՞ս է կարելի չտեսնելու տալ այն նուաստացուցիչ ու անարժանապատիւ իրականութիւնը, որի մէջ ապրում է ողջ հայ ժողովուրդը…
Անշուշտ թուարկուած այս հարցերի կողքին կարելի է շարադրել պատասխան պահանջող բազում այլ հարցեր եւս: Ցաւոտ հարցեր, որոնք, ցաւօք, տալիս են 2023 թուականի իրական բնութագիրը:
Հարցեր, որոնց նկատմամբ հայ հասարակութեան զգալի մի հատուածն անցնող տարում մնաց անհաղորդ, որի պատճառով էլ հայկական իրականութեանը չյաջողուեց մեզ համազգային աղէտի հասցրած գործընթացների հիմնապատճառները հասկանալ եւ ճիշդ ընկալել, որի արդիւնքում էլ չկարողացանք կասեցնել համազգային գահավիժման կործանարար ընթացքը:
Այսպիսով, 2020 թուականից ի վեր մենք ստիպուած ենք հերթական անգամ արձանագրելու, որ բազում անպատասխան հարցերի լաբիւրինթոսում անցաւ էլի մէկ տարի, ինչի արդիւնքում էլ ապագայի հետ կապուած մեր համազգային տեսլականը շարունակում է մնալ անորոշ ու մշուշոտ:
Եւ հէնց անորոշութեան եւ տեղատուութեան այս մթնոլորտն է, որ թշնամուն հնարաւորութիւն է տալիս նպատակասլաց հետապնդելու հայոց պետականութիւնը վերջնականապէս ամլացնելու իր քաղաքականութիւնը:
Թշնամու հայակործան դաւադիր նկրտումների նպատակասլացութեան գործում մեղքի հսկայական բաժին ունի Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժը, որն իշխանութիւնը նուաճելուց ի վեր արտաքին քաղաքականութեան ոլորտում անհետեւողական, կիսագրագէտ, երկչոտ, օտարածին օրակարգին հաւատարիմ եւ օտարի կամքից ամբողջական կախման մէջ եղաւ եւ մնաց` ազգային ամենաճակատագրական հարցերը քաղաքական-դիւանագիտական հարթակներում ներկայացնելիս:
Իրենց «խաղաղասիրական»` հայավնաս նախաձեռնութիւններին կառչած մնալով, նրանք չգիտակցեցին (եւ շարունակում են չգիտակցել), որ խաղաղութիւն կոչուած երեւոյթը` իբրեւ այդպիսին, պայմանաւորուած է ոչ թէ սնամէջ բաղձանքներով, անիմաստ ու ոչինչ չասող խոստումներով եւ միակողմանի զիջումներով, այլեւ` պատմական իրողութիւնների այն առարկայական եւ ենթակայական դասաւորութեամբ, որոնք հնարաւոր են դարձնում դրա կայացումը:
Տրամաբանութիւնը յուշում է, որ խաղաղութեան պայմաններում չի կարող ապրել այն երկիրը, որն ինքնակամ հրաժարւում է իր գոյութեան յարատեւման համար անհրաժեշտ նուազագոյն կենսադաշտից ու պայմաններից, եւ որ` այդպիսի խաղաղութիւնը նրա համար ոչ այլ ինչ է, քան` մահ:
Եւ հէնց այս իրականութիւնն է, որ պէտք է ձեւակերպի 2024 թուականի մեր համազգային օրակարգը. թմբիրից հանել հասարակութեանը, սթափեցնել բթացած ուղեղները, դադարեցնել Հայաստանի եւ հայ ժողովրդի անդէմութիւնը, ձեւակերպել պետական եւ ազգային օրակարգ` համարժէք եւ համաչափ պատասխանելու համար մեզ ուղղուած սպառնալիքներին եւ մարտահրաւէրներին:
Այլապէս շարունակելու ենք ապրել գոյաքարշութեան պայմաններում, իսկ ՀՀ գործող իշխանութիւնների կողմից մեզ հրամցուող «խաղաղութեան» արժեզրկուած ու բարոյալքուած գաղափարը պումերանկի պէս շրջուելու է հէնց մեր դէմ: