«Թերթ».- 2020 թուականի հոկտեմբերին, ի հեճուկս պատերազմի, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պսակադրուեց վերջին զոյգը: Զոյգի առաջնեկը` Սաթէնը, լոյս աշխարհ է եկել շրջափակման ժամանակ: Զոյգն իր առաջնեկի հետ տեղահանուել է Արցախից` գալով Հայաստան:
«Քեզ ինչպէ՞ս ասեմ` ի՛նչ կատարուեց: Սաթէ, աղջիկս, գրեթէ 10 ամիս առաջ վստահ էի, որ մեր նուիրումն ու ինքնազոհաբերումն արդիւնք կ՛ունենան: 3 տարի առաջ ես ու հայրդ առաջիններից էինք, որ վերադարձանք Արցախ (նոյեմբերի 14-ին), վստահ էինք, որ մեր վերադարձով Արցախը հայկական ենք պահելու: Դու ծնուեցիր Արցախում, երբ թւում էր` ունենք երազած հայրենիք: 9 ամիս սովի, ցրտի, տապի պայմաններում «պայքարեցինք»: «Ժամանակը չափւում էր քո ամսականներով, եւ մեծանալուդ հետ դժուարութիւններն աւելի էին ծանրանում: Մրգերից դեղձին, խաղողին էիր ծանօթ, կարտոֆիլ ու միս էիր սիրում: Սաթէ, բայց մենք քեզ հայրենիք էինք ուզում տալ: Ասում են` բախտս բերել է, որ ոչինչ չես հասկանում, ժպտում ես եւ գաղթի ճամբին սովորել ես ծափ տալ: Այո՛, ողբերգական ներկայացման առաջին արարն աւարտուեց եւ, ցաւօք, մենք ենք իրական հերոսները, ծափ տուր: Բախտդ չի բերել, որովհետեւ գուցէ չխօսես բարբառով, բախտդ չի բերել, որովհետեւ չճանաչեցիր հայրենիքդ` աշխարհի գեղեցկագոյն անկիւնը, չքայլեցիր իմ մանկութեան փողոցներով, չխաղացիր մեր տների բակերում, 9 ամսականում դու էլ դարձար գաղթական: Բախտդ միայն մի հարցում է բերել` Աստծոյ կամօք, թէ պատահմամբ հայրիկդ ողջ է, եւ դա այս ողբերգական պատմութեան միակ լուսաւոր կէտն է: Մենք հրաժեշտ տուինք մեր սարերին, որ աշխարհում ամենավեհն եւ հպարտն էին, մեզնից խլեցին մեզ, աղջիկս: 9 ամիս թերսնումից յետոյ դու հիմա կարող ես ունենալ ամէն ինչ, բայց ոչ ամենաթանկը` Արցախ:
«Յ. Գ.- Սա մեր Արցախում վերջին նկարն է, մենք չունենք Արցախ, ունենք իրար», գրել է Մարիամ Սարգսեանը: