ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Մեր այս կենսագրութեան մէ
Տարիները մի ամբողջական զարդանկար են.
Կոկոնները բացւում են
Սերմանելով յիշողութիւններ,
Ուրախութիւններ եւ արցունքներ.
Վարդերն ու յասմիկները ծաղկում են,
Բուրմունք տարածում.
Մանուշակներով ու մեխակներով
Հոտեւան այգի:
Գեղեցկութեան մէջ մեր սէրն է առանձնանում,
Քո քնքուշ ծոցը
Մխիթարութիւն է իմ սրտի համար,
Շունչդ այնքան մաքուր է,
Շուրթերդ այնքան քաղցր են համտեսելու,
Աշխարհիկ ամենասիրուած պարգեւը:
Պարզ բաների մէջ կեանքը գտնում է
Իր իսկական արժէքը,
Նպատակասլաց, իմաստալից,
Օրհնութիւններով յղկուած.
Արեւի ջերմութեան տակ
Մենք զարդարուած ենք սիրով,
Բարութեան մէջ աշխարհ ենք զարդարում:
Ճակատագրի անխուսափելի ճանապարհը,
Անշեղօրէն հարթ ու պայծառ,
Կեանքի ծաւալը,
Մենք ղեկավարում ենք
Բարեկիրթ ռիթմով, որ կիրառում ենք
Խելամտութեամբ ու ձեռներէցութեամբ,
Մարդկային արժանապատուութեան շնորհով:
Հանգոյցում, ուր միանում են ծիածանները,
Գոյները ներդաշնակւում են,
Ստեղծելով կեանքի համայնապատկերը.
Ես եւ դու, միաձուլուելով երանելի ջերմոցում,
Աստուածային ստեղծագործութեան հրաշքով է,
Որ մեր հոգիները միահիւսւում են:
Ժամանակն անցողիկ է,
Հիւսում է մեր լուսաւոր պատմութիւնը.
Պահերը վայելքով ենք վատնում,
Քամում ենք կեանքի համն ու հաճոյքը,
Բարգաւաճում ենք,
Քանզի կորցնելու ժամանակ չկայ,
Պահերը խուճապում են:
Կեանքի մեղեդին, ձայնն ու յանգը,
Աստուածապարգեւ երջանկութիւն են
Ընծայուած մեզ,
Որ ընդունում ենք կրքով եւ հմայքով,
Վայելում ենք կենաց հրաշքները:
Հասնում ենք հորիզոնին,
Ներթափանցում ենք կապոյտին
Ուր պարպւում ենք
Մեր անցեալից, յիշողութիւնից,
Աւարտում ենք
Աստուածային ստեղծագործութեան շրջագիծը,
Վերածնեալ ելքով մտնում ենք արեւելք
Ու ծագում ենք
Կեանքի նոր ժամանակով: